ԹՈՒՐՔԱԳԷՏ ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Մէկ տարի առաջ կիւլենականները Թուրքիայի կառավարութեան դէմ լայնածաւալ գրոհ նախաձեռնեցին, սակայն Էրտողանն ու համախոհները ոչ միայն կարողացան յաջողութեամբ դիմակայել ճնշմանը, այլեւ անցան հակագրոհի, որը շարունակւում է մինչ օրս եւ սպառնում է երկար տեւել:
Իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Կիւլենի դերն ու նշանակութիւնը Թուրքիայի քաղաքականութեան եւ հասարակութեան մէջ բաւականին մեծ է: 1999 թուականից Միացեալ Նահանգներում բնակուող թուրք իմամն իր անունը կրող հասարակական-կրօնական շարժման ղեկավարն է: Տասնամեակներ շարունակ Կիւլենի շարժումը հաւաքում էր նորանոր անդամներ, մեծացնում իր ազդեցութիւնը (յատկապէս ներքին անվտանգութեան համակարգում), հսկայական գումարներ աշխատում, ինչպէս նաեւ քաղաքական դաշտում որոշակի դերակատարում ունենում` սատարելով 2002-ին իշխանութեան եկած չափաւոր իսլամամէտ Արդարութեան եւ բարգաւաճում կուսակցութեանը: Սակայն վերջին տարիներին նախկինում դաշնակից ԱԲԿ-ի եւ դաշնակից ԱԲԿ-ի եւ կիւլենականների ջրերը մէկ առուով չեն հոսում:
Վերջին շրջանում Էրտողանին խանգարում էր կիւլենականների տարբերուող դիրքորոշումը մի շարք առանցքային հարցերում, ինչպիսիք են Իսրայէլի հետ յարաբերութիւնները, Կեզիի դէպքերը, Թուրքիայի ժողովրդավարութեան վիճակը, իսկ Կիւլենի շարժման անդամներն էլ ցանկանում էին ազդեցութեան շարունակական ընդլայնում: Հակամարտութիւնն առաւել սուր բնոյթ ընդունեց 2013 թուականի դեկտեմբերի 17-ին, երբ համացանցում յայտնուեցին Էրտողանի կառավարութեան փտածութեան գործողութիւնների ապացոյցներ, նման մեղադրանքով ձերբակալուեցին գործարարներ, ինչպէս նաեւ կաշառակերութեան համար մեղադրուեցին մի շարք թուրք նախարարներ: Ձերբակալութիւններն իրականացրին Կիւլենի շարժման անդամ ոստիկանները:
Հարուածը բաւական ուժգին էր, սակայն ինչպէս ցոյց տուեց ժամանակը, այն ի զօրու չէր տապալել ամուր արմատներով իշխանութեանը կառչած Էրտողանին եւ նրա գլխաւորած կուսակցութեանը: Դեկտեմբերեան ցնցումից յետոյ նախաձեռնութիւնը սկսեց անցնել Էրտողանի կողմը, ով, փոխելով հեղինակազրկուած նախարարներին, նախաձեռնեց այս յանդուգն յարձակման հետեւում կանգնած կիւլենականների զանգուածային որսը: Էրտողանի հակաքայլերի արդիւնքում յաջորդող ամիսների ընթացքում ձերբակալուեցին տասնեակ ոստիկաններ, անվտանգութեան համակարգի աշխատակիցներ, աշխատանքից ազատուեցին հարիւրաւոր իրաւապահներ, որոնք այս կամ այն կերպ կապուած էին կիւլենական համայնքին: Ձերբակալուած կամ աշխատանքից ազատուած ոստիկանների մի մասը բաւական պատասխանատու պաշտօններ էին զբաղեցնում:
Իշխանութիւնների վերջին հարուածներն էլ Թուրքիայում խոշորագոյն տպաքանակ ունեցող «Զաման» թերթի գլխաւոր խմբագիր Էքրեմ Տումանլըի եւ «Սամանեոլու» հեռուստատեսութեան ղեկավար Հիտայեթ Քարաճայի ձերբակալութիւններն էին (թէեւ` ժամանակաւորապէս), ինչպէս եւ` անձամբ Ֆեթուլլահ Կիւլենին պատասխանատուութեան կանչելու որոշումը: Եւ այս ամէնը` Կիւլեն-էրտողան առճակատման մէկամեակի յոբելեանին:
Հաշուի առնելով, որ «Զամանն» ու «Սամանեոլուն» կիւլենական համայնքի գլխաւոր լրատուամիջոցներն են, Էրտողանն այս քայլով ցոյց տուեց, որ պատրաստւում է ոչ միայն անվտանգութեան համակարգը մաքրել կիւլենականներից, այլ նաեւ ուղիղ հակամարտութեան գնալ կիւլենական լրատուամիջոցների դէմ` այսպիսով հերթական կարեւոր հարուածը հասցնելով հակառակորդ դարձած երբեմնի դաշնակցին: Եւ սրան գումարւում է այն, որ Միացեալ Նահանգներում բնակուող Կիւլենին բանաւոր մեղադրանքներից յետոյ ներկայացւում է նաեւ մեղադրանք` իրաւական հիմքով:
Էրտողան-Կիւլեն հակամարտութեան մէկ տարուայ արդիւնքները ցոյց են տալիս, որ որոշակիօրէն գերագնահատուած էր կիւլենական համայնքի ազդեցութեան չափը Թուրքիայում, եւ կիւլենականներն ունակ չէին հեռացնել իրենց հակառակորդին իշխանութիւնից, թէեւ որոշակի ծանր հարուածներ, այնուամենայնիւ, կարողացան հասցնել:
Էրտողանն ու նրա համախոհներն, իրենց հերթին, ցոյց տուեցին, որ ունակ են դիմակայել նման հուժկու հարուածների, եւ որ նրանց իշխանութիւնը բաւական ամուր հիմքերի վրայ է: Ընդ որում, փտածութեան համար յստակ մեղադրանքներն իշխող կուսակցութեանը չխանգարեցին գայթակղութիւնից մի քանի ամիս անց` 2014-ի մարտին յաղթել նախ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում (նախորդ ընտրութեան համեմատ ձայների աւելացում ապահովելով), ապա նաեւ օգոստոսեան նախագահական ընտրութիւններում Էրտողանը ջախջախիչ յաղթանակ տարաւ, եւ կիւլենականներն ունակ չեղան խանգարելու նրան:
Չնայած մէկը միւսի հետեւից հարուածներին` ԱԲԿ-ն չի զլանում կրկին ու կրկին յայտարարել, որ համայնքը մնում է իր թիրախում եւ շարունակելու է կազմակերպութեան դէմ իր քաղաքականութիւնը:
Իրաւական եւ քաղաքական հետապնդումների հետ մէկտեղ թուրքական իշխանութիւնները հակակիւլենական հզօր քարոզարշաւ են իրականացնում, եւ բարձրաստիճան թուրք պաշտօնեաները ցանկացած պատեհ առիթն օգտագործում են քննադատելու եւ վարկաբեկելու կիւլենական շարժումը, որի հասցէին նոյն այդ մարդկանց շուրթերից մի քանի տարի առաջ գովեստի խօսքեր էին հնչում:
Անդրադառնալով այս հարցում հայաստանեան շահերին` պէտք է արձանագրել, որ Էրտողան-Կիւլեն հակամարտութիւնն ուղղակի, թէ անուղղակի բխում է մեր երկրի շահերից: Կիւլենականներն արտերկրում, մասնաւորապէս` Միացեալ Նահանգներում, աշխուժօրէն զբաղւում են հակահայ-լոպիինկ-ով ոչ միայն թուրքական պետութեան, այլ նաեւ Պաքուի համար: Նրանց հետագայ թուլացումը կարող է նուազեցնել թուրքական հակահայ լոպիինկի դերակատարումն Միացեալ Նահանգներում: Բացի այդ, Ազրպէյճանում Թուրքիայի նախագահի անմիջական միջամտութիւնից յետոյ մեկնարկած հակակիւլենական գործողութիւնները եւս վնասում են կիւլենականների ու ազրպէյճանական իշխանութիւնների յարաբերութիւններին, եւ այստեղ Պաքուն կորցնում է արտաքին ճակատում կարեւոր գործընկերոջ:
Պակաս կարեւոր չէ միջազգային մակարդակով կիւլենական համայնքի թուլացումը, քանի որ Կիւլենի գործունէութեան հիմնական ուղղութիւններից մէկը կրթական ոլորտն է: Աշխարհի` հարիւրից աւել պետութիւններում գործում են կիւլենական դպրոցներ, որտեղ թուրքական քարոզչութեան ներքոյ կրթում են հազարաւոր աշակերտների, որոնք հետագայում եւս մնում են շարժման ազդեցութեան տակ: Հաշուի առնելով, որ տարբեր երկրներում այս դպրոցները հեղինակութիւն են վայելում եւ այստեղ են ձգտում ապագայում տուեալ պետութեան ընտրանիին մաս կազմող երեխաները, կարելի է ենթադրել, որ թուրքական ազդեցութեան տակ մեծացած այս սերունդը հասկանալի պատճառներով լինելու է թուրքամէտ (հասկացէք` հակահայ):
Եւ ընդհանրապէս Թուրքիայի ներսում նման տարաձայնութիւնները, բացի վերոնշեալ շօշափելի խնդիրներից, լուծում են շատ կարեւոր մի հարց, այն է` թուրքական պետութեանը թոյլ չեն տալիս ամբողջ միջոցները կենտրոնացնել այլ խնդիրների վրայ, այդ թւում` հայկական ճակատում:
Թուրքագիտական պորտալ / ԵՓՐԱՏ
ուսումնասիրութիւնների կենտրոն