Թանկագի՛ն հայրենակիցներ,
Աւարտին է մօտենում 2014 թուականը: Այն մեր ժողովրդի համար հարուստ էր ինչպէս յաղթանակներով ու ձեռքբերումներով, այնպէս էլ` բարդութիւններով ու դժուարութիւններով: Ամենակարեւորը` մեզ յաջողուել է խաղաղութիւն ու կայունութիւն պահպանել մեր երկրում ու տարածաշրջանում:
Անցնող տարուայ ընթացքում հակառակորդն աշխուժ փորձեր է ձեռնարկել սահմանում իրավիճակն ապակայունացնելու ուղղութեամբ` դիմելով ամենաստոր քայլերի ու միջոցների: Սակայն մեր հերոսական բանակը կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգութիւնները եւ, արժանի հակահարուած հասցնելով նրան, յետ շպրտել իր ելման դիրքերը` հերթական անգամ ցոյց տալով մեր ուժը, վճռակամութիւնն ու պատրաստականութիւնը: Դժբախտաբար մենք ունեցանք ծանր ու անդառնալի կորուստներ: Հայրենիքի ազատութեան ու անկախութեան համար իրենց կեանքը զոհաբերեցին մեր քաջորդիները: Յաւե՜րժ փառք ու պատիւ նրանց: Աշխարհում տիրող բարդ իրավիճակն իր ազդեցութիւնն է ունեցել նաեւ մեր երկրի վրայ, յատկապէս` տնտեսական դաշտում: Սակայն պէտք է նշեմ, որ այս բոլոր դժուարութիւններով հանդերձ, մեզ յաջողուել է ապահովել ընկերային-տնտեսական կայուն զարգացում:
Մեր ժողովրդի քրտնաջան աշխատանքի, իմաստնութեան ու լաւատեսութեան, հայրենիքի հանդէպ ունեցած անսահման սիրոյ ու նուիրուածութեան շնորհիւ Արցախը շարունակում է հաստատուն քայլերով առաջ ընթանալ իր ընտրած ճանապարհով` մշտապէս զգալով Հայաստանի եւ սփիւռքի գործուն աջակցութիւնը: Հայաստան-Արցախ-սփիւռք անսասան եռամիասնութիւնը եղել է, կայ եւ կը մնայ մեր պետականաշինութեան առանցքային հիմքերից մէկը:
2014 թուականին մեր հանրապետութիւնում շարունակուել են աշխատանքները ռազմավարական ծրագրերի իրականացման, պաշտպանութեան բանակի մարտունակութեան բարձրացման ուղղութեամբ, նոր որակ է ստացել Արցախի միջազգային ճանաչման եւ տարբեր երկրների հետ յարաբերութիւնների հաստատման գործընթացը, ստեղծուել են մի շարք կարեւոր ենթակառուցուածքներ, շահագործման յանձնուել` բազմաթիւ կառոյցներ: Գալիք տարում նոյնպէս մեզ սպասւում են լուրջ աշխատանքներ ու անելիքներ: 2015-ին ողջ հայութիւնը կը յիշատակի Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, որը հայ ժողովրդի եւ համայն մարդկութեան պատմութեան ամենաողբերգական ու սարսափելի էջերից է: Կը լրանայ Հայրենական մեծ պատերազմում տարած յաղթանակի 70-ամեակը: Բ. Աշխարհամարտի տարբեր ճակատներում հերոսաբար մարտնչել են հարիւր հազարաւոր հայեր, ովքեր իրենց խիզախութեամբ ու սխրանքով կանխել են նոր ցեղասպանութեան իրագործումը: Պատմական այս դասերը, ինչպէս նաեւ մեր նորագոյն պատմութեան փառաւոր էջերը մէկ անգամ եւս ապացուցեցին մի պարզ ճշմարտութիւն. խաղաղութեան, կայունութեան, անվտանգ ու բնականոն զարգացման ամենայուսալի գրաւականը հզօր, անկախ պետականութիւնն է եւ նրա մարտունակ բանակը: Մենք շարունակելու ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեր պաշտպանունակութեան ամրապնդման, քաղաքացիների կենսապայմանների բարելաւման եւ բարեկեցութեան մակարդակի բարձրացման ուղղութեամբ:
Սիրելի՛ բարեկամներ,
Այս տօնական օրը նախ եւ առաջ ուզում եմ շնորհաւորել մեր զոհուած ազատամարտիկների ընտանիքներին: Ուզում եմ շնորհաւորել հայրենիքի սահմաններն ու հարազատ ժողովրդի անդորրը հսկող մեր զինուորներին, պաշտպանութեան բանակի ողջ անձնակազմին, մաղթել նրանց բարի եւ անփորձանք ծառայութիւն:
Շնորհաւորում եմ ձեզ, սիրելի՛ արցախցիներ, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի եւ սփիւռքի մեր քոյրերին ու եղբայրներին, Արցախի բոլոր բարեկամներին` այս պայծառ ու հրաշալի տօների կապակցութեամբ: Մաղթում եմ խաղաղութիւն, քաջառողջութիւն, բարօրութիւն եւ մեծագոյն յաջողութիւններ: Թող ձեր օճախներում միշտ լինի ուրախութիւն եւ համերաշխութիւն, սէր ու երջանկութիւն:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: