Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ ձեզ Նոր տարուայ եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ:
Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգուել ու զարգանալ որպէս հասարակութիւն եւ որպէս պետութիւն: Խոստովանենք, որ այդ ամէնն արւում էր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում:
2014 թուականն աչքի ընկաւ աշխարհում տեղի ունեցող փոթորկալից իրադարձութիւններով: Ցաւօք, այդ փոթորիկները դեռ լիովին չեն հանդարտուել: Ընդամէնը մէկ տարի առաջ թերեւս քչերն էին պատկերացնում, թէ ինչ արագութեամբ կարող են զարգանալ դէպքերը, եւ որքան բացասական կարող են լինել դրանց հետեւանքները:
Հայաստանի իշխանութիւնների առաջին խնդիրն է եղել մեր ժողովրդին եւ մեր երկիրը հնարաւորինս հեռու պահել այդ փոթորիկներից, պահպանել Հայաստանի եւ Արցախի խաղաղութիւնը, անվտանգութիւնն ու կայունութիւնը: Միշտ չէ, որ հնարաւոր է լինում թափ առնող տարբեր բացասական միտումներից ամբողջովին հեռու մնալ, որովհետեւ մենք աշխարհի մասն ենք: Որքան էլ փոքր համարենք մեր երկիրը, մենք աշխարհի մասն ենք:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անցած տարին յատկանշուեց մեր սահմանների վրայ լարուածութեան աննախադէպ աճով: Սա այն իրականութիւնն է, որի մէջ մենք ապրում ենք: Մեր բանակը իր առջեւ դրուած խնդիրները լուծում է պատուով եւ մասնագիտական բարձր մակարդակով: Չեմ կասկածում, որ այսօր` Ամանորի տօնական սեղանների շուրջ, մենք անպայման բաժակ ենք բարձրացնելու` խմելով մեր զինուորների ու սպաների կենացը` մաղթելով նրանց բարի ծառայութիւն:
Մենք մուտք ենք գործում 2015 թուական: Տարին, ի հարկէ, խորհրդանշական է: Մենք պատրաստւում ենք պատշաճ կերպով անցկացնել Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները: Բոլորս միասին դա անելու ենք արժանապատուօրէն: Նշելու ենք կեանքի յաղթանակը մահուան հանդէպ` ընդգծելով այն հերոսական ու փառահեղ ուղին, որ անցաւ մեր ժողովուրդը: Ընդգծելու ենք վերապրելու, վերածնուելու եւ ազատագրուելու այն կամքն ու ջանքը, որ դրսեւորեց մեր ժողովուրդը: Ընդգծելու ենք նաեւ այն առատ հունձքը, որ տուեց հայ հանճարն իր երկրին ու աշխարհին անցած հարիւր տարուայ ընթացքում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արտաքին հանգամանքները կարող են դասաւորուել այս կամ այն կերպ, բայց ամենակարեւորը եւ վճռորոշը լինելու է այն, ինչ մե՛նք ենք անելու մեր ընտանիքների եւ մեր երկրի համար: Մենք կարող ենք շատ բան անել եւ անում ենք քայլ առ քայլ: Մենք զարգացնելու ենք մեր տնտեսութիւնը նոր պայմաններում` օգտուելով այն հնարաւորութիւններից, որոնք բացուելու են տեսանելի ապագայում: Մենք շարունակելու ենք մեր ուղին դէպի ազատ, ապահով եւ բարեկեցիկ Հայաստան: Աստծոյ օրհնութեամբ մենք շարունակելու ենք յաղթել, շարունակելու ենք յաղթել` ապրելով ու արարելով:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: