Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Անհնար Է Առանց Յուզուելու Նայել Այս Երեխաների Ապրումներին, Յոյզերին Եւ Թաց Աչքերին, Երբ Հպարտութեամբ Հնչեցնում Են Արցախի Օրհներգը

September 17, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԵԱՆ

«Խորապէս հաւատալով արդարութեան յաղթանակին` կը կանխազգամ
ուշ կամ կանուխ Արցախ վերադարձի իրողութիւնը»:

ԶԱՔԱՐ ՔԷՇԻՇԵԱՆ

Արդէն 35 տարուայ պատմութիւն ունի Արցախի Շուշի քաղաքի «Վարանդա» մանկական, պատանեկան եւ երիտասարդական երգչախումբը, որը հիմնել է լիբանանահայ խմբավար, շուիահար ու դուդուկահար Զաքար Քէշիշեանը:

Այդ տարիների ընթացքում «Վարանդա»-ն մօտ 200 համերգ է ունեցել Արցախում` Ստեփանակերտ, շրջաններ, զօրամասեր, դպրոցներ եւ այլ վայրեր, Հայաստանում, Լիբանանում:

Իր ծննդավայրում Զ. Քէշիշեանը հիմնել է նաեւ Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան եւ «Այգ» երիտասարդական երգչախմբերը, որոնց հետ համերգներով հանդէս է եկել նաեւ «Վարանդա»-ն: Նոյն համերգների ընթացքում երգչախմբի կատարմամբ հնչել են հայ եւ օտար դասական, ժամանակակից, ժողովրդական եւ այլ ժանրերի մօտ 500 խմբերգ: Երգչախմբի կազմում տարիների ընթացքում եղել են աւելի քան 600 պատանի ու երիտասարդ: 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսուած պատերազմից յետոյ, երբ թշնամու տիրապետութեան տակ անցաւ բերդաքաղաքը, «Վարանդա» երգչախումբն իր գործունէութիւնը շարունակեց Ստեփանակերտում` հանդէս գալով «Երգող Արցախ» երգչախմբային համերգաշարերով: Սակայն եղաւ նաեւ Արցախի բնակչութեան բռնի տեղահանումը:

2024-ից սկսած` 3 տարուայ ընթացքում, մեծ ջանքերի ու աջակիցների շնորհիւ, Զ. Քէշիշեանը կարողացել է Արցախից բռնի տեղահանուած մօտ 5 տասնեակ երեխաների ու պատանիների համախմբել եւ շարունակել «Վարանդա»-ի գործունէութիւնը, չնայած նոյն երեխաները բնակւում են տարբեր բնակավայրերում:

2026-ի սեպտեմբերի սկզբներից երգչախումբը համերգային ծրագրերով հանդէս է գալիս Հայաստանի տարբեր մարզերում: Սեպտեմբերի 9-ին «Վարանդա»-ի համերգը կայացաւ Երեւանում` Կոմիտասի անուան սենեկային երաժշտութեան տան դահլիճում:

Ներկայ էին` ՀՀ եւ Արցախի Ազգային ժողովների ներկայացուցիչներ, արցախցիներ, կատարուող երգերի երգահաններ, խօսքերի հեղինակներ, դոկտոր Յակոբ Այնթապլեանը, երգչախմբային համերգների սիրահարներ, «Գուրգէն Մելիքեանի` Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքներին հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ` գործադիր տնօրէն Գուրգէն Մելիքեանի հետ, այլք:

Մինչ համերգի սկսելը` երգչախմբի գեղարուեստական ղեկավար ու խմբավար Զ. Քէշիշեանը հանդէս եկաւ ողջոյնի խօսքով: Տեղեկացրեց` համերգը հովանաւորել են Արեւելեան Ամերիկայի Կիլիկեան թեմի առաջնորդարանը եւ Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ մայր եկեղեցին: Այս առթիւ Ամերիկայի Արեւելեան թեմի առաջնորդ Անուշաւան արքեպիսկոպոսն իր սրտի խօսքում գրել է. «Այս ելոյթով մեր մանուկները ցոյց կու տան իրաւացիութիւնը ժողովրդական երգի այն խօսքին, թէ «Մեր վէրքերով, մեր երգերով դարուց դարեր քալենք պիտի»: Այս առթիւ կը մաղթենք, որ մաեսթրօ Զաքարի ճիպոտը միշտ թարմ մնայ, որպէսզի հաւատք եւ լոյս սրսկէ մեր նորահաս սերունդին եւ վառ պահէ հայ երգը»:

Սենեկային երաժշտութեան տանը նոյնպէս համերգը կայացաւ «Երգող Արցախ» ծրագրով` դաշնակահար` Նադեժդա Յակոբեան: Զ. Քէշիշեանը տեղեկացրեց նաեւ. «իմ ղեկավարութեամբ «Վարանդա» երգչախումբն աւանդութիւն դարձուցած է ամէն տարի նոր մշակումներով հանդէս գալ: Իր գոյութեան 34 տարիներու ընթացքին յայտնի տաղանդաւոր երաժշտահաններ, միաժամանակ երիտասարդ արուեստագէտներ «Վարանդա» երգչախումբին համար ստեղծագործած են 170 խմբերգներ»: Յաւելեց նաեւ` 2026-ին երգչախմբի համար ստեղծուել է 32 նոր խմբերգ, որից համերգին հնչեցին միայն 14-ը: Շնորհակալութիւն յայտնեց նաեւ իրեն աջակիցներին` Նանարին ու Մարիամին, ինչպէս նաեւ` իր սաների ծնողներին, որոնք Էջմիածնից են, Մասիսից, Երեւանից, Չարենցաւանից, Աբովեանից եւ այլ բնակավայրերից, սակայն սիրով են ապահովում իրենց զաւակների ներկայութիւնը փորձերին ու համերգներին:

Համերգի սկզբում հնչեց Խաչիկ Մանուկեանի խօսքերով, Մարտին Վարդազարեանի երաժշտութեամբ գրուած «Արցախ» երգը: Իւրաքանչիւր կատարումից յետոյ տուեալ երգի խօսքերի կամ երաժշտութեան հեղինակները, եթէ դահլիճում էին, բեմ էին բարձրանում: Դահլիճում էին Մարտին Վարդազարեանը, Տիգրան Մանսուրեանը, որը արցախեան բանահիւսութիւնից վերցրած «Ճկոյթն ասից» երգի երաժշտութեան հեղինակն էր:

Համերգն աւարտուեց Արցախի օրհներգով: Մեծ սիրով ու նուիրումով էին պատանի երգիչները մասնակցում երգերի կատարմանը ու ոգեւորում դահլիճի ներկաներին: Ընթացքում Զ. Քէշիշեանը նաեւ յուշեր պատմեց` ինչպէս է եկել Լիբանանից, ընդունուել երաժշտանոցի շուիի բաժին, հանդիպել նշանաւոր մարդկանց: Եւ դեռեւս Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի ուսանող` 1992-ին մեկնել է Արցախ եւ Շուշիի Արամ Մանուկեանի անուան վարժարանում հիմնել «Վարանդա» երգչախումբը:

Համերգի վերջում Զ. Քէշիշեանը նաեւ պատուոգրեր յանձնեց երգչախմբի 11 անդամի` «Երգող Արցախ» երգչախմբային ծրագրին նուիրեալ ու հետեւողական մասնակցելու համար:

Արցախում տարբեր վայրերում, այդ թւում` նաեւ Քաշաթաղի շրջանում, ներկայ եմ եղել «Վարանդա» երգչախմբի համերգներին ու այժմ կարօտով եմ յիշում այդ օրերը: Այժմ Երեւանում անհնար է առանց յուզուելու լսել արցախցի երեխաների ոգեշունչ կատարումները ու մտքով չհասնել Աղաւնոյ գիւղ, երբ նորակառոյց տների բանալիներ էր Արցախի նախագահը յանձնում բնակիչներին, իսկ «Վարանդա»-ի երիտասարդ երգիչները հաճելի պահեր էին հրամցնում ներկաներին: Իր դիմատետրեան էջում երեւանեան համերգի մասին Մերի Մելիքեանը գրել է. «Այս երեխաներից գողացուած հայրենիքը պէտք է վերադարձնենք: Անհնար է առանց յուզուելու նայել այս երեխաների ապրումներին, յոյզերին եւ թաց աչքերին, երբ հպարտութեամբ հնչեցնում են Արցախի օրհներգը»: Երիտասարդ դաշնակահար Վլադիմիր Գալստեանը, որը նոյնպէս նուագակցեց երգչախմբի կատարումներին, ասաց. «Այս տարի եւս մեծ պատիւ ունեցայ իմ նուագակցութեամբ լինել իմ հարազատ «Վարանդա» երգչախմբի կողքին` մեր սիրելի խմբավար պարոն Զաքարի ղեկավարութեամբ:

Համերգի առանձնայատուկ պահերից էր Ստեփան Բաբաթորոսեանի «Շարային քայլերգ»-ի կատարումը: Առանձնայատուկ էր նաեւ այն, որ այդ պահին համերգին ներկայ էր հէնց ստեղծագործութեան հեղինակը: Նրա ներկայութեամբ իր ստեղծագործութիւնը ներկայացնելը մեզ համար իսկապէս գեղեցիկ ու յիշարժան պահ էր»:

«Առաւօտ»

***

Խմբավարի Խօսքը

Դէպի 35-Ամեակ…

Բայց արժէ՞ արդեօք, երբ ամբողջութեամբ հայաթափուած է Արցախը, տուն ու տեղ կորսնցուցած արցախցիները` բնօրրանէն դուրս, Հայաստանի թէ այլուր, կ՛ապրին դժուարագոյն ու ծանր կեանք մը` առօրեայ բազմապիսի ու անվերջանալի հոգերով, շա՜տ շատերու կողմէ տակաւին անհասկնալի ու որոշ չափով յուսալքուած վիճակի մէջ…

Չեմ ուզեր ամպագոռգոռ յուսատու խօսքեր շռայլել, սակայն միայն ըսեմ, որ ինչպէս 9 տարիներ առաջ, «Վարանդա» երգչախումբի 25-ամեակին առիթով Հ1-ի հետ հարցազրոյցի մը ընթացքին կանխազգացած եւ արտայայտուած էի հայրենիքը կորսնցնելու վախին մասին, այսօր ալ, խորապէս հաւատալով արդարութեան յաղթանակին, կը կանխազգամ ուշ կամ կանուխ Արցախի վերադարձի իրողութիւնը:

Այդ իսկ պատճառով, այո՛, կը շարունակեմ նոր օղակ մը աւելցնել Շուշիի «Վարանդա» երգչախումբի ստեղծագործական տարեգրութեան շղթային:

Այդ իսկ պատճառով Արեւելեան Ամերիկայի Կիլիկեան թեմը` ի դէմս Անուշաւան արք. Դանիէլեանի, եւ Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ մայր եկեղեցին` ի դէմս Մեսրոպ քհնյ. Լագիսեանի, երրորդ տարին է, որ կը հաւատան այս առաքելութեան ու կը շարունակեն մնալ մեր գլխաւոր հովանաւորը:

Նոյն պատճառով է, որ հարազատ ընկերներս ու ազգականներս կը շարունակեն հաւատալ արցախցի երեխաներու համախումբ երաժշտական կեանքին:

Նոյն պատճառով է, որ «Վարանդա»-ի քոյր` Համազգայինի իմ «Այգ» երգչախումբի նախկին սաները հաւաքաբար հովանաւորեցին երգչախումբի համերգաշարքէն մէկը:

Նոյն պատճառով է, որ հայրենի թէ սփիւռքահայ բանաստեղծներ ու երաժշտահաններ, ներշնչուելով մեր անցեալ տարուան համերգէն, նոր խմբերգներ երկնեցին ու նուիրեցին մեզի` «Վարանդա» երգչախումբին համար ստեղծագործուած խմբերգներու թիւը հասցնելով 170-ի:

Այս բոլորին` մեր խորազգաց երախտիքն ու շնորհակալութիւնը:

Եկող տարին յոբելենական է: 35-ամեակ: Նոր մարտահրաւէր` ինծի, իմ գործընկերներուս, երգչախումբի հին ու նոր սաներուն ու ծնողներուն համար:

Իսկ այս տարի երգչախումբին համար ծնեցան 32 նոր խմբերգներ, որոնցմէ կը կատարենք 14-ը` իւրաքանչիւր երաժշտահանէ մէկ խմբերգ կատարելու սկզբունքով:

Գնահատանքի խօսք ունիմ դաշնակահար Նադեժդային եւ կազմակերպչական աշխատանքին ինծի աջակից Նանարին ու Մարիամին, որոնց սէրն ու նուիրումը երեխաներուն ու այս առաքելութեան նկատմամբ շատ բարձր է:

Գնահատանքի խօսք ունիմ մանաւանդ մեր սիրելի ծնողներուն, որոնք Երեւանի, Էջմիածնի, Մասիսի ու Աբովեանի հեռակայ թաղամասերէն ապահովեցին իրենց զաւակներուն ներկայութիւնն ու մասնակցութիւնը:

«Յոյսը վերջինը կը մեռնի», կ՛ըսէ ժողովրդական իմաստութիւնը:

«Յոյսը ամօթով չի ձգեր», կ՛ըսէ Աստուածաշունչը:

Ուրեմն արժէ՛ շարունակել…

Ձեր`
ՊԱՐՈՆ ԶԱՔԱՐ

Նախորդը

Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան` Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար

Յաջորդը

Թենիս. Դէմքերը Կը Փոխուին…

RelatedPosts

Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան`  Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի  Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար
Անդրադարձ

Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան` Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար

September 17, 2026
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

Վերամուտ

September 17, 2026
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.