
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
ԵԱՀԿ-ի գործող նախագահը օրեր առաջ Երեւանում, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ազրպէյճանին զէնք վաճառելու խնդրին, ասել էր, թէ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահները պէտք է կատարեն իրենց ստանձնած պարտաւորութիւնները եւ աջակցեն հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը: Նա ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Քասփըրչիքին յանձնարարեց ուսումնասիրել այդ խնդիրը:
Այս յայտարարութիւնը Հայաստանում ընկալուեց իբրեւ քննադատութիւն Ռուսաստանի հասցէին` Ազրպէյճանին զէնք մատակարարելու, դրանով կողմերի միջեւ ռազմական հաւասարակշռութիւնը խախտելու եւ այդքանով, իբրեւ միջնորդ, ոչ առարկայական մօտեցում ցուցաբերելու համար:

Մինսքի խմբակի երեք համանախագահող երկրներից փաստացի միայն Ռուսաստանն է զէնք վաճառում կամ տրամադրում Արցախի հակամարտութեան կողմերին` փորձելով այդ հանգամանքը դարձնել ռազմաթեքնիքական առումով թէ՛ հայկական եւ թէ՛ ազրպէյճանական կողմերի նկատմամբ ռազմաքաղաքական ազդեցութիւնը մեծացնելու միջոց: Մոսկուայի այս քաղաքականութիւնը, սակայն, Ազրպէյճանին Մինսքի խմբակի միւս համանախագահող երկրների համար դարձրել է գործնականում անվերահսկելի: Պաքուն ոչ միայն հայկական կողմի եւ միջնորդների հետ սկսել է յարաբերուել շանթաժի լեզուով, այլեւ պատերազմի վերսկսման իրական սպառնալիք է ստեղծել, որը կարող է վերջնականապէս «ջրել» խաղաղ կարգաւորման ուղղութեամբ ԵԱՀԿ-ի ներքոյ գործադրուող բոլոր ջանքերը եւ դրանով ապացուցել միջազգային այդ կառոյցի անգործունակութիւնը: Սա չի կարող չանհանգստացնել ԵԱՀԿ-ին: Այս երեւանեան յայտարարութիւնների հիմնական նպատակն այդ անհանգստութիւնը դրսեւորելն էր:
Կողմերին զէնքի մատակարարման խնդիրն ուսումնասիրելու` Քասփըրչիքին տուած յանձնարարութիւնը, ըստ էութեան, կարող է կողմերի սպառազինման գործընթացը սահմանափակելու ուղղութեամբ յստակ միջոցների ձեռնարկման հիմքեր ստեղծելու նախերգանք լինել: Բայց որքանո՞վ է սա ձեռնտու Հայաստանին: Մեզ, ի հարկէ, դուր չի գալիս, որ Ռուսաստանն այդ ծաւալի ռազմամթերք է վաճառում Ազրպէյճանին: Այն հակասում է ոչ միայն Ռուսաստանի` իբրեւ հիմնահարցի կարգաւորման միջնորդ երկրի կարգավիճակին, այլ նաեւ` Հայաստանի անվտանգութեանը, որի երաշխաւորման յանձնառութիւնն ունի Ռուսաստանը` համաձայն Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրում` 2010-ի թիւ 5-րդ արձանագրութեամբ արուած լրացման: Բայց եթէ մի փոքր աւելի անկեղծ լինենք, ապա պէտք է ընդունենք, որ Ռուսաստանը ոչ առարկայական միջնորդ դարձաւ ոչ թէ այն ժամանակ, երբ սկսեց ռազմական կազմածներ վաճառել Պաքուին, այլ երբ, թէկուզ զուտ ձեւական առումով, ստանձնեց Հայաստանի անվտանգութեան երաշխաւորի դերը:

Ի վերջոյ, Ռուսաստանը զէնք է մատակարարում նաեւ Հայաստանին, ընդ որում` իր ներքին շուկայական գներով, ինչը աղքատ, ֆինանսական աղբիւրների չտիրապետող երկրի համար ունի կենսական նշանակութիւն` գոնէ Ազրպէյճանի սանձազերծած սպառազինման մրցավազքում զգալիօրէն ետ չմնալու առումով: Որեւէ այլ երկիր Հայաստանին պատրաստ է զինուորական կազմած տրամադրել միջազգային շուկայական գներով, որոնք չափազանց թանկ են սեփական ռազմարդիւնաբերութիւն գրեթէ չունեցող Հայաստանի համար: Հետեւաբար, եթէ ԵԱՀԿ-ն, ի դէմս ներկայիս գործող նախագահի, հետամուտ է միայն Ռուսաստանին զսպելու հարցում, ապա սա ակնյայտօրէն աշխատելու է Հայաստանի դէմ: Որովհետեւ Ազրպէյճանն իր նաւթատոլարներով, միեւնոյն է, շարունակելու է զինուորական կազմածներ ձեռք բերել այլ աղբիւրներից, այլ երկրներից: Առաւել եւս` երբ այդպիսի երկրներ կան` Իսրայէլ, Թուրքիա, Փաքիստան, Պիելոռուսիա եւ այլն: Մինչդեռ Հայաստանը, հասկանալի պատճառներով, ստիպուած կը լինի նուազեցնել գնման ծաւալները:
Այս իմաստով չի կարող փրկութեան միջոց լինել նոյնիսկ իր 102-րդ ռազմակայանին Ռուսաստանի կողմից զէնքի անարգել մատակարարումը, որովհետեւ այդ մէկը «նստում» է ոչ թէ Հայաստանի զինուժի, այլ ռազմակեդրոնի հաշուեկշռում, եւ որեւէ վստահութիւն չկայ, որ անհրաժեշտութեան դէպքում Մոսկուան կը թոյլատրի դրանք կիրառել Ազրպէյճանի դէմ պատերազմում: Իսկ եթէ նոյնիսկ այդ մատակարարումը հետագայում յայտնւում է Հայաստանի զինեալ ուժերի հաշուեկշռում, ապա` արդէն զգալիօրէն մաշուած եւ գրեթէ անպիտան վիճակով, որը աւելի շատ գլխացաւանք է:

Թւում է, որ եթէ այս նախաձեռնութիւնը փորձ է` մեքանիզմ ստեղծելու առհասարակ Արցախի հակամարտութեան կողմերին զէնքի վաճառքը սահմանափակելու ուղղութեամբ, այն կարող է եղանակ փոխել: Որովհետեւ թւում է, թէ այդ դէպքում Հայաստանը եւ Ազրպէյճանը կարող են յայտնուել հաւասար պայմաններում: Խնդիրն այն է սակայն, որ նման բան գործնականում հնարաւոր չէ, որովհետեւ հնարաւոր չէ որեւէ երկրի արգելել սեփական անվտանգութիւնն ապահովելու համար այլ երկրներից իր միջոցներով զէնք, զինամթերք ձեռք բերել: Առաւել եւս, երբ Ազրպէյճանը չի վաւերացրել Եւրոպայում սովորական սպառազինութեան մասին պայմանագրի սկզբունքների եւ իրագործման կարգի մասին` 1992-ին Թաշքենդում նաեւ իր կողմից ստորագրուած համաձայնագիրը, եւ, բնականաբար, որեւէ իրաւական կաշկանդում այս հարցում չունի: Այսինքն` եթէ նոյնիսկ ԵԱՀԿ-ը փորձի կողմերի սպառազինման մրցավազքը ինչ-որ մեքանիզմներով սահմանափակելու միջոց ստեղծել, այն Ազրպէյճանի համար ոչ մի գործնական նշանակութիւն չի ունենալու:
Հետեւաբար Երեւանում կատարուած յայտարարութիւնները, Քասփըրչիքին տուած յանձնարարութիւնը խանդավառութիւն առաջացնելուց առաջ նախ մտորելու լուրջ առիթ պէտք էր տար: Ի հարկէ, Հայաստանի շահերից է բխում, որ միջազգային հանրութիւնը, որքան հնարաւոր է, կոշտ արտայայտուի Ռուսաստանի եւ Ազրպէյճանի միջեւ ռազմական պիտոյքների առեւտրի մասին: Բայց սա այն հարցն է, որը, թաքթիքական առումով, սեփական հետաքրքրութիւններին չվնասելու իմաստով, աւելի ճիշդ է լուծել հայ-ռուսական երկկողմ յարաբերութիւնների գործընթացում: Եթէ դրանում ինչ-որ բան չի ստացւում, եթէ Ռուսաստանը մեր քթի տակ, փաստացի արհամարհելով մեզ, շարունակում է ռազմական սարքեր վաճառել Ազրպէյճանին կամ շարունակում է աժան անուան տակ հնացած, «դուրս գրած» սարքեր մատակարարել Հայաստանին, դա ոչ թէ ԵԱՀԿ-ի խնդիրն է, այլ` Երեւանի:
(Յապաւումով)
