Ինչի՞ Համար Էր Իրաքի Պատերազմը

ՍԱՄՈՒԷԼ ՅՈՎԱՍԱՓԵԱՆ

iraq_012616

Վերջին տարիներին մենք բոլորս մարդկային նորանոր եւ ահաւոր ողբերգութիւնների վկան ենք դարձել: Դրանք Միջին Արեւելքի արաբական երկրներում մոլեգնող քաղաքացիական պատերազմներն են: Քաիտայի, ժիհատականների, ինչպէս նաեւ Իսլամական պետութեան ահաբեկչութիւնները այդ երկրների խաղաղ բնակչութեան դէմ, հազարաւոր զոհեր են պահանջել: Բացի այդ բազմաթիւ ժողովուրդներ լքել են իրենց հայրենիքը եւ թափառական են դարձել: Ըստ Միացեալ ազգերի տուեալների, այս տարի  աշխարհում հաշւում են մօտ 60 միլիոն թափառական դարձած մարդ: Եւ ըստ երեւոյթին, տարօրինակ կը լինէր, եթէ այդ 60 միլիոնին մաս չկազմէին հարիւրհազարաւոր, եթէ ոչ միլիոնաւոր հայեր: Դեռ անցեալ դարի 70-ական թուականների Լիբանանում ներքին քաղաքացիական պատերազմի ընթացքում բազմաթիւ հայեր ստիպուած լքեցին երկիրը: Դրան յաջորդեցին յայտնի դէպքերի պատճառով Իրանից, Ազրպէյճանից եւ Հայաստանից հեռացած հայերը:

Վերջին տարիներին ամենամեծ հարուածը հասցուեց Իրաքի, Լիբանանի, Սիրիայի ժողովուրդներին, ընդ որում` բազմաթիւ հայերի: Ահա արդէն մօտ 30 տարի է, որ Իրաքի ժողովուրդները արտաքին եւ ներքին` քաղաքացիական պատերազմների պատճառով անասելի տառապանքների ու զրկանքների են ենթարկուել: Ժամանակին մեզանից շատերը ապակողմնորոշման մէջ էին Իրաքի դէմ Միացեալ Նահանգների պատերազմի դրդապատճառները հասկանալու համար: Ինչի՞ համար էր Իրաքի դէմ սկսուած պատերազմը: Ինչո՞ւ Սիրիայում հրահրուեց ներքին քաղաքացիական պատերազմ: Ըստ գերմանացի յայտնի թղթակից եւ հրապարակագիր Փեթեր Շոլ- Լա- Թուրի, այդ պատերազմը նախ եւ առաջ Միացեալ Նահանգների, Իսրայէլի, Սէուտական Արաբիայի, Յորդանանի, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ Պարսից ծոցում գտնուող արաբական խալիֆաթների գաղտնի գործակալների հրահրած պատերազմ է: Հարց է առաջանում` ինչո՞ւ էր Միացեալ Նահանգների կառավարութիւնը հետեւողականօրէն շահագրգռուած Իրաքի պատերազմով, որ պատրաստ էր կեղծ փաստաթղթերի հիման վրայ պատերազմ սկսել Իրաքի բռնատէր Սատտամ Հիւսէյնի դէմ: Մենք բոլորս լաւ ենք յիշում Միացեալ Նահանգների ժամանակի  արտաքին գործերի նախարար Քոլին Փաուըլի անօգնական, շուարած կեցուածքը, երբ նա ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում փորձում էր կեղծ եւ զարմանալիօրէն ոչ հաւաստի փաստաթղթերի հիման վրայ ապացուցել, որ Սատտամ Հիւսէյնը տիրում է բազմաթիւ շարժական գիտաշխատանոցների, որոնցում հնարաւոր է զանգուածային ոչնչացման զէնքեր արտադրել: Ի հարկէ, հետագայում նա կը խոստովանի, որ այդ րոպէները իր կեանքի ամենածանր պահերն էին:

Ամերիկեան անուանի քաղաքագէտներ եւ միջազգային յարաբերութիւնների մասնագէտներ` Ճոն Մերզհայմերը եւ Շթեֆան Մ. Վելթը 2006 թուականին հրատարակել են մի գիրք հետեւեալ խորագրով`

«Իսրայէլի լոպին»

Թէ ինչպէս է ազդեցութիւն բանեցւում ամերիկեան արտաքին քաղաքականութեան վրայ

Այդ գրքում հեղինակները մանրամասնօրէն քննարկելով Իսրայէլի եւ Միացեալ Նահանգներում Իսրայէլին հովանաւորող տարբեր, հրեայ եւ նոր պահպանողական քրիստոնեայ անձերի եւ կազմակերպութիւնների գործունէութիւնը, հետաքրքիր եզրակացութեան են յանգում: Երեւի սխալ չէր լինի, որ այստեղ մի քանի մէջբերումներ անել այդ գրքի գերմաներէնի թարգմանուած օրինակից եւ հայ ընթերցողին ներկայացնել այն:

8-րդ գլուխ

Իրաքը եւ Միջին Արեւելքի նոր ձեւաւորման երազանքը

Ինչո՞ւ են Միացեալ Նահանգները ներխուժել Իրաք:

Տապալել Սատտամ Հիւսէյնին, նոյնիսկ այսօր էլ դժուար է նման որոշումը հասկանալ: Ի հարկէ որ նա բիրտ բռնակալ էր, երկիւղալի յաւակնութիւններով, ներառեալ նրա ձգտումը` զանգուածային ոչնչացման զէնքերի տիրանալ, բայց այն նոյն նրա անընդունակութիւնը նրան խանգարում էր նման վտանգաւոր նպատակին հասնելը: 1991 թուականի Ծոցի երկրորդ պատերազմում պարտուել էր նրա բանակը, իսկ ՄԱԿ-ի տասնամեակ տեւող հարկադրական միջոցները եւ սահմանափակումները էլ աւելի էին թուլացրել նրա մարտունակութիւնը: Իրաքը, որի ռազմական կարողութիւնը, բացի թղթերի վրայ, երբեք յատուկ տպաւորութիւն չէր թողնում, արդէն իսկ 2003 թուականին դարձել էր մի թոյլ հակառակորդ: Քանի որ ՄԱԿ-ի յաճախակի ստուգումները ընդհատել էին Սատտամ Հիւսէյնի հիւլէական ռումբի ծրագիրը, նրան ստիպել էին ոչնչացնել նաեւ իր քիմիական եւ կենսաբանական զէնքերի պահեստները: Միւս կողմից` կարելի չեղաւ որեւէ կապ յայտնաբերել Սատտամ Հիւսէյնի եւ Ուսամա Պըն Լատենի միջեւ, որպէսզի կարողանան այն հաւաստիօրէն փաստել: (Նրանք նոյնիսկ թշնամիներ էին):

Բացի այդ, Ուսամա Պըն Լատենը եւ նրա օգնականները գտնւում էին Աֆղանստանում, կամ Փաքիստանում, ոչ թէ Իրաքում: Այնուամենայնիւ Պուշի կառավարութիւնը սեպտեմբեր 11-ի յայտնի դէպքերի պատճառով որոշում կայացրեց յարձակուել մի կործանուող երկրի վրայ, որը ոչ մի առնչութիւն չունէր Ուորլտ Թրէյտ Սենթրի եւ Փենթակոնի վրայ յարձակումների հետ, բացի այդ, նա արդէն իսկ ամբողջովին, խիստ եւ ազդեցիկ հսկողութեան տակ էր գտնւում: Այդ ժամանակ աւելի շուտ սպասւում էր, որ Միացեալ Նահանգներն ամբողջովին կը կենտրոնանան Քաիտայի վրայ: Վերոյիշեալ հանգամանքները նկատի ունենալով` բոլորովին հանելուկային է թւում Իրաքի վրայ յարձակման որոշումը:

Մի այլ տեսանկիւնից նայելով` այնքան էլ դժուար չի լինում հասկանալ այդ որոշումը: Միացեալ Նահանգներ աշխարհի ամենաուժեղ երկիրն էին եւ ոչ մի կասկած չկար, որ նրանք կարող էին Սատտամ Հիւսէյնին իշխանութիւնից զրկել, եթէ նրանք այդ միայն ցանկանային: Միացեալ Նահանգները շահել էին ոչ միայն երկարատեւ Սառը պատերազմը, այլ նաեւ կարողացան 1989-ից յետոյ մի քանի ռազմական յաղթանակներ գրանցել: 1991 թուականին նրանք կարողացան առանց մեծ ջանքերի յաղթանակ տանել Իրաքի դէմ, 1995 թուականին կասեցրին արիւնահեղութիւնը Պալքաններում, 1999 թուականին Սերպիան պարտութեան մատնուեց: Սեպտեմբեր 11-ի դէպքերից յետոյ թալեպանների դէմ տարած արագ յաղթանակը ուժեղացրեց այն տպաւորութիւնը, որ Միացեալ Նահանգներն իրականում ռազմական տեսակէտից անյաղթանակելի էին եւ դժուարացնում էին քննադատների փաստարկները, միւսներին ապացուցելու, որ Իրաքի դէմ պատերազմը անիմաստ է եւ անխոհեմ:

Սեպտեմբեր 11-ը ուժեղ ցնցել եւ տագնապի էր մատնել ամերիկացիներին: Շատ քաղաքական գործիչներ համոզուած էին, որ Միացեալ Նահանգները պէտք չէր թոյլ տային, որ երբեւէ ահաբեկիչների համար հնարաւոր  լինէր զանգուածային ոչնչացման զէնքեր ձեռք բերել, անգամ եթէ դա ամենահեռաւոր վայրերում լինէր: Նրանք, ովքեր համամիտ էին պատերազմի հետ, հաւատում էին, որ Սատտամ Հիւսէյնի կործանումը նաեւ միւս պետութիւնների` բռնատէր եւ ոչ խոհեմ ղեկավարներին համոզելու է, որ Միացեալ Նահանգները չափազանց հզօր են, որպէսզի նրանք կարողանան դէմ գնալ նրան եւ դա նրանց ստիպելու է ենթարկուել նրանց ցանկութիւններին: Կարճ ասած, պատերազմից առաջ Միացեալ Նահանգները միանշանակ հզօր էին, համոզուած` իրենց ռազմական հզօրութիւնից եւ միեւնոյն ժամանակ չափազանց տագնապած իրենց անվտանգութեան պատճառով. սա մի վտանգաւոր զուգակցութիւն էր:

Այս բոլոր հիմունքները կազմում էին ռազմավարական այն պարունակը, ըստ որի, որոշում կայացուեց պատերազմի համար: Այս իմանալով, կարող ենք որոշ բաներ հասկանալ, որոնք այդ որոշմանը յանգեցրին: Բայց այստեղ գոյութիւն ունի նաեւ մի այլ էական գործօն, առանց որի ներգործութեան` հաւանաբար այդ պատերազմը տեղի չէր ունենալու: Այդ գործօնը Իսրայէլի լոպին է, եւ յատկապէս` մի խումբ նոր պահպանողական գաղափարախօսների եւ փորձագէտների ազդեցութիւնը, որոնք դեռ շատ վաղուց, այսինքն դեռ սեպտեմբեր 11-ից շատ առաջ Ամերիկայից պահանջում էին յարձակուել Իրաքի վրայ: Պատերազմի ջատագովները հաւատում էին, որ Սատտամ Հիւսէյնի ոչնչացումը կը նպաստի Իսրայէլի եւ Ամերիկայի ռազմավարական դիրքի լաւացմանը, եւ միեւնոյն ժամանակ ընթացքի մէջ կը դնի տարածաշրջանային փոփոխութեան մի գործընթաց, որը եւ Միացեալ Նահանգների եւ Իսրայէլի համար միանշանակ շահաւէտ կը լինի: Իսրայէլի քաղաքական գործիչները եւ Իսրայէլի նախկին ղեկավարները պաշտպանում էին այս տեսակէտը, որովհետեւ նրանք խիստ շահ ունէին նրանում, որ Միացեալ Նահանգները տարածաշրջանում իրենց գլխաւոր հակառակորդին ոչնչացնէին, այն մարդուն, ով 1991 թուականին Սքոտ հրթիռներ էր արձակել Իսրայէլի վրայ:

Ի հարկէ, Իսրայէլի եւ Իսրայէլի լոպիի ճնշումը միակ գործօնը չէր, որը յանգեցրեց Պուշի կառավարութեան որոշմանը` 2003 թուականի մարտին, յարձակուել Իրաքի վրայ: Բայց այն որոշիչ էր: Շատ ամերիկացիներ կարծում են, որ դա «պատերազմ էր քարիւղի» համար: Այս վարկածի համար գրեթէ փաստեր չկան. ընդհակառա՛կը, կան բազմաթիւ փաստեր այն հերքելու համար: Այլ դիտորդներ մեղադրում են Պուշի քաղաքական խորհրդատուներին, ինչպիսին հանրապետական ռազմագէտ Քարլ Ռովէն է, եւ ենթադրում են, որ պատերազմը կուսակցական խորամանկ քաղաքականութեան մի մասն է կազմել: Այն նպատակ ունէր, երկիրը պատերազմի մէջ պահելով, երկարաձգել Հանրապետական կուսակցութեան իշխանութիւնը: Այս տեսանկիւնը կուսակցական քաղաքականութեան տեսակէտից որոշ հրապուրանք ունի, բայց հնարաւորութիւն չի տալիս այն նոյնպէս փաստել եւ չի բացատրում, թէ ինչո՛ւ էին միեւնոյն ժամանակ բազմաթիւ հեղինակաւոր դեմոկրատներ, պատերազմի ջատագով դարձել: Մի այլ բացատրութիւն եզրայանգում է նրան, որ պատերազմը մի խորիմաստ փորձ էր Միջին Արեւելքը ժողովրդավարական ձեւափոխութիւնների միջոցով վերակառուցել: Այս մեկնաբանութիւնը ճիշդ է, բայց այդ ծրագիրը անխզելիօրէն կապուած էր Իսրայէլի համար է՛լ աւելի ապահովութիւն ստեղծելու մտադրութեան հետ:

Հակառակ վերոյիշեալ մի քանի բացատրութիւններին` մենք հաւատացած ենք, որ պատերազմը մեծ մասամբ պայմանաւորուած էր հետեւեալ ցանկութիւնից. Իսրայէլի համար է՛լ աւելի ապահովութիւն ստեղծել: Դեռ պատերազմից շատ առաջ այս փաստարկը անառարկելի ենթադրութիւն էր, ինչպիսին նոյնպէս անառարկելի է, որ Իրաքը այսօր զարգացել է որպէս ռազմավարական աղէտ: Որպէսզի թիւրիմացութեան առիթ չլինի, պէտք է այստեղ ասել, որ այն անձերը եւ խմբերը, ովքեր պատերազմի էին շտապեցնում, համոզուած էին, որ պատերազմը երկու կողմերին էլ` թէ՛ Իսրայէլին եւ թէ՛ Ամերիկային օգուտ է բերելու, եւ ի հարկէ չէին կանխատեսում այն աղէտալի փլուզումը, որը դրան հետեւեց: Այնուամենայնիւ, այն ճշգրիտ դերը, որը Իսրայէլի լոպին խաղացել է պատերազմի նախապատրաստման որոշումների ընթացքում, ներկայացնելու համար, ի վերջոյ  պէտք է հիմնուել փաստերի վրայ: Իսկ բաւականին հիմնաւոր փաստեր կան ապացուցելու համար, որ Իսրայէլը եւ Իսրայէլին հովանաւորող, յատկապէս նորպահպանողական խմբակցութիւնները բաւականին մեծ դեր են խաղացել Իրաք ներխուժելու որոշման ընթացքում:

Այստեղ պէտք է նշել նաեւ, որ ամբողջ մի շարք լաւ տեղեակ եւ բարձր գնահատուած անձնաւորութիւններ բացայայտօրէն խօսել են այն մասին, որ Իրաքի դէմ պատերազմը սերտ կապ ունէր Իսրայէլի անվտանգութեան հետ: Ֆիլիփ Սելիքովը 2005-2006 թուականներին արտաքին գործերի նախարար Քոնտոլիզա Ռայսի խորհրդատուն, իր 2002 թուականին կայացած մի բանախօսութեան ընթացքում անդրադառնում է, որ Սատտամը Ամերիկայի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Ըստ նրա, «Իրական սպառնալիքը», դա «Իսրայէլի դէմ սպառնալիքն» էր: Նա աւելացնում է նաեւ, բայց ոչ մէկը չի ցանկանում այդ սպառնալիքը այդպէս կոչել, որովհետեւ դա եւրոպացիներին բոլորովին չի հետաքրքրում, իսկ Ամերիկայի կառավարութիւնը չի ցանկանում այն նշել, քանի որ այն որպէս փաստարկ սիրուած չէ:

Զօրավար Ուեսլի Քլարքը, ՕԹԱՆ-ի հրամանատար եւ նախագահական ընտրութիւնների նախկին թեկնածու, 2002 թուականի օգոստոսին իր մի ճառում ասաց. «Նրանք, ովքեր պաշտպանում են այս պատերազմը, ձեզ  ազնուօրէն եւ մտերմաբար կ՛ասեն, որ իրականում Սատտամ Հիւսէյնը Ամերիկայի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում, բայց նրանք վախենում են, որ նա ինչ-որ մի օր որոշում կը կայացնի, հիւլէական ռումբ, եթէ նա երբեւէ այն ունենայ, ապա այն կը գործադրի Իսրայէլի դէմ»:

Իրաք ներխուժելուց մի քանի շաբաթ առաջ լրագրող Ճօ Քլայնը «Թայմ» շաբաթաթերթում գրեց. «Աւելի հզօր Իսրայէլը մեծ դեր է խաղում Իրաքի դէմ պատերազմի հիմնաւորման մէջ: Այս այն պատճառաբանութիւնների մի մասն է, որին իր անունով չեն կոչում, դա մի երազ է, որը շատ նոր պահպանողական ուժեր Պուշի կառավարութեան մէջ եւ Ամերիկայի հրեաների ներկայացուցիչներ, ամենայն լռութեամբ երազում են»: Նոյնպէս է պատճառաբանում նախկին ծերակուտական Էռնեսթ Հոլայնկսը: Այն բանից յետոյ, երբ նա  հաստատում է, որ Ամերիկայի համար Իրաքը ոչ մի անմիջական սպառնալիք չէր ներկայացնում, ապա նա հարց է տալիս, «Ինչո՞ւ են Միացեալ Նահանգները այդ երկիրը ներխուժել»: «Պատասխա՞նը», «դա գիտի ամէն ոք, որովհետեւ մենք մեր բարեկամ Իսրայէլին պաշտպանել ենք ուզում»:

Ամերիկայի մի շարք բարձրաստիճան անձնաւորութիւններ ասում էին, կամ որոշակի արտայայտուեցին, որ ամէնից առաջ Միացեալ Նահանգներում Իսրայէլին կողմ յամառ անձերն էին Իրաքի դէմ պատերազմ մղող շարժիչ ուժի թիկունքում: Ռոպերթ Նովաքը դեռ պատերազմ սկսուելուց շատ առաջ, այն որակեց որպէս` «Շարոնի պատերազմ»: «Ես համոզուած եմ,- ասաց նա 2007 թուականի ապրիլին,- որ Իսրայէլը մեծ աւանդ ունի այդ որոշման մէջ` պատերազմ սկսել Իրաքի դէմ: Ես գիտեմ, որ պատերազմի նախօրեակին նա մի գաղտնի զրոյցի ընթացքում մի շարք ծերակուտականների հետ, ասել է, եթէ նրանք յաջողութիւն ունենան եւ Սատտամ Հիւսէյնին վերացնեն, ապա նրանք կը լուծեն Իսրայէլի ապահովութեան խնդիրը»:

Իսրայէլի առնչութիւնը Իրաքի պատերազմի հետ, դեռ այն սկսուելուց շատ առաջ, յայտնի էր լայն շրջաններին: 2002 թուականի աշնանը լրագրող Մայքլ Քինսլին գրեց. «Իսրայէլի դերի շուրջ հրապարակօրէն վիճաբանութեան բացակայութիւնը նման է այս առածին` «Փիղը սենեակում»: Ամէն մէկը տեսնում է նրան, բայց ոչ ոք չի խօսում այդ մասին»:

Իսրայէլը եւ Իրաքի պատերազմը

Իսրայէլը միշտ էլ Իրաքին նկատել է որպէս թշնամի: Սակայն երբ 1970 թուականին Ֆրանսան համաձայնուեց Սատտամին հիւլէական հնոց վաճառել, Իսրայէլի հոգսերը բազմացան: Իսրայէլը տագնապում էր, դեռեւս Իրաքը կը կարողանար այդ հնոցը որպէս հիմք օգտագործելով` հիւլէական ռումբ ստեղծել: Որպէս կանխայայտ վտանգի հակազդեցութիւն, նրանք 1981 թուականին ռմբակոծեցին Օսիրաքի հնոցը` նախքան այն պատրաստ կը լինէր գործարկման: Այս հարուածով հանդերձ, Իրաքը շարունակում էր դարձեալ տարբեր ցրուած եւ գաղտնի վայրերում աշխատել իր հիւլէական ռումբի ծրագրերի վրայ: Նման կացութիւնը բացատրում է նաեւ այն ոգեւորութեան իմաստը, որը Իսրայէլը ունէր 1991 թուականին, Ծոցի երկրորդ պատերազմի ընթացքում: Ի հարկէ, Իսրայէլի գլխաւոր շահագրգռուածութիւնը չէր Իրաքի զօրքերին Քուէյթից վտարել, այլ Սատտամ Հիւսէյնին տապալել եւ ամենագլխաւորը` Իրաքի հիւլէական ռումբի ծրագրերի ոչնչացումը ապահովել: Նրանով հանդերձ, որ այն ժամանակ Միացեալ Նահանգները Սատտամ Հիւսէյնին չտապալեցին, սակայն ՄԱԿ-ի ստուգումները, որոնք պատերազմից յետոյ նշանակուեցին, նկատելիօրէն նուազեցրին Իսրայէլի հոգսերը, բայց ամբողջութեամբ չվերացրին: Նոյնիսկ 2006 թուականի փետրուար 26-ին «Հաարեց» թերթը գրեց. «Շարոնը հաւատում է, որ Իրաքի կառավարութիւնը, Սատտամ Հիւսէյնի անպատասխանատու եւ սխալ ղեկավարման պատճառով տարածաշրջանի կայունութեան համար  աւելի մեծ վտանգ է ներկայացնում, քան` Իրանը:

Շարոնի նման յայտարարութիւններին զուգահեռ, 2002 թուականի սկզբներին Իսրայէլի մի շարք քաղաքական ղեկավար անձինք, երբ գնալով աւելի բացայայտ էր դառնում, որ Պուշի կառավարութիւնը լրջօրէն քննարկում էր Իրաքի դէմ պատերազմը, ամերիկեան կառավարութեան ներկայացուցիչներին յայտարարում էին, որ իրենց կարծիքով, Իրանը իրենից աւելի մեծ սպառնալիք է ներկայացնում, այնուամենայնիւ իրենք դէմ չեն, որ Սատտամ Հիւսէյնը վերացուի: Բայց նրանք տագնապի մէջ էին, որ Միացեալ Նահանգները հետապնդելով Սատտամ Հիւսէյնին` աչքաթող էին անելու Իրանի կողմից եկող վտանգը:

Սակայն երբ Իսրայէլի ղեկավարութիւնը զգաց, որ Պուշի կառավարութիւնը մի համարձակ ծրագիր աչքի առաջ ունի, ըստ որի, Իրաքի դէմ արագ յաղթանակից յետոյ զբաղուելու է Իրանի եւ Սիրիայի հետ, սկսեցին տենդագին ամերիկեան ռազմական միջամտութեան վրայ յամառել (ընդգծումը յօդուածագրի):

Անհրաժեշտ է նշել, որ Իսրայէլը Իրաքի դէմ պատերազմ մղելու նախաձեռնողը չէր, այլ այդ այն նոր պահպանողական ուժերն էին Միացեալ Նահանգներում, որոնք էլ յղացան եւ զարգացրին այդ տարբերակը, իսկ սեպտեմբեր 11-ի դէպքերից յետոյ այն աւելի յամառօրէն հետապնդեցին: Յետոյ, պատերազմը Պուշի կառավարութեան եւ ամերիկեան Ժողովրդին տանելի դարձնելու համար, Իսրայէլը միացաւ նոր պահպանողականներին, իսկ այդ արուեց այն բանից դեռ շատ առաջ, երբ նախագահ Պուշը վերջնականապէս որոշում կայացրեց արշաւել Իրաքի վրայ: Իրականում այդ ընթացքում Իսրայէլի  ղեկավարութիւնը տագնապում էր, որ չլինի թէ նախագահ Պուշը որոշում ընդունի ընդհանրապէս պատերազմի մէջ չմտնել, եւ նրանք արին ամէն ինչ, որի ուժը իրենք ունէին, որպէսզի նա չտատանուի:

Իսրայէլցիները իրենց գործողութիւնները սկսեցին 2002 թուականի սկզբներին, ամիսներ այն բանից առաջ, քանի դեռ Պուշի կառավարութիւնը իր ծրագիրը չէր սկսել, որի նպատակն էր Իրաքի դէմ պատերազմը ամերիկացիներին ընդունելի դարձնել:

Մայիսի կէսերին Շիմոն Փերեսը «Սի.Էն.Էն.»-ում յայտարարեց, որ Սատտամ Հիւսէյնը նոյնքան վտանգաւոր է, որքան` Պըն Լատենը, եւ Միացեալ Նահանգները չեն կարող անգործունեայ լինել եւ նկատել, թէ ինչպէս է նա հիւլէական ռումբերի զինանոց ստեղծում, դրա փոխարէն, խորհուրդ է տալիս Շիմոն Փերեսը, ժամանակն է Իրաքի պետութեան ղեկավարին վերացնել: Մի ամիս անց Իսրայէլի մի այլ վարչապետ Էհուտ Պարաքը, «Ուաշինկթըն Փոսթ»-ում մի յօդուած հրատարակեց, որտեղ նա Պուշի կառավարութեանը խորհուրդ էր տալիս, ամէնից առաջ կենտրոնանալ Իրաքի եւ Սատտամ Հիւսէյնին վերացնելու գործողութեան վրայ: Երբ նա վերացուի, այն ժամանակ արաբական աշխարհը այլ է լինելու:

2002 թուականի օգոստոս 12-ին Շարոնը Քնեսէթի  արտաքին եւ պաշտպանութեան յանձնաժողովների առաջ յայտարարեց.

– Իրականում Իրաքը իրենից ներկայացնում է այն  ամենամեծ վտանգը, որին դէմ յանդիման կանգնած է Իսրայէլը:

Օգոստոս 16-ին մի շարք թերթեր, հեռուստակայաններ, ռատիոկայաններ, դրանց շարքում` «Հաարեց»-ը, «Ուաշինկթըն Փոսթ»-ը, «Սի.Էն.Էն.»-ը, ինչպէս նաեւ «Սի.Պի.Էս.»-ը հաղորդեցին, որ Իսրայէլը Միացեալ Նահանգներին նեղում է` Իրաքի վրայ յարձակումը այլեւս չյետաձգել: Շարոնը Պուշի կառավարութեանը ասել է. գործողութեան յետաձգումը ոչ մի լաւ դրոյթ չի ստեղծելու հետագայ գործողութիւնների համար: Պէտք չէ Սատտամ Հիւսէյնին աւելի հնարաւորութիւններ տալ` իր զանգուածային ոչնչացման զէնքերի ծրագիրը առաջ տանել:

Նկատի առնելով այն հասկանալի ցանկութիւնը, որ Միացեալ Նահանգները վերացրին Իսրայէլի տեղական հակառակորդին, անակնկալ չի թւում, որ Իսրայէլի իշխանութիւնների համար բոլորովին հաճելի չէր նկատել, որ նախագահ Պուշը 2002 թուականի սեպտեմբերին ցանկացաւ Իրաքի դէմ պատերազմը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից լիազօրել, դեռ աւելի քիչ, երբ արդէն Սատտամ Հիւսէյնը համաձայնուեց, որ ՄԱԿ-ի քննիչները նորից Իրաք վերադառնան: Նման զարգացումը անհանգստացնում էր Իսրայէլի ղեկավարներին, քանի որ թւում էր, թէ դա պատերազմը անհաւանական էր դարձնում: Արտաքին գործերի նախարար Փերեսը  լրագրողներին յայտարարեց.

«Իրաքի դէմ ռազմարշաւը բացարձակապէս հարկաւոր է: Ազնիւ մարդկանց մօտ քննութիւնները եւ քննիչները բոլորովին հասկանալի են, սակայն ոչ ազնիւ մարդիկ կարող են հեշտութեամբ դրանց չէզոքացնել: Սեպտեմբերի վերջերը իր Մոսկուա այցելութեան ընթացքում Շարոնը Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինին, ով քննիչների կրկին անգամ Իրաք վերադառնալու նախաձեռնողն էր եղել, յայտարարեց, որ նրանք արդէն շատ են ուշացել, որպէսզի կարողանան մի ինչ-որ ազդեցութիւն ունենալ: Յաջորդ ամիսներին Փերեսը ՄԱԿ-ի այդ նոյն ծրագրերի պատճառով այնքան էր հիասթափուած, որ փետրուարի վերջերին Ֆրանսային դէմ արտայայտուեց եւ նրա կարգավիճակը, որպէս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամ, հարցականի տակ առաւ:

ՄԱԿ-ի դիւանագիտական որոշումների ընթացքում Իսրայէլը շտապեցնում էր առաջ շարժուել եւ միեւնոյն ժամանակ Սատտամ Հիւսէյնին նկարագրում էր մռայլ գոյներով: Յաճախ նրան համեմատում էր Ատոլֆ Հիթլերի հետ: Եթէ Արեւմուտքը Իրաքին չդիմակայի, այսպէս էր յաւակնում Իսրայէլը, ապա նա նոյնպիսի սխալ թոյլ կը տայ, ինչպիսին նա թոյլ է տուել 1930-ին նացիական Գերմանիայի հանդէպ:

«Ճերուզալեմ Փոսթ»-ը բացարձակապէս անցել էր յամառների շարքը եւ շատ յաճախ հրապարակում էր յօդուածներ կամ խմբագրականներ, որտեղ հաւանութիւն էին տրւում պատերազմին: Իսկ մի խմբագրականում թերթը նոյնիսկ գրել էր. «Ահաբեկչութեան դէմ պատերազմը սկսւում եւ վերջանում է Սատտամ Հիւսէյնի տապալումով: Առանց այդ նպատակը նկատի ունենալու` չի կարելի այն սկսել, չասելով թէ, չի կարելի յաղթանակ տանել»:

Իսրայէլի միւս ականաւոր անձնաւորութիւնները նոյնպէս, ինչպէս`  Շարոնը եւ Փերեսը, արտայայտւում էին պատերազմի օգտին եւ հակառակ դիւանագիտական բանակցութիւնների: Նախկին վարչապետ Էհուտ Պարաքը իր մի յօդուածում, տպագրուած` 2002 թուականի սեպտեմբերի սկզբներին «Նիւ Եորք Թայմզ»-ում, գրում է. «Սատտամ Հիւսէյնի հիւլէական զէնքի ծրագիրը անհրաժեշտաբար շտապեցնում է, նրան վերացնել»: Նա աւելացնում է. «Հիմա ամենամեծ վտանգը կայանում է  ոչ մի բան չանելու մէջ»: Նրա նախորդ` Պենիամին Նեթանիահուն նոյնպէս է արտայայտւում` նա գրում է. «Այսօր արդէն ոչինչ այնքան կարեւոր չէ, բացի` Սատտամ Հիւսէյնի կործանումից», յետոյ նա աւելացնում է. «Ես կարծում եմ, որ իսրայէլցիների մեծամասնութեան անունից կարող եմ խօսել, երբ ասեմ, որ ես պաշտպանում եմ Սատտամ Հիւսէյնի դէմ նախազգուշական հարուածը, որովհետեւ նա տենդագին ջանում է, հիւլէական զէնք ձեռք բերել»:

Եւ այսպէս, հետեւողականօրէն, Իսրայէլի իշխանութիւնների պատերազմական նախանձախնդրութիւնը  շարունակուեց ամիսներ պատերազմից առաջ, ընդհուպ` մինչեւ Սատտամի տապալումը:

Պերլին, դեկտեմբեր 2015

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)