Կան պահեր, երբ հասարակական կեանքի առանձին դրուագները դադարում են լինել պարզապէս ընթացիկ քաղաքական իրադարձութիւններ եւ վերածւում են աւելի խորքային գործընթացների արտայայտութեան: Այդպիսի պահերին տեղի ունեցողի իրական նշանակութիւնը հասկանալու համար անհրաժեշտ է դուրս գալ օրուայ քաղաքական առօրեայի շրջանակներից եւ փորձել տեսնել այն գաղափարական, արժէքային եւ պատմական շերտերը, որոնք թաքնուած են արտաքին երեւոյթների հետեւում: Վերջին օրերին Ֆրանսայի հրապարակում Արցախի դրօշի շուրջ տեղի ունեցողն հէնց այդպիսի դէպքերից է: Առաջին հայեացքից խօսքը կարող է վերաբերուել ընդամէնը մի դրօշի, մի հրապարակի կամ վարչական որոշման: Սակայն իրականում խնդիրը շատ աւելի խորն է, որովհետեւ խօսքը ազգային խորհրդանիշների, պատմական յիշողութեան եւ ազգային ինքնութեան շուրջ ծաւալուող պայքարի մասին է:
Եւ դա բնական է, քանի որ ազգերը գոյատեւում են ոչ միայն իրենց ֆիզիքական ներկայութեամբ, պետական կառոյցներով կամ տնտեսական կարողութիւններով: Ազգերը գոյատեւում են` նախ եւ առաջ իրենց պատմական յիշողութեամբ, դարերի ընթացքում ձեւաւորուած ինքնութեամբ, արժէքային համակարգով եւ ազգային նկարագրով: Ազգը կենսաբանական կամ վիճակագրական միաւոր չէ: Այն պատմական ամբողջութիւն է, որը միաւորում է անցեալի, ներկայի եւ ապագայի սերունդներին մէկ պատմական շարունակականութեան մէջ: Ազգի կենսունակութիւնը պայմանաւորուած չէ միայն տուեալ պահին ապրող մարդկանց թուով, ներուժով կամ հնարաւորութիւններով: Այն առաջին հերթին պայմանաւորուած է հաւաքական այն գիտակցութեամբ, որ անհատը պատկանում է իրենից շատ աւելի մեծ մի պատմական ամբողջութեան, ժառանգում է անցեալի սերունդների ստեղծած արժէքները եւ պատասխանատուութիւն է կրում դրանք ապագայ սերունդներին փոխանցելու համար: Հէնց այդ գիտակցութիւնն է, որ բնակչութեանը դարձնում է ազգ, իսկ մարդկանց բազմութեանը` պատմական առաքելութիւն ունեցող հաւաքականութիւն:
Այդ գիտակցութիւնը չի ձեւաւորւում ինքնաբերաբար: Այն սերնդեսերունդ փոխանցւում եւ վերարտադրւում է մշակոյթի, կրթութեան, պատմական յիշողութեան, ազգային աւանդոյթների եւ խորհրդանիշների միջոցով: Ազգային խորհրդանիշները ազգային ինքնագիտակցութեան վերարտադրութեան կարեւորագոյն գործիքներից են: Դրանք այն մշակութային եւ արժէքային յենասիւներն են, որոնց միջոցով ձեւաւորւում ու պահպանւում են ազգային ինքնութիւնը, հաւաքական յիշողութիւնը եւ ազգային հոգեբանութիւնը: Դրանց մէջ են խտացուած` ժողովրդի պատմական փորձառութիւնը, յաղթանակներն ու պարտութիւնները, զոհողութիւններն ու ձեռքբերումները, իտէալներն ու ապագայի տեսլականը: Այդ պատճառով խորհրդանիշների իրական նշանակութիւնը երբեք չի սահմանափակւում դրանց արտաքին ձեւով, քանի որ դրանց բովանդակութիւնը ձեւաւորւում է պատմական յիշողութեան եւ արժէքային իմաստի խորքային շերտերում: Դրանք ոչ թէ պարզապէս պատկերներ կամ նշաններ են, այլ` պատմական յիշողութեան եւ ազգային ինքնութեան կենսունակ կրողներ: Խորհրդանիշների միջոցով է, որ ժողովուրդը ճանաչում է իր անցեալը, արժեւորում իր ներկան եւ սահմանում իր ապագայի ուղենիշը:
Պետութիւններն ու ժողովուրդները իրենց պատմութեան ընթացքում ձեւաւորում են առանձնայատուկ վերաբերմունք իրենց խորհրդանիշների նկատմամբ, քանի որ դրանք հասարակական կեանքի երկրորդական կամ զուտ ձեւական տարրեր չեն: Դրօշները, զինանշանները, պատմական յուշարձանները, սրբավայրերը, ազգային հերոսների յիշատակը եւ մշակութային ժառանգութիւնը գործում են որպէս արժէքային համակարգ ձեւաւորող եւ վերարտադրող կարեւոր մեքանիզմներ: Դրանք այն գործընթացի բաղադրիչներն են, որի միջոցով հասարակութիւնը ձեւաւորում է քաղաքացու ինքնագիտակցութիւնը` նրան ներգրաւելով պատմական յիշողութեան եւ հաւաքական ինքնութեան համակարգի մէջ: Այս իմաստով խորհրդանիշները ոչ միայն ներկայացնում են, այլ նաեւ ձեւաւորում են հասարակական գիտակցութիւնը` սահմանելով այն արժէքային շրջանակը, որի միջոցով անհատը սկսում է ընկալել իր տեղը պատմութեան եւ հանրութեան մէջ: Հէնց այդ պատճառով էլ խորհրդանիշների համակարգը պատասխան է տալիս ոչ միայն մշակութային, այլեւ խորքային քաղաքակրթական հարցին` ո՞վ ենք մենք:
Ժամանակակից աշխարհում համաշխարհայնացման գործընթացները յաճախ ուղեկցւում են ազգային ինքնութիւնների հարթեցման եւ վերաձեւակերպման միտումներով, ինչի պատճառով ժողովուրդները հիմնականում ընկալւում են ոչ թէ որպէս պատմական եւ մշակութային ամբողջութիւններ, այլ` առաւելապէս որպէս վարչական կամ տնտեսական միաւորներ: Այս պայմաններում ազգային ինքնութեան պահպանման խնդիրը ձեռք է բերում նոր խորութիւն, քանի որ այն այլեւս չի սահմանափակւում միայն պետական հաստատութիւններով կամ քաղաքական կառոյցներով: Այդ գործընթացում ազգային խորհրդանիշները ստանձնում են առանձնայատուկ դեր` դառնալով այն մշակութային եւ հոգեբանական յենասիւները, որոնց միջոցով պահպանւում է պատմական ինքնութեան շարունակականութիւնը, վերարտադրւում է ազգային ինքնագիտակցութիւնը եւ ապահովուում է դիմադրողականութիւնը համահարթեցման միտումների նկատմամբ:
Այս խորապատկերում հետաքրքիր է դիտարկել վերջին ամիսների իրանական փորձառութիւնը, որտեղ պատերազմի պայմաններում ազգային խորհրդանիշների դերակատարութիւնը ձեռք բերեց առանձնայատուկ ընդգծում: Ի տարբերութիւն ներքին քաղաքական տարաձայնութիւնների, գաղափարական հակասութիւնների կամ իշխանութիւնների նկատմամբ տարբեր վերաբերմունքների, ազգային դրօշը վերածուեց համախմբման առանցքային խորհրդանիշի: Հասարակութեան տարբեր շերտեր, ունենալով տարբեր պատկերացումներ երկրի ներքին կեանքի վերաբերեալ, հրապարակներում հանդէս էին գալիս որպէս մէկ միասնական հաւաքականութիւն` միաւորուած ազգային պատկանելութեան գիտակցութեամբ: Այդ իրավիճակում դրօշը դուրս եկաւ քաղաքական իշխանութեան կամ վարչական համակարգի սահմանափակ ընկալումից եւ ձեռք բերեց առաւել լայն բովանդակութիւն` դառնալով հայրենիքի, արժանապատուութեան եւ ազգային պատկանելութեան խորհրդանիշ: Այդ կերպ այն վերածուեց հասարակական համախմբման այն առանցքի, որի շուրջ հնարաւոր դարձաւ ձեւաւորել միասնական հանրային կամք` անկախ ներքին տարաձայնութիւններից:
Այս օրինակը եւս մէկ անգամ ընդգծում է, որ ազգային խորհրդանիշների կենսունակութիւնը չի պայմանաւորւում վարչական որոշումներով կամ պետական հրահանգներով: Դրանց ազդեցութիւնը բխում է այն հանգամանքից, որ դրանք արտայայտում են ժողովրդի պատմական ինքնութիւնը եւ հաւաքական յիշողութեան խորքային շերտերը: Երբ հասարակութիւնը կանգնած է գոյաբանական մարտահրաւէրների առջեւ, ազգային խորհրդանիշները դադարում են լինել պարզապէս ներկայացուցչական նշաններ եւ վերածւում են այն արժէքային առանցքներին, որոնց շուրջ ձեւաւորւում են հաւաքական կամքը, ինքնապաշտպանական ներուժը եւ հասարակութեան` ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու կարողութիւնը:
Հայ ժողովրդի պարագայում ազգային խորհրդանիշների նշանակութիւնը ձեռք է բերում առանձնայատուկ խորքային բնոյթ: Հայ ժողովրդի պատմական փորձառութիւնը տարբերւում է մի շարք այլ ժողովուրդների պատմական փորձառութիւններից նրանով, որ մենք դարեր շարունակ ստիպուած ենք եղել գոյատեւել պետականութեան չգոյութեան պայմաններում: Հայոց պետականութիւնը պատմական տարբեր շրջափուլերում բազմիցս կորցրել է իր շարունակականութիւնը` ենթարկուելով կործանման եւ պետական համակարգային վերացման: Սակայն հայ ժողովուրդը պահպանել է իր գոյութիւնը` որպէս պատմականօրէն շարունակական ամբողջութիւն: Այդ գոյութեան հիմքում գտնուել են ոչ թէ պետական համակարգերը, այլ` պատմական յիշողութիւնը, մշակոյթը, Եկեղեցին, լեզուն եւ ազգային խորհրդանշական համակարգը, որոնք միասին ապահովել են ազգային ինքնութեան պահպանութիւնն ու վերարտադրութիւնը:
Հայ ազգային ինքնութեան շարունակականութիւնը ձեւաւորուել է այն գիտակցութեամբ, որ ժողովուրդը կրում է հազարամեակների քաղաքակրթական ժառանգութիւն, որի պահպանումն ու փոխանցումը սերունդների միջեւ հանդիսանում է հաւաքական պատասխանատուութիւն: Այս պատասխանատուութիւնը պայմանաւորել է պատմական յիշողութեան ամրագրումը եւ մշակութային բիւրեղացումը` ձեւաւորելով արժէքային համակարգ, որը գործում է անկախ պետականութեան առկայութիւնից կամ բացակայութիւնից: Այդ համակարգի միջոցով ազգային ինքնութիւնը վերարտադրւում է ոչ միայն պատմական փորձառութեան յիշողութեամբ, այլեւ` խորհրդանիշների եւ իմաստային կենտրոնների շուրջ կազմակերպուած մշակութային շարունակականութեամբ:
Հետեւաբար հայկական ինքնութեան առանցքային խորհրդանիշները երբեք չեն սահմանափակուել լոկ պետական խորհրդանիշներով` ձեւաւորելով աւելի լայն քաղաքակրթական դաշտ, որում ազգային ինքնագիտակցութիւնը կառուցուել է բազմաշերտ արժէքային համակարգի վրայ: Այդ համակարգի առանցքային հանգոյցները հանդիսանում են Արարատը` որպէս պատմական յիշողութեան եւ քաղաքակրթական շարունակականութեան խորհրդանիշ, Հայ առաքելական սուրբ եկեղեցին` որպէս հոգեւոր ինքնութեան ձեւաւորող եւ կրող համակարգ, Վարդանանց յիշատակը` որպէս հաւատքի եւ դիմադրութեան պատմական իմաստաբանական հանգոյց, Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը` որպէս գոյաբանական փորձառութեան կենտրոնական շերտ, Սարդարապատը` որպէս գոյաբանական կռուի վճռական հանգոյց, մայիսի 28-ը` որպէս անկախ պետականութեան վերականգնման կամքի արտայայտութիւն, միացեալ Հայաստանը` որպէս ապագայի քաղաքական տեսլական, եւ Արցախը` որպէս ժամանակակից ազգային ինքնութեան եւ պատմական իրաւունքի իրացման հանգուցային հանգրուան:
Այս խորհրդանիշները արժէքաւոր են ոչ միայն իրենց պատմական-խորհրդանշական նշանակութեամբ, այլեւ այն պատճառով, որ դրանք կրում են ազգային գոյութեան հիմնարար հարցերի պատասխանները: Դրանց միջոցով է, որ հաւաքական գիտակցութիւնը վերաիմաստաւորում է իր անցեալը, ընկալում յաղթահարած փորձութիւնները եւ ձեւակերպում պատասխանատուութեան իր ընկալումը ապագայի նկատմամբ: Ազգի գոյութիւնը հնարաւոր է այնքան ժամանակ, որքան պահպանւում է պատմական յիշողութեան եւ ինքնութեան միջեւ կենդանի կապը: Այդ կապի խզումը յանգեցնում է ազգային գիտակցութեան աստիճանական թուլացման եւ հաւաքական ինքնութեան քայքայման:
Պատմական փորձը վկայում է, որ որեւէ ազգ չի կարող երկարաժամկէտ գոյատեւել` խզելով սեփական պատմական յիշողութեան հետ կապը: Ազգային կենսունակութիւնը պայմանաւորուած է ոչ միայն ներկայի նիւթական կամ քաղաքական պաշարներով, այլեւ` անցեալի հետ շարունակական եւ կենդանի յարաբերութեամբ: Յիշողութիւնը, այս իմաստով, կրում է քաղաքական բնոյթ, քանի որ այն ձեւաւորում է հաւաքական վարքագծի եւ ինքնընկալման մոտելը: Ժողովուրդները գործում են ոչ միայն ըստ իրենց ներկայ պայմանների, այլ նաեւ` ըստ այն պատկերացումների, որոնք ունեն սեփական պատմական ինքնութեան մասին: Հետեւաբար յիշողութեան շուրջ ընթացող պայքարը իր էութեամբ պայքար է ապագայի ձեւաւորման ուղղութեան համար:
Դրօշները եւ խորհրդանիշները քաղաքական համակարգերում ունեն առանձնայատուկ դերակատարութիւն, քանի որ դրանք արտայայտում են ոչ միայն պատմական յիշողութիւնը, այլեւ` հաւաքական կամքը: Դրանք նիւթականացնում են ժողովրդի ինքնութիւնը` այն վերածելով գործողութեան եւ քաղաքական ներկայութեան ձեւի: Այդ պատճառով պատմութեան ընթացքում տարբեր իշխանական համակարգեր մշտապէս ձգտել են վերահսկել խորհրդանշական դաշտը` գիտակցելով դրա ազդեցութիւնը հանրային գիտակցութեան ձեւաւորման վրայ: Խորհրդանիշների վերահսկումը, ըստ էութեան, նշանակում է ազդեցութիւն ունենալ այն շրջանակների վրայ, որոնց միջոցով հասարակութիւնը մեկնաբանում է իր յիշողութիւնը եւ ձեւակերպում իր ինքնութիւնը:
Այս գործընթացի էութիւնը չի սահմանափակւում քաղաքական մարտավարութեան կամ արտաքին քաղաքականութեան փոփոխութիւններով: Այն աւելի խորքային մակարդակում վերաբերում է ազգային ինքնութեան խեղմանը: Գործ ունենք այնպիսի միտման հետ, որի շրջանակում փորձ է արւում վերաձեւակերպել այն պատմական ընկալումը, որի միջոցով հայ ժողովուրդը կառուցում է իր ինքնութեան գիտակցութիւնը: Աւանդական ազգային ընկալման մէջ հայութիւնը դիտարկւում է որպէս պատմական շարունակականութիւն ունեցող ժողովուրդ, մինչդեռ նոր մօտեցումների շրջանակում նկատւում է միտում` առաջնային դարձնելու ներկայի ինքնութեան կառուցումը` հնարաւորինս նուազեցնելով պատմական յիշողութեան դերակատարութիւնը որպէս ինքնութիւն ձեւաւորող հիմք:
Այս խորապատկերում տեղի ունեցող գործընթացները պէտք է դիտարկել աւելի լայն եւ համակարգային շրջանակում: Վերջին տարիներին Հայաստանի հանրային եւ քաղաքական դաշտում նկատւում է ազգային ինքնութեան բաղադրիչների շուրջ շարունակական իմաստախեղման եւ արժէզրկման գործընթաց, որը վերաբերում է ինչպէս պատմական յիշողութեան առանցքային շերտերին, այնպէս էլ ազգային ինքնութեան խորհրդանշական համակարգին: Այդ գործընթացում տարբեր մակարդակներում քննարկման եւ վերանայման առարկայ են դառնում` Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերակատարութիւնը, Հայոց ցեղասպանութեան յիշողութեան քաղաքական իմաստաւորումը, Արարատի խորհրդանշական նշանակութիւնը, ազգային պահանջատիրութեան գաղափարական հիմքերը եւ Արցախի հարցը: Այս դրսեւորումները, անկախ իրենց ձեւերից, միասնական բնութագիր ունեն` դրանք առնչւում են ազգային ինքնութեան կառուցուածքային հիմքերին:
Այս դիտակէտից է, որ անհրաժեշտ է դիտարկել Արցախի դրօշի քաղաքական եւ գաղափարական նշանակութիւնը: Այն չի սահմանափակւում վարչատարածքային միաւորի ներկայացուցչական խորհրդանիշի դերով, այլ կրում է աւելի լայն պատմաքաղաքական բովանդակութիւն: Արցախի դրօշը արտայայտում է ազգային ազատագրական պայքարի ամբողջ մի փուլ` ձեւաւորուած ինքնորոշման իրաւունքի իրացման շուրջ ծաւալուած պատմական գործընթացներով: Այն միաժամանակ խորհրդանշում է` ազգային արժանապատուութեան պաշտպանութեան գաղափարը, համահայկական համախմբման փորձը եւ այդ պայքարի ընթացքում ձեւաւորուած զոհողութեան ու նահատակութեան պատմական շերտը:
Արցախի դրօշը խորհրդանշական մակարդակում կապուած է 1988 թուականի համազգային զարթօնքի հետ` այն պատմական շրջանի, երբ հայ ժողովուրդը կրկին հանդէս եկաւ որպէս սեփական ճակատագրի տնօրինող իրաւատէր: Այդ ժամանակ ձեւաւորուած պատմական իրողութիւնը վկայում է, որ ազգային նպատակադրումը կարող է վերածուել համազգային համախմբման առանցքի, իսկ հաւաքական կամքը` անհաւանական թուացող քաղաքական եւ պատմական խոչընդոտները յաղթահարելու միջոցի: Այս իմաստով դրօշը ոչ միայն յիշողութեան կրող է, այլեւ` այդ փորձառութեան գաղափարական խտացումը:
Այս բոլոր շերտերի միացման կէտում է յայտնւում Արցախի դրօշի շուրջ ընթացող գործընթացների ընկալումը, որը չի կարող սահմանափակուել մեկուսացուած միջադէպի տրամաբանութեամբ: Այն առնչւում է ազգային յիշողութեան եւ ինքնութեան շուրջ ձեւաւորուող աւելի լայն պայքարի դաշտին, որտեղ հարցը ոչ միայն խորհրդանիշի ներկայութիւնն է, այլ` այն արժէքային համակարգը, որը փոխանցւում է յաջորդ սերունդներին: Եթէ այդ համակարգը աստիճանաբար թուլանում է, ապա դրան համընթաց թուլանում է նաեւ ազգային դիմադրողականութիւնը եւ հաւաքական պատասխանատուութեան գիտակցութիւնը: Վերջնական հարցադրումը, հետեւաբար, վերաբերում է ոչ միայն ներկային, այլեւ ապագայի ուղղութեանը` արդեօք հայ ժողովուրդը շարունակելո՞ւ է իրեն ընկալել որպէս պատմական շարունակականութիւն ունեցող ազգային ամբողջութիւն, թէ՞ աստիճանաբար կը զրկուի այդ ինքնընկալման հիմքերից:
Պատմական փորձը բազմիցս ցոյց է տուել, որ ժողովուրդների ճակատագրական կորուստները սովորաբար չեն սկսւում տարածքների կամ քաղաքական իշխանութեան կորստից, այլ` սեփական պատմութեան եւ ինքնութեան ընկալման աստիճանական խզումից: Յիշողութեան շարունակականութիւնը այս իմաստով դառնում է այն առանցքային պայմանը, որը հնարաւորութիւն է տալիս նոյնիսկ կորուստների պայմաններում պահպանել վերականգնման հեռանկարը, մինչդեռ դրա խզումը վտանգում է հէնց այդ հնարաւորութեան գոյութիւնը:
Այս խորապատկերում Արցախի դրօշի շուրջ ընթացող գործընթացները դուրս են գալիս մէկ խորհրդանիշի շրջանակից եւ վերածւում են յիշողութեան ու մոռացութեան, ինքնութեան պահպանման եւ ինքնամերժման միջեւ ձեւաւորուող աւելի խորքային պայքարի արտայայտութեան: Նման պայքարներում արդիւնքը չի որոշւում միայն քաղաքական ուժերի յարաբերակցութեամբ, այլ նաեւ հասարակութեան` սեփական պատմութեան նկատմամբ ունեցած հաւատարմութեամբ եւ այն արժէքային համակարգով, որը պահպանւում է խորհրդանիշների միջոցով: Ի վերջոյ, ժողովուրդները գոյատեւում են այնքան ժամանակ, քանի դեռ պահպանում են իրենց յիշողութեան շարունակականութիւնը, իսկ յիշողութիւնը` այնքան ժամանակ, քանի դեռ կենդանի են այն խորհրդանիշները, որոնց միջոցով այն դառնում է տեսանելի, փոխանցելի եւ պատմականօրէն շարունակական:



