ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ
Լիբանանի «Ազդակ» օրաթերթն այսօր Միջին Արեւելքում լոյս տեսնող հայալեզու եզակի տպագիր օրաթերթերից է (այդպիսիք կան նաեւ Պոլսում ու Թեհրանում): Այն հրատարակւում է 1927-ից, իսկ 1965-ից համարւում է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի պաշտօնաթերթը: Թերթի խմբագրութիւնը գտնւում է մայրաքաղաք Պէյրութի հարեւան Պուրճ Համուտ հայաշատ քաղաքում:
«Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, որը թերթի ղեկավարն է 2002-ից, «Հետք»-ի հետ զրոյցում պատմում է, որ ընդհանրապէս հայկական սփիւռքում տպագիր օրաթերթեր քիչ են մնացել, սակայն նրանց առցանց տարբերակները աշխուժ են: Օրինակ` Լիբանանում, «Ազդակ»-ից բացի, միւսները դարձել են եռօրեայ կամ շաբաթաթերթ: Մասնաւորապէս` 1937-ից լոյս տեսնող «Արարատ»-ը, որը Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութեան պաշտօնաթերթն է, օրաթերթից վերածուել է եռօրեայ թերթի, իսկ Ռամկավար ազատական կուսակցութեան «Զարթօնք» պաշտօնաթերթը (հրատարակւում է 1937-ից) օրաթերթից դարձել է շաբաթաթերթ:
1953-1975 թթ. Լիբանանում հրատարակւում էր նաեւ «Այգ» օրաթերթը: Հալէպում էլ շարունակում է լոյս տեսնել «Գանձասար» շաբաթաթերթը, որը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Բերիոյ (Հալէպի) թեմի պաշտօնաթերթն է: Գահիրէում գործող «Յուսաբեր»-ն էլ, որը ՀՅԴ պաշտօնաթերթն է Եգիպտոսում, ըստ Գանտահարեանի, հիմա միայն առցանց է աշխատում: Մինչ օրս սփիւռքահայ օրաթերթեր կան Պոլսում` «Ժամանակ»-ն ու «Մարմարա»-ն, ինչպէս նաեւ` «Ակօս» շաբաթաթերթը, Թեհրանում էլ լոյս է տեսնում «Ալիք» օրաթերթը:
Ըստ «Հետք»-ի զրուցակցի, եթէ քորոնայի համավարակից առաջ «Ազդակ»-ն ունէր 10 էջ, ապա համավարակի ստեղծած տնտեսական դժուարութիւնների, ինչպէս նաեւ խմբագրակազմի տեղաշարժի սահմանափակումների պատճառով էջերի քանակը հասել էր 4-ի: Համավարակից յետոյ, ելնելով Լիբանանի տնտեսական ճգնաժամից, քաղաքական անորոշութիւնից ու անվտանգային խնդիրներից, «Ազդակ»-ը շարունակել է լոյս տեսնել 8 էջով: Թերթը հրատարակւում է 6 օր` երկուշաբթիից մինչեւ շաբաթ, սակայն կիրակի օրերին այստեղ նոյնպէս աշխատում են` երկուշաբթի օրուայ համարը թողարկելու նպատակով:
Գանտահարեանն ասում է, որ «Ազդակ»-ի հիմնական խնդիրներն են Լիբանանում շարունակուող տնտեսական ճգնաժամն ու քաղաքական անորոշ վիճակը, որոնց հեռանկարը պարզ չէ, իսկ լուծումը կախուած է քաղաքական բարդ գործընթացներից: Միւս խնդիրը լրագրողական մարդուժի պակասն է, այսինքն անհրաժեշտ են մարդիկ, որոնք ոչ միայն մասնագիտական որակներ ունեն, այլեւ գերազանց տիրապետում են արեւմտահայերէնին:
Մարդուժի խնդիրը լուծելու համար «Ազդակ»-ում որոշել են ներգրաւել երիտասարդներին: Արդէն 5 տարի այստեղ իրականացնում են ապագայ լրագրողների պատրաստման կրթական ծրագիր: Իւրաքանչիւր շրջափուլի տեւողութիւնը 8 ամիս է, մասնակցում է 18-21 տարեկան շուրջ 15 երիտասարդ:
Դասաւանդողները հիմնականում «Ազդակ»-ի աշխատակիցներն են, ունեն նաեւ դրսից հրաւիրուած մասնագէտներ: Շ. Գանտահարեանի փոխանցմամբ, պարտադիր չէ, որ ծրագրին մասնակցողները մինչ այդ լրագրողի կրթութիւն ստացած լինեն: Երիտասարդները «Ազդակ»-ում տպում են տարբեր ժանրերի նիւթեր, ներգրաւուում են թերթի այլ բնոյթի աշխատանքներում, «Ազդակ»-ում պատրաստում են ՀՅԴ ուսանողական միութեան եւ երիտասարդական միութեան էջերը, բացի դրանից` աշխատանքի են անցնում «Վանայ ձայն» ռատիոկայանում, որը գործում է «Ազդակ»-ի հետ նոյն շէնքում (ռատիոկայանը եւս ՀՅԴ-ինն է):
Թերթում երիտասարդների ներգրաւումը նաեւ նպատակ ունի այն աւելի հասանելի դարձնել երիտասարդ սպառողներին, քանի որ Լիբանանում եւս, ինչպէս Հայաստանում, տպագիր թերթ կարդում են հիմնականում միջինից բարձր տարիքի մարդիկ: «Մեր յատուկ քաղաքականութիւնն է` երիտասարդներին ներգրաւել, երիտասարդական էջեր անել, երբեմն` սիւնակներ: Ամէն ամիս երիտասարդներն են պատրաստում ՀՅԴ ուսանողական միութեան եւ երիտասարդական միութեան էջերը մեր թերթում», ասում է գլխաւոր խմբագիրն ու նկատում, որ երիտասարդների պատրաստած բովանդակութիւնն օգնում է «Ազդակ»-ը տարածել նրանց շրջապատում:
Ներկայում թերթում աշխատում է 24 հոգի, սակայն նախկինում նրանք աւելի շատ էին: Այս թիւը ներառում է խմբագրական, վարչական կազմերը, ցրիչներին: Նախկինում ունէին նաեւ տպագրական կազմ, քանի որ թերթը տպւում էր սեփական տպարանում, բայց յետոյ որոշել են տպագրութիւնն արտապատուիրակել, քանի որ այդպէս աւելի ձեռնտու է: «Հետք»-ի զրուցակիցն ասում է, որ ներկայում բազմաթիւ լիբանանեան արաբալեզու թերթեր փակուել են եւ գործունէութիւնը շարունակում են միայն կայքերով:
«Ազդակ»-ի գլխաւոր խմբագիրը նշում է, որ ոչ միայն Հայաստանում ու Լիբանանում, այլեւ ամբողջ աշխարհում կայ տպագիր մամուլի ճգնաժամ: «Բայց մենք որոշել ենք տպագիր տարբերակը շարունակել, մանաւանդ որ թերթի ընթերցողների մեծ մասը չի համեմատուի կայքի ընթերցողների հետ: Սա թոյլ է տալիս, որ «Ազդակ»-ը ոչ միայն լիբանանահայութեան, այլեւ համասփիւռքեան թերթ լինի», ասում է Շահան Գանտահարեանն ու յաւելում, որ վերջին տարիներին կտրուկ աճել է իրենց կայքի հայաստանցի ընթերցողների թիւը, ինչը պայմանաւորուած է վերջին ճգնաժամերից յետոյ բազմաթիւ սիրիահայերի ու լիբանանահայերի` Հայաստանում հաստատուելով: «Հետք»-ի զրուցակիցը նկատում է, որ «Ազդակ»-ին հետեւում են նաեւ ՀՀ պետական գերատեսչութիւնները (ժամանակին, օրինակ, աշխուժ արձագանգներ էին ստանում սփիւռքի նախարարութիւնից), ինչը բնական է եւ օրինաչափ: Ընդ որում` տպագիր թերթի ու կայքի բովանդակութիւնը շատ չի տարբերւում:
Նախկինում «Ազդակ»-ը մեծ քանակով հասնում էր նաեւ հարեւան Սիրիա, սակայն այս երկրում քաղաքացիական պատերազմից յետոյ կապերը խզուել են, ու հիմա սիրիահայութիւնն «Ազդակ»-ին հետեւում է առցանց: Տպագիր օրաթերթը սպառւում է Լիբանանի տարածքում, շատ քիչ բաժանորդներ ունեն Պոլսում:
«Տպագիր մամուլը խամրում, նօսրանում է, բայց սխալ է տպաւորութիւնը, թէ այն հասանելիութիւն չունի, քանի որ տպագիր մամուլի բովանդակութիւնն է, որ գնում է ելեկտրոնային հարթակ ու տարածւում,- ասում է Շահան Գանտահարեանը,- այսինքն տպաքանակները նուազում են, բայց հասանելիութիւնը մեծանում է»: «Ազդակ»-ի օրինակով գլխաւոր խմբագիրն ասում է, որ ընկերային ցանցերում լուրջ քննարկումներ ծաւալւում են այն նիւթերի շուրջ, որոնք տպագիր թերթից են յայտնուել առցանց տիրոյթում: «Հետք»-ի զրուցակիցը կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ տպագիր տարբերակի բովանդակութիւնն ստեղծելիս պատասխանատուութիւնն աւելի մեծ է, քանի որ այն, ինչ առցանց է, կարելի է յետոյ սրբագրել, հանել, բայց ինչ տպւում է, մնում է եւ այդպէս էլ արխիւաւորւում է:
«Ազդակ»-ը 2 տարում թուայնացրել է իր ամբողջ արխիւը: Յետոյ անցել է հայ մամուլի այլ օրինակների արխիւների թուայնացմանը: «Այդպէս փրկեցինք Իրաքի «Գոյամարտ» թերթը: Պատերազմի օրերին բերեցինք այստեղ եւ թուայնացրինք: Այդպիսի շատ օրինակներ կան: Ամբողջ թուայնացուած տարբերակը նուիրեցինք տարբեր հայագիտական կենտրոնների, նաեւ` Հայաստանի Ազգային գրադարանին, որի տնօրինութեան հետ համագործակցութեան յուշագիր ստորագրեցինք: Հիմա այնտեղ պատրաստւում է «Ազդակ»-ի ամբողջ արխիւի մատենագիտութիւնը: Կարծում եմ` շատ կարեւոր գործ է, սա սփիւռքի պատմութիւնն ուսումնասիրողի համար անփոխարինելի աղբիւր, հսկայական նիւթ է», «Հետք»-ին պատմում է Շ. Գանտահարեանը:
Թէ՛ «Ազդակ»-ի համարների ուսումնասիրութիւնը, թէ՛ այստեղ աշխատողների հետ զրոյցները ցոյց են տալիս, որ նախկինի համեմատ թերթի էջերում նուազել են մարդկային պատմութիւնները, եւ յատկապէս շատ են քաղաքական լուրերն ու անդրադարձները: Շահան Գանտահարեանը համաձայն է այս դիտարկմանը, ասում է, որ ներկայ ժամանակներն են յանգեցրել բովանդակութեան փոփոխութեան. «Դա կապուած է թէ՛ Հայաստանում իրադարձութիւնների թէժացման, թէ՛ այստեղի ճգնաժամերի հետ: Չէի ասի, թէ սա ծրագրուած է եղել, բայց բնական ձեւով առաջ են եկել քաղաքական թեմաները: Մենք հիմա ձգտում ենք լիբանանահայ համայնքի կեանքն արտացոլել թերթում, բայց Լիբանանն անցաւ տարբեր քաղաքական հանգրուաններ, եւ այդ ամէնը քաղաքական ոսպնեակով պէտք է լուսաբանել»:
Ըստ նրա, հասարակութեան պահանջարկը հասկանալու համար թերթի կայքում հարցում են կազմակերպել, ինչը վստահել են երիտասարդներին. «Յետոյ փորձեցինք հարցախոյզի արդիւնքները նկատի ունենալ եւ որոշ առումով կարողացանք կիրառել, բայց հիմնականում այդ քաղաքական ալիքը, որ եկաւ, մեզ տարաւ այդ ուղղութեամբ»:
Գանտահարեանն ասում է, որ նոյնիսկ եթէ կարողանան յաղթահարել լրագրողական մարդուժի խնդիրը, այսինքն` գտնել մարդկանց, որոնք թէ՛ շատ լաւ տիրապետում են արեւմտահայերէնին, թէ՛ համապատասխան որակներ ունեն ու կարող են որոշակի թեմաներ լուսաբանել, ընդհանուր խնդիրը չի լուծուի, քանի որ կայ այլ կարեւոր հարց` ընթերցող մարդուժը: «Ազդակ»-ի ղեկավարը համոզուած է, որ ընթերցողների բանակի պատրաստութեան խնդիրը միայն թերթինը չէ, դա ամբողջ համայնքի պատասխանատուութիւնն է: Այլ կերպ ասած, որպէսզի սփիւռքում լոյս տեսնող տպագիր թերթն ունենայ ընթերցողների կայուն շրջանակ, համայնքը պէտք է ունենայ համապատասխան որակի կրթական, մշակութային, ընկերային մակարդակ: «Պէտք է կարողանանք իբրեւ հաւաքականութիւն այնպիսի հասարակութիւն ունենալ, որը գիտակցում է մամուլի առաքելութիւնը, կարեւոր է մամուլի առաքելութիւնը ճիշդ ընկալելը եւ պարզապէս կարդալով, բաժանորդ դառնալով քաջալերելը», ընդգծում է գլխաւոր խմբագիրը:
Ընդ որում` «Ազդակ»-ի հիմնական ընթերցողները բաժանորդներն են, որոնց համար էլ աշխատում են թերթի ցրիչները, որոնք, ըստ Շ. Գանտահարեանի, իրենց մոթոսիկլեթներով գործի են անցնում վաղ առաւօտից` ժամը 4-ից: Բնականաբար թերթը կարելի է գտնել նաեւ գրախանութներում:
Մեր զրուցակիցը հաստատում է, որ «Ազդակ»-ի հիմնական ֆինանսաւորողը ՀՅԴ-ն է, բայց թերթի պիւտճէն ձեւաւորւում է մի քանի ուղղութեամբ` վաճառք/բաժանորդագրութիւն, գովազդ, նուիրատուութիւններ, կուսակցութեան աջակցութիւն: Գանտահարեանն ընդգծում է, որ թերթի տպաքանակի նուազման վրայ ազդեցութիւն են ունեցել նաեւ ընկերային ցանցերը, ինչը ընդհանուր երեւոյթ է, բայց հարցը միայն թերթի վաճառքը չէ, քանի որ վաճառքի հաշուին չես կարող թերթի պիւտճէն հաւասարակշռել, հետեւաբար կարեւոր են նաեւ գովազդն ու նուիրատուութիւնները: Այս առումով էական դեր է խաղում նուիրատուութեան մշակոյթը սփիւռքում, ինչի շնորհիւ «Ազդակ»-ն ունի նուիրատուների մեծ ցանց:
«Իւրաքանչիւր նուիրատուութիւն յայտարարում ենք: Եթէ յաւելուած, բացառիկ համար ենք տպագրում, հովանաւոր ենք գտնում, մեր խմբագրասենեակները, ժողովասենեակները կոչում ենք նուիրատուներից մէկի անունով,- պատմում է «Ազդակ»-ի ղեկավարը,- մամուլի դերի նկատմամբ այստեղ կայ քաջալերանք, գնահատանք, դրա համար էլ նուիրատուութիւններ են անում: Ունենք նուիրատուութեամբ կառուցուած դահլիճ, որտեղ տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, սեմինարներ, գրքերի շնորհահանդէսներ ենք անում: Այդ գրքերի հրատարակութիւնն իր հերթին նպաստում է արեւմտահայերէնի պահպանմանն ու զարգացմանը, ընտանիքներին հասանելի դառնալուն»:
Շահան Գանտահարեանը հաստատում է, որ Լիբանանի հայ համայնքը նախկինի համեմատ նուազել է, բայց այսօր ամենալուրջ խնդիրը անհեռանկար վիճակն է, որի հետեւանքները կրողը ոչ միայն լիբանանահայութիւնն է, այլեւ` ամբողջ Լիբանանի հանրութիւնը:
«Եթէ վիճակը կայունանայ, եւ Միջին Արեւելքում խաղաղութիւն հաստատուի, կարծում եմ` հայ համայնքն առնուազն կը սկսի իր զարգացման փուլին անցնելու որոշ նախապատրաստութիւն», եզրափակում է «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիրը:
«ՀԵՏՔ»
ՊՈՒՐՃ ՀԱՄՈՒՏ – ԵՐԵՒԱՆ






