
ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Իր եզակի եւ հարուստ կենսագրութիւնը` Էջմիածնի հոգեւոր Ճեմարանից մինչեւ Լայփցիկի եւ Ցիւրիխի համալսարաններում ուսանելը, հայրենի մամուլում եւ հայրենիքից դուրս` Մոսկուայում, Փեթերսպուրկում, Ժընեւում, Փարիզում, Վենետիկում իր բանաստեղծութիւնների հրատարակումը, իր հայրենասիրական յօդուածներն ու գրութիւնները նոր լիցքաւորում էին տալիս հայրենի ազատութեան համար պայքարողներին: Հրաւէրներ էր ստանում ամէն կողմից, հիւրընկալումները անպակաս էին: Եւ ահա Թիֆլիսում այդ օրերին հիւրընկալւում է Շուշիից դեռ նոր Թիֆլիս հաստատուած Քոչարեանց ընտանիքում: Ընտանիքի հօր` Մանասի վաղաժամ մահը ստիպել էր Մանասի այրիացած կնոջը` Ժենիային, իր մեծաթիւ ընտանիքով` 8 երեխայ` 5 տղայ, 3 աղջիկ, Շուշիից փոխադրուել Թիֆլիս` յանուն նրանց ապագայի նոր կեանք սկսել այնտեղ:
Այդ օր առաջին իսկ ծանօթութիւնից աղջիկներից մեծի` Սոֆիայի եւ 33-ամեայ Աւետիքի միջեւ ներքին մի կապ է ստեղծւում, որն ամբողջովին փոխում է երկու երիտասարդների ճակատագիրը:
Քաղաքական այդ խառը ժամանակներում, երբ արդէն ճանաչում ձեռք բերած բանաստեղծը նաեւ կուսակցական գործիչ է, անկարող էր խոյս տալ ցարական ոստիկանութեան հետապնդումներից: Արտասահմանից վերադարձին արդէն մի քանի անգամ հարցաքննուել էր ոստիկանութեան կողմից իր արտասահմանում գտնուելու համար, եւ Իսահակեանը, քանի որ մանկուց կակազութիւն ունէր, միշտ պատճառաբանել է, որ իբր կակազութեան համար բժշկուելու է գնացել:
Սակայն ձերբակալութիւնը Թիֆլիսում վերջնական էր եւ հայ առաջադէմ 100-ից աւել մտաւորականների հետ, որոնց մէջ էր նաեւ Թումանեանը, 2-րդ անգամ Իսահակեանը նետւում է Մետեխի բանտ: Կրկին մեծ գումարով (5000 ցարական ռուբլի) մինչեւ դատավարութիւն ազատ է արձակւում:
Այդ ժամանակաւոր «ազատութեան» մէջ անընդմէջ ստեղծագործում է, գրում է իր գլուխ գործոց «Ուստայ Կարօ» վէպը, «Սասմայ մանուկը» պոէմը, արեւմտահայութեան կոտորածի մասին եւ իր հռչակաւոր «Աբու Լալա Մահարի» պոէմը եւ միաժամանակ մտածում իր անձնական կեանքը դասաւորելու մասին: Սոֆիայի ընտրութիւնը արդէն վերջնական էր իր համար:
1910թ. յունիսի 27-ին իր պաշտելի մօր օրհնութիւնը ստանալով` Գիւմրիի Եօթ Վէրք եկեղեցում, ուր կնքուել էր ինքը, հարսանքաւորների տարբեր տեղերից եկած հիւրերով` Յ. Թումանեան, Ն. Աղբալեան եւ շա՜տ շատեր, ֆայտոններով մեկնում են մանկութեան իր երազանք Անիի տաճար` այնտեղ պսակադրուելու:
Հոյակերտ այդ տաճարի կամարների տակ օրհնուած, միմեանց տուած խոստումը նոյն սրբութեամբ նրանք պահելու էին 47 տարի` յաղթահարելով անասելի դժուարութիւններ, դիմակայելով աշխարհաքաղաքական տարբեր փոթորիկների, աշխարհագրական տարբեր վայրերում, այն աւարտելով պաշտելի հայրենի հողում:
Նոյն տարուայ վերջին մօտենում էր «Դաշնակցութեան գործ» անուամբ հայ մտաւորականների դատավարութիւնը:
Ըստ իսահակեանագէտ, փրոֆեսէօր, Իսահակեանի թոռ Աւիկ Իսահակեանի, տիկ. Սոֆիան նախքան դատավարութիւնը հանդիպում է ամուսնու փաստաբան Ալեքսանդր Կերենսկու հետ, որը հետագայում դառնալու էր ժամանակաւոր կառավարութեան նախագահ, բացատրում իր ամուսնու դէմ մեղադրանքի շինծու լինելը, խնդրում նրան ամէն գնով ազատել նոր ընտանիք կազմած, նորածին երեխայով իր ամուսնուն: Կերենսկին յայտնում է, որ Իսահակեանի դէմ մեղադրանքը շատ ծանր է, մեղադրւում է Թուրքիոյ մէջ գործող ազատագրական ջոկատներին զէնք ու դրամ հասցնելու, կայսրութեան տարածքում պառակտիչ գործունէութիւն ծաւալելու մէջ, անհնար է ազատել մահուան դատապարտումից կամ Սիպիր աքսորուելուց: Միայն խորհուրդ է տալիս, որ Իսահակեանը որեւէ ձեւով հեռանայ երկրից:
Իսահակեանը` այլ ելք չունենալով, թողնելով իր նորաստեղծ ընտանիքը, իր նորածին որդուն` Վիգէնին, անյայտ ժամանակով, անյայտ ճակատագրով հեռանում է իր պաշտելի երկրից:
1911-ին գաղտնի ճանապարհով կտրում-անցնում է ռուս-թուրքական սահմանը, մտնում Կարին, յետոյ` Էրզրում, Պոլիս, այդ տեղերում բաւական կուսակցական գործունէութիւն ծաւալում եւ գրում է` «Սազը չի թողնում, որ կտրիճ դառնամ, թուրը չի թողնում, որ գուսան դառնամ», ճակատագրական այս կեղեքումներով, խուսափելով թուրքական հետախուզութիւնից, մեկնում է Վիեննա, ապա` Զուիցերիա, Ցիւրիխ:
Մէկ տարի յետոյ վերջապէս յաջողւում է կնոջը` Սոֆիային եւ երկու տարեկան որդուն` Վիգէնին, միանալ իրեն Ցիւրիխում:
Աւիկ Իսահակեանը մեծ մօրը նուիրած` «Սոֆիա, Աւետիքի բարի հրեշտակը» հրաշալի յուշագրքում նկարագրում է մեծ մօր խիզախութիւնն ու նուիրուածութիւնը իր ամուսնուն: Ցիւրիխի կառամատոյցում, երբ Իսահակեանը դիմաւորում է իր ընտանիքին, տեսնում է, որ կինը բաւական շատ գլխարկների տուփեր է բերել, զարմանքով հարցնում է, թէ ո՞ւր պիտի հագնի այդ գլխարկները: Երբ տուն են հասնում, կինը բացում է գլխարկների տուփերը, ուր գլխարկների փոխարէն` Իսահակեանի «Ուստա Կարօ» վէպի, «Աբու Լալա Մահարի»-ի Թիֆլիսում թողած ձեռագրերն ու բանաստեղծութիւններն են, իր ողջ հարստութիւնը: Սոֆիան կարողացել էր խորամանկօրէն փրկել ամուսնու ստեղծագործութիւնները, որոնք Իսահակեանը երկրից անօրէն դուրս գալով` չէր կարողացել իր հետ տանել: Իրապէս Իսահակեան հսկային արժանի կին է եղել Սոֆիան:
Այսպէս սկսւում է Իսահակեանի վտարանդիութեան 25 երկար տարիները իր ընտանիքի հետ: Գերմանիա, Զուիցերիա, Իտալիա, Ֆրանսա, Վիեննա, Ժընեւ, Կոլոնժ: Իսահակեանի մէկ այլ կապուածութիւնը այս անգամ հայոց լեզուին նոյնքան զարմանալի է: Հինգ լեզուների տիրապետելով հանդերձ, նա ստեղծագործել է միմիայն հայերէնով, որն իր անվերջ նիւթական դժուարութեան պատճառն է եղել նաեւ:
«Օտար, ամայի ճամբէքի վրայ
Իմ քարաւանս մեղմ կը ղօղանջէ:
Կանգնիր, քարաւան, ինձի կը թուայ,
Թէ հայրենիքէս ինձ մարդ կը կանչէ»:
Վտարանդիութեան այդ տարիների մասին շատ պատկերաւոր նկարագրել է Իսահակեանի որդին` Վիգէնը, «Հայրս» գրքում: Իր այդ գրքում է նկարագրում հօր հոգեկան ծանր ապրումները 1915թ. հայկական կոտորածների լուրը ստանալիս: Այդ նոյն տարին հայրը ստանում է նաեւ իր պաշտելի մօր` Ապլայի մահուան լուրը, որ նրան երկար ժամանակով նետում է խորը յուսահատութեան մէջ:
Ինչպէս վերը նշեցի, մայրը Իսահակեանի համար եղել է կեանքի երակը, իսկ հայրենիքը` այդ երակին սնունդ ներարկող կենդանի աւիւնը, եւ նա կորցրել էր երկուսը միաժամանակ: Հանգիստ չունէր` «Դժբախտ է նա, ով մեռնում է օտար հողում» գրել է նա ու կտակել.
«Ես որ մեռնիմ, ինձ կը թաղէք Ալագեազի լանջերում,
Որ Մանթաշից հովերը գան, վրաս հեւան ու երթան»:
1926թ. Իսահակեան ընտանիքը ապրում է Վենետիկում, ուր հիւրընկալում են Չարենցին եւ Մ. Սարեանին, որոնց հետ շփումը կրկին հոգեկան ծանր տատանումների մէջ է նետում գրողին: Հայրենի տան չմարող կարօտը կրկին գլուխ է բարձրացնում: Որքան էլ ատում էր խորհրդային կարգերը, որքան էլ գրում էր` «Այդ շների հետ գլուխ դնելը դժուար է, նոյնիսկ անկարելի, ո՛չ օրէնք կայ, ո՛չ դատ, միայն տեռոր: Մի լաթի կտոր` միլիոնաւորների արիւնով կարմրացրած շինել են ֆեթիշ, տակը մի յիմար անհեթեթ գաղափար մոնկոլական, անգիտական, նախնական, անասնական կոմունիզմ, որին իբրեւ նոր բանալի սերունդներ ու կուլտուրաներ են զոհում»: Այնուամենայնիւ որոշում է միայնակ մեկնել Խորհրդային Հայաստան:
Իր վերջին բաժանումից 15 տարի էր անցել, անշուշտ շատ բան էր փոխուել, երկրում ծանր աղքատութիւն էր տիրում, վրադիր էլ, հազիւ կարօտով ոտք դրած հայրենի ծննդավայր, ահռելի մի երկրաշարժ աւերակի է վերածում այն: Ղազարապատի իրենց ջրաղացը, հայրենի տունը, մանկութեան հետքերը քարուքանդ են լինում:
Սակայն իր սէրը, իր կապը այդ հողի հետ այնքան խորն էին, որ ուշադրութիւն չի դարձնում ո՛չ տիրող աղքատութեանը, ո՛չ էլ երկրում տիրող բռնատիրութեանը: «Բախտաւորութիւն է հայրենիքում ապրելը», գրում է նա իր որդուն:
Թէեւ Իսահակեանին թոյլատրել էին միայն վեց ամսով մտնել Խորհրդային Հայաստան, սակայն միայն չորս տարի յետոյ են թոյլատրում դուրս գալ այդտեղից: Պարզ էր` «Հայդուկի երգեր»-ի հեղինակը, քաղաքական վտարանդին, դաշնակցականը չէր կարող ազատ ելք ունենալ, նոյնիսկ բախտաւորութիւն էր, որ չէին ձերբակալել:
Զարմանալիօրէն այդ օրերին ապրած դժուարութիւնները ամենեւին չեն յուսահատեցրել նրան: Հայրենիքից վերադառնում է վերջնական որոշմամբ, հայրենիքում է իր եւ իր ընտանիքի ապագան: «Յոգնած եմ Եւրոպայի գաղթականի կեանքից», գրել է նա:
Վերադառնում է Փարիզ` իրերը հաւաքելու եւ ընտանեօք տեղափոխուելու որոշումով:
Այդ նոյն տարին, 1930թ., իր մօտիկ ընկերոջ` Վահան Նաւասարդեանին գրած նամակում կարդում ենք. «Չգիտեմ` ի՛նչ անեմ, Հայաստանից մեկնելուց առաջ խօսք առան վերադառնալու համար (որը բացայայտում է իր ուշացման պատճառը): Խօսք տուի: Վերադառնալ ուզում եմ եւ չեմ ուզում: Չեմ ուզում խօսքս դրժել: Սա ծանր կը գայ տեղի ինտելիգենցիային, բայց գնալ եւ ընկնել բռնութեան տակ, գազազուել, իրար ուտել, գալարուել իրար վրայ եւ լռել-այդ էլ չեմ ուզում, բայց մնալ այս զզուելի Փարիզում, սա եւս անհանդուրժելի է»:
Անշուշտ Իսահակեանը միամիտ անձ չէր եւ հայրենիքում ապրելու որոշումը միայն զգացական մակերեսային վճիռ չէր: Նա կեանքի մեծ ու դժուարին փորձառութիւն էր անցել` կրկնակի բանտարկութիւն, ոստիկանական հետապնդում. գիտէր, որ դժուար էր լինելու իրենց կեանքը, եւ յատկապէս վստահ էլ չէր, թէ իշխանութիւնը այս անգամ ի՛նչ վերաբերմունք կ՛ունենար իր հանդէպ, յատկապէս երբ ըստ սպրդուող լուրերի, արդէն սկսուել էին ձերբակալութիւնները: Բայց հայրենի հողի վրայ լինելը ինքնին հոգեկան ու մտային հանգստութիւն էր իր համար եւ 1936թ. ստալինեան ամենադժնի տարիներին Սոֆիկի հետ ճանապարհւում է Խորհրդային Հայաստան: Որդին` Վիգէնը, մեկնել էր մէկ տարի իրենցից առաջ:
Խորհրդային իշխանութիւնը այդ արիւնալի ժամանակներում չանհանգստացրեց Իսահակեանին, պարզ էր, որ Իսահակեանի ժողովրդականութիւնը ե՛ւ երկրում ե՛ւ երկրից դուրս` արտասահմանում, այնքան մեծ էր, որ իր դէմ կատարուող ամենափոքր ոտնձգութիւնը բացայայտելու էր երկրի ներսում կատարուող ոճրագործութիւնները, որն ամէն կերպ փորձում էին թաքցնել աշխարհին յայտնի «Երկաթեայ վարագոյր»-ի ետեւում:
Իսահակեանի ներկայութիւնը, իր շունչը ստալինեան ծանրագոյն տարիներին, ինքնին ուժ ու սփոփանք էր հայրենի ժողովրդի համար: Նա ոչ միայն ժողովրդի պաշտամունքն էր, այլ յատկապէս այդ դժնդակ օրերին ժողովրդի ոգին սնողը, հայ լեզուն պահպանողն էր:
Աշխարհի գեղեցկագոյն քաղաքները թողած, իր փոքրիկ, անշուք, բռնութեամբ ապրող երկիրը գերադասած, իր տանջուած, բազում զրկանքներով` Ցեղասպանութիւն, Սարդարապատ, Ա. Հանրապետութեան ստեղծում ու կորուստ, նոր բռնատիրութեան տակ հալածուող իր հիւծուած ժողովրդին եւրոպական յղկուածութիւնից վեր դասած գրողը դարձել էր ժողովրդի պաշտամունքը ոչ միայն իր հոգեհարազատ բանաստեղծութիւններով, այլ` իր անմիջական ներկայութեամբ, իր զոհողութեամբ, որին խորին յարգանքով Վարպետ էին անուանում:
Ժողովրդի պաշտամունքը Վարպետի հանդէպ օրէ օր աւելի էր աճում, ոչ միայն իր հրատարակութիւններով, որոնք անմիջապէս սպառւում էին, այլ նաեւ` իր արարքով:
1949թ. Խորհրդային Միութեան մայրաքաղաք Մոսկուայում տեղի ունեցող Խաղաղութեան համամիութենական առաջին խորհրդաժողովում, ուր Հայաստանի կողմից հրաւիրուած էր միայն ինքը, Իսահակեանը բացայայտ խիզախութեան է դիմում: Նա ելոյթ է ունենում հայերէնով եւ խօսում է հայ ժողովրդի ապրած մեծագոյն Ցեղասպանութեան մասին` ասելով. «Առաջին իմպերիալիստական պատերազմում Գերմանիոյ խրախուսանքով եւ Անտանտի պետութիւնների համաձայնութեամբ սուլթանական Թուրքիան կոտորեց հայ ժողովրդի մէկ քառորդին, մէկ միլիոն հայերի»: Առաջին անգամ, Թուրքիային թիկունք կանգնած, բարեկամ երկրում այս բացայայտ յայտարարութիւնը հնչեց, թարգմանուեց աշխարհով մէկ` է՛լ աւելի ամրապնդելով իր անունն ու հեղինակութիւնը իր ժողովրդի եւ միւս հանրապետութիւններում:
Այսպէս, մինչեւ իր կեանքի աւարտը նա ապրեց իր ժողովրդի ներկայով` Ղարաբաղի, Սեւանի, հայ ինքնութիւնը պահպանելու հարցերով անվերջ դիմելով տեղական եւ բարձրագոյն օրկաններին, ամէն կերպ աշխատեց յաջորդող սերունդի մէջ հայրենասիրութիւն, հայ լեզուի հանդէպ սէր եւ ակնածանք դաստիարակել` հայի աւանդոյթները եւ երկիրը պահպանելու համար:
«Եթէ մի սրբութիւն կայ, որի համար ապրում եմ, դա հայ որբն է, հայ չարքաշ ժողովուրդը, հայ ինքնազոհ բանակը, թքել եմ բոլոր միւսների վրայ, լինի ընկեր, գործիչ, դիպլոմատ». այս համոզումներով ապրեց իր երկրում նրա դժուարագոյն տարիներին, ժողովրդի հետ տոկաց բոլոր փորձութիւններին, իր բանաստեղծութիւններով երգ դարձաւ նրա շուրթերին, դարձաւ սփոփանք նրա վէրքերին:
1957թ. հոկտ. 17-ին Իսահակեան հսկան մէկընդմիշտ ձուլուեց իր պաշտած հողին, իր անհանգիստ հոգին վերջապէս գտաւ իր երազած հանգիստը իր պաշտած հայրենիքում` իր ժողովրդին կտակելով.
«Համբուրելով այս երեք բառերը` Ազգ, Լեզու, Հայրենիք, յանձնում եմ հայութեանը պահելու, իրականացնելու, ամրացնելու, զարգացնելու, յաւերժացնելու:
Ո՞վ կը մտածէր, որ իր ծննդեան 150-ամեակին իր իմաստուն կտակը նոյնքան հրատապ ահազանգ է դառնալու հայրենի երկրի վտանգուած շրջանում ժողովրդին սթափեցնելու, միաւորելու, իր ինքնութեանը տէր կանգնելու համար:
Այո՛, իմաստուն հսկաների երթը յաւերժ է:
Իրապէս մարգարէացաւ իր միտքը, եւ այսօր իր ծննդեան 150-ամեակին վստահաբար կարող ենք արձանագրել, որ
Իսահակեանը հայ ժողովրդի կեանքում յայտնուեց որպէս մի գիսաւոր աստղ, երգեց, քարոզեց, բարկացաւ, լաց եղաւ, վառուեց եւ յաւերժացաւ:
24 հոկտեմբեր 2025
(Շար. 3 եւ վերջ)
———–


