Ազդուած գերմանացի մեծութիւնների` Կէօթէի, Հայնէի, Նցչէի, Վակների, Պեթհովենի ստեղծագործութիւններից, ապրելով նրանց երկրում, իրենց լեզուով ծանօթանալով նրանց ստեղծագործութիւններին, նրանց մշակոյթին, աւելի համարձակ մտածողութիւն է ձեռք բերում, աւելի վստահ` իր համոզումներում, իր ներշնչումին: Վկան` այդ օրերին ստեղծած «Ես ժայռի նման կանգնած եմ ամուր» իր յայտնի բանաստեղծութիւնը, որն ինքնահաստատման ազդարարումը լինէր կարծես, եւ որը իր կենսագրութեան հիմնաքարը դարձաւ: Հայրենի ժողովրդի ամենածանր պահին իր ժողովրդի յենարանը, չխորտակուող ժայռը դարձաւ:
«Ինձնից բռնեցէք խորտակուող մարդիկ,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,
Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգէք,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր»:
1894թ, վերջին Իսահակեանը, թէեւ Գերմանիայում է, սակայն շարունակում է ապրել հայրենի երկրով, յատկապէս` Արեւմտահայաստանի լուրերով: Գերմանական թերթերը իրերայաջորդ հաղորդում էին Սասունի կոտորածի լուրերը, Իսահակեանը իր հանգիստն ամբողջովին կորցրած` գրում է. «Գերմանական թերթերը տաճիկի կողմն են պահում: Անտանելի մարդիկ են գերմանացիք, զգացում չունեն, փողասէր… գազան, գազան մարդկութիւն: Իսկ Եւրոպան ուրախանում է, նա իր շահերի օգուտն է տեսնում, ծափահարում է տաճիկին: Թու, թքել եմ Եւրոպայի եւ իր եսական կուլտուրայի վրայ»:
Սա 19-ամեայ երիտասարդի անզօր, ցաւոտ հոգու պոռթկումն է, իսկ հետագայում, իր ժողովրդի վերջնական կոտորածի ժամանակ էլ աւելի ցասումնալից խօսքեր է ուղղելու Եւրոպային եւ ընդհանրապէս քաղաքակիրթ մարդկութեանը:
«Ասա՛ մեզ, Եւրոպ, ո՞ւր ես շտապում
Ձեռներդ ներկած հայի արիւնով,
Դու յօշոտեցիր Սուրբ Հայաստանը,
Այժմ ո՞ւր ես փախչում արնոտ ձեռքերով»:
Լայփցիկեան շրջանի թէ՛ իր մտքերը, թէ՛ բանաստեղծութիւնները կարծես որոնման, ինքնագիտակցութեան, նոր մտայղացումների շրջան է եղել իր համար, ուր կարդում ենք. «Ես ուզում եմ ջնջել սուտն ու տգեղը, ուզում եմ ստեղծել մի ողջ աշխարհ, ուր ծաղկում է անհուն սէրը»:
Այդ շրջանի բանաստեղծութիւններում կրկին հայրենի երկրի կարօտն է` «Գիշերն եկաւ, զով-հովն ընկաւ», «Կենսական ծովի յոյզերի միջից», իր երբեք չխամրած սէրը Շուշիկի հանդէպ:
Երկու տարի յետոյ, 1895թ. Իսահակեանը վերադառնում է հայրենիք, եւ ահա թէ ի՛նչ է գրում իր «Յիշատակարան»-ում.
«Վաղը գնում եմ Հայրենիք, սիրելի Կովկաս, Արագած, մայր, ընկերներ եւ Շուշիկ… Երկու տարի կուշտ եւ սոված ապրեցի, շատ բան սովորեցի եւ շատ բան էլ մոռացայ, բայց բարոյապէս շատ տուժեցի: Թողեցի Եւրոպայի կեղեւը եւ ընդունեցի հայրենիքինս-ազատ եւ արձակ: Բովանդակութիւնս համաշխարհային է: Անցեալում ես այլ մարդ էի, նա Աւ. Իսահակեանը չէր. այժմ ես եմ իմ գլխի տէրը, այժմ ես Աւետիք Իսահակեանն եմ»:
Այսպէս հաստատուն, անյագ կարօտով մտնում է տուն, շարունակում իր ընդհատուած կեանքը հայրենի բնութեան մէջ, իր յաճախակի այցելութիւնները Անի, որը մօտ էր իր ծննդավայրին, հիանում նրա անձեռակերտ շինութեամբ` արդէն տարբեր կոթողներ տեսածի, կրթութիւն ստացածի աչքերով գնահատելով այդ գեղեցկութիւնը, ագահօրէն լրացնելով պատանեկութեան շրջանում բաց թողածները:
Սակայն ժամանակները քաղաքական առումով փոխուել էին, ալեկոծումի մէջ էր ողջ Արեւմտահայաստանը, տեղի ունեցող կոտորածներն ու ազատագրական շարժումները հանգիստ չէին տալիս նաեւ իրեն:
Դեռ Թիֆլիսում Թումանեանի, Ղ. Աղայեանի հետ սկզբում միանալով Հնչակեան կուսակցութեանը` որպէս ձեւաւորուած եւ ճանաչում ձեռք բերած յեղափոխական կուսակցութեան, ցարական հետապնդման մէջ է եղել: Ցարական հայահալած քաղաքականութիւնը բացայայտօրէն սկսել էր մտաւորականների հետապնդումները, ձերբակալութիւնները: 1896 թ. դեռ իր կարօտը չառած հայրենի տանից` Իսահակեանն էլ ձերբակալւում է իր յեղափոխական հայեացքների համար եւ բանտարկւում Երեւանի Զանգուի ափին գտնուող բերդում:
Սակայն բանտը չի ընկճում հոգով իր համոզումներին եւ իր երկրին ամուր կառչած երիտասարդին, իր ժողովրդի ազատագրման ելք գտնելու մասին մտածումների հետ միաժամանակ, շարունակում է նոյնիսկ բանտում ստեղծագործել:
Մէկ տարի բերդում բանտարկութիւնից յետոյ ազատ է արձակւում եւ գրում է. «Նոր կեանք` մի տարի մեռելութիւնից յետոյ»: Որոշ ժամանակ անց հրատարակում է «Երգեր ու վէրքեր» բանաստեղծութիւնների փոքրիկ ժողովածուն, որը այդ անհանգիստ օրերին ժողովրդի սրտից բխող խօսք է դառնում, որն անմիջական ճանաչում, բանաստեղծի համբաւ է բերում իրեն: «Դարս լացէք սարի սմբուլ», «Սեւ աչերէն շատ վախեցիր», «Ալագեազի մանիներ» շարքը եւ այլն:
«Սեւ-մութ ամպեր ճակտիդ դիզուան,
Դուման հագար, Ալագեազ,
Սրտումս արեւ էլ չի ծաղկում,
Սիրտս էլ դուման, Ալագեազ…»:
Բանտից ազատուելուց յետոյ կրկին մեկնում է Թիֆլիս, իր ստեղծագործական եւ հասարակական գործունէութիւնը շարունակում այնտեղ, սակայն, ինչպէս երեւում է, ցարական հետախուզութիւնը շարունակում էր հետամուտ լինել իրեն, եւ նա կրկին յայտնւում է բանտում, այս անգամ` արդէն Թիֆլիսի Մետեխի բանտում:
Մեծ երաշխաւորագնով եւ, բարեբախտաբար, աքսորի տեղ ընտրելու իրաւունքով ազատւում է բանտից հետեւեալ վճռով. «Հայ-թուրքական գործերով դատապարտուած Իսահակեանը մէկ տարով աքսորւում է Օտեսա»:
Օտեսայում նոյնպէս առանց ընկճուելու շարունակում է ստեղծագործել, ինչպէս միշտ գրում է իր պաշտած լերան` Ալագեազի, իր յաւիտենական սիրոյ` Շուշիկի, աշխարհի անարդարութեան մասին:
«Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցաւ,
Օր ու արեւ չըտեսանք.
Վա՜խ, մեր կեանքը սեւով անցաւ,
Աշխարհից բան չիմացանք»:
Տարուայ վերջին ազատւում է աքսորից: Վերադառնում է Թիֆլիս: Թիֆլիսում հրատարակուող ամենահեղինակաւոր հայ պարբերականը` «Մուրճ»-ը, ուր մի ժամանակ իր համար երազանք էր տպագրուելը, այժմ մէկը միւսի ետեւից տպագրում էր իր նոր ստեղծագործութիւնները:
Այդ ընթացքում ՀՅԴ-ն երկրի ներսում աւելի աշխուժ պայքար ծաւալելով` հետզհետէ դառնում էր տիրող եւ ամենահեղինակաւոր կուսակցութիւնը, որի հիմնական առաքելութիւնը ժողովրդին ստրկային վիճակից արթնացնելը, զինուած պայքարի կոչելը, Արեւմտեան Հայաստանի վերջնական ազատագրումը եւ Հայաստանի երկու բզկտուած մասերի միաւորումն էր: Իսահակեանի սրտից խօսող այս կոչը այնքան հարազատ էր իր հոգուն ու մտածողութեանը, որ շատերի հետ ինքն էլ միանում է նրանց, մտնում նրանց շարքերը, սերտ բարեկամութիւն հաստատում կուսակցութեան ղեկավարներից Քրիստափոր Միքայէլեանի, Սիմոն Զաւարեանի հետ, Ժընեւում հրատարակուող նրանց պարբերականին` «Դրօշակ» ամսագրին, բանաստեղծութիւններ, յօդուածներ ուղարկում, տարբեր տեղերում` Ալեքսանդրապոլում, Պոլսում, մասնակցում նրանց փակ ժողովներին, կատարում յանձնարարութիւններ, գաղտնի զէնք ու դրամ փոխադրում Արեւմտահայաստան` անտեսելով իր դէմ շարունակուող ոստիկանական հետապնդումները:
«Դո՛ւք, ժողովրդի ազնիւ գաւակներ,
Սուրբ ազատութեան հուրն է ձեր սրտում,
Վառէք, բորբոքէք քարեր ու սրտեր
Ձեր կեանքով շնչող մայր-հայրենիքում»:
Հետապնդումից խուսափելու նպատակով որոշ ժամանակ տպագրւում է «Հայ Գուսան» ծածկանուամբ: Ահա` մի քառեակ Աղբիւր Սերոբին ձօնած «Հայդուկի երգեր» շարքից, այդ անուամբ հրատարակուած:
«Նեմրութա սարը հազար ակն ունի՛
Հազարն ել Մըշու դաշտն ի վայր կ՛երթայ,
Մենակ Սերոբի աղբիւրը սրտի
Խեղճ ժողովրդի սրտի մէջ կ՛երթայ…»:
Կամ`
«Վա՛ռ, կարմի՛ր հագիր, դու հայ ժոդովուրդ,
Եւ սուրըդ շարժէ, քեզ ճանապարհ բաց.
Այս աշխարհի մէջ սուրն է միշտ կտրող:
Կտրիր ու տիրիր, անյաղթ, հզօր կաց,
Եւ ոտքդ ամուր դու խփիր երկրին,
Հողիդ ու տանդ տէրը դուն եղիր»:
20-րդ դարասկզբում` 1900թ. Իսահակեանի մէջ կրկին արթնանում է ուսումը Եւրոպայում ամբողջացնելու ձգտումը եւ լիովին նուիրուելու ՀՅԴ գործունէութեանը, որը ըստ իր հաւատամքի` «Դաշնակցութիւնը հայութեան ուղն ու ոսկորն է: Վրիժառու եւ ստեղծող բազուկը, հայ ժողովրղի արիական կամքը»:
25 տարեկան է արդէն, այս անգամ մեկնում է Զուիցերիա Ժընեւի համալսարանում լրացնում է իր կէս թողած ուսումը, սակայն մէկուկէս տարի յետոյ կրկին հայրենիքի կարօտը ետ է կանչում իրեն:
«Ձանձրացել եմ Եւրոպայից ու շատ եմ կարօտել` մեր կողմերին, մօրս, քրոջս, հարսներիս, երեխանցը, մանաւանդ` մեր սազանդարներին եւ գիւղացոց, չնայելով, որ հիմա լաւ եմ պարապում, բայց այդ չի ոգեւորում ինձ. թէ ինչո՞ւ եկայ Եւրոպա` այդ նպատակը այնքան ուժեղ չէ, որքան այն, որ ձիով մի գիւղից անցնէի, վրես շները հաջէին, մի դռնից ել սառը ջուր խնդրէի, եւ հայ աղջիկը ինձ ջուր տար: Մտածում եմ, որ մայիսին վերադառնամ, ես չեմ կարող Եւրոպա մնալ, հոգիս դուրս է գալիս, ես ո՛չ գիտնական եմ լինելու (ինչպէս` հայ ուսանողներից ոչ ոք), ո՛չ էլ ապագայի հացի համար եմ մտածում, ի՛նչ ուզում է լինի, ես հայ ժողովրդից հեռու չեմ կարող ապրել եւ վերջ»:
«Քու հողիդ մեռնեմ անգին հայրենիք,
Ա՜խ, քիչ է թէ որ մի կեանքով մեռնեմ,
Երնէկ ունենամ հազար ու մի կեանք,
Հազարն էլ սրտանց քեզ մատաղ անեմ»:
Ոչ մի ստեղծագործող այսպիսի մոլեռանդ սիրով կապուած չի եղել իր հայրենիքին:
Իր բացառիկ կապը, միասնութիւնը իր երկրին, իր հողին ու շրջապատին` եզակի երեւոյթ է, միայն բառեր ու կարօտի պոռթկում չեն, այն նոյն ուժով շարունակում է իշխել իրեն ողջ կեանքի ընթացքում:
Ի զուր չէ, որ գրել է` «Մարմնով գաղթեցի հայրենիքից, բայց հոգով մնացի հայրենիքում»: Իրապէս, մի՞թէ զարմանալի չէ, որ Ժընեւում, փոխանակ իր ընկերների պէս վայելելու Եւրոպայի ազատ կեանքը, մտածում է Սալնոյ ձորերում իրենց կեանքը հայութեան համար զոհաբերող մեր ֆիտայիների մասին ու գրում է`
«Սալնոյ ձորերում, կռուի ձորերում
Հայդուկն է ընկել խոր վէրքը սրտին:
Վէրքը վարդի պէս բացուած կարմրագոյն
Ու ձեռքն է գցել կոտրած հրացանին»:
Այս տողերը գրող երիտասարդը երկու տարի յետոյ` 1902թ., կրկին կէս է թողնում ուսումը, կրկին հայրենիքում է: Ալեքսանդրապոլում առանձնացած` ստեղծագործում է, յաճախակի մեկնում է Թիֆլիսի եռուն կեանքից, հայազգի մեծութիւնների, քաղաքական գործիչների հետ շփուելով` նոր լիցքաւորում ստանալու: Այդ օրերից մէկում Յ. Թումանեանի, Ղ. Աղայեանի, Դ. Դեմիրճեանի, Ն. Աղբալեանի հետ ստեղծում են «Վերնատուն» գրական առաջին կազմակերպութիւնը, այսօրուայ առումով` հայ գրողների առաջին միութիւնը:
Դարասկզբին Իսահակեանն արդէն անուանի բանաստեղծ էր: Իր բանաստեղծութիւններից շատերը ժողովուրդը անմիջապէս սեփականացրել, իրենը դարձրած` երգում ու աշխատում էր, չիմանալով նոյնիսկ ստեղծողի անունը:
Ահա թէ ի՛նչ է վկայում Իսահակեանն ինքը. «Մի օր դաշտով անցնելիս լսում եմ, մի գիւղացի իմ «Մաճկալ ես, բեզարած ես» բանաստեղծութիւնն է երգում սխալներով: Մօտեցայ, փորձեցի ուղղել, բայց գիւղացին շատ կոպիտ կանխեց ինձ` ասելով. «Դու ինչ գիտես է, քաղաքից եկել ժողովրդային ե՞րգ ես սովերեցնում մեզ»: Աւելի մեծ գնահատական ստեղծագործողի համար, երբ քո ստեղծագործութիւնը դառնում է ժողովրդի մասնիկը, անկարելի է պատկերացնել»:
24 հոկտեմբեր 2025
(Շար. 2)
—



