2026-ի Մոնտիալի զտումի 4-րդ հանգրուանի մրցումներուն, Հայաստանի ազգային խումբը Տապլինի մէջ դժուար մրցում մը ունեցաւ Իրլանտայի դէմ եւ 1-0 արդիւնքով պարտութիւն կրեց:
Առաջին կիսախաղին բաւական սուր պայքար մղուեցաւ, ուր Իրլանտա կը փորձէր անպայման յաղթել, մանաւանդ որ ան իր նախկին երեք մրցումներուն միայն 1 կէտ շահած էր, մինչ Հայաստան կը պայքարէր 3 կէտերու համար` զանոնք աւելցնելու համար իր 3 կէտերուն, պայքարելու համար 2-րդ դիրքին համար:
Առիթներ ստեղծեցին մէկ կողմէ Սփերձեան, իսկ միւս կողմէ Իրլանտայի յառաջապահները, ուր Հայաստանի բերդապահ Հենրի Աւագեան բարձր մակարդակի խաղարկութիւն ցուցաբերեց:
Բ. կիսախաղին 7-րդ վայրկեանին խմբապետ Տիգրան Բարսեղեան չկրցաւ ինքզինք զսպել եւ գլխու հարուածով մը գետին փռեց Սաութհեմփթընի մարզիկ Ֆին Ազազը եւ… վտարուեցաւ դաշտէն ուղիղ կարմիր քարտով:
Անշուշտ հաւասարակշռուած մրցում մը անհաւասար կը դառնայ, երբ 10-ի դէմ 11 մարզիկներ կը մրցին եւ Իրլանտա բնականաբար աւելի լուրջ յարձակումներով սկսաւ խաղալ եւ 70-րդ վայրկեանին կոլ մըն ալ նշանակեց` շնորհիւ Ռոմայի յառաջապահ Էվըն Ֆերկուսընի քոռնըրէ մը ետք:
Այժմ պայքարը սրած է Բ. դիրքին համար, ուր վերջին երկու մրցումներուն Հունգարիա, Իրլանտա եւ Հայաստան իրենց կարելին պիտի ընեն հասնելու Մոնտիալի փլէյ-օֆին:
«Այո՛, կարմիր քարտը մեր խաղին ամբողջ ռազմավարութիւնը քանդեց, բայց ատիկա իմ մարզիկիս սխալն է, ինչ որ կը նշանակէ, թէ իմ սխալս է: Իմ մարզիկներուս հետ կապուած ինչ որ պատահի, իբրեւ գլխաւոր մարզիչ իմ պատասխանատուութիւնս է, եւ ես ներողութիւն կը խնդրեմ: Մեր համակիրները մեզմէ կէտեր կ՛ակնկալէին, իսկ մենք այս երկու մրցումներուն զանազան պատճառներով ձախողեցանք:
Ներողութիւն կը խնդրեմ, բայց ամէն պարագայի հպարտ եմ իմ խումբովս:
Մրցումէն ետք Բարսեղեանի հետ չխօսեցայ (առանձին), խօսեցայ ամբողջ խումբին հետ, շնորհակալութիւն յայտնեցի նուիրուածութեան, պայքարի եւ միասնութեան համար: Ժխտական հարցերու շուրջ ժամանակ ունինք վերլուծելու եւ խօսելու: Այս պահուն պէտք է միասին ըլլալ, ընդունիլ պարտութիւնը եւ շնորհաւորել մրցակիցը:
Շատ լաւ պատրաստուած էինք, մրցումէն առաջ լաւ գիտէինք, որ մրցակից մարզիչը խաղաոճը պիտի փոխէ: Մենք կրցանք ետ մղել եւ գտնել հակադարձելու ձեւը: Վստահ եմ, որ կարողութիւն ունէինք պայքարելու եւ յաջողութեան հասնելու 11-ը 11-ի դէմ, բայց երբ 10 մարզիկներով մնացինք, չվախցայ, բայց փոխեցի խաղաոճը: Մրցումի ընթացքին երեք անգամ փոխեցի խաղաոճը` փորձելով, որ խումբին օգնեմ: Մօտ էինք արդիւնքը պահելու 0-0: Բայց այս մրցումը մեծ փորձ էր, եւ մենք ճիշդ ճամբու վրայ ենք: Կարեւորը ոգին պահելն է, միասին ըլլալը եւ յառաջ շարժիլը», ըսաւ գլխաւոր մարզիչ Եղիշէ Մելիքեան:
13 եւ 16 նոյեմբերին, Հայաստան պիտի մրցի Հունգարիոյ եւ Փորթուգալի դէմ:
Անգլիա դարձաւ առաջին Եւրոպական խումբը, որ այժմէն իսկ ապահովեց Մոնտիալի իր տոմսը, երբ Ռիկայի մէջ 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Լաթվիան: 11-րդ խմբակին գծով այս մրցումին, Հերի Քէյն 2 կոլ նշանակեց, մինչ Անթոնի Կորտըն, Մաքսիմ Թոնիշեւ (սխալմամբ իր բերդին մէջ) եւ Էպերեչի Էչէ աւելցուցին Անգլիոյ մնացեալ կոլերը:
Փորթուգալի Մոնտիալի հասնելու թուականը 1 ամիսով յետաձգուեցաւ, երբ Լիվըրփուլի միջնապահ Տոմինիք Սոպոսլայ 92-րդ վայրկեանին նշանակեց Հունգարիոյ հաւասարութեան կոլը (2-2) Լիզպոնի մէջ: Քրիսթիանօ Ռոնալտօ 40 տարեկանին տակաւին կը փայլի եւ մրցանիշներու գիրքին մէջ բոլոր էջերը լեցնելու փորձին մէջ է: Ռոնալտօ 2 կոլ նշանակելով դարձաւ առաջին մարզիկը, որ Մոնտիալի զտումներու մրցումներու պատմութեան ընթացքին 40 կոլ կը նշանակէ: Նախկին մրցանիշը կը պատկանէր Կուաթեմալայի մարզիկ Քարլոս Ռուիսի, որ 39 կոլ նշանակած էր: Ռոնալտօ 41 կոլերով կրցաւ բարելաւել կոլերու հաշիւը իր կատարած 51 մրցումներուն ընթացքին:
Եւրոպայէն հարաւ` Ափրիկէի զտումի մրցումներուն, Փղոսկրեայ Ափունք 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Քենիոյ իր կարգին ապահովեց Մոնտիալի իր տոմսը: Հարաւային Ափրիկէ 3-0 արդիւնքով յաղթեց Ռուանտային եւ իր կարգին հասաւ Մոնտիալ:
Սենեկալ իր կարգին միացաւ Մարոքին, Թունուզին, Եգիպտոսին, Կանային եւ Քափէ Վերտէին` հասնելով Մոնտիալին:
Ասիոյ գօտիին մէջ, Քաթար ապահովեց Մոնտիալի իր տոմսը` պարտութեան մատնելէ ետք Արաբական Միացեալ Էմիրութիւնները, մինչ Սէուտական Արաբիա յաջորդաբար 3-րդ անգամ ըլլալով պիտի մասնակցի Մոնտիալին` Իրաքի հետ ճերմակ հաւասարութենէ ետք:
Ստորեւ կը ներկայացնենք Եւրոպայի մէջ արձանագրուած արդիւնքները եւ դասաւորումները.
Իրլանտա – Հայաստան 1-0
Լաթվիա – Անգլիա 0-5
Թուրքիա – Վրաստան 4-1
Անտորրա – Սերպիա 1-3
Իտալիա – Իսրայէլ 3-0
Փորթուգալ – Հունգարիա 2-2
Սպանիա – Պուլկարիա 4-0
Էսթոնիա – Մոլտովա 1-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
Ա. ԽՄԲԱԿ | |
1.- Գերմանիա | 9 (8-3) |
2.- Սլովաքիա | 9 (5-2) |
3.- Հիւսիսային Իրլանտա | 6 (6-5) |
4.- Լիւքսամպուրկ | 0 (1-10) |
Բ. ԽՄԲԱԿ | |
1.- Զուիցերիա | 10 (9-0) |
2.- Քոսովօ | 7 (3-4) |
3.- Սլովենիա | 3 (2-5) |
4.- Շուէտ 1 (2-7) | 1 (2-7) |
Գ. ԽՄԲԱԿ | |
1.- Դանիա | 10 (12-1) |
2.- Սկովտիա | 10 (7-2) |
3.- Յունաստան | 3 (7-10) |
4.- Պիելոռուսիա | 0 (2-15) |
Դ. ԽՄԲԱԿ | |
1.- Ֆրանսա | 10 (9-3) |
2.- Ուքրանիա | 7 (8-7) |
3.- Իսլանտա | 4 (11-9) |
4.- Ազրպէյճան | 1 (2-11) |
Ե. ԽՄԲԱԿ | |
1.- Սպանիա | 12 (15-0) |
2.- Թուրքիա | 9 (13-10) |
3.- Վրաստան | 3 (6-9) |
4.- Պուլկարիա | 0 (1-16) |
Զ. ԽՄԲԱԿ | |
1.- Փորթուգալ | 10 (11-4) |
2.- Հունգարիա | 5 (8-7) |
3.- Իրլանտա | 4 (4-5) |
4.- Հայաստան | 3 (2-9) |
Է. ԽՄԲԱԿ | |
1.- Նետերլանտներ | 16 (22-3) |
2.- Լեհաստան | 13 (10-4) |
3.- Ֆինլանտա) | 10 (8-13) |
4.- Լիթուանիա | 3 (6-11) |
5.- Մալթա | 2 (1-16) |
Ը. ԽՄԲԱԿ | |
1.- Աւստրիա | 15 (19-3) |
2.- Պոսնիա | 13 (13-5) |
3.- Ռումանիա | 10 (11-6) |
4.- Կիպրոս | 8 (11-9) |
5.- Սան Մարինօ | 0 (1-32) |
Թ. ԽՄԲԱԿ | |
1.- Նորվեկիա | 18 (29-3) |
2.- Իտալիա | 15 (18-8) |
3.- Իսրայէլ | 9 (15-19) |
4.- Էսթոնիա | 4 (7-17) |
5.- Մոլտովա | 1 (4-26) |
Ժ. ԽՄԲԱԿ | |
1.- Պելճիքա | 14 (21-6) |
2.- Հիւսիսային Մակեդոնիա | 13 (12-3) |
3.- Կալես | 10 (13-10) |
4.- Ղազախստան | 7 (8-12) |
5.- Լիխթընշթայն | 0 (0-23) |
ԺԱ. ԽՄԲԱԿ | |
1.- Անգլիա | 18 (18-0) |
2.- Ալպանիա | 11 (6-3) |
3.- Սերպիա | 10 (7-7) |
4.- Լաթվիա | 5 (4-13) |
5.- Անտորրա | 1 (3-15) |
ԺԲ. ԽՄԲԱԿ | |
1.- Խրուաթիա | 16 (20-1) |
2.- Չեխիա | 13 (12-8) |
3.- Ֆարօ Կղզիներ | 12 (10-6) |
4.- Մոնթենեկրօ | 6 (4-13) |
5.- Ճիպրալթար | 0 (2-20) |