Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ընտրութիւնը Բոլորինս Ու Իւրաքանչիւրինս Է

Հոկտեմբեր 6, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբեր ամսին Հայաստանի ու Արցախի անկախութիւնների հռչակումից յետոյ, մայիսի պէս, այս ամիսն էլ հայութեան համար դարձաւ յաղթանակների ամիս: Անհնար էր պատկերացնելը, որ մօտ երեք տասնամեակ տեւած այս իրողութիւնից յետոյ սեպտեմբերը կը վերածուի մեր պարտութեան ու ողբերգութեան ժամանակահատուածի: Եւ այդ անհնարինը հնարաւոր դարձաւ հայոց պետականութիւնների անառիկ բերդը թշնամու հինգերորդ շարասեան կողմից ներսից յանձնելու միջոցով: Չկայ այսօր Արցախի պետականութիւնը, հայութեան բնօրրանն ամբողջովին հայաթափուած է, իսկ Հայաստանը գտնւում է դարաւոր եւ ցեղասպան թշնամիների ազդեցութեան տակ եւ ապրում է իր ինքնիշխանութեան ու տարածքային կորուստների ժամանակաշրջանը:

Սոյն թուականի սեպտեմբերի 2-ն` Արցախի անկախացման պատմական օրը, գումարուեց ՀՅ Դաշնակցութեան կազմակերպած «Վերադարձ. Արցախ լինելո՛ւ է» խորագրով միջազգային գիտաժողովը: Նոյն օրուայ երեկոյեան Ազատութեան հրապարակում տեղի ունեցաւ դարձեալ Դաշնակցութեան կազմակերպած հանրահաւաք` նուիրուած Արցախի անկախութեան օրուան: ՀՀ այսօրուայ իշխանաւորները ոչ միայն պատմական այս իրադարձութեանը պատշաճօրէն չարձագանգեցին, այլեւ` սեպտեմբերի 19-20-ին Արցախի դէմ Ազրպէյճանի ռազմական յարձակման եւ հայաթափման ողբերգական իրադարձութեանը: Եւ հակառակը, ՔՊ-ականները քննադատելով սեպտեմբերի 2-ի իրադարձութիւնները, միաժամանակ հրճուանքով գրում էին, թէ քիչ մարդ է մասնակցել հանրահաւաքին: Եթէ չճանաչէիք այսօրուայ ազգային ողբերգութիւնների հեղինակներին, պէտք էր հարցնէինք ինքներս մեզ` «Ո՞վ են սրանք»: Իսկապէս էլ`ո՞վ են սրանք, որ այսքան անհաղորդ են իրենց ծնած ժողովրդի վշտերին, յոյզերին ու ձգտումներին, թէեւ յանուն իշխանական աթոռների պահպանման` պատրաստ են օրը տաս անգամ կռանալ ժողովրդի առաջ:

Ո՞վ են սրանք, որ ոչ մի անգամ չմտահոգուեցին, չյուզուեցին` Արցախի կորստի համար, 5000 նահատակուած հայորդիների համար, ազրպէյճանցիների կողմից Հայաստանի տարածքների այսօրուայ բռնագրաւման համար: Ո՞վ են սրանք, որ որպէս պետականութեան եւ ժողովրդի համար պատասխանատու համահայկական իշխանութիւն` Արցախի ողբերգութիւնից յետոյ միջազգային ատեաններում ոչինչ չձեռնարկեցին ազրպէյճանաթուրքական ցեղասպանութեան հարցով, բացարձակապէս անտարբեր են Պաքւում դատական դաժան գործընթացի մէջ գտնուող հայ ռազմաքաղաքական ղեկավարութեան ճակատագրի համար եւ, ընդհակառակը, կատաղօրէն պայքարում են Արցախի դատը հետապնդել ցանկացող արցախցիների, հայկական զանազան կազմակերպութիւնների դէմ, հետապնդում են Արցախի ղեկավարութեանը, իսկ 1700-ամեայ ազգային եկեղեցու դէմ այնպիսի ճնշումներ ու հետապնդում են իրականացնում, որպիսիք տեղի են ունեցել միայն 1930-ականներին: Ո՞վ են սրանք` հարցը թերեւս հռետորական իմաստ ունի, որովհետեւ եթէ ՔՊ-ականների կենսագրութեանը նայենք, նման հարցը կը կորցնի իր իմաստը:

Ճիշդ սրանց պէս ու ճիշդ 100 տարի առաջ, օտարութեան մէջ կամ օտար հոսանքների ազդեցութեամբ, հայ երիտասարդութեան մի հատուած այնքան կտրուեց իր ժողովրդից եւ նրա պատմական ինքնութիւնից, որ օտար մեծադղորդ գաղափարներն ու օտարի շահերը գերակայ նկատեց սեփական ժողովրդի շահերից, վերածուեց սեփական երկրի եւ ժողովրդի դահիճների: Այսօրուայ երիտպոլշեւիկները կամ աշխարհաքաղաքացիները նոյնքան հեռու են, նոյնքան անտարբեր եւ նոյնքան թշնամի են սեփական պատմական ինքնութեան հանդէպ: Երբեմն պարզ հայ մարդը զարմանում է, թէ ինչո՞ւ է ծաւալուել այս թշնամանքը ազգային եկեղեցու դէմ, ի՞նչ իմաստ ունի Արարատ երեւոյթը մոռացնել տալու մտասեւեռումը, ինչո՞ւ են բոլոր մակարդակի կրթական ծրագրերից կրճատւում եւ դուրս բերւում ազգային եւ ինքնութեան անձնագիր հանդիսացող թեմաներն ու անունները, ինչո՞ւ է յանկարծ հայոց այբենարանից անհետանում Մեսրոպ Մաշտոցի նկարը: Երբ այս եւ ոչ պակաս ծանրակշիռ այլ փաստերը դիտարկում ես տրամաբանական մէկ շղթայի մէջ, այդ ժամանակ է երեւակւում ճշմարտութիւնն իր ողջ նենգ եւ սպառնալից պատկերով:

Վերջերս Հայաստանի վարչապետը յայտարարեց, որ հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետութեան հաստատումը` որպէս առաջիկայ ռազմավարական անելիք: Ի՞նչ է իրականում սա նշանակում: Սա նախ եւ առաջ նշանակում է, որ Հայաստանի այսօրուայ իշխանութիւնը հրաժարւում է երրորդ հանրապետութեան ողջ ժառանգութիւնից` նրա արժէքներից, ձեռքբերումներից, նպատակներից, պետական կարգը կազմող բաղկացուցիչներից: Սա իր հերթին նշանակում է` ամբողջովին ջնջել Արցախի էջը եւ նրա հետ կապուած բոլոր խնդիրները, վերանայել պետական կարգը` հրաժարուելով գործող հռչակագրից, սահմանադրութիւնից, Հայաստանի ինքնիշխանութիւնը կազմող կռուաններից, ազգային եկեղեցու տեղից եւ դերից, հայրենասիրական իտէալներից ու այն բնորոշող պատմական-մշակութային արժէքներից ու այս բոլորը վերանայել համապատասխանեցնելով Հայաստանի իշխանութիւններին ուղղորդող արեւմտեան ուժերի եւ, մասնաւորապէս, թուրքազրպէյճանական պահանջներին:

Եթէ անդրադառնանք, թէ ինչերի՛ց է հրաժարուել ու հրաժարւում Հայաստանի իշխանութիւնը, եւ ի՞նչը ի՛նչ կերպ է փորձում փոփոխել, ակնյայտ կը դառնայ, որ մեր վերլուծութիւնն ու գնահատականը չափազանցուած չեն: Իսկ եթէ աւելի որոշակի բնորոշենք, թէ ի՛նչ է անում եւ ի՛նչ է դեռ պատրաստւում անել Նիկոլ Փաշինեանն իր օտարահպատակ կոսմոպոլիտ ուժի հետ, ապա կը տեսնենք, որ Հայաստանում տեղի է ունենում պետական կարգի տապալում, Հայաստանի ինքնիշխանութեան ենթարկում արտաքին ուժերին: Նիկոլ Փաշինեանն այս ամէնին ձեռնամուխ է եղել վճռականօրէն եւ հետեւողական քայլերով, վստահ լինելով, որ ներքին հաւանական ընդվզումները կը կարողանայ խեղդել` յենուելով իրեն ենթակայ ուժային եւ իրաւապահ համակարգերի, ինչպէս եւ արտաքին ուղղակի եւ անուղղակի հովանաւորութեան վրայ:

Այս ազգակործան ծրագրերը նա կը կարողանայ վերջնականօրէն իրականացնել յաղթահարելուց յետոյ գալիք խորհրդարանական ընտրութիւնները: Ըստ էութեան, իշխանութիւնը անթաքոյց մտել է արդէն այդ ընտրապայքարի մէջ` երկրորդական եւ երրորդական նկատելով երկրի առջեւ ծառացած ճակատագրական հիմնահարցերը: Որքան էլ որ իշխանութիւնը փորձում է այդ լրջագոյն մարտահրաւէրի յանդիման ցուցադրել իր ինքնավստահութիւնը, այնուամենայնիւ, սարսափի մէջ է, նախ` որովհետեւ իր այս ազգակործան ու պետականակործան ծրագրերը ընդունելի չեն ժողովրդի մեծամասնութեան համար, միւս կողմից` 2021 թուականին տուած երջանիկ ապագայի խոստումներից յետոյ ոչ մի դրական ձեռքբերում չի կարող մատնանշել:

Հետեւաբար մնում է դիմելը իր գլխաւոր զէնքին` կեղծիքին: Եւ քանի որ գլխաւոր սպասելիքը խաղաղութեան հասնելու ձախողուած հարցն է, նա փորձում է իր ձախողումը ներկայացնել որպէս յաղթանակ: Թէեւ Փաշինեանի խմբակիցներն իսկ փորձում են հաւատացնել, թէ այս տարի հնարաւոր է, որ խաղաղութեան պայմանագիրը ստորագրուի, միւս կողմից` Փաշինեանը փորձում է համոզել, թէ նախաստորագրուած պայմանագիրը արդէն իսկ ստորագրուած պայմանագիր է նշանակում: Եւ այս ամէնը տեղի է ունենում այն պայմաններում, երբ չի դադարում ո՛չ ազրպէյճանցիների յարձակողապաշտ հակահայկական հռետորաբանութիւնը ո՛չ Հայաստանի իշխանութիւններին ներկայացուող կոշտ պահանջները, ո՛չ պատերազմի սպառնալիքը եւ ո՛չ էլ բոլոր այս հարցերում Թուրքիայի անթաքոյց հովանաւորութիւնը Ազրպէյճանին:

Հայաստանի ապագան փաստացի կախուած է երկու կարեւոր հանգամանքից` կը յաջողուի՞ նիկոլականներին հերթական անգամ մոլորեցնել ժողովրդին, թէ՞ ազգային ուժերին կը յաջողուի քաղաքական գաղափարական ազգային նոյն մտահոգութիւններով հարուածելով միեւնոյն թիրախին` ժողովրդին հեռացնել իշխանութեան որդեգրած ազգակործան ուղուց:

Ուղղորդուել գաղափարաքաղաքական նոյն մտահոգութիւններով եւ հարուածել նոյն թիրախին` բնաւ չի նշանակում բոլոր ազգային ուժերի մեքանիկական միաւորում: Սա նշանակում է գերնպատակի շուրջ տարբեր ճակատների համակարգուած պայքար մէկ ուղղութեամբ, իսկ եթէ ոեւէ մէկը փոխի իր թիրախն ու սկսի թիկունքից հարուածել իշխանութեան դէմ պայքարող ազգային որեւէ ուժի, կը նշանակի, որ տուեալ ուժը ուղղակի եւ անուղղակի կերպով ծառայում է Նիկոլին, ու եթէ առերեւոյթ նրա հետ էլ չէ, վերջինիս վերարտադրութիւնը գերադասում է ազգային որեւէ ուժի յաղթանակից: Եթէ պատկերաւոր բնորոշենք այսօրուայ այս դաշտը, ապա կարող ենք ասել, որ ականատես ենք խառը կրակոցների:

Կարծում ենք, որ այս ընթացքը պէտք է կանխուի եւ հունաւորուի համակարգուած աշխատանքը, իսկ այլ վարքը ուղղակիօրէն կը բացայայտի ժողովրդի եւ ազգային նպատակների անունից հանդէս եկող երկակի խաղ խաղացողներին: Իշխանութեան ծրագրուած գործունէութիւնը յուշում ու հարկադրում է նաեւ հակադիր ճակատի կազմակերպմանը` առանց ժամանակի ձգձգման: Փաստենք, որ եօթ տարի սեփական ժողովրդի նկատմամբ բազմաթիւ յանցագործութիւններ իրականացրած ղեկավարութեան համար առջեւում ոչ թէ սովորական ընտրապայքար է, այլ` ինքնապահպանութեան կռիւ, որի ժամանակ բոլոր միջոցները ընդունելի են:

Կասկած չկայ, որ իր թշուառ իշխանութեան աւարտն զգացող այս իշխանութիւնը գնալու է ամէն երեւակայելի ու աներեւակայելի օրինախախտումների: Արդէն իսկ ամենաանհեթեթ պատրուակներով երկու սրբազանների, գործարար Սամուէլ Կարապետեանի եւ այլ ազգային գործիչների ձերբակալութիւնը յուշում է, որ Նիկոլ Փաշինեանը պատրաստ է փաստելու, թէ ունակ է ամենանենգ, ամենաանբարոյ եւ ամենաանօրինական քայլերի: Խաղասեղանին դրուած է մեծ գրաւ, եւ որքան էլ անհաւատալի թուայ, թերեւս գալիք ընտրութիւններով մեծապէս որոշուելու է, թէ ի՛նչ ճանապարհով է ընթանալու Անդրկովկասի ապագան, որոշուելու է համաշխարհայնացման եւ հակահամաշխարհայնացման բախման արդիւնքն այս տարածաշրջանում, որոշուելու է, թէ ի՛նչ աշխարհաքաղաքական առանցքի է յարելու տարածաշրջանը, եւ վերջապէս որոշուելու է` տեղ կ՛ունենա՞յ Հայաստանը տարածաշրջանային քարտէսի վրայ, թէ՞ իր Յուդա զաւակների ձեռամբ մատաղ կ՛արուի համաշխարհային մեծ տեղաշարժերին:

Այս լինել-չլինելու ճամբաբաժանին բոլորից է պահանջւում վեր կանգնել սեփական շահերից ու յաւակնութիւններից եւ այդ ամէնը զոհաբերել սեփական երկրի ու զաւակների ապագային: Ընտրութիւնը բոլորինս ու իւրաքանչիւրինս է:

«ԴՐՕՇԱԿ», թիւ 9, 2025թ.

 

Նախորդը

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2025-ի 9-րդ Թիւը

Յաջորդը

«Փրեմիեր Լիկ». Լիվըրփուլ Կորսնցուց Պարագլուխի Դիրքը` Ի Նպաստ Արսենալի

RelatedPosts

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2025-ի 9-րդ Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2025-ի 9-րդ Թիւը

Հոկտեմբեր 6, 2025
Պերճ Չաքէճեան (ԽԱ.)  «Ստեղծագործական Համանուագ…»
Անդրադարձ

Պերճ Չաքէճեան (ԽԱ.) «Ստեղծագործական Համանուագ…»

Հոկտեմբեր 6, 2025
Տարեփակի Խոհեր  Ա. –   Պիտի Վերականգնենք Մեր Երթը` Պատմութեան Եւ Աշխարհագրութեան Մայրուղիներուն Վրայ
Անդրադարձ

Նշմար. Քիմըլ Յաղթական, Միքայէլ Արքեպիսկոպոս Պարտեա՞լ

Հոկտեմբեր 6, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?