Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծարելու ԵԱՀԿ Մինսքի կառոյցները եւ դադարեցնելու դրանց ֆինանսական միջոցները: Այս որոշումը յաջորդել է Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարների 2025 թուականի օգոստոսի 8-ի համատեղ դիմումին, որը տարածուեց օգոստոսի 11-ին:
Այս «համատեղ դիմումը» ազատ կամքի արտայայտում չէր: Դա Ազրպէյճանի կողմից պարտադրուած նախապայմաններից մէկն էր` այսպէս կոչուած «Խաղաղութեան պայմանագիրը» ստորագրելու համար, որը վերջնական տեսքի էր բերուել 2025 թուականի մարտին եւ հրապարակուել օգոստոսի 11-ին, սակայն մինչ այժմ չի ստորագրուել Ազրպէյճանի` մշտապէս աճող պահանջների պատճառով, ներառեալ` Հայաստանին Սահմանադրութիւնը փոխելու հարկադրանքը: Հայաստանը համաձայնել է այդ «համատեղ դիմումին» ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման պայմաններում, ինչի հետեւանքով այն, միջազգային իրաւունքի համաձայն, համարւում է անվաւեր:
Հայաստանի կառավարութեան` Ազրպէյճանին անընդհատ զիջելու քաղաքականութիւնը` պայմանաւորուած իշխանութիւնը պահպանելու ցանկութեամբ, չի ծառայում հայոց պետութեան եւ ազգային շահերին եւ լուրջ հարուած է հասցնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին: 2021 թուականին իշխանութեան գալով` այս կառավարութիւնը խոստացել էր տարբեր ուղի, Ազգային ժողովին ներկայացնելով մի ծրագիր, որն այժմ իրականացուողի ճիշդ հակառակն էր:
Ազրպէյճան-Հայաստան «համատեղ դիմումը» ընդունելով` ԵԱՀԿ-ն օրինականացնում է ուժի կիրառումը որպէս վէճերի կարգաւորման միջոց: Սա տեղի է ունենում այն բանից յետոյ, երբ Ազրպէյճանը 2023 թուականի սեպտեմբեր-հոկտեմբերին իրականացրեց Արցախի ցեղային զտում` 120.000 հայերի վտարելով իրենց հայրենի հողերից` շրջափակման, պաշարման եւ խաղաղ բնակչութեան դէմ զինուած յարձակման միջոցով: Այս գործողութիւնները, որոնք լայնօրէն փաստագրուած եւ հաստատուած են, համաձայն միջազգային իրաւունքի, համարւում են յանցագործութիւններ:
1992 թուականին ԵԱՀ(Խ)Կ Մինսքի խմբի ստեղծման համար հիմք հանդիսացած խնդիրը` Արցախի հայերի իրաւունքներն ու անվտանգութիւնը, մինչ օրս մնում է չլուծուած: Ազրպէյճանի 2020 եւ 2023 թուականների պատերազմներն ու շարունակուող ցեղասպանական քայլերը ստիպեցին աւելի քան 150.000 հայերի լքել իրենց բնակավայրերը, բայց չվերացրին խնդիրը: Ընդհակառակը, Արցախի ժողովուրդը շարունակում է զրկուած մնալ իր ամենատարրականն իրաւունքներից:
ԵԱՀԿ-ի եւ միջազգային հանրութեան այս հարցերով չզբաղուելը կը լինի լուրջ սխալ: Երկարատեւ խաղաղութիւնը պահանջում է սկզբունքներ` միջազգային իրաւունք, արդարութիւն եւ դիւանագիտութիւն, այլ ոչ թէ հարկադրանք: Դրա առանցքային բաղադրիչը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած հայերի ապահով եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքն է, որը հաստատուել է Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի նոյեմբերի 17-ի որոշմամբ: Ոչ պակաս հրատապ է նաեւ Ազրպէյճանի կողմից պահուող հայ գերիների անյապաղ ազատ արձակումը եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը:
Թէպետ ԵԱՀԿ Մինսքի խումբը այլեւս չի գործում, այն մարմնաւորած սկզբունքը` իսկական բազմակողմանիութիւն եւ միջազգային միջնորդութիւն, մնում է անփոխարինելի: Այժմ դրա մերժումը վտանգաւոր ուղերձ է, որ վէճերը որոշում է ոչ թէ օրէնքը, այլ ուժը: Նման նախադէպը միայն կը խթանի բռնութեան նոր հոլովոյթներ եւ կը խարխլի խաղաղութեան ու անվտանգութեան հիմքերը:
«Թշնամանքի էջը փակելը», ինչպէս յայտարարուել էր Ուաշինկթընի օգոստոսի 8-ի հռչակագրում, չի կարող իրականացուել պարտադրուած լռութեամբ: Այն պահանջում է ճշմարտութիւն, արդարութիւն եւ հաշտեցում: Զոհերը պէտք է լսուեն, տառապանքը պէտք է ճանաչուի, իսկ արդարութիւնը պէտք է ապահովուի:
Ուստի մենք ԵԱՀԿ-ին եւ միջազգային լայն հանրութեանը կոչ ենք անում շարունակել ներգրաւուածութիւնը, հաւատարիմ մնալ մարդու իրաւունքներին եւ իրենց մարդասիրական առաքելութիւններին ու գործուն քայլեր ձեռնարկել բռնի տեղահանուած հայերի իրաւունքների պաշտպանութեան, գերիների ազատ արձակման եւ մշակութային ժառանգութեան պահպանման համար: Միայն հետեւողական, անաչառ եւ սկզբունքային ներգրաւուածութեամբ կարելի է ապահովել Արցախի ժողովրդի իրաւունքներն ու արժանապատուութիւնը եւ հնարաւոր դարձնել իրական ու կայուն խաղաղութիւնը Հարաւային Կովկասում:
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1 սեպտեմբեր 2025