Երէկ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեան տարածեց հետեւեալ յայտարարութիւնը` Արցախի անկախութեան օրը Երեւանի մէջ տեղի ունենալիք հանրահաւաքի մասին.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
սեպտեմբերի 2-ը սովորական օր չէ, այն մեր ժողովրդի պայքարն ու յաղթանակը խորհրդանշող օրերից է, օր, երբ ծնունդ առաւ հայկական երկրորդ հանրապետութիւնը` Արցախը:
Այսօր Հայաստանի, Ազրպէյճանի եւ Թուրքիայի կառավարութիւնները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանութիւնը եւ հրաժարուել արժանապատուութիւնից ու մեր բոլոր իրաւունքներից:
Սակայն, ճշմարտութիւնը մէկն է. Արցախի էջը փակուած չէ, մեր ժողովուրդն ունի իրաւունքներ, որոնց համար պայքարը ոչ թէ վտանգում է Հայաստանի Հանրապետութիւնը, այլ պաշտպանում է այն:
Ազրպէյճանի կողմից ցեղասպանական գործողութիւնների արդիւնքում Արցախում տեղի ունեցած ցեղային զտման հետեւանքով հարիւր հազարաւոր արցախահայեր այսօր տնազուրկ են, բայց նրանց սրտերում ապրում է միեւնոյն երազանքը` վերադառնալ տուն, ապրել իրենց հողի վրայ, ապրեցնել ազգային ժառանգութիւնը:
Ու այս պայքարը միայն արցախահայութեան պայքարը չէ: Դա մեր ժողովրդի պայքարն է, սա նաեւ Հայաստանը պաշտպանելու պայքարն է, սա ամէն հայ մարդու պայքարն է:
Եւ, անկախ տարբեր հարցերում մեր ունեցած տարաձայնութիւններից, այս հարցում մենք պէտք է լինենք միասնական եւ տէր կանգնենք մեր իրաւունքներին:
Ուստի, սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատութեան հրապարակում կը կազմակերպուի միասնութեան մեծ հաւաք, որտեղ մենք բոլորով կը յայտարարենք` Արցախեան հակամարտութիւնը լուծուած չէ, մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ եւ ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրուած պայմանաւորուածութիւնները, որոնք ոտնահարում են մեր բոլոր իրաւունքները, մենք պահանջում ենք Պաքւում պահուող հայ գերիների վերադարձ:
Աշխարհը պէտք է տեսնի, որ մենք չենք ուրանում, չենք մոռանում եւ շարունակում ենք մեր պայքարը:
Սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատութեան հրապարակում միասին` յանուն մեր իրաւունքների, յանուն Արցախի վերադարձի, յանուն մեր ազգային արժանապատուութեան, յանուն Հայաստանի Հանրապետութեան»: