Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել Նախաձեռնող, Չգնալ Թելադրուած Օրակարգերի Ետեւից

Յուլիս 14, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Հայ մարդու համար այլեւս զարմանալի չէ, որ իւրաքանչիւր օր լսելու է երկրի վարչապետի հերթական արտառոց մտքերը: Եթէ իր կարգավիճակը եւ խօսքի արժէքը հասկացող երկրի ղեկավարը ձգտում է մշտապէս հանգստութեան եւ կայունութեան զգացողութիւն ներշնչել հասարակութեանը, ապա հոգեպէս անհաւասարակշիռ հայ ղեկավարը կարծես նպատակադրուած է երկիրը պահելու անվերջանալի ջղագրգռութեան եւ տագնապի մէջ: Երկրի ղեկավարի ակնյայտօրէն անհաւասարակշիռ պահուածքն առաւել սրուել է վերջին ամիսներին, յատկապէս` Գիւմրու եւ Փարաքարի աւագանու ընտրութիւններից, ինչպէս եւ հրապարակային միջոցառումներից յետոյ` ի պաշտպանութիւն արցախահայութեան իրաւունքների, եւ ի տես ժողովրդի մեծամասնութեան մէջ ազգային տրամադրութիւնների վերարթնացման:

Փաշինեանը հասկացաւ, որ տարիներ շարունակ գործադրած իր բոլոր քարոզչական ջանքերն ու աճպարարութիւնները, վերազգային անհեթեթ գաղափարների տարածման փորձերը զուր են անցել: Բայց նրա համար շատ աւելի սարսափելի է այն բանի գիտակցումը, որ իրադարձութիւնների ընթացիկ հունով զարգացման պարագայում հին ու նոր բոլոր տեսակի ընտրակեղծարարութիւնների գործադրման դէպքում էլ չի կարողանալու գալիք ընտրութիւններում մօտենալ յաղթանակի անհրաժեշտ շեմին: Այս հարցում, որպէս դաշնակիցներ, սեփական քուէով չեն կարող աջակցել տարիներ շարունակ ձեռքի տակ փայփայած անձնական օգտագործման քաղաքական խմբակները: Աւագանիների վերոյիշեալ ընտրութիւններից յետոյ երկրի վարչապետն ու իր խմբակը մտնելով ընդդիմադիր դերի մէջ` դարձան շատ աւելի յարձակողապաշտ ու սադրիչ:

Որպէս այս շրջանի յատկանշական իրադարձութիւններ` յիշենք կտրուկ եւ կոպիտ ոտնձգութիւնները Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ, չդադարող բախումնային իրավիճակները խորհրդարանում, գործարար եւ բարեգործ Սամուէլ Կարապետեանի, ինչպէս եւ մի շարք ընդդիմադիր գործիչների ձերբակալութիւնները, մասնաւորապէս եւ` դաշնակցական գործիչների դէմ ձեռնարկուող հետապնդումները: Դեռ որ վերջին պետական ու ազգային մակարդակի խայտառակութիւնը ուժային կառոյցների գրոհն էր հոգեւոր կենտրոն Էջմիածնի վեհարանի վրայ, ինչպէս եւ` երկու սրբազանների ձերբակալութիւնը: Այս իշխանութեան նախայարձակ եւ սադրիչ գործողութիւնները մտածել են տալիս, որ իրադարձութիւնների օրինաչափ զարգացումից վախեցած մենատէր ղեկավարը փորձում է, այսպէս ասած, ոչ միայն քարտերը խառնել, այլեւ խաղասեղանը շուռ տալ` ստեղծելով ոչ բնական իրավիճակ, երբ կարող է իրադարձութիւնների վրայ ազդել իր սիրած մեթոտով` ուժային եւ պետական այլ լծակների անօրինական գործադրմամբ: Ասուածի փաստացի դրսեւորումն է մտացածին յեղաշրջման հեքիաթը: Ինչպէս անցած 7 տարիներին է բազմիցս կրկնուել աղմկոտ ձերբակալութիւններից ու ամպագոռգոռ մեղադրանքներից ինչ-որ ժամանակ անց ամբաստանուած մարդիկ սուսուփուս ազատ կ՛արձակուեն, սակայն Փաշինեանն այդ ընթացքում հասած կը լինի իր հետապնդած որոշակի խնդիրների իրականացմանը:

նիկոլ Փաշինեանը լաւ է հասկանում, որ բոլորի համար էլ, վաղ թէ ուշ, իշխանութեան շրջանն աւարտւում է, եթէ ի հարկէ միապետական ընտանիքի ժառանգորդ չէ:

Համատարած հիասթափութեան եւ ատելութեան պայմաններում իր քաղաքական եւ բարոյական ժամանակը նոյնպէս սպառուել է: Ճիշդ է որ արեւմտեան կառոյցները, իրենց վարկաբեկման գնով, անցնող տարիներին հովանաւորել են Հայաստանի ղեկավարին` աչք փակելով այս իշխանութեան բռնապետական, հակաժողովրդավարական, անօրինական փտածութեան բնոյթի վրայ: Մեծ ցանկութեան դէպքում էլ այսուհետ նրանց համար դժուար է լինելու հանրութեան աչքին խայտառակուած ղեկավարի ինքնավերարտադրութիւնը հովանաւորելը: Պատահական չէ, որ օտարերկրեայ մի շարք լրատուամիջոցներ, որոնք ժամանակին թիկունք եղան Նիկոլ Փաշինեանին, այժմ քննադատում են նրան:

Փաշինեանը փորձում է ապացուցել, որ դեռ տիրապետում է իրավիճակին եւ պատրաստ է բաւարարել արտաքին հովանաւորների պահանջները: Նրա բիրտ պահուածքը, ուժային կառոյցների միջոցով հարցեր լուծելը նպատակ ունեն համոզելու ներսի ու դրսի լսարաններին, որ Հայաստանի միաձոյլ իշխանութիւնն ամբողջովին ենթարկւում է իրեն եւ պատրաստ է կատարելու իր բոլոր քմահաճոյքները: Նա բացայայտօրէն խորացնում է Ռուսաստանի հետ դէպի խզում գնացող յարաբերութիւնները` իբր թէ Ռուսաստանի հաւանական դաւադրութիւնից փրկելով դէպի Արեւմուտք նաւարկող Հայաստանը: Փաշինեանի համար առանձնայատուկ պայքարի ճակատ է Հայ առաքելական եկեղեցին: Եկեղեցու դէմ նրա պայքարը սկսուեց իշխանութեան գալու օրերից, «Նոր Հայաստան` նոր կաթողիկոս» կարգախօսի ներքոյ»: Եկեղեցու դէմ ձեռնարկած ոտնձգութիւնները, սակայն, մշտապէս հանդիպում են ժողովրդի բուռն հակազդեցութեանը: Նոր իշխանութիւնը ի սկզբանէ խրուեց ներքաղաքական եւ սրա կողքին բարդացող արտաքին քաղաքական գործընթացների մէջ եւ ստիպուած եղաւ շեղուել ազգային եկեղեցու դէմ ծրագրած պայքարի «կարեւոր» ուղղութիւնից: Հիմա, սակայն, երբ ներսում ու դրսում շատ բան նա կորցրել է, իր համար սկզբունքային հարց է դարձել «յաղթանակ» տանելը ժողովրդի մօտ մեծ հեղինակութիւն վայելող եւ ազգին համախմբելու ունակ մայր եկեղեցու նկատմամբ:

Յաջողութեան դէպքում դրածոների ձեռքը յանձնելով ազգի դարաւոր աւանդոյթների հոգեւոր հիմքը հանդիսացող եկեղեցու առաջնորդութիւնը, նա կը կարողանայ` խարխլման տանել ազգային միասնականութիւնն ապահովող հայոց հոգեղէն պատեանը, տիրող աշխարհայեացքը փոխարինել իր քարոզած համաշխարհայնացման դատարկաբանութեամբ, սահմանադրական ճանապարհով վերացնել Հայ եկեղեցու գերակայ կարգավիճակը, ինչպէս նաեւ ձեռք բերել աղանդների բարեհաճութիւնը` յաջորդ ընտրութիւններում կրկին նիկոլականներին ձայն տալու համար:

Քաղաքական իշխող խմբի ղեկավարն այլեւս չի կարողանում քողարկել, որ երկրի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին բազում ճակատագրական մարտահրաւէրների պայմաններում իրեն մտահոգող գլխաւոր հարցը իշխանութիւնը չկորցնելն է: Տագնապալի մի քանի օրեր ողջ հայ ժողովուրդը շունչը պահած հետեւում էր Իրան-Իսրայէլ պատերազմի ընթացքին` շատ լաւ գիտակցելով, որ եթէ բարեկամ երկրում իշխանութեան ճգնաժամ առաջանայ, Ազրպէյճանն օգտուելու է առիթից ներխուժելու համար Սիւնիք: Ի՞նչ պէտք էր անէր Հայաստանի նորմալ ղեկավարը այս պարագայում` ձեռք առնէր համապատասխան ներքին միջոցառումներ եւ խօսէր այդ մասին ժողովրդի հետ, մեկնէր ռազմաքաղաքական դաշնակից երկիր եւ փորձէր երաշխիքներ ստանալ Հայաստանի դէմ հնարաւոր յարձակումը կանխելու եւ տարբեր բնոյթի ու մակարդակի աջակցութիւններ ստանալու վերաբերեալ: Գուցէ նոյնիսկ հնարաւոր լինէր հէնց Սիւնիքի սահմանամերձ տարածքներում դաշնակից երկրի հետ անցկացնել զօրավարժութիւններ (այս դէպքում կարեւորը կը լինէր ոչ թէ դրանց ծաւալը այլ ի՛նքը երեւոյթը` որպէս նախազգուշական եւ զսպող գործօն):

Գուցէ եւ ուրիշ բաներ, բայց կարեւորը` որ ղեկավարը լինէր իր ժողովրդի հետ, այլապէս ո՞ւմ ինչի՛ն է պէտք ղեկավարը: Իսկ Հայաստանի վարչապետն արեց ճիշդ հակառակը, այն պայմաններում, երբ Ազրպէյճանն Իրանի դէմ Իսրայէլին էր աջակցում, նա շարունակեց յարձակումները եկեղեցու դէմ, ձերբակալեց Սամուէլ Կարապետեանին եւ բազմաթիւ ընդդիմադիր գործիչների, մեկնեց Թուրքիա եւ անձնական աջակցութեան դիմաց թէ ինչեր խոստացաւ Հայաստանի կործանմանը ձգտող դարաւոր թշնամու յարձակողապաշտ ղեկավարին, մնում է անյայտ, ինչպէս որ գաղտնի են մնացել Փաշինեանի իշխանութեան իրականացրած բոլոր բանակցութիւնները: Այս օրերին եկեղեցու դէմ սանձազերծած փոթորիկը հաւանաբար նաեւ նպատակ էր հետապնդում շեղելու մարդկանց ուշադրութիւնը Թուրքիա կատարած այցելութիւնից եւ ձեռք բերուած դաւադիր համաձայնութիւններից: Միւս կողմից` ակնյայտ են ճակատագրական այն պահանջները, որոնք թուրք-ազրպէյճանական դաշինքը պարտադրում է Հայաստանի իշխանութիւններին: Ուշադրութիւն դարձնենք, որ Թուրքիայի եւ Ազրպէյճանի հետ մութ գործարքների մէջ խորանալուն զուգահեռ, այսօրուայ իշխանութիւնը, ի դէմս իր միանձնեայ ղեկավարի, թուլացնում եւ մկրատում է Ռուսաստանի հետ առկայ փոխյարաբերութիւններն ու կապերը: Հայկական ելեկտրացանցերի եւ կազամատակարարման համակարգի շուրջ շրջանառուող խօսակցութիւնները հէնց այդ նպատակն են հետապնդում: Խելայեղութիւն են թւում պատմութեան ճակատագրական պահի առջեւ յայտնուած երկրի ղեկավարութեան բացայայտ յարձակումներն ու սադրիչ քայլերը Ռուսաստանի նկատմամբ:

Դժուար է մտածելը նոյնիսկ, թէ ի՛նչ կը պատահի Հայաստանի հետ, եթէ իր հերթին Ռուսաստանը դիմի հակաքայլերի: Թէեւ այդ միջոցառումների թոյլ ազդանշաններն արդէն առկայ են ռուսական շուկայ հայկական ապրանքների մուտքը դժուարացնելու ձեւով: Միւս կողմից` յունիսի 27-ին ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների հերթական հաւաքին, որին Նիկոլ Փաշինեանը մասնակցեց տեսակապով, Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսէյ Օւերչուկը կրկին անդրադարձաւ Եւրոմիութեան ուղղութեամբ մեր երկրի ղեկավարութեան ձեռնարկած քայլերին եւ կրկին շեշտեց. «Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թէ՛ ԵԱՏՄ եւ թէ՛ ԵՄ անդամ», «Դա կը նշանակի, որ Եւրասիական տնտեսական միութեան ներքին շուկայում կը յայտնուեն ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին: Այս հարցը մենք ներառել ենք Եւրասիական տնտեսական յանձնաժողովի խորհրդի օրակարգում»: Ռուսաստանցի պաշտօնեայի խօսքով, ինքը պատրաստւում է այս խնդրի վերաբերեալ նամակ գրել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանին:

«Ես տեղեկացնելու եմ նրան, որ այս գործողութիւնները հակասում են Եւրասիական տնտեսական միութեան կանոններին, եւ մենք քննարկելու ենք համապատասխան միջոցներ կիրառելու հարցը», ինչին որ անդրադարձան Հայաստանի բազմաթիւ լրատուամիջոցներ: Ակնյայտ է, որ Ռուսաստանը սկսում է աւելի ուշադիր ու գործնական հայեացքով նայել Հայաստանի կողմը եւ, կանխատեսելի յաջողութիւնների հասնելով ուքրանական ճակատում ու ամրապնդելով դիրքերն արտաքին յարաբերութիւնների մէջ, դէմքով շուռ է գալիս նաեւ Հայաստանի կողմը:

Դատելով ուշադրութեան մեծացումից` ռուսական ղեկավարութիւնը այլեւս չի ցանկանում հանդուրժել այն խաղը, երբ Հայաստանի վարչապետը սիրոյ երդումներ կը տայ Մոսկուայում, սակայն Հայաստան հասնելուց յետոյ իր խմբակին եւ ձեռնասուն իշխանաւորներին կը հրահանգի շարունակելու հակառուսական գործունէութիւնը: Ռուսաստանին համակրող կամ չհամակրող, անգամ ատող հայերը արդեօ՞ք լաւ են պատկերացնում, թէ տնտեսական, քաղաքական եւ այլ առումներով ի՛նչ են նշանակում փոքր Հայաստանի թզուկ ղեկավարութեան այս խաղերը հսկայ Ռուսաստանի հետ:

Որքան էլ ցանկալի չէ այդ մասին խօսելը, բայց կարծես մենք չխրատուեցինք քսան թուականից յետոյ եւ հիմա յամառօրէն գնում ենք նոր փորձութիւններին ընդառաջ: Երբ մենք կտրում ենք այն ճիւղը, որի վրայ նստած ենք, ո՞րն է մեր անվտանգային, տնտեսական, ուժանիւթային այլընտրանքը, Եւրոպա՞ն, որը ոչինչ չի խոստանում, թէ՞ գուցէ Թուրքիան ու Ազրպէյճանը: Ի հարկէ Նիկոլ Փաշինեանը ամենալաւ պատկերացնողն է այդ հեռանկարի, սակայն փորձելով բարձրացնել իր ուժերից վեր բեռ, նա ամբողջովին ձախողուել է արտաքին քաղաքականութեան մէջ եւ այժմ չի կարողանում դուրս գալ իրեն պարտադրուող խաղից: Թշնամական գրագէտ ու հետեւողական ճնշման դիմաց չկարողանալով ծպտուն հանել` նա կարծես «ծեծուած շան» իր բարդոյթը փորձում է յաղթահարել աջ ու ձախ հաջելով ու կծոտելով սեփական բակում:

Մի քանի անգամ ժողովրդի մի մեծ հատուածի յիմարացնելուց յետոյ Փաշինեանին թւում է, որ ինքը կարող է անվերջ «ֆռռացնել» իր նշանակած երեք միլիոն վարչապետներին եւ, այն ժամանակ, երբ Ազրպէյճանն ու Թուրքիան դրսեւորում են մեծ յաւակնութիւններ, երբ ազրպէյճանական ուժերն ամրապնդւում են մեր երկրի տարածքում, ինքը յայտարարում է, թէ Հայաստանը երբեք այսքան անկախ չի եղել, Հայաստանին ոչինչ չի սպառնում: Նա անգամ չի խորշում շնականօրէն յայտարարելու, թէ` «Մենք ոչ թէ կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետութիւնը»: Ինչ ասես, եթէ դեռ կան մարդիկ, որոնց համար այս խոտը հաճելի է, բարի ախորժակ իրենց, իսկ ով կարողանում է դատել ըստ իր տեսածի եւ համաձայն սեփական տրամաբանութեան` լաւ են յիշում, թէ անկախութեան որ տարիներին ենք մենք բանակի ու ժողովրդի ոգեկան միասնականութեան շնորհիւ եղել առաւել անկախ եւ պաշտպանուած, երբ ինչպէս են խօսել հայ ղեկավարներն ազրպէյճանցիների ու թուրքերի հետ, ու մենք մշտապէս չենք վախեցել պատերազմի հեռանկարից:

Նիկոլ Փաշինեանը, հաշուի անելով զանգուածներին հլու ուղղորդելու իր հունարի վրայ, յայտարարում է, որ եթէ ինքը չլինի, եւ գան ուրիշները, պատերազմ կը լինի, երկիրը չի կառավարուի, կարճ ասած, կը կործանուի: Այս երկրի եօթ տարեկանից մեծահասակները կարծում եմ կը յիշեն` արդեօ՞ք հէնց այդպէս էր Հայաստանի վիճակը նախքան Նիկոլի «յայտնութիւնը»: Փաշինեանը եօթ տարի շարունակ խուսանաւում է ստի ու ճշմարտութեան միջեւ եւ կազմակերպուած քարոզչութեան միջոցով սեւը ներկայացնում է սպիտակի տեղ: Ի հակառակ պատմական իրողութիւնների` նա փորձում է համոզել, թէ թուրանիզմն ու փանթուրքիզմը վտանգ չեն ներկայացնում. «Ինչ է եղել, ուզում են գնան գան մեր ճանապարհներով, թող գնան գան»: Այդպէս աչքին թօզ փչելով` նա վաղը յանձնելու է Զանգեզուրը, որովհետեւ թշնամին եթէ միայն գնալ-գալու խնդիր ունենար, Իրանի տարածքով էլ կարող էր գնալ-գալ, կամ նոյնիսկ` Հայաստանի տարածքով, սակայն` առանց ճանապարհի գօտին ստանալու պահանջի: Անդրկովկասի վրայ իշխելու, փանթուրքիզմի սահմաններն ընդլայնելու համար նա ցանկանում է, որ վերանայ այն Հայաստանը, որն իրեն ենթակայ չի լինի: Իր անվերապահ զիջումներով Փաշինեանը Հայաստանը վերածում է թուրքազրպէյճանական գերիշխանութեան ենթակայ տարածքի, որտեղ հայերը կարող են ունենալ դաշտում արածող կենդանու ազատութիւնը, քանի դեռ չեն փորձի յիշել պատմութեան, սեփական ինքնութեան, արժանապատուութեան եւ իրաւունքների մասին: Այսօր Փաշինեանին քնքշօրէն փարուող կթուորուհին, տաքսիստը, արուեստագէտն ու մտաւորականը փաստացի համաձայն են դառնալ դաշտում ազատ արածող այդ կենդանին:

Նիկոլ Փաշինեանը գիտի, որ իր ժամանակը կարճ է, ժամանակը փոխւում է արագօրէն, անգամ Արեւմուտքի համաշխարհայնացման կողմնակից առաջնորդներն են կորցնում իրենց ոտքի տակի հողը, ուր մնաց` կարողանան երաշխաւոր լինել Նիկոլի վերարտադրութեանը: Ի հարկէ յաջորդ գարնանը նրանք երկու անգամ կը գան Հայաստան` համաեւրոպական միջոցառումներ իրականացնելու եւ ուղղակի կամ անուղղակիօրէն Նիկոլի քարոզչութիւնը կ՛անեն ընտրութիւնների նախօրեակին եւ անորոշ ժամանակի համար հայ ժողովրդին եւրոպական ապագայ կը խոստանան: Աշխարհաքաղաքական մեծ կռիւը ոչ միայն աւարտուած չէ, այլեւ դեռ թափ է հաւաքում, եւ այդ մեծ կռուի մէջ ոտատակ ընկած հայ ղեկավարը մտածում է երկիրն աճուրդի հանելու գնով իշխանութիւնը պահպանելու մասին եւ այժմուանից փորձում է ամայացնել իր ճանապարհը (անգամ ազգային հաւատի եւ Մայր եկեղեցու դէմ պղծութեան գնով): Այնուամենայնիւ, յաջողութեան հասնելու ճանապարհին նրա գլխաւոր դաշնակիցը մնում է ընդդիմադիր դաշտի պառակտուած եւ անորոշ վիճակը: Այն ընդդիմութեան, որը մինչեւ այսօր չի կարողացել կազմակերպել երկար շնչի, ծրագրուած ու հետեւողական պայքար եւ, կամայ թէ ակամայ, գնում է Նիկոլ Փաշինեանի կողմից անվերջ հրապարակ նետուող օրակարգերի ետեւից:

Երբ չկայ ազգային միասնականութիւն, Փաշինեանը հրէշի պէս մէկ-մէկ կուլ է տալու բարձրացող գլուխները, ինչպէս վարուեց Սամուէլ Կարապետեանի, երկու սրբազան հայրերի ու նաեւ այլ գործիչների հետ: Այս մարտավարութեամբ էլ նա գնալու է դէպի առաջիկայ ընտրութիւններ: Կա՛մ հայ ժողովուրդն իր մէջ ուժ կը գտնի կասեցնելու այս գահավէժ ընթացքը, կա՛մ Փաշինեանը ձեռք կը գցի Հայաստանը վերջնական անձնատուութեան տանող իր նոր մանտաթը:

«ԴՐՕՇԱԿ» թիւ 6, 2025թ.

Նախորդը

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2025-ի Վեցերորդ Թիւը

Յաջորդը

Համազգայինի Մ. Եւ Հ. Արսլանեան Ճեմարան. «Ուալիտ Պըն Թալալ» Բարեսիրական Հաստատութեան Փոխնախագահ, Նախկին Նախարար Լէյլա Սոլհ Համատէ Այցելեց Ճեմարան

RelatedPosts

Վերագտնում Եւ Վերամիաւորումներ. Մոռցուած Հայկական Համայնք Մը
Անդրադարձ

Վերագտնում Եւ Վերամիաւորումներ. Մոռցուած Հայկական Համայնք Մը

Նոյեմբեր 1, 2025
Ռուբէն Ֆիլեանի «Քո Երկրի Դեսպանը»
Անդրադարձ

Ռուբէն Ֆիլեանի «Քո Երկրի Դեսպանը»

Նոյեմբեր 1, 2025
Խմբագրական ՀՄԸՄ-ի «Մարզիկ» Պաշտօնաթերթի.  Արցախո՛վ
Անդրադարձ

Խմբագրական ՀՄԸՄ-ի «Մարզիկ» Պաշտօնաթերթի. Արցախո՛վ

Նոյեմբեր 1, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?