Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նիկոլ Աղբալեան. Ազգային Գործիչը (Ծննդեան 150-Ամեակի Առիթով)

Յուլիս 1, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Այսօր կարող է դժուար ընկալելի լինել, որ Ա. Հանրապետութեան տարիներին ուժի կիրառումով թուրք բնակչութեան տեղահանութիւնը մենք համարում ենք ոչ միայն դրական երեւոյթ, այլեւ` դրանց կազմակերպիչների եւ իրագործողների կենսագրութեան շատ կարեւոր բաղկացուցիչը, սակայն այդ իրողութիւններն իրենց ժամանակի մէջ գնահատելու դէպքում, կարծում ենք, նման հարցեր չեն առաջանայ: Իսկ նշուած ժամանակաշրջանի նոյնիսկ թռուցիկ ուսումնասիրութիւնից ակնյայտ է դառնում հետեւեալը.

Ա) հայկական բոլոր բնակավայրերը, այդ թւում` Երեւանը, շրջապատուած էին թուրքական բնակավայրերով, հետեւաբար հայկական բնակավայրերի միջեւ հաղորդակցութեան ուղիները գտնւում էին նրանց վերահսկողութեան տակ.

բ) Արեւելեան Հայաստանի ողջ տարածքում թուրքական տարրը, որը քանակով առանձնապէս չէր զիջում հայ ազգաբնակչութեանը (ըստ 1917-ի վիճակագրութեան, Երեւանի նահանգում կար 669.871 հայ եւ 410.149 մահմետական (իմա` թուրք եւ «Կովկասի թաթար»), իսկ Կարսի եւ Ղազախի հետ միասին` 854.041 հայ եւ 577.953 մահմետական) , պարբերաբար կազմակերպուած կերպով ապստամբում էր հայկական իշխանութիւնների դէմ, կտրում հաղորդակցութեան ուղիները, սպաննում եւ թալանում հայ ազգաբնակչութեանը` այդպիսով ձգտելով խոչընդոտել հայկական ղեկավարութեան կողմից գործադրուող` ռազմաճակատին օժանդակելու ջանքերին` մինչեւ մայիսեան հերոսամարտերը, իսկ Հայաստանի Հանրապետութեան հռչակումից յետոյ` արգելակել հայկական պետականութեան կայացումը Հայկական Լեռնաշխարհի թէկուզեւ մի փոքր մասի վրայ` ձգտելով «Հայաստանը պայթեցնելու ներսից»: Այս իրողութեան ակնառու օրինակ էր յատկապէս Պէօյիւք-Վեդիի թրքութեան ապստամբութիւնը, որը լուրջ գլխացաւանք էր դարձել հանրապետութեան իշխանութիւնների համար: Բանը հասել էր այնտեղ, որ Հայաստանի տարածքում ստեղծուել էր երկու ինքնահռչակ մահմետական «հանրապետութիւն»` ««Արեւմտեան Կովկասի հանրապետութիւնը»` Կարսի «շուրա»-ով եւ Արեւելեան Կովկասի կամ «Արաքսեան հանրապետութիւնը», որի մէջ մտնում էին Սուրմալուն, Զանգի եւ Վեդիբասարները, Միլին, Շարուրն ու Նախիջեւանը` Նախիջեւան կենտրոնով», որոնք ունէին իրենց սեփական բանակները` զինուած թուրքական զէնք-զինամթերքով եւ չէին ճանաչում ՀՀ իշխանութիւնների գերակայութիւնը: Նպատակը մէկն էր` աւարտին հասցնել հայութեան բնաջնջումը եւ վերացնել վերջին խոչընդոտը Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին:

Այս պայմաններում հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքի մի փոքր մասի վրայ պետականութիւն կերտելու համար հարկադրուած էր դիմելու ծայրայեղ քայլերի, այլապէս անդառնալիօրէն կը կորցնէր վերջին հնարաւորութիւնը: Եւ ահա, ի թիւս զէնքի մարդկանց, որոնց անցած ճանապարհը նրանց արդէն իսկ կոփել էր նմանօրինակ գործերում, կենսականօրէն կարեւոր այդ գործում իր ներդրումն ունեցաւ նաեւ գրչի մարդ Ն. Աղբալեանը` որպէս «տեսաբան»: Պահը ճակատագրականօրէն հրամայական էր հայ ժողովրդի համար, եւ եթէ օրուայ պատասխանատուները չդրսեւորէին ճիշդ ժամանակին եւ բաւարար վճռականութեամբ գործելու կամք, հայ ժողովրդի արիւնարբու թշնամիները նրա ոտքերի տակից տանելու էին իր պատմական հայրենիքի նաեւ այս փոքրիկ հողակտորը, եւ ինքը դառնար այլեւս աշխարհացրիւ մի թափառախումբ: Եւ օրուայ պատասխանատուները, նախ` Արամը եւ Դրոն, ապա Ռուբէն Տէր Մինասեանը եւ Ն. Աղբալեանը դրսեւորեցին այդ վճռականութիւնը:

3.- Ազգի զինուորագրեալին, այդ թւում` բարձր պատասխանատուութիւն ստանձնած գործչին ներկայացուող պահանջների աղբալեանական նշաձողը շատ բարձր էր: Ի հարկէ Ն. Աղբալեանն այդ բարձր չափանիշները սահմանում է իր եւ իր կուսակից ընկերների համար` որպէս զինուորագրեալների առաջատար ջոկատի ներկայացուցիչների: Վերջիններից նա պահանջում էր անսակարկ եւ անմնացորդ նուիրում ազգային գործին: Այդ իմաստով նրա պատկերացումների արտայայտութիւնն էր «Մտածումներ ՀՅ Դաշնակցութեան մասին» երկասիրութիւնը, որը Ն. Հանգոյց ստորագրութեամբ նախ` հատուածաբար լոյս տեսաւ «Դրօշակ»-ի էջերում, ապա` առանձին գրքոյկով: Հեղինակն այս աշխատանքում իրերի եւ երեւոյթների խորքը թափանցելու իրեն բնորոշ սուր դիտողականութեամբ ու պատկերաւոր լեզուամտածողութեամբ ընթերցողի համար բացայայտում է ՀՅ Դաշնակցութեան էութիւնը եւ ուրուագծում է տիպար դաշնակցականի իր տեսլականը` հիմք ընդունելով ՀՅԴ կանոնագրի մի քանի դրոյթ:

Այն կանոնագրի, որի մշակման գործում մեծ էր նաեւ իր մասնակցութիւնը: Յիրաւի, նշաձողը շատ բարձր է սահմանուած նոյնիսկ այնպիսի դաշնակցականների դէպքում, որոնց գործը յանուն հայրենիքի եւ հայ ժողովրդի զոհաբերութեան խորհրդանիշ է եղել թէ՛ ժամանակակիցների եւ թէ՛ սերունդների համար: Այդ պահանջներին ծանօթացող անգամ շատ անուանի դաշնակցականներ, որոնց անունները լուսաւորում են ոչ միայն ՀՅԴ 135-ամեայ ուղին, այլեւ զարդարում են հայ ժողովրդի աւելի քան հինգ հազարամեայ պատմութեան հերոսական էջերը, պիտի երկմտէին` արդեօ՞ք իրենց անցած ճանապարհը կարող է քննութիւն բռնել աղբալեանական չափանիշներով:

Դժուար է յիշեալ աշխատութիւնից առանձնացնել մի միտք, որը կարելի կը լինի համարել ամէնից բնութագրականը տիպար դաշնակցականի աղբալեանական ընկալման համար, որովհետեւ «Մտածումներում» հաւասարապէս արժէքաւոր են բոլոր մտքերը: Բայց եւ այնպէս, որպէսզի մեր խօսքը մերկապարանոց չհնչի, անենք մի քանի քաղուածք. «Դաշնակցականը» պարտաւոր է զոհաբերել, որ հայ ժողովուրդը ապրել կարենայ: Նա ուխտած է դուլ ու դադար չունենալ, «ամէն ջանք թափել», մինչեւ հայ ժողովուրդը ազատուի իր ստորադաս եւ ստրուկ վիճակից»: Կամ` «Դաշնակցականն» այսպիսով իր իսկ անձի մէջ վերակազմում է նոր հայութեան տիպարը, բորբոքելով ժառանգական արութեան կայծերը, որ մնացած են անթեղուած եւ յարաճուն խիզախութեամբ խարանելով ու սպիացնելով ժառանգական ստրկամտութեան վէրքերը: Այս յեղաշրջման ճամբին «դաշնակցականը» կորցնում է շատ անձնական շահեր եւ խիզախում է շատ թանկագին կապեր, բայց նրա աչքին չեն երեւում այդ կորուստները, որովհետեւ մի կողմից` խթանում է կանոնագրի պահանջը` «ամէն ջանք թափել», որին նա յանձնառու է դարձած, միւս կողմից` կշտամբում կամ քաջալերում է նահատակ ընկերների թանկագին յիշատակը, որ հսկում է անմար. ընկերներ, որ ոչ մէկ բանով պակաս էին նրանից, եւ յաճախ` շատ բանով առաւել, եւ որոնք, սակայն, մեռան պայքարի ճամբին, կուսակցութեան դրօշը թողնելով իրան»: Կրկին. «Ամէն մի «դաշնակցական» կոչուած է Սասունցի Դաւթի նման «թուր կայծակին» շարժելու Մսրա մելիքի» դէմ. նա պարտաւոր է հոգալ թէ՛ իր բազկի զօրութեան մասին` բարոյական տիպարը մշակելով իր մէջ, եւ թէ՛ կայծակէ թուրի զօրութեան մասին` «ամէն ջանք թափելով», որ նա չգուլանայ եւ չժանգոտի անտեղի եւ անվայել գործերի մէջ, այլ միշտ սրբած ու պատրաստ` ասպետական անշահախնդիր ձեռքի մէջ, օրհասական պայքարների օրերին իջնի թափով ու զարկէ սարսափով…»: Անաչառ լինելու դէպքում պիտի ասել, որ իրականում Ն. Աղբալեանը ոչ այնքան այդպիսի բարձր չափանիշների սահմանողն էր, որքան դաշնակցականի հաւաքական կերպարից դրանք բիւրեղացնողը` որպէս ուղենիշ սերունդների համար: Ի դէմս «Մտածումներում» քայլ առ քայլ ուրուագծուող տիպար դաշնակցականի, կը տեսնենք ե՛ւ ՀՅԴ հիմնադիր երրորդութեանը` Քրիստափոր, Զաւարեան, Ռոստոմ, ե՛ւ նրանց ոչ պակաս արժանաւոր ընկերներին ե՛ւ յաջորդ սերունդների նուիրեալներից շատերին, որոնց անյոգնել տքնութեան, զրկանքների ու զոհաբերութեան գնով սկիզբ առած հայ ազատագրական պայքարը գնալով ծաւալուեց, երբեք կանգ չառաւ` հասցնելով անկախ պետականութեան ստեղծման հանգրուանին 1918-ին, շարունակուեց սփիւռքում, շարունակւում է մինչեւ օրս եւ այսուհետ էլ պիտի շարունակուի «յարատեւ կռուի» կարգախօսով, քանի դեռ որեւէ տեղ ոտնահարուած են հայի ազգային իրաւունքները: Ն. Աղբալեանի ուրուագծած տիպար դաշնակցականը, սակայն, չի նոյնանում յայտնի անուններից եւ ոչ մէկի հետ, որովհետեւ, ի վերջոյ, նրանք էլ մարդիկ էին` իրենց երկրային թերութիւններով ու թուլութիւններով:

«Դրօշակ», թիւ 5 – 2025

(Շար. 2)

Նախորդը

Ֆրանսական Դիւանագիտութիւնը` Արցախի Ազրպէյճանականացման Սպասարկու

Յաջորդը

Ազգային Ինքնութեան Ոչնչացումը

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?