Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Այս Զարհուրելի Ապրիլը…

Ապրիլ 24, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Մեռնում ենք ի զուր ու չենք զարհուրում,
Մաշւում ենք ու չենք ստրջում բնաւ:
Հատնում ենք անհոգ, անփոյթ, անտարբեր,
Գնում ենք անդարձ ու չենք սթափւում,
Գերեվարւում ու չենք էլ զգում:

Միջնադարում գրուած այս տողերը հանճարեղ Նարեկացուն է պատկանում, որը  այսօրուայ մեր վիճակի լիարժէք բնութագրումն է: Իրապէս հանճարների մտքի հեռատեսութիւնը ժամանակ ու սահման չունի:

Միջնադարեան մեր այս հսկան, որ անվարան առճակատեց Աստծոյ հետ, քննեց մարդուն ներսից` բացայայտելով մարդ էակի մեղքերով լի էութիւնը, թուարկելով նրա անհաշուելի մեղքերը, որով շարունակում է գոյատեւել, բողոքեց ոչ լիարժէք ստեղծուած լինելու համար եւ համայն մարդկութեան մեղքերի համար թողութիւն խնդրեց. «Ողբերն սպառուեն, արցունքներն յայտնեն», «Սուգը փարատուի, խաւարն հալածուի»…

Մէկ անձ համայն մարդկութեան մեղքերի համար թողութիւն խնդրեց: Ընդամէնը մէկ անձի մտքի եւ հոգու հզօրութեան, անյատակ բարութեան  կոչը, ուրեմն, կարող է մարդկութեանն օգտակար լինել, որի հաւատով էլ մեր մեծ մտածողը դիմեց Աստծուն: Եւ հակառակը` մէկ անձի գործած աւերը կարող է կործանել մի ողջ ժողովուրդ ու երկիր, որի վկաներն ու այդ աւերը կրողներն ենք մենք` ներկայ ժողովուրդս:

Մեր մեծ մտածողի վերլուծումն ու հաւատամքը ծնունդ առած միջնադարում, մեզնից խլուած, մեր հայրենի Վասպուրականի Վան քաղաքում, մինչ օրս հարստացնում է մեզ` որպէս մտածող, ստեղծող ազգ:

Ի հակադրութիւն միջնադարի` այսօր մէկ ամբողջ ժողովրդով չենք ձգտում, չենք մտածում մեր երկրում տիրող «խաւարն հալածել», «սուգը փարատել», հետեւաբար չենք կարող հպարտանալ ո՛չ ներկայով, ո՛չ էլ մեր թողածով:

Բայց ինչպէ՞ս, ինչպէ՞ս է, որ այդ խաւար միջնադարում հանճարեղ մի հայ իր համարձակ, հեռատես մտքերն է արտայայտել` անմիջապէս Աստծուն ուղղուած, իսկ այսօր մենք սիրով հանդուրժում ենք մեզ կործանող խաւարամիտների վարձու վոհմակին: Մի՞թէ միեւնոյն ազգը չենք, մի՞թէ Նարեկացուն ծնած հողի ծիներից նոյնիսկ աննշան մասնիկներ չեն փոխանցուել մեզ, չեն մնացել մեր մէջ…

Չէ՞ որ իրենից 10 դար յետոյ, 20-րդ դարում, նոյն հանճարի ծննդավայր, հայրենի Վանի ժողովուրդը, առանց պետականութեան, նոյն համարձակութեամբ, հաշուի չառնելով թուրքի առաւելութիւնը, նրա լծից ազատագրուելու տենչով, ոտքի ելաւ միայնակ, իր ուժերով ազատագրեց իր երկիրը, որը ցաւօք դաւադրաբար վերջնականօրէն խլուեց մեզնից:

Իսկ հազար տարի յետոյ, 21-րդ դարում, պետականութիւն ունենալով հանդերձ, մեր երկրի մէկ այլ հատուած, հազարաւոր զոհերով ազատագրուած, ինքնուրոյն հանրապետութիւն հռչակուած դարաւոր Արցախը այսօրուայ մի խումբ վարձու ստահակներ, ոտնակոխ անելով այդ հողի պատկանելիութիւնը, դարերով այնտեղ ապրած ժողովրդի իրաւունքները, նուիրեցին թշնամուն` որպէս նրանց պատկանելիութիւն, եւ մենք դեռ հանդուրժում ենք նրանց` մեր ճակատագիրը խոնարհօրէն իրենց յանձնած:

Իրապէս` «Գնում ենք անդարձ ու չենք սթափւում, գերեվարւում ենք ու չենք էլ զգում»:

Եթէ իրապէս զգայինք, թէ որտեղից ո՛ւր ենք հասել, գուցէ սթափուէինք եւ պահպանէինք մեր միակ փրկած փոքրագոյնը եւ պահանջատէր լինէինք մեզնից խլուածին:

110 տարի է անցել պատմութեան մէջ առաջին անգամ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ դատապարտելի անուանումով որակաւորուած արեւմտահայութեան բնաջնջումից, նրանց տարածքների բռնագրաւումից ու այդ բռնագրաւումի օրինականացումից, եւ  մենք դեռ ոչ միայն չենք կարողացել ցեղասպանին ընդունել տալ իր գործած ցեղասպանութիւնը, այլ հայոց պետականութիւնը ղեկավարող նոյն Նարեկացու նկարագրութեամբ` «լպիրշ կերպարանք ու անպատկառ դէմք» այսօրուայ վոհմակը, ցեղասպանից առաջ ընկնելով, փորձում է ժխտել կատարուած փաստը, կոչ է անում մոռացութեան մատնել անցեալը, որն իր մէջ հաւաքագրուած պահպանում է մեր ոչնչացման, մեր մասնատման ահռելի փաստերը եւ հպատակուել նոյն թուրքի ողորմածաբար մեզ «շնորհելիք ապագային»:

Իրապէս դարերը մաշել են մեզ, սրբել տարել են մեր ազգի միջից մեր գոյատեւման հիմնական ջիղը` երկրի պաշտամունքը, այդ երկրում ապրող ժողովրդի ազգային եւ մարդկային իրաւունքի գիտակցութիւնը:

Ահա թէ ինչո՛ւ, երբ ապրիլը կրկին թակում է մեր դուռը, 110 տարի կուտակուած ըմբոստացումով յիշեցնում մեր մոռացուած պարտականութիւնը, մենք արդէն դուռ չունենք, ներքին եւ արտաքին թշնամին միատեղ համաձայնութեամբ կոտրել է մեր դռներն ու պատուհանները, յօշոտել է մեր երկիրը, աւերել մեր տները, սողոսկել է մեր էութեան մէջ, ոչնչացրել մեր յիշողութիւնը, մեր ինքնապաշտպանութեան ներքին ջիղն անգամ, որն ազգերի յարատեւման հիմնական նախապայմանն է:

Մեր երկիրն այսօր դարձել է թշնամու վասալը, նրա հրամանները անյապաղ կատարողը` յանուն մի քանի վարձկան հոգեկան հիւանդ ղեկավարների սեփական շահերի, որոնք այնպէս են շղթայել երկիրը, որ միահեծանօրէն երկիրը տանում են դէպի կործանում, թշնամու հետ համահաւասար փորձում են ոչնչացնել մեզ, ջնջել անցեալը եւ խորտակել սերունդների ապագան, մեզ պարտադրել թշնամու ապագան:

Մինչ օրս մենք մեղադրեցինք բոլորին` թշնամուց սկսած, մեծ պետութիւններով վերջացրած, առանց անդրադառնալու մեր բացթողումներին: Մեր ժողովուրդը չգիտակցեց, թէ որքա՛ն կարեւոր է իր ներկայի եւ յատկապէս ապագայի համար իր դէմ գործուած ցեղասպանութեան յամառ հետապնդումը, ցեղասպանին պատասխանատուութեան ենթարկելը, նրան հասկացնելով, որ երկրորդ կամ որեւէ այլ անգամ նա չի կարող բնաջնջել մեզ, բայց որի թերացման արդիւնքում մենք այսօր կանգնած ենք նոյն ցեղասպանի բնաջնջման ծրագրի շարունակութիւնում:

Մեր պատմութիւնը մեր իսկ ջանքերով աղաւաղեցինք, մեր դէմ գործուած աներեւակայելի ցեղասպանութիւնը մեր իսկ տգիտութեամբ նախ փոքրացրինք, ամփոփեցինք միայն 1915թ մէջ, երբ այն յաջորդաբար շարունակուեց մինչեւ 1923թ: Սուլթաններից սկսուած` հասաւ մինչեւ Աթաթուրք, որի վերջին զարկով ողջ Արեւմտահայաստանը կորցրեցինք եւ յետոյ մեր վիթխարի հարցը մեր խելքով, «հայի վերջին խելք»-ի հաստատումով, աւելի մարդասիրական երեւալու համար, մեր ցեղասպանութիւնը ներկայացնելիս ընդգրկեցինք մեզ հետ կոտորուած փոքրամասնութիւններին, նրանցից բոլորովին տարբեր մեր կարգավիճակը նոյնացրինք, արժեզրկեցինք` առանց նոյնիսկ անդրադառնալու, որ համեմատութեան եզր անգամ չէր կարող լինել նրանց եւ մեր միջեւ:

Մեզ ամբողջովին բնաջնջեցին մեր  հսկայական տարածքներին, ներկայ ու գալիք հարստութիւններին տիրանալու համար, իսկ քրիստոնեայ լինելը դա մեր մտքի խեղճութեան արդարացումն էր, որը դեռ մինչեւ հիմա շարունակում ենք կրկնել` աւելի փոքրացնելով մեր պահանջը, այն դարձնելով սոսկ հաւատքի կոտորած, ուր բացակայում է տարածքների, տեղանքի հարստութեան բռնագրաւումը:

Թշնամուն չկարողանալով յաղթել` իրար դէմ թշնամացանք, մեր դէմ գործուած ցեղասպանութիւնը դարձրեցինք երկիր չունեցող, թափառական, միայն արեւմտահայ հատուածին վերաբերող հարց, որը բնականաբար, առանց պետականութեան օրինական պահանջի, չէր կարող որեւէ տեղ հասնել: Հետեւաբար այդ վիթխարի հարցը փոքրացաւ, ժողովրդի կողմից յանձնուեց եկեղեցուն, իսկ քաղաքական անհիմք գետնի վրայ դարձաւ տեղի քոնկրեսականների ընտրութեան համար շահաւէտ աղբիւր:

110 տարի մենք չկարողացանք պահանջատէր դառնալ, բայց երկրի ներսից օգնեցինք մեզ բնաջնջողին` իր կէս թողածն էլ աւարտին հասցնել, արեւելահայաստանն էլ աստիճանաբար խլել:

Այդ ինչպէ՞ս պատահեց, որ երկիր չունեցող, տափաստաններից ներխուժած արիւնարբու ցեղախումբը սեփական հողի անքակտելի զգացում ունի, իսկ մենք` դարերով նոյն հողի վրայ ապրածներս, զուրկ ենք այդ զգացումից:

Աշխարհի գեղեցկագոյն տեղում հաստատուելով` չբաւարարուեցին մեզնից եւ յոյներից խլածով, մեծ պետութիւնների կողմից իրենց տրուած առաւելագոյնով չհանգստացան, միայն կեր ու խումով չբաւարարուեցին, այլ աշխատեցին հզօրանալ, իրենց բանակն ու ռազմական կարողութիւնը դարձրեցին իրենց պաշտպանութեան անխոցելի միջոցը, միաժամանակ ձգտելով` իրենց մէջ էլ աւելի ամրապնդեցին ծաւալապաշտական նկրտումները, իրենց ծնունդ տուած հողին` տափաստաններին, միաւորուելու: Ցեղասպան լինելով` անմիջապէս հասկացան, որ իրենք էլ որեւէ ժամանակ կարող են մեծ տէրութեան կերը դառնալ, յատկապէս երբ ուրիշի հողի զաւթողն են, գող` սիրտը դող սկզբունքով, ուստի ազգովին հետեւողականօրէն աշխատեցին համաթուրանական կարգախօսով իրենց ժողովրդին ուղղորդել այդ ծրագրի իրագործման համար, հեռանկարօրէն այդ ճամբաբաժնում ստեղծելով մէկ այլ հանգրուան, մի շինծու պետութիւն` Ազրպէյճան անուանումով, որը դարձաւ իրենց ծրագրի իրագործման կարեւորագոյն կապը:

Կապ, որը շարունակում է հետամուտ լինել թուրքական մեծ ծրագրին:  Իսկ այդ ծրագրի հիմնական կէտում դարձեալ մենք ենք յայտնուած, բնականաբար մեր վերջնական վերացումով նրանք կարող են իրականացնել իրենց մեծագոյն ծրագիրը:

Ցաւօք, մեր երկրի իշխանութիւնում յայտնուած իրենց համախոհները օգնում են նրանց` աւելի ազատօրէն լափելու մեր տարածքները, ոչնչացնելու մեր հողերի վրայ մեր ստեղծած բոլոր հարստութիւնները, ջնջելու մեր հետքերը, մեր գոյութիւնը:

Այսօր մեր թշնամին նորօրեայ ցեղասպանութեամբ բնաջնջում է մեզ, իսկ մենք հանգիստ նստած` հետեւում ենք, թէ նրանք ինչպէ՛ս են իրագործում իրենց երազանքը, շատերը ինչ-որ տեղ նաեւ «շունչ քաշում», որ ազատուեցինք վերջապէս մեզ անհանգստացնող, անվերջ պատերազմի սպառնալիքի տակ պահող Արցախի եւ յարակից շրջանների գլխացաւանքից` անհամբերութեամբ սպասելով ազատուել նաեւ մեր անցեալից:

110 տարուայ ծոյլ ու անգիտակից վերաբերմունքով, բաւարարուելով միայն մի տասնեակ երկրների կողմից մեր ցեղասպանութեան ընդունումով, մեր կորցրածի եւ ունեցած փոքրիկ հողակտորի հանդէպ մեր արհամարհանքով ենք դիմաւորում այս զարհուրելի ապրիլը:

Զարհուրելի, քանզի նորօրեայ աշխարհում ցեղասպանութիւնն այլեւս ինչպէս տեսնում էք, ոչ թէ մարդկութեան դէմ գործուած մեծագոյն յանցանք է, այլ` օրինականացուած անհրաժեշտութիւն, օրինական երեւոյթ` մէկ այլ անպաշտպան ազգ կոտորելու, նրա տարածքները խլելու, սեփականացնելու միջոց, երբ յատկապէս այդ միջոցը իրագործելու համար մեծ տէրութիւններն են արդէն բացայայտ թիկունք կանգնում, լաւագոյն զինատեսակներով զինում ու օգնում, ամենակարեւորը` կոծկում գործուած ահռելի ոճիրները:

Ցեղասպանը ոչ միայն այլեւս չի դատւում, այլ բացայայտօրէն արդարացւում է «ինքնապաշտպանութեան» յորջորջումով, երբ այդ, այսպէս կոչուած «ինքնապաշտպանուողը»` այդ ցեղասպանը, միակողմանի յարձակողն է, ժողովրդին տեղահանողն ու սովամահութեան մատնողը:

Սակայն մեզ համար ի՞նչ փոյթ, թէ աշխարհի կարգախօսն ու պահանջարկն է փոխուել, տարածքների այս նոր գրաւումներով աշխարհի քարտէզներն են փոխուելու, տեղահանուած բնակչութեան նոր միաձուլումներով, նոր անուանումներով ազգային դիմագծեր ու մշակոյթներ են ստեղծուելու, վերանալու է ժողովուրդների կապը իրենց երկրի հետ, դառնալու է բացարձակապէս տնտեսական:

Ի՞նչ փոյթ, թէ մեծ տէրութիւնները իրենց դրամներով այլ երկրներում տեղաբնակ վարձկաններ են գտնում, ինչպէս մեր երկրում 2018-ին գտան ներկայ իշխանութեան թափթփուքներին, որոնց միջոցով կեղծ, շինծու քարոզչութեամբ յեղաշրջումներ են իրագործում, տարածքներ են առուծախի ենթարկում:

Երկրներ ռմբակոծելը, միլիոնաւոր մարդիկ սպաննելը դարձել են արդէն այնքան առօրեայ երեւոյթ, որ յաճախ նոյնիսկ որպէս սովորական լուր են հաղորդում, որը ոչ մէկի վրայ չի էլ ազդում: Ի՞նչ փոյթ, թէ քաղաքներ են հողին հաւասարեցւում, սերունդներ են ոչնչանում: Կարեւորն այն է, թէ  փոքր ազգերի ոչնչացումով իրենք ի՛նչ են շահում: Կենդանի մնացած տեղահանուածները աղքատութեան մէջ մաշւում, բարոյազրկւում են, լաւագոյն դէպքում` ձուլւում, կորչում են` առանց դատ ու դատաստանի, առանց պահանջի, ինչպէս շուտով մեզ հետ է լինելու:

Մեր անտարբերութեամբ հասանք նաեւ այնտեղ, որ մեր տեղանքային մի քանի կցկտուր փաստերն էլ լիովին ոչնչացուեցին:

Եթէ առաջ փոքրիշատէ վկայագրութիւններ ունէինք` Տէր Զօրում, Մուսուլում, Մարկատէում, ուր մեր ժողովրդի ոսկորներն էին դեռ իրենց ներկայութիւնը ազդարարում հողի շերտերի տակից մակերես դուրս գալով, հատուցում պահանջում, մեզ յիշեցնում` հետամուտ լինելու մեր պարտականութեանը, ուր նոյն Տէր Զօրի փոքրիկ մատուռում ցուցափեղկերի ետեւում սեղմուած աղաղակում էին իրենց ներկայութեան, իրենց չլուծուած դատի մասին, այսօր այդ կցկտուր փաստերից էլ զրկեց մեզ մեր արիւնարբու յանցագործը: Մեծ, ամենակալ տէրութեան շահերը օգտագործելով, ռմբակոծումներով այդ ամէնը վերջնականապէս վերացրեց մեր թշնամին: Նա ամէն օր մեծագոյն թափով մաքրում է մեր հետքերը մեր երկրից, նոյնիսկ` ոչ շատ առաջ իրեն յանձնուած Արցախից, իսկ մենք հանգիստ հետեւում ենք այդ ամէնին` կքուելով նրա հզօրութեան առջեւ:

Նոյնիսկ` մեզանից յետոյ ցեղասպանութիւն ապրած երկրներից շատերն արդէն ե՛ւ ճանաչում, ե՛ւ հատուցում ստացան, դատապարտեցին ցեղասպաններին եւ ոչ թէ ներեցին, կամ յանձնուեցին նրանց ինչպէս մենք, Իսրայէլը, Ռուանտան, Քամպոտիան:

Ի՞նչ ենք անում մենք…

Անտարբերօրէն հանդուրժում, գլուխներս ծռած` հետեւում ենք երկրում յայտնուած, իր հետեւորդներով բազմացած մեր երկիրը ոչնչացնող իշխանութեանը, միատեղ ջնջում ենք մեր պատմութիւնը, թշնամու պատուէրով առանց դոյզն իսկ պատասխանատուութեան, նոյնիսկ արդարացնելով իրենց քայլերը, նրանց օգտին փոփոխում են մեր սահմանադրութիւնը, հերքում, ոչնչացնում մեր Անկախութեան հռչակագիրը` իբրեւ աւելորդ անիմաստութիւն, եւ դեռ ազգովին սպասում ենք «լաւագոյն ապագայի»:

Ինչպէ՞ս լռես, երբ երկրի ղեկավարը, որը այդ պաշտօնը զբաղեցնում է, որպէսզի պաշտպանի իր ղեկավարած երկրի անկախութիւնը, սահմանադրութիւնը, իր երկրի սահմաններն ամրապնդի, թշնամու բանտերում տանջանքների ենթարկուող իր երկրի նախկին գերեվարուած ղեկավարներին փրկի, խաղաղութիւն հաստատի իր ամուր ու զինուած բանակով, երկրից դուրս ապրող հայութեանը տուն հրաւիրի, իր ժողովրդին ցեղասպանած թշնամուն պատասխանատուութեան ենթարկի, եթէ թուարկածներիս դէմ է գործում, ինչո՞ւ, ինչո՞ւ ենք հանդուրժում իրեն:

Երկրում ժողովուրդ չի՞ մնացել, որ ոտքի կանգնի եւ պաշտպանի մեր լինելիութեան,

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ հռչակագիրը, մեր անձնագիրը, որի համար դարեր արիւն ենք հեղել, մեր սահմանադրութիւնը, մեր սահմանները:

Մի՞թէ այսպէս անտարբեր հոգեկան հիւանդների այս հաւաքածուին, երկրի թշնամիներին, թոյլ ենք տալու այսքան հեշտօրէն իսպառ ջնջելու մեզ: Չէ՞ որ ամենաթոյլ վիճակով էլ թշնամու դէմ պայքարել ենք, մեր հողի վրայ կանգնեցուած Սարդարապատի արծիւները, Մուսա Լերան, Զէյթունի, Վանի հերոսամարտերը վկայ:

Մի՞թէ այս ապրիլն էլ դառնալու է սովորական,  միայն ջահերով երթի եւ բազմութեան յարգանքի տուրքի երթ` Ցեղասպանութեան յուշարձանին:

Մինչեւ ո՞ւր ենք այսպէս գնալու անդարձ ու չենք սթափուելու, չէ՞ որ թշնամին մեր մէջ  է արդէն:

Իրապէս զարհուրելի է այս ապրիլը…

 

 

Նախորդը

Հայ Որբերը. Լուսանկարներ Եւ Հայու Աչքեր

Յաջորդը

Յովհաննէս Աւագեանի Կեանքը

RelatedPosts

Հօտին Եւ Կղերին Սէրն Ու Համակրանքը Նուաճած Ս. Իգնատիոս Մալոյեան
Անդրադարձ

Հօտին Եւ Կղերին Սէրն Ու Համակրանքը Նուաճած Ս. Իգնատիոս Մալոյեան

Հոկտեմբեր 17, 2025
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Ի Զուր Կը Հնչեն Ահազանգերը Մեր… (Կրթական Վերամուտ Եւ Թարգմանչաց)

Հոկտեմբեր 17, 2025
Սլաք.  Դատարկ Աթոռներու Առջեւ` Մշակոյթի Ամսուն  Մէջ  Նուիրեալներու Աշխատանքին Լռակեաց Վկան
Անդրադարձ

Սլաք. Դատարկ Աթոռներու Առջեւ` Մշակոյթի Ամսուն Մէջ Նուիրեալներու Աշխատանքին Լռակեաց Վկան

Հոկտեմբեր 17, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?