Հեռացող աստղունքը ցոլում է,
Երկինքը ընկալում է լոյսը,
Մաքրում է ծաւալը,
Մինչեւ լազուրի ակունքները,
Ծալը ու մնացեալը…
Գուբում պատռւում է պատանքը,
Կեանքը տրոփում է անաւարտ,
Մղում, գլորում է քարը.
Բացում է գերեզմանը,
Որպէս կենդանութեան մահիճ,
Կենսաւոր, տրոփող սիրտ:
Եռօրեայ է տեւում տաճարի վերակառուցումը,
Ինչպէս ասել էր:
Սգաւոր կանայք եկել,
Մեռելների մէջ են փնտռում
Յարեալին…
Ասում է` հանդիպեն վերնատանը:
Կասկածներ կան…
Թող ստուգեն գեղարդի յօշածը,
Մեխերի խոցերը ձեռքերին,
Ոտքերի թաթերին…
Գուցէեւ քերթուածքները ճակատի,
Որ թողել է փշէ թագը…
Գարնանային հովի հոսանք է,
Աշտարակուած խաչի յիշողութիւն…
Երեւակում է վերնատանը…
Ոչ մի ողջագուրում…
Երկրային ոչ մի փոշի չպիտի լինի վրան
Երկնային մտնելու պահին…
Գեղարդի յօշածը,
Մեխերի խոցերը,
Ճակատի քերթուածը
Ստոյգ են:
Լուսաւոր ճակատին
Լոկ ծիածան, որպէս նարօտ…
Ապա պատգամում է,
Սպասեն քառասուն օր
Ընդունելու շնորհի գալուստը…
Սուրբ հոգով ծոցուորած
Աստուածային միութիւն է,
Որ անսկիզբ է ու անվախճան…
Վերացումը պատկերւում է,
Որպէս համբարձում…
Քրիստոս է,
Աստուածորդի,
Ծնունդով մարդորդի,
Բանի քարոզներով,
Ծաղկազարդով,
Խաչելութեամբ,
Յարութեամբ,
Համբարձմամբ
Առ հորիզոնի ծաւալ…
Տիեզերքում մենք միայնակ չենք:
Համօրէնը
Աստուածային ստեղծագործութիւն է:
Որդին յաջորդում է հօրը
Սուրբ Հոգու միջնորդութեամբ.
Յաւիտենական հոլովոյթ Է,
Անմահութիւն…