Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան համար մարտի 29-ին կայացած հանրահաւաքից յետոյ համախմբում է ձեւաւորուել, ինչը սկսել է անհանգստացնել քաղաքական որոշ շրջանակների:
Վերջին օրերին, յատկապէս, արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդն աշխուժ քննարկումներ է ունենում` Արցախի հարցը օրակարգային դարձնելով:
ՀՀ-ն` որպէս Արցախի երաշխաւոր պետութիւն, փաստացի հրաժարւում է նրա իրաւունքների պաշտպանութիւնից, դա է վկայում վերջերս նաեւ ԱԳՆ հնչեցրած դիրքորոշումը` Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնից հրաժարուելու մասին: Յղում անելով, այսպէս ասած, իրաւական ուժ չունեցող ԱՀ նախագահի «Արցախի լուծարման հրամանագրին», Հայաստանի ներկայ իշխանութիւնը ցոյց է տալիս իր անզօրութիւնն ու դիմադրելու չկամութիւնը, վերահաստատում` իր ապազգային կեցուածքը:
Ինչպէս բազմիցս բարձրաձայնուել է` Արցախի ժողովրդի խնդիրը միայն ընկերային չէ: Այս օրերին, երբ ամբողջ աշխարհում Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակներն աշխուժ աշխատանք են տանում Արցախի հարցն ու արցախցիների ոտնահարուած իրաւունքները միջազգային արդարադատութեանը ներկայացնելու եւ Ազրպէյճանի նկատմամբ ճնշումներ գործադրելու, Հայաստանի Հանրապետութիւնը` որպէս երաշխաւոր պետութիւն, հրաժարւում է տէր կանգնելու Արցախի ժողովրդի իրաւունքներին: ՀՀ-ն ապաստան տալով բռնի տեղահանուած արցախցիներին` պէտք է տէր կանգնի նրա իրաւունքների իրացման գործընթացին եւ միջազգային տիրոյթում բարձրաձայնի արցախցիների վերադարձի իրաւունքի հարցը ու պահանջի հայ պատանդների անյապաղ ազատ արձակումը, մինչդեռ հակառակն է, ինչն էլ անընդունելի է Արցախի ժողովրդի համար:
ՀՀ իշխանութիւնների ձախողուած քաղաքականութեան դէմ իրենց ձայնը բարձրացնելով` արցախցիները դարձել են ատելութեան թիրախ: Մինչ Արցախ վերադարձը` մայր հայրենիքում իրենց արժանապատիւ կեանքը կառուցող մեր հայրենակիցների պահանջն արդար է: Անընդունելի եւ ձախողման են մատնւում բոլոր ծրագրերն ու ՀՀ կառավարութեան կողմից ներկայացուող առաջարկները, եթէ իրենց մէջ չեն պարունակում ներկայացուող խնդիրների համապարփակ լուծումներ:
Այն բոլոր միտումները, որով Արցախի ժողովրդի հարցը փորձում են ներկայացնել միայն որպէս ստամոքսի կռիւ, մատնուելու են անյաջողութեան եւ վաղ թէ ուշ բախուելու են Արցախի ժողովրդի ընդվզմանը: Եւ քանի որ Արցախն ու Արցախի հարցը ոչ միայն Արցախի ժողովրդի, այլ համայն հայութեան մտահոգութիւնն ու պայքարի օրակարգում են, ըմբոստութիւնը խուսափողական ու դասալիք քաղաքականութեան հանդէպ աճելու է:
10 ապրիլ 2025