Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սերգեյ Փարաջանովն Ու Իր Շարժապատկերը

Մարտ 20, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Եւ այսպէս անցնում են կեանքի փուլերը, որոնց մասին վկայում է անընդհատ խորքում պտտուող տիկնիկ-ժամացոյցը: Ժապաւէնի տարբեր դրուագներում ցուցադրւում են միջնադարեան մանրանկարները,  իսկ միւս պատկերները, որոնք պոէտի կեանքի արտացոլումն են, կարծես շարունակութիւնն են միջնադարեան այդ մանրանկարների` պատկերների, գոյների յստակութեամբ ու ջերմութեամբ, որոշակի յղացքային կառուցուածքով: Բանաստեղծի գունեղ աշխարհի հետ Փարաջանովը ժապաւէնում ազդանշանների պէս հնչեցնում է նրա երաժշտութիւնը, նոյնպէս պայծառ, տաք միաժամանակ հեռու` արեւելեան մելամաղձոտութիւնից ու քաղցրածորութիւնից: Փարաջանովը այս եւ իր միւս ժապաւէններում ներկայացնում է նաեւ ճարտարապետութիւնը` եկեղեցիներ, ամրոցներ, պալատներ կամ տարբեր կառոյցների մասեր, դրանք ընդգծելու համար երբեմն «հեռացնելով» միջավայրը, ինչպէս նկարն են մկրատով զատում թղթի աւելորդ մասերից: Ժապաւէնի իւրատեսակ ենթավերնագրերը` որպէս բանաստեղծականութեամբ շնչող խօսքի իւրատեսակ պատառիկներ, նոյնպէս լրացնում են միջնադարեան մշակութային քարտէզի ամբողջականութիւնը: Փարաջանովն այսպէս է բացատրում. «ՊԻՏԻ ԽՕՍԻՄ ԱՅՍ ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ ՈՒ ՄԱՐԴՈՑ ՄԱՍԻՆ, ԻՐԵՆՑ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՆ ՈՒ ՄՏԱԾՈՒՄՆԵՐՈՒՆ ՄԱՍԻՆ ԲԱՐԵՆՈՐՈԳԻՉ ԼԵԶՈՒՈՎ ՄԸ, ԾԱՅՐ ԱՍՏԻՃԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԼԵԶՈՒՈՎ ՄԸ, ՈՐ ԻՐԵՐՈՒՆ ԼԵԶՈՒՆ Է: ԶԱՐԴԱՔԱՆԴԱԿՆԵՐԸ, ՄԱԳԱՂԱԹՆԵՐԸ, ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶՆԵՐԸ, ԳՈՐԳԵՐՆ ՈՒ ԿԱՀԿԱՐԱՍԻՆԵՐԸ  ՏԱՐՐԵՐՆ ԵՆ ԱՅԴ ԼԵԶՈՒԻՆ, ԵՒ ԱՆՈՆՑՄԷ ԿԸ ԿԱԶՄՈՒԻՆ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ԴԱՐՈՒ ՆԻՒԹԱԿԱՆ, ԲԱՅՑ ԶԳԱԼԻ ՈԳԵԿԱՆՈՒԹԵԱՄԲ ՄԸ ՊԱՐՈՒՐՈՒԱԾ  ՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ(2):

Զարմանալի է թւում միջնադարի այդպիսի ճանաչողութիւնն ու զգացողութիւնը, աւանդոյթի, ծէսի պատկերումը խորհրդանշանների սեղմ պատկերաշարի հետ: Դադարում ես, սակայն, զարմանալ, երբ յիշում ես, որ Փարաջանովի առաջին գլուխգործոցը ներկայացուած է ըստ Ուքրանիայում ապրող գուցուլների ասքի` փոքրաքանակ այս ազգութեան ծէսերի, սովորոյթների ու հաւատալիքների խորապատկերի վրայ: Նոյն կերպ վրացական մշակոյթն է ներկայացւում «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1984 թ.) ժապաւէնում, ինչպէս եւ Իրանի տարածքում ապրող ղաջարների մշակոյթը` նրանց կեանքից վերցրած «Աշուղ Ղարիբ» (1989 թ.) ժապաւէնի պատումում:

Փարաջանովն իր վերը բերուած խօսքում ասում է, որ ժապաւէնում պէտք է խօսի իրերի լեզուով, որի տարրերն են` զարդաքանդակները, մագաղաթները, ազգային տարազները, գորգերն ու կահ-կարասին: Իսկապէս էլ նրա ժապաւէններում ներկայացուած իրերն ու առարկաները, ճարտարապետական կառոյցներն ու նրանց հատուածները աւելին են` քան` գործողութիւնների խորապատկերը, դրանք լրացնում են ասելիքը, ժամանակի եւ միջավայրի զգացողութիւնը գեղեցիկ են, խօսուն, յաճախ խորհրդաւոր` օժտուած զգացական ներուժով: Այդպիսի ընդհանրական, խորին խորհուրդների զգացողութեան են մղում անգամ ծէսերի ու կենցաղի որոշակի տեսարանները, ինչպիսիք են` խաղող ճմռելը, ոչխար մորթելն ու մատաղ անելը եւ այլն: Փարաջանովի մատուցմամբ ընկալելի եւ գեղեցիկ են դառնում` մանրանկարչութիւնը, ճարտարապետութիւնը, զանազան առարկաները, ակնեղէնը, նռները, դաշոյնները, ժապաւէնները, հագուստները, տիկնիկները, կենդանիները, գորգերն ու կարպետները:

Դատելով ոչ միայն ստեղծագործութիւններից, այլեւ Փարաջանովին ճանաչած եւ նրա հետ գործակցած անձանց վկայութիւններից` Փարաջանովը տաղանդաւոր էր իր յորդուն ու անսպառ երեւակայութեամբ: Կեանքի ամէն վայրկեանը նա կարող էր վերածել շարժապատկերի կամ թատրոնի` սովորական ամէն իրավիճակ կամ առարկայ մատուցելով որպէս ներկայացում, կամ արուեստի ստեղծագործութիւն: Սովորական առարկաները յանկարծ նրա ձեռքում դառնում էին խօսուն, մաս էին դառնում ինչ-որ գեղեցիկ պատկերի:

Ահա Լոռուայ գողտրիկ անկիւնում եկեղեցու ներսում պէտք է նկարահանուի «Նռան գոյնը» ժապաւէնից կաթողիկոսի մահուան հետ կապուած հատուածը: Ըստ ժապաւէնի երկրորդ բեմադրիչի պատմածի` զանգուածային տեսարանի համար տասնեակ մարդկանց հագցրել էին համապատասխան զգեստներ, եւ նրանք պէտք էր ցուցադրէին ժողովրդի  վիշտը կաթողիկոսի մահուան առիթով: Փարաջանովը սովորականի պէս նկարահանումից առաջ շիկացած ջղերով այս ու այն կողմ է վազվզում եւ հրահանգներ է տալիս: Յանկարծ մի պահ կանգ է առնում եւ նայում ձորի կողմը, իսկ ձորով ոչխարի հոտն է անցնում: Մի պահ նայելուց յետոյ Փարաջանովը կտրուկ հրահանգում է. «Մարդկանց չեմ ուզում նկարահանել, այս հոտը  պիտի նկարահանեմ»:

Ո՞վ է կաթողիկոսը` հօտի հովիւը, եւ ահա ժապաւէնում տեսնում ենք, թէ ինչպէ՛ս հոգեւոր առաջնորդի մահուանից յետոյ մոլորուած ոչխարները լցւում են եկեղեցի, խռնւում իրար գլխի` պատերի տակ չիմանալով անելիքները: Սա պահի մէջ ծնուած տեսարան է, որը գեղարուեստօրէն աւելի արտայայտիչ է, յուզիչ, բայց` ոչ լալկան, իսկ ամենակարեւորը` ներդաշնակ է ընդհանուր ժապաւէնի այլաբանական մտածողութեան հետ, այնպէս, ինչպէս ժապաւէնի պատումի եզրափակումը` մեծ երգահան-պոէտի մահը: Սայաթ Նովան պառկած է եկեղեցու յատակին: Նրա շուրջը վառուող հարիւրաւոր մոմերը կարծես արտայայտում են  հոգու թրթռուն լոյսը: Տարբեր կողմերից սրահ են նետւում գլուխները կտրած հաւեր, որոնք, թփրտոցով այս ու այն կողմ նետուելով, հանգցնում են մոմերը, իսկ հանդիսականը զգում է, թէ ինչպէ՛ս  թպրտոցով մարեցին պոէտի հոգին ու նրա լոյսը` մատուցուած գեղարուեստօրէն ներդաշնակ ողջ ժապաւէնի ձեռագրին, գեղեցիկ, զգացական, առանց աւելորդ զեղումների ու ծեքծեքումների եւ փիլիսոփայական խորքով:

Փարաջանովն արուեստագէտի իր տաք ու գունեղ մտածողութեամբ իսկական արեւելքցի է, կարծես հոգեւոր պորտալարով կապուած իր պէս Թիֆլիսում ծնուած ու կեանքի մեծ մասն ապրած Սայաթ Նովայի հետ: Բայց մեծ նախորդի նման` նա հայ մշակութային մտածողութեան կրողն է` ջերմ ու զգացմունքային եւ, միաժամանակ հիմնաւորուած, տրամաբանուած ու չափի սահմաններում, առանց շիրոտ ու մելամաղձոտ մելիզմի, զգացմունքների չափազանցուած ու արհեստականօրէն սրուած դրսեւորումների: Սրանով այդ արեւելքը նոյնքան արեւմտեան է եւ կարող է գերել հիմնաւորուածութեան ու տրամաբանութեան վրայ հիմնուած աշխարհի կէսը, ինչպէս որ կարողացել են գերել` Նարեկացին, հայ մանրանկարիչները, Սայաթ Նովան, Կոմիտասը:

Այս յատկութիւններով բեմադրիչ Փարաջանովն առանձնայատուկ էր, նման չէր եւ չէր կրկնում ոչ ոքի: Վերը նշեցի, որ Փարաջանովը քաղաքական մարդ չէր, սակայն եւ ամբողջատիրական գաղափարախօսութեան կաղապարները խորտակող  նրա մտածողութիւնն  արդէն իսկ քաղաքականութիւն էր, որը ազատ մտածողութեան ձգտումով կարող էր վարակել  ուրիշների: Այդ իսկ պատճառով Սերգեյ Փարաջանովի մտածողութիւնը Անտրէյ Թարքովսքու մտածողութեան պէս մարտահրաւէր էր խորհրդային  գաղափարական կաղապարներին` ազատութեան նոր հորիզոններ նուաճելու յատկութեամբ, եւ ուրեմն համակարգը չէր կարող բարի աչքով նայել նրանց եւ նրանց նմաններին:

Փարաջանովն իրաւացիօրէն ափսոսում է իրենից գողացուած աւելի քան 15 տարիների համար: Չորս տարուայ դաժան կեանքից յետոյ նա բանտից դուրս է գալիս` հետն ունենալով 17 բեմագրութիւն, շորի կտորներից, թղթերի պատառիկներից, մածունի կափարիչներից, փշալարերի կտորտանքից սարքուած բազմաթիւ մեծ ու փոքր փորագրութիւններով, նկարներով եւ քոլաժներով: Տարբեր պահերի նրա մտայղացումների շարքում եղել է նկարահանել «Սասունցի Դաւիթ», «Արա Գեղեցիկ» «Կոմիտաս» «Նարեկացի» թեմաներով ժապաւէններ:

1989 թուականին ռուսական «Կինոհամայնապատկեր» հաղորդաշարին տուած հարցազրոյցում Փարաջանովն ասում է, թէ ռուսներն ու ուքրանացիները հրաւիրում են նկարահանելու «Ասք Իկորի գնդի մասին» պոէմը, ԱՄՆ-ից հրաւիրում են նկարահանելու «Հայաւաթի երգը», Միլանոյի շարժապատկերի սթիւտիոն  ցանկանում է, որ նա իրենց մօտ նկարահանի «Փոքրիկ իշխանը», իտալացիները հրաւիրում են «Աստուածային կատակերգութեան», իսկ գերմանացիները «Ֆաուստի» պաստառ բարձրացնելու: Կասկած չկայ, որ այս  թեմաներով իւրաքանչիւր նկարահանում կը հարստացնէր համաշխարհային մշակոյթը, միւս կողմից` նոյն այս հարցազրոյցում Փարաջանովն ասում է, որ այդ պահին «Հայֆիլմ» շարժապատկերի սթիւտիոյում ինքը սկսել է «Խոստովանանք» ժապաւէնի նկարահանման աշխատանքները, եւ այս ինքնակենսագրական ստեղծագործութիւնը հաւանաբար կը լինի իր վերջին ժապաւէնը: Նա բացատրում է, որ արդէն տարիքն առել է (հաւանաբար նաեւ յոգնած էր արդէն կամ զգում էր մօտալուտ մահը): Անաչառ լինելու համար աւելացնենք, որ 80-ականներին Հայաստանում նրա հետ խօսուել է «Սասունցի Դաւիթ»-ը կամ «Արա Գեղեցիկ»- ը նկարահանելու մասին: Նա նաեւ ցանկութիւն էր յայտնել Էջմիածնի մայր տաճարի գանձերը նկարահանել, սակայն շատ բանից հէնց ինքն է հրաժարուել` նախընտրելով նկարահանել «Խոստովանանքը», ինչի համար սթիւտիոն տրամադրել է բոլոր հնարաւորութիւնները, սակայն անողոք հիւանդութիւնը կասեցրել է սկսուած աշխատանքների ընթացքը:

Խոստովանենք, որ շատ դէպքերում մենք, կամ մեր իշխանութիւններն ազգային նախանձախնդրութիւն չենք դրսեւորել մեր մեծերի եւ նրանց ժառանգութեան հարցում: Սերգեյ Փարաջանովի պարագան կարելի է  բացառութիւններից համարել, քանի որ Խորհրդային Հայաստանի իշխանութիւնը նախաձեռնեց նրա թանգարանի կառուցումը, որը միաժամանակ կը դառնար մեծատաղանդ հայորդու տունը:

Բնականաբար Փարաջանովը շատ գոհ էր այս նախաձեռնութիւնից, եւ նրա ստեղծագործական նիւթական ժառանգութիւնը տեղափոխուեց Հայաստան: Ցաւօք, անբուժելի հիւանդութիւնը թոյլ չտուեց, որ Փարաջանովը ինչ-որ չափով երջանկացած զգար իրեն իր տուն-թանգարանը վայելելով:

Այդ թանգարանն այսօր հարստացնում է Երեւանի զբօսաշրջային քարտէզը: Մինչեւ վերջին շրջանը Հայաստանի ղեկավարներն այս զարմանահրաշ տանն  այցելութիւններ ու ընթրիքներ էին կազմակերպում պետական բարձրաստիճան հիւրերի համար:

Ի հարկէ մեծերը հարստացնում են սեփական ժողովուրդների կենսագրութիւնը, եւ նրանց հոգեւոր ու ֆիզիքական գանձարանը: Առանց  չափն անցնելու` արձանագրենք, որ Սերգեյ Փարաջանովը իր, թէկուզ մէկ խաղարկային ժապաւէնով հարստացրեց հայ մշակոյթը եւ այսօր էլ սովորեցնում է, որ մենք տգէտ, օտարի առջեւ ծնկած ապրելու կոչուած գետնաքարշ ազգ չենք, եւ պոկուելով մեզ կպած կեղտից` պիտի բարձրանանք դէպի մաքուրն ու վեհը, հզօրների հետ չափուենք մեր ունեցածով եւ արեւի տակ արժանապատուօրէն ապահովենք մեր շարունակականութիւնը` ունեցած  հզօր ժառանգութեան շնորհիւ:

(Շար. 2 եւ վերջ)

(1).-  Նռան գոյնը, Լիբանան Գառնի մատենաշար 1985 թ., էջ 27:
(2).- Նոյն տեղում, էջ 2:

(Շար. 1)

 

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

«ԵՍ ԳՐԵՑԻ ՍՑԵՆԱՐԸ,
ԵՍ ՋԱՆԱՑԻ ՆԿԱՐԵԼ ԱՅՆ…»

Շարժապատկերի արուեստը բռնկումների արուեստ է, իւրատեսակ երանութիւն: Շարժապատկերի արուեստը «Ռոմէօ Ճիւլիեթը» … Ոչ ոք չէր ուզում լսել Ռոմէոյի տառապանքը: Բոլորի մէջ հակակրանքն էր խօսում: Մեռաւ հանճարը…

Այսօր յանկարծ  Փրոքոֆեւն արդէն ապրուած է… Փրոքոֆեւ գիտեն բոլորը: Նրան ընկալում են իբրեւ երաժշտութեան փլասթիք լուծում:

Եթէ «Սայաթ Նովան» այսօր ոեւէ մէկի հակակրանքն է շարժում, դա գուցէեւ նշանակում է… Չշտապենք:

Ի դէպ, ես արուեստագէտ եմ բարձրագոյն կրթութեամբ, ես ջանում եմ ինչ-որ բան արտայայտել:

Ես ստեղծել եմ հինգ միջակ, գուցէ նոյնիսկ վատ նկար: Կայի՞ն այնտեղ բռնկումներ թէ ոչ, դա չէ կարեւորը: Պատահեց մի բան ողբերգութեան հաւասար, որ խթանեց իմ մտածողութիւնը… Խթանեց: Ես սկսեցի մտածել փլասթիքայով: Նորից վերադառնալ խաղարկման շարժապատկեր` ես չեմ կարող… ոչ մի ժանրի մէջ: Ես չեմ կարող նոյնիսկ սովորական նամակ գրել, ես բոլորովին այլ կերպ եմ զգում:

Ինձ առաջարկում են «Անուշ» նկարել: Դա յիշեցնում է իմ նախորդ աշխատանքը` «Նախնիները», յիշեցնում է ծիսական պոէզիա: Բայց եթէ անգամ նկարէի «Անուշը», բեմագրութիւնը չէի գրի… երկխօսութիւններ եւ այլն:

Այսօրուայ օրը շատ աւելի բարդ է… հարիւրապատիկ աւելի պատկերաւոր:

Ի՞նչ անել: Ես գիտեմ, դժուար կը լինի նշանաւոր նկարիչ  Սուրէն Շահբազեանին նորից գործիքը ձեռքն առնել ու նկարահանել ընդհանուր պատկերներ, մարդիկ` մրջիւնների նման:

Երբ Ֆելլինին դիմում է «Սատիրիկոնին», «Քաղցր կեանքին»,  դա ինձ չի հրապուրում, «Ճուլիեթի եւ ոգիների», «Ութ եւ կէսի» աշխարհը ինձ` իբրեւ արուեստագէտի, հետաքրքրում է… բեմադրիչի տեսանկիւններով: Այն, ինչ նա է անում, հիմա «Սատիրիկոնով» ծիծաղելի է (ինձ գոնէ այդպէս է թւում)` այժմէականութիւն, պատմական զգեստներ եւ երգիծանք: Սա աւելի մանր է, քան` «Blow up»-ը, նկար` այլ փիլիսոփայութեամբ (չնայած ես չեմ տեսել Անթոնիոնիի այդ նկարը): Ես չեմ կարդացել Ֆելլինիի մասին գիրքը, ինչ որ չեմ ուզում կարդալ, թէ նա ի՛նչ է մտածում, ի՛նչ է ասում: Ես այնքան եմ ցնցուած նրա մտածողութեամբ: Ես մտածողութեամբ հարազատանում եմ նրան: Բայց իմ մանկութիւնը աւելի ուժեղ է նրանից: Պէտք է տեսնել իմ տունը: Դա զարմանալի տուն է: Պէտք է տեսնել իմ մօրը: Այսօր` 73 տարեկան, նա արթիսթիք է:

Ամերիկեան այսօրուայ շարժապատկերի արուեստը զուարճալիից եւ տիտանականից  այն կողմ չի անցնում (իմ տպաւորութեամբ), նա չի կարող ստեղծել վառ հոգեբանական մտածելակերպ: Այդ անում են` Ֆրանսան, Իտալիան, Անգլիան…

Պէտք է վստահել մարդկանց. ինչո՞ւ  չվստահել: Դա նշանակում է` չվստահել ինքդ քեզ:

Ես գրեցի «Սայաթ Նովա», բեմագրութիւնը, ես ջանացի նկարել այն: Ես գրել եմ «Խոստովանանքը» բեմագրութիւնը, նկարել «Յովնաթանեան» նկարը: Ինչպիսի՞ն կը լինի  իմ վաղուայ օրը` ես չգիտեմ:

 

«Գարուն» 1970 թ. առաջին համար, էջ 80-81:
Գրի է առել Գ. Եանովսկայա-Միսաքեանը:

https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Garun1967/1970/1970(1)_ocr.pdf

Նախորդը

«Ուզում Եմ Կիսուել Շատ Անձնական Պատմութեամբ. Այն Տեղի Է Ունեցել 39 Տարի Առաջ, Ազրպէյճանում». Ռուբէն Վարդանեան

Յաջորդը

«Էն. Պի. Էյ.» Քլիվլենտ Իր Երկրորդ Յաջորդական Պարտութիւնը Կրեց

RelatedPosts

Դպրեվանեան Ոգին.  Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ

Հոկտեմբեր 25, 2025
Փաշինեանը Փոխելու Շարժումը Չի Մարիր,  Այլ Նոր Թափ Կը Ստանայ
Անդրադարձ

Արդեօք Հայաստանի Ժողովուրդը Վերջապէս Պիտի Արթննա՞յ, Երբ Փաշինեանը Հրամայէ Ձերբակալել Կաթողիկոսը

Հոկտեմբեր 25, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Մամուլը Ե՞րբ Իր Կոչումը Կը Վսեմացնէ Եւ Ե՞րբ Զայն Կը Նսեմացնէ (Հայ Մշակոյթի Ամսուան Առթիւ)

Հոկտեմբեր 25, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?