Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սերգեյ Փարաջանովն Ու Իր Շարժապատկերը

Մարտ 19, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Դիմելով Պարոյր Սեւակի բնորոշմանը` կարելի է ասել, որ հայոց արգանդը սրբօրէն բեղուն եղաւ նաեւ 1924 թուականին, երբ Խորհրդային Հայաստանի Չանախչի (հետագայում` Զանգակատուն) գիւղում ծնուեց հէնց ինքը` Սեւակը: Նոյն թուականին Թիֆլիսում ծնուեց  Սարգիս Փարաջանեանը, որը շարժապատկերի բեմադրութեան կրթութիւն ստացաւ Մոսկուայում, որոշ ժամանակ անց մեկնեց Ուքրանիա եւ այնտեղ ձեռք բերեց համաշխարհային հռչակ:  Իսկ երբ  Սերգեյ Փարաջանովը վերադարձաւ իր նախնիների հայրենիքը եւ ժապաւէն նկարահանեց միջնադարեան  մեծ բանաստեղծ ու երգահան Սայաթ Նովայի մասին, հայ ժողովուրդը սրտի դռները բացեց եւ Սեւակի ու բազում այլ արժանաւորների կողքին տեղ տուեց ինքնութիւնը չմոռացած իր զաւակին, ինչի համար որ սիրտը բացեց նոյն թուականին Փարիզում ծնուած Շահնուր Ազնաւուրեանի եւ Գահիրէում ծնուած Գոհար Գասպարեանի (Խաչատուրեան) համար:  Բազում այլ արժանաւորների կարելի է յիշել  նոյն թուականին աշխարհ եկած հայորդիների շարքում, բայց այս դէպքում մեր ասելիքը նուիրւում է Սերգեյ Փարաջանովի 100-ամեայ յոբելեանին, որի մասին հարկ ենք համարում յիշել, քանի դեռ 2024 թուականն իր իրաւունքների մէջ է:

Ո՞վ է Սերգեյ Փարաջանովը, որտեղի՞ց է գալիս, ինչո՞վ է զարմացրել ժամանակակիցներին եւ ի՞նչ ժառանգութիւն է թողել ապագայի սերունդներին:

Թիֆլիսը (1937 թ. Թիֆլիս), որտեղ ծնուել է Սերգեյ Փարաջանովը, ընկած լինելով Ասիայից Եւրոպա տանող ճանապարհին եւ 5-րդ դարից դառնալով Վրաստանի մայրաքաղաքը` եղել է բազմազգ, բազմամշակութային ու բազմակրօն, խայտաբղէտ ու գունեղ մի քաղաք, մի մեծ մէյտան (հրապարակ), որի բաց բեմի վրայ ամէն օր խաղարկուել են զարմանազան  թամաշաներ (ներկայացումներ): 19-րդ դարասկզբին, մաս կազմելով Ռուսական կայսրութեանը, Թիֆլիսը փաստացի դառնում է Կովկասի փոխարքայութեան մայրաքաղաքը,  նրա քաղաքական, վարչական, տնտեսական ու մշակութային կենտրոնը:

Թիֆլիսը (Տփղիսը)  վաղ միջնադարից սկսած ձգել է հայութեանը, որը, յատկապէս հայոց  պետականութեան բացակայութեան պայմաններում, ձգտում էր դէպի այս աշխուժ կենտրոն: Նշենք պարզապէս, որ դարերի ընթացքում քաղաքը կառավարած 47 քաղաքապետերից 45-ը եղել են հայեր, իսկ մինչեւ խորհրդային ժամանակների սկզբնական տարիները Թիֆլիսի բազմազգ բնակչութեան մեծամասնութիւնը հայեր էին: Դէպի անցեալ դարեր հայեացք նետելով` բաւական է ասել, որ այս քաղաքում է կայացել ու հռչակ ձեռք բերել միջնադարի նշանաւոր բանաստեղծ ու երգահան Սայաթ Նովան: Հիմնականում այստեղ է իր տաղանդը դրսեւորել նկարիչ, բանաստեղծ ու երաժիշտ Նաղաշ Յովնաթանեանի ընտանիքը: Թիֆլիսում է ծնուել Լոռու մելիքական նշանաւոր տոհմի ներկայացուցիչ Ռուսաստանի վարչապետ, ներքին գործոց նախարար, գեներալ Միքայէլ Լոռիս-Մելիքովը: Ինչպէս` Պոլիսը արեւմտահայութեան համար, այնպէս էլ Թիֆլիսը արեւելահայութեանը լիարժէքօրէն իր ձիրքերը դրսեւորելու հնարաւորութիւն էր ընձեռում եւ 19-րդ դարում ու 20-րդ դարի սկզբին այն հայութեան համար վարչաքաղաքական, հասարակական, առեւտրամշակութային, կրթական կենտրոն էր:

Յիշենք, որ այստեղ են հիմնուել եւ գործել 20-րդ դարի արեւելահայութեան ազգային իշխանութիւնները` Ազգային Բիւրոն եւ Ազգային կենտրոնական խորհուրդը, այս քաղաքում է հիմնադրուել Հայ յեղափոխական դաշնակցութիւնը: Գործարարներ Մանթաշեանցի, Արամեանցի եւ ուրիշների ջանքերով են կառուցուել Թիֆլիսի շատ նշանաւոր շինութիւններ, որոնց մեծ մասն այսօր ոչ միայն զարդարում է քաղաքը, այլեւ ծառայում է Վրաստանի վարչաքաղաքական բարձրագոյն մարմիններին:

Թիֆլիսի իր տունն է  Թումանեանը վերածել «Վերնատուն» կոչուած մշակութային օճախի, որի անդամներն ու հիւրերն են եղել` Ղազարոս Աղայեանը, Լեւոն Շանթը, Դերենիկ Դեմիրճեանը, Աւետիք Իսահակեանը, Գէորգ Բաշինջաղեանը, Կոմիտասը եւ այլք: Այս քաղաքում կրթութիւն են ստացել Աբովեանն ու Թումանեանը, Աղբալեանն ու ՀՅԴ առաջնորդներ Քրիստափոր Միքայէլեանն ու Ռոստոմը: Այստեղ ստեղծագործել են` գրողներ Րաֆֆին, Սունդուկեանն ու Մուրացանը, աշուղ Ջիւանին,  պատմաբան Լէոն: Թիֆլիսի ծնունդ են` Վիքթոր Համբարձումեանն ու Արամ Խաչատրեանը, Երուանդ Քոչարն ու Տիգրան Պետրոսեանը, ֆրանսահայ գրող Անրի Թրուայեան, ամերիկահայ բեմադրիչ Ռուբէն Մամուլեանն ու Հայաստանի եւ ցարական ու Խորհրդային Ռուսաստանի քաղաքական, ռազմական, գիտական ու մշակութային բազմաթիւ գործիչներ եւ հարիւրաւոր ուրիշ նշանաւոր հայորդիներ` այն վարչաքաղաքական, գործարար ու մտաւորական ընտրախաւը, որոնց նախնիները այստեղ էին հաստատուել Կիլիկիայից, Անիից ու Հայաստանի երկու հատուածների այլ տարածքներից: Անդրկովկասեան հանրապետութիւնների հռչակումից եւ Խորհրդային Միութեան կազմաւորումից յետոյ թիֆլիսահայութեան վարչաքաղաքական ու հասարակական դերի սահմանափակման, հայութեան կենտրոնի Երեւան տեղափոխման հետ թէեւ դանդաղօրէն անկում ապրեց Թիֆլիսի հայկական կեանքը, այնուամենայնիւ, մտաւորականութեան ու մշակութային գործիչների մի հրաշալի փաղանգ դեռ պէտք էր ձեւաւորուէր այստեղ, որոնց մի մասը պէտք էր մնար տեղում, մի մասը հեռանար յատկապէս դէպի Ռուսաստան, իսկ մի զգալի մասն էլ գար հարստացնելու ոտքի կանգնող Խորհրդային Հայաստանի մշակութային եւ ոչ միայն մշակութային կեանքը:

Մասնաւորեցնելով ասելիքը` նշենք, որ խորհրդային շրջանի վրացահայ կերպարուեստագէտների փայլուն ներկայացուցիչները եղան Երուանդ Քոչարն ու Գէորգ Գրիգորեանը (հայ Ճոթթոն), Ալեքսանդր Բաժբէուկ-Մելիքեանն ու նրա տաղանդաւոր զաւակներ` Լաւինիա, Զուլէյկա, Վազգէն Բաժբէուկ-Մելիքեանները, Վաղարշակ Էլիբեկեանն ու նրա տաղանդաւոր զաւակներ` Ռոպերթ եւ Հենրիկ Էլիբեկեանները, Յովսէփ Կարալեանը, Գայեանէ Խաչատրեանը եւ ուրիշներ:

Ինչո՞ւ կանգ առայ յատկապէս կերպարուեստագէտների հանգամանքի վրայ: Քանի որ մեր ասելիքը ծաւալուելու է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործութեան շուրջ, կարելի է հաստատել, որ լինելով իր սերնդի եւ միջավայրի օժտուած ներկայացուցիչներից մէկը` ակնյայտ է նրա տաղանդը յատկապէս կերպարային արուեստի ասպարէզում: Այդ տաղանդն արտայայտուած է նրա բազմաթիւ քոլաժների, ձեռքի այլ աշխատանքների ու նկարների մէջ եւ, ի հարկէ, նրա շարժապատկերներում: Սարգիս Փարաջանեանի այս ձիրքը Թիֆլիսի հայկական մշակութային միջավայրի մէկ արգասիքը լինելուց առաջ` ժառանգուած է իր ծնողներից: Նրա հայրը` Յովսէփը, դեռեւս նախախորհրդային շրջանից ունեցել է հնավաճառ իրերի խանութ, եւ Սարգիսը մանուկ հասակից առնչուել է ակնեղէնի ու ոսկեայ իրերի, գորգերի, կարպետների, շքեղ հագուստների, զանազան ձեռագործ իրերի հետ: Այդ ամէնի նկատմամբ հետաքրքրութիւնն ու սէրը նրա մօտ պահպանուեց ամբողջ կեանքում եւ նոյնիսկ փրկարար նշանակութիւն ունեցաւ բանտում, տանը մեկուսացուածութեան եւ աղքատութեան երկար ու ձիգ տարիներին, երբ նա դիմանալու եւ կեանքը շարունակելու համար ուժ էր ստանում իր անսպառ երեւակայութիւնից` երկնելով բազմաթիւ բեմագրութիւններ, ինչպէս եւ քոլաժներ, տիկնիկներ, ձեռագործ այլ  աշխատանքներ:

Ինչպէս վերն ակնարկեցի, Մոսկուայում բեմադրիչի կրթութիւն ստանալուց շատ չանցած`  Փարաջանովը ժապաւէններ է նկարահանում, Քիեւում 1970 թուականին «Գարուն» ամսագրի համար արուած մէկ «զրոյցի» ժամանակ (այն ամբողջութեամբ ներկայացուած է «Դրօշակ»-ի այս համարում) Փարաջանովն ասում է. «Ես ստեղծել եմ հինգ միջակ, գուցէ նոյնիսկ վատ նկար: Կայի՞ն այնտեղ բռնկումներ թէ ոչ, դա չէ կարեւորը: Պատահեց մի բան ողբերգութեան հաւասար, որ խթանեց իմ մտածողութիւնը… Խթանեց: Ես սկսեցի մտածել փլասթիքայով»:

Այստեղ աւելացնենք, որ երիտասարդ տարիքում Փարաջանովը սովորել է նաեւ Թիֆլիսի երաժշտանոցի երգեցողութեան բաժնում, ինչպէս նաեւ` oփերային կից պալէի դպրոցում:

Որպէս ժապաւէնի պատկերի արտայայտչաձեւ տեսնելով փլասթիքի լուծումը, մասնաւորապէս` մարմնի շարժումը, Փարաջանովը յայտնաբերում է իր համար նոր շարժապատկերի լեզու: Արտայայտման արտաքին ձեւի զգացողութիւնը  խորանում է նրա մօտ` վերածուելով ասելիքի բուն բովանդակութեան բացայայտման միջոցի: Փարաջանովն այստեղ գտնում է ինքն իրեն, ինչպէս ձուկը գտնում է իր ջուրը, որովհետեւ նրա համար ի սկզբանէ հոգեհարազատ են երաժշտութիւնը, պարը, գեղանկարչութիւնը,  ինչպէս եւ սէրը` ժողովրդական ծէսի, աւանդոյթի եւ դրանց արտայայտման ձեւերի նկատմամբ:

Մարտիրոս Սարեանն ասել է. «Փարաջանեանը հիմնական շեշտը դնում է «պաստառ-կտաւ»-ի վրայ եւ այն լուծում է մեծ տաղանդով` հասնելով խոր բովանդակութեան»(1):

Ի վերջոյ, ի՞նչ է նշանակում  մեր ականջին շատ բան չասող «կինեմատոգրաֆ» բառը: Սփիւռքահայերը, բառն ամբողջովին թարգմանելով հայերէնի, վաղուց գործածում են «շարժապատկեր» եզրը: Կինեմատոգրաֆը իր նախնական առաքելութեամբ հէնց շարժուող նկար է, ինչը լաւագոյնս արտայայտուել է շարժապատկերի ոսկէ շրջանում, երբ այն դեռ համր էր եւ «խօսում էր» շարժուող պատկերների լեզուով:

Ի դէպ, յայտնի է, որ խօսքի մուտքը շարժապատկերի ժամանակի շատ ստեղծագործողներ, որոնց թւում եւ շարժապատկերի արուեստի արքայ Չարլի Չափլինը, խանդավառութեամբ չընդունեցին, հասկանալով, որ պատկերի դերակատարութիւնը կարող է ստորադասուել, եւ այն կը վերածուի  խօսքին կամ գրականութեանն ուղեկցող գործօնի:

Փարաջանովի շարժապատկերը,  Քիեւում նկարահանած «Մոռացուած նախնիների ստուերները» (1964 թ.) ժապաւէնով, այդուհետ վերածւում է յղացքային կառուցուածք ունեցող գեղարուեստական  պատկերաշարի, որի երաժշտութիւնը, ձայնային ֆոները եւ խօսքը վերածւում են պատկերի ասելիքը լրացնող միջոցի:

Փարաջանովի պատկերները ոչ միայն դառնում են առանձին կտաւներ, այլեւ հեղինակի փլասթիք եւ երաժշտական մտածողութեան շնորհիւ` օժտւում են ներքին կշռութաւոր կառուցուածքով ու երաժշտականութեամբ: Հիմք ընդունելով պատկերի ասելիքն ու արտայայտչական, զգացական ուժը` Փարաջանովը սկսում է երկրորդական դեր վերապահել դիպաշարին: Այս երեւոյթն ակնառու դրսեւորւում է յատկապէս աշխարհում շռնդալից յաջողութիւն ունեցած «Մոռացուած նախնիներից» յետոյ 1968 թուականին Հայաստանում նկարահանած «Նռան գոյնը» ժապաւէնում:

Ժապաւէնի աշխարհ գալուց յետոյ հայ ժողովուրդը թէեւ հպարտութիւն ապրեց ստեղծագործութեան եւ նրա հեղինակի համար, սակայն դժուարութիւն ունեցաւ ընկալելու եւ ըմբռնելու շարժապատկերի ասելիքը: Թերեւս ժապաւէնը «հանգիստ», ճիշդ տեսանկիւնից ընկալելուն խանգարեց (այսօր էլ շարունակում է խանգարել) այն թիւր կարծիքը, թէ ժապաւէնի տողատակին հակախորհրդային եւ ազգայնական ասելիք է: Այս մտայնութեան համար հիմք է ծառայել այն իրողութիւնը, որ Փարաջանովը, հակախորհրդային եւ առհասարակ քաղաքական գործունէութեամբ երբեք չզբաղուելով` տարբեր առիթներով յախուռն կերպով եւ հրապարակայնօրէն սուր եւ կոպիտ որակումներ է կատարել  խորհրդային  համակարգի եւ իշխանութիւնների հասցէին, ինչը պատճառ է դարձել (պաշտօնական մեղադրանքները բոլորովին այլ են եղել), որպէսզի Փարաջանովը ձերբակալուի երեք անգամ եւ բանտում անցկացնի աւելի քան 4 տարի:

Իրականում ժապաւէնը գեղագիտական լեզուով ներկայացնում է Սայաթ Նովա միջնադարեան պոէտի աշխարհը, յոյզերն ու տառապանքը: Ժապաւէնի ասելիքի բացայայտման միջոց կարելի է համարել, այսպէս ասած, ենթավերնագրերը, որոնք կարծես ժապաւէնը բաժանում են առանձին նովելների եւ տալիս են դրանցից իւրաքանչիւրի «վերծանման» բանալին: Ժապաւէնի սկզբում գրւում եւ արտասանւում է հետեւեալ  «ենթավերնագիրը».

«ԱՅՍ ԿԻՆՈԵՐԿԸ ՈՐԵՒԷ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿԵԱՆՔԻ ՊԱՏՈՒՄԸ ՉԷ: ՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱՇԽԱՐՀԸ, ՆՐԱ ՀՈԳՈՒ ԵԼԵՒԷՋՆԵՐԸ, ԿՐՔԵՐՆ ՈՒ ՏԱՌԱՊԱՆՔԸ` ԼԱՅՆՕՐԷՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ ՀԱՅ ՏԱՂԵՐԳՈՒՆԵՐԻ ՍԻՄՎՈԼՆԵՐՆ ՈՒ ԱՅԼԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ»:

Սա նախ նշանակում է, որ շարժապատկերում պէտք չէ դիպաշար փնտռել, թէեւ ակնյայտ է, որ այն նուիրուած է Սայաթ Նովային, ակնարկներ կան նրա կենսագրութեան հանգրուանների վերաբերեալ, ի վերջոյ հնչում են  նրա երաժշտութեան եւ բանաստեղծական խօսքի պատառիկներ: Եթէ որոշ այլաբանութիւններ ու խորհրդանշաններ կարող են դժուար ընկալելի լինել, որովհետեւ դրանք մէկ դէպքում հայ մշակոյթի միջնադարեան խորհրդանիշներ են, իսկ մէկ այլ դէպքում Փարաջանովի անսահմանափակ երեւակայութեան արգասիքը, ապա ժապաւէնի ընդհանուր բովանդակութիւնը, պոէտի կեանքի փուլերի մասին վերացարկուած ակնարկներով անգամ, հասցէական է եւ բացատրելի:

Ինչպէս ասուեց, ժապաւէնը միջնադարեան պոէտի ու երգահանի հոգու ելեւէջների, կրքերի ու տառապանքի մասին է, որն աւելի շատ ունի ընդհանրական բնոյթ եւ ներկայացուած է գեղարուեստականացուած արտայայտչաձեւերով:

Ահա ապագայ բանաստեղծի մանկութեան շրջանը, երբ նա շրջապատուած է հոգեւորականներով, նրանց կենցաղով եւ գրքերի զարմանահրաշ աշխարհով: Պատանին թերթում է այդ գրքերը, դիտում հայկական միջնադարեան մշակութային մտածողութիւնն իր մէջ խտացրած մանրանկարչական պատկերները:

Կանայք կարպետ են լուանում եւ նրանց մերկ ոտնաթաթերի շարժումը պար է յիշեցնում:  Գորգ հիւսող կանանց մատների ներքոյ սանրի թելերի ձայնը երաժշտութիւն է յիշեցնում: Դափի նուագ են յիշեցնում ջրի շիթի հարուածի ձայնը մետաղեայ սկուտեղանման թասին եւ ապա նոյն թասի վրայ լուացած թելի խրձի շրմփոցը, երբ տղամարդիկ կրակի վրայ եռացող պղինձներից փայտով դուրս են բերում թելի խրձերն ու նետում թասի վրայ: Տղան մի կողմ է տանում բաղնիքի երդիքի պատուհանը ծածկող կարպետը եւ նայում է լողացող տղամարդկանց, ապա եւ կնոջ թաց մարմնին, որի վրայով ջուր է հոսում, իսկ կրծքին խխունջ է կպած (ի դէպ, խխունջը յայտնւում է նաեւ այլ դրուագներում: Մի դէպքում, օրինակ, այն Սայաթ Նովայի կրծքին է: Առհասարակ խխունջն ականջին մօտեցնելիս թւում է, թէ լսում ես ծովի հեռաւոր խշշոցը: Արդեօ՞ք Փարաջանովի մտայղացմամբ այն հերոսների իղձը, հեռաւոր երազանքն է խորհրդանշում): Աշուղը քամանչան երկարում է պատանի Յարութիւնի կողմը: Կարծես թէ դա նրա ճակատագիրն է, ձայների, գոյների, խայտաբղէտ այս իրականութիւնը ձեւաւորում է ապագայ բանաստեղծին ու երգահանին, որ նեկտար հաւաքող մեղուի նման այդ ամէնը ընկալում եւ ամբարում է իր սրտում ու մտքում: Կարծում եմ` ասուածի մասին է վկայում  համապատասխան հատուածի ենթավերնագիրը. «ԱՇԽԱՐՀԻ ԳՈՅՆԵՐԻՑ ՈՒ ԲՈՅՐԵՐԻՑ ԻՄ ՄԱՆԿՈՒԹԻՒՆՆ ԱՐԱՐԵՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՔՆԱՐՆ ՈՒ ՏՈՒԵՑ ԻՆՁ»:

(Շար. 1)

(1).-  Նռան գոյնը, Լիբանան Գառնի մատենաշար 1985 թ., էջ 27:

 

Գնահատականներ Եւ Կարծիքներ  Փարաջանովի Մասին

– Փարաջանով «Նռան գոյնը» ժապաւէնով քանի մը տասնամեակ առջեւ տարաւ շարժապատկերը:

Ֆետերիքօ Ֆելլինի

– Շարժապատկերի տաճարին մէջ կան պատկերներ, լոյս եւ իրականութիւն: Այդ տաճարին վարպետը Սերգէյ Փարաջանովն է:

Ժան-Լիւք Կոտար

– Շարժապատկերի աշխարհը կորսնցուց հրաշագործ մը: Փարաջանովի երեւակայութիւնը յաւերժ պիտի դիւթէ եւ ուրախութիւն պիտի պարգեւէ աշխարհի ժողովուրդներուն:

Ֆետերիքօ Ֆելլինի, Թոնինօ Կուերա, Ճուլիեթա Մազինա, Ալպերթօ Մորաւիա, Մարչելօ Մասթրոյեանի, Պերնարտօ Պերթոլուչի

(Վարպետին մահուան առիթով Երեւան յղուած հեռագիրը – «Նռան գոյնը», ԼԻԲԱՆԱՆ,  «Գառնի» մատենաշար, թիւ 1, էջ 38)

–  «Մոռցուած նախնիներու ստուերները» ժապաւէնով Փարաջանով կը ստեղծէ արուեստի գլուխ-գործոց մը, որ առանձինն պիտի բաւէր դասելու համար զինք շարժապատկերի պատմութեան կարեւորագոյն դէմքերու շարքին:

«Մոռցուած նախնիներու ստուերները» ամբողջութեամբ ու կատարեալ գործ մըն է անկատար մարդուն մասին, կը կրէ կեանքը, իսկ ինք կը խօսի մահուան մասին, մեզի  կը շնորհէ շատ բան ու մեզմէ կը խլէ միայն մէկ ժամ ու երեսունհինգ վայրկեան:

Անիկա մեր բոլորին հպարտութիւն առթող երեւոյթներէն մէկն է:

Սամիր Ֆարիտ

«Շարարա»

(«Նռան գոյնը», ԼԻԲԱՆԱՆ «Գառնի» մատենաշար թիւ 1, էջ 39)

Փարաջանովի ժապաւէնը ո՛չ աւելի եւ ո՛չ ալ նուազ դժուարիմաց է, քան` հարուստ եւ բարդ բանաստեղծութիւն մը, որ անշուշտ, ժապաւէն-բանաստեղծութիւն մըն է` իրագործուած անսանձ զգայապաշտի մը կողմէ: Ասկէ զատ` ուղղակի դիպաշար եւս չկայ հոս, այլ կայ նոր ոճով ձայն եւ երաժշտութիւն, սակայն երբեք` խօսակցութիւն:

«Նռան գոյնը» շքեղ եւ ինքնատիպ ժապաւէն մըն է, կնճռոտ, վիճելի եւ խորհրդանշական, այնքան, որ հայկական մշակոյթը կը ցոլացնէ:

 ՇԷՅԼԱ ՊԵՆՍԸՆ

«Լոս Անճելըս Թայմզ», 10 յունուար 1981:

(«Նռան գոյնը», ԼԻԲԱՆԱՆ, «Գառնի» մատենաշար, թիւ 1, էջ 55)

 

 

 

Նախորդը

Շուշին Վերաշինելու Եւ Արցախը Մայր Հայրենիքին Վերամիաւորելու Ծրագիր

Յաջորդը

Յակոբ Օշականի Տեսածը Դե՛ռ Կը Ցոլայ

RelatedPosts

25-Ամեակ Հարաւի Ազատագրութեան.  Հարաւային Լիբանան` Պատերազմի Կիզակէտ Եւ Դիմադրութեան Օրրան
Անդրադարձ

25-Ամեակ Հարաւի Ազատագրութեան. Հարաւային Լիբանան` Պատերազմի Կիզակէտ Եւ Դիմադրութեան Օրրան

Մայիս 24, 2025
«Ապագայ Լրագրողներ»-ու Ծրագիրի Չորրորդ Փուլի Մասնակիցները Ծանօթացան Լուր Գրելու Սկզբունքներուն
Անդրադարձ

«Ապագայ Լրագրող»-ներու Չորրորդ Փուլի Մասնակիցները Կը Գրեն

Մայիս 24, 2025
Վահէ Պէրպէրեան Երեւոյթը
Անդրադարձ

Վահէ Պէրպէրեան Երեւոյթը

Մայիս 24, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?