Հարցազրոյցը վարեց`
ՆԱՆԷ ԱՅՆԹԱՊԼԵԱՆ
Մուսա Լեռ հայրենակցական միութեան երիտասարդական թեւի հիմնական առաքելութիւններից մէկը Ձմեռ պապի ամէնամեայ այցելութիւններն են գիւղեր` ուրախացնելու, ջերմացնելու եւ ժպիտներ պարգեւելու մեր փոքրիկներին:
Մենք` երիտասարդներս, մեծ խանդավառութեամբ ենք իրականացնում այս նախաձեռնութիւնը, քանի որ գիտակցում ենք, որ այս օրհասական պահին բոլորս միահամուռ պէտք է սատար կանգնենք մեր հայրենիքին, նեցուկ լինենք մեր հայրենակիցներին:
Այս նպատակով, Գաբրիէլ եւ Աստղիկ Փանոսեանների նախաձեռնութեամբ, ամէն տարի այցելում ենք Հայաստանի սահմանային գիւղեր, որոնք հեռու են Երեւանի ամանորեայ ճոխ մթնոլորտից, եւ նրանց ենք հասցնում այդ ամանորեայ շունչը:
Շնորհիւ մեր հովանաւորողների, բարեկամների եւ պատրաստակամ երիտասարդների` արդէն 15-րդ տարին է, ինչ իրականացնում ենք այս նախաձեռնութիւնը, եւ այս առիթով զրուցենք Մուսա Լեռ հայրենակցական միութեան երիտասարդական թեւի խորհրդատու Գաբրիէլ Փանոսեանի հետ:
ՀԱՐՑՈՒՄ.- Գաբրիէլ Փանոսեան, կը պատմէ՞ք, թէ ինչպէ՛ս առաջացաւ Ձմեռ պապի` գիւղերի այցելութեան միտքը:
ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆ.- Երբ ես Հայաստան հաստատուեցի, նկատեցի, որ գիւղերի մէջ բացակայում է Ձմեռ պապի այցելութիւնները փոքրիկներին: Այցելեցի Նորամարգ գիւղի մանկապարտէզ, որտեղ նկատեցի, որ Ձմեռ պապի տօնակատարութիւն չեն կատարում: Ես, որ Այնճարում Ձմեռ պապի փորձառութիւն ունէի, քանի որ 1976 թ. ուղղաթիռով Ձմեռ պապի ենք բերել Այնճար, որը մինչեւ օրս յիշատակւում է եւ մեծ ազդեցութիւն է թողել երեխաների վրայ, այստեղ փորձեցի նոյն աշխատանքը կատարել. սկսեցի առաջին գիւղի` Նորամարգի մանկապարտէզից եւ Օշական գիւղի մանկապարտէզից: Առաջին տարին այս երկու գիւղերն էին, եւ առաջին Ձմեռ պապը Յովսէփ Սեֆերեանն էր, որ քաջալերեց ինձ: Այդ ժամանակ Ձիւնանուշ չունէինք: Հետագայում, ի հարկէ, Ձմեռ պապին զարգացաւ, Ձիւնանուշը ընկերակցեց իրեն, Ձմեռ պապի օգնականները շատացան… տեսակաւոր միջոցներով այդ երեխաներին կարողացանք ուրախացնել:
Հ.- Իսկ ինչպէ՞ս են ընտրուել այդ գիւղերը:
Գ. Փ.- Դրանք բոլորը սահմանային գիւղեր են, Երեւան եւ մեծ քաղաքներ չենք այցելում, այլ` այն քաղաքներ, որոնք Ձմեռ պապի կարիքը շատ ունեն: Մի տարի գիւղերից մէկի ճանապարհին հանդիպեցինք գիւղացիների, որոնց շաքար բաժանեցինք: Շատ զարմացան, հետագայում ոգեւորուած պատմում էին, որ այդ մարդիկ երկնքից շաքար թափեցին… Դրանից քաջալերուած` երկրորդ տարում երեք գիւղ այցելեցինք, յաջորդ տարի` նոյնպէս երեք գիւղ, դրանից յետոյ կամաց-կամաց շատացան, եւ այսօր այցելում ենք 10 գիւղի 13 մանկապարտէզներ:
Հ.- Իսկ աշխատանքների սկիզբը ինչպէ՞ս էր, ինչպէ՞ս սկսեցիք աշխատանքները, ո՞ւմ դիմեցիք, որո՞նք աջակցեցին ձեզ:
Գ. Փ.- Սկզբում մեր միջոցներով էինք իրականացնում, ի հարկէ այդ ժամանակ նուէրները շատ փոքր էին, յետոյ ինձ շատ օգնեց Գիւմրիի կաթողիկէ համայնքի քոյր Արուսեակը: Նա դրսից նուէրներ էր ստանում եւ, ընդունելով իմ խնդրանքը, նա երեք տարի շարունակ մեզ տալիս էր երեխաների համար նուէրներ, որոնք մեր միւս նուէրների հետ բաժանում էինք փոքրիկներին, դիմում էինք բարեկամների, ծանօթների… որոնք որ կարողանում էին օգտակար լինել թէկուզ մի փոքր բանով, օգնում էին մեզ: Գիտէք, փոքրիկի համար կարեւորը այդ նուէրների տեսակը, արժէքաւոր լինելը չէ: Միայն այդ նուէրը տալը նրա համար ամենամեծ երջանկութիւնն է. նա անհամբեր, աչքերը բացած սպասում է, թէ Ձմեռ պապը ե՛րբ պէտք է իրեն նուէր տայ… այդ պատկերը տեսնելը իսկական երջանկութիւն է: Սկզբում, երբ ամէն բան ես իմ միջոցներով էի անում, իմ մեքենայով էի այցելում գիւղեր, հեշտ էր ընթացքը, սակայն հետագայում, երբ քանակապէս շատացանք, գիւղերի ցանկը շատացաւ, գործը դժուարացաւ, եւ սկսեցինք օգնութեան դիմել: Սկզբում այցելում էինք միայն հետեւեալ գիւղերը` Նորամարգ, Հովտաշատ, Օշական, յետոյ ցանկը համալրուեց հետեւեալ գիւղերով` Ուջան, Կաթնաղբիւր, Թալինի երկու մանկապարտէզներ, Արայի գիւղ, Եղնիկ, Շղարշ, այս տարի աւելացաւ նաեւ Շահումեան գիւղը: Այս տարի մօտաւորապէս 650 աշակերտի նուէրներ բաժանեցինք: Գրեթէ 10 տարի առաջ Արագածոտնի մարզպետի հետ մի միտք ունէինք. ցանկանում էինք Արագածոտնի շրջանի բոլոր մանկապարտէզների աշակերտներին հաւաքել Աշտարակի դաշտի մէջ, եւ ինչպէս Այնճար Ձմեռ պապը իջաւ ուղղաթիռից, այնպէս էլ այստեղ անէինք: Սակայն դժուարութիւններ ունեցանք, եւ չյաջողուեց այս միտքը իրականացնել, բայց շատ լաւ կը լինէր, եթէ յաջողուէր:
Հ.- Իսկ որո՞նք էին նուիրատուները:
Գ. Փ.- Նուիրատուներ շատ ենք ունեցել, որոնց բոլորի անունները հիմա կը դժուարանամ յիշել: Այս վերջին տարիներին մեզ շատ օգնեց հանգուցեալ Հրայր Նալբանդեանը: Նա նեցուկ կանգնեց մեզ եւ իր շնորհիւ մենք նկատի ունեցանք Թալինի երկու դպրոցները: Երբեմն նուիրատուներ չունէինք, սակայն ջանում էինք ամէն բան անել, որ երեխաներին ուրախացնենք: Ես դիմում էի ծանօթների, բարեկամների, որոնց նուիրատուութիւնների շնորհիւ կարողանում ենք արդէն 15-րդ տարին է իրականացնել այս միտքը: Այս առիթով կը ցանկանամ շնորհակալութիւն յայտնել բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում օգնել են մեզ, որոնք խղճամտօրէն, վստահելով այս աշխատանքի օգտակարութեանը` օգնել են մեզ:
Հ.- Նշեցիք, որ ի սկզբանէ` տեսնելով գիւղերի` Երեւանի ամանորեայ մթնոլորտից հեռու լինելը, իրենց ամանորեայ պատրաստութիւնները, որոնք համեմատաբար անշուք էին, փորձեցիք խթանել այն, որ գիւղերին հասցնէք այդ ամանորեայ խանդավառութիւնը: Ի՞նչ ես կարծում, այս 15 տարուայ մէջ յաջողուե՞լ է փոփոխութիւններ մտցնել նրանց սովորութիւններում:
Գ. Փ.- Այո՛, բաւական փոփոխութիւն կայ, ամանորեայ շունչը արդէն յայտնի է գիւղերում, ոչ միայն երեխաները, այլեւ միւս գիւղացիները երգով-պարով, մեծ խանդավառութեամբ են դիմաւորում Ձմեռ պապին, նրա համար ձեռնարկներ են կազմակերպում, երեխաները ոտանաւորներ են արտասանում, նամակներ են յանձնում Ձմեռ պապին` միւս տարուայ համար… Մի հետաքրքիր պատմութիւն պատմեմ: Օշական գիւղի դպրոցում աշակերտները տարիքով մեծ են, իսկ միւս գիւղերում փոքր են: Օշականի աշակերտները, որոնք արդէն ծնողներ են դարձել, մեզ յայտնում են, որ նրանք տարիներ առաջ նուէրներ են ստացել, եւ շատ ուրախ են, որ հիմա իրենց երեխաներն են նուէրներ ստանում:
Հ.- Այս առիթով մի պատմութիւն էլ ես պատմեմ. Ձիւնանուշի դերը կատարում եմ արդէն 8 տարի է, եւ 2016 թուականին, երբ առաջին անգամ միացայ մեր խմբին, դեռ շատ փոքր էի, իսկ հիմա այդ նոյն Ձիւնանուշը մեծացել է, եւ դա նկատելի է դարձել գիւղացիների, ուսուցիչների եւ փոքրիկների համար, ամէն տարի ասում են. «Ձիւնանուշը մեր աչքի առջեւ մեծացաւ»: Այսօր գիւղում տեսնում եմ պատանիների, որոնց ժամանակին նուէրներ եմ բաժանել, երգել եւ պարել եմ նրանց հետ, եւ հիմա նրանք մեծացել են, մօտենում են եւ ոգեւորուած ասում, որ իրենց մանկութեան մի հրաշալի եւ անմոռանալի մասն են դարձել Ձմեռ պապն ու Ձիւնանուշը:
Գ. Փ.- Կարծում ենք` յաջողուեց նրանց մէջ այս սովորութիւնը մտցնել, որ ամէն տարի սպասեն Ձմեռ պապին: Սա դարձաւ նրանց Ամանորի մի շատ սպասուած մաս. երեխաները մի ամբողջ տարի աշխատում են, որ Ձմեռ պապին մի բան ներկայացնեն, նրա համար ձեռնարկներ են կազմակերպում, նամակներ են գրում: Այդ հրճուանքը, որ ունենում են իրենք, իրենց հոգուց են դուրս հանում, այդ սպասումները, յոյզերը… եւ ի վերջոյ, հանդիպում են Ձմեռ պապին, շատ պինդ գրկում են նրան, եւ սպասում են խոստումի, որ միւս տարի Ձմեռ պապը կրկին կ՛այցելի իրենց գիւղ: Երբ երեխաներին հարցնում էինք, թէ Ձմեռ պապը որտեղի՞ց է գալիս, պատասխանում էին` Արարատ լերան գագաթից: Սա մի մեծ ձեռքբերում է:
Հ.- Կը պատմէ՞ք նախապատրաստութիւնների մասին:
Գ. Փ.- Նախապատրաստութիւնները սկզբում մեր տանն էինք իրականացնում, բայց շատ դժուար էր այդպէս: Հետագայում, երբ սկսեցինք աւելի շատանալ, դիմեցի Մուսա Լեռ հայրենակցական միութեան երիտասարդներին, որ ստանձնեն այս պատրաստութիւնների եւ այցելութիւնների գործընթացը: Նրանք սիրով ընդունեցին եւ մօտաւորապէս 12 տարի է, ինչ մասնակցում են այս պատրաստութիւններին: Վերջին երկու տարուայ մէջ, երբ աշխատանքը շատացաւ, խնդրեցինք «Նարեկացի» արուեստի միութեանը` տրամադրելու իրենց սրահը պատրաստութիւնների համար, նրանք սիրայօժար ընդունեցին: Այդ պատրաստութիւնը արդէն ինքնին մեծ ուրախութիւն է երիտասարդների համար, եւ այդ մթնոլորտը շարունակւում է բուն օրերին նոյնպէս: Սա երիտասարդ թեւի շնորհքն է, որոնք ստանձնեցին այս գործը ուրախութեամբ եւ մինչ օրս շարունակում են:
Հ.- Այո՛, մենք` երիտասարդներս, մեծ ոգեւորութեամբ ենք ստանձնել այս աշխատանքները: Տարուայ ամենաուրախ օրերն ենք ունենում: Պատրաստութիւնների ժամանակ աւելի լաւ ենք ճանաչում միմեանց, օգնում ենք իրար, խաղերով, երգելով, մեծ խանդավառութեամբ պատրաստում ենք նուէրները, ամէն նուէրի հետ մի մեծ սէր ենք դնում տոպրակների մէջ, այնուհետեւ այդ նոյն ջերմութիւնը գիւղեր ենք հասցնում: Իսկական երջանկութիւն է տեսնել այդ փոքրիկների փայլող աչքերը, բռնել նրանց տաքուկ ձեռքերը եւ պարել… հոգիդ մանկանում է նրանց ժպիտներից, եւ այդ ժամանակ գիտակցում ես, որ ուրիշներին երջանկացնելուց երջանկանում ես նաեւ ինքդ, եւ սա աննկարագրելի հաճոյք է…
Շնորհակա՛լ ենք, ձեր գնահատելի նախաձեռնութեան համար: