Հայաստանի նախկին արտաքին գործոց Վարդան Օսկանեան եւս անդրադարձաւ Փաշինեանի յայտարարութեան` գրելով հետեւեալը.
«Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւնները, որոնցով նա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանութեան իրողութիւնն ու վիթխարիութիւնը, ոչ միայն ցնցող են, այլեւ անընդունելի` Հայաստանի որեւէ ղեկավարի համար: Ակնարկելով, որ մի գուցէ հայերն իրենք են նաեւ պատասխանատու տեղի ունեցածի համար` Փաշինեանը կրկնում է Ցեղասպանութեան ժխտման ամենավտանգաւոր թեզերից մէկը, որը մէկ դարից աւելի տարածում է թուրքական պետութիւնը: Պատմական ճշմարտութեան եւ ազգային արժանապատուութեան այս ուրացումը Ցեղասպանութեան 1,5 միլիոն զոհերի յիշատակի անարագանք է:
«Հայոց ցեղասպանութիւնը 20-րդ դարի առաւել մանրակրկիտ փաստագրուած ոճրագործութիւններից է: Ապացոյցներն անհերքելի են. օսմանեան պաշտօնական փաստաթղթերը յստակ ուրուագծում են հայերին ոչնչացնելու ծրագրերը, վերապրածների, օտարերկրեայ դիւանագէտների եւ միսիոնարների վկայութիւնները մանրամասնում են զանգուածային սպանութիւնները, բռնի տեղահանութիւնները եւ սովամահութիւնը, իսկ ժողովրդագրական տուեալներն անառարկելիօրէն ցոյց են տալիս Անատոլիայում հայկական համայնքների գրեթէ լիակատար բնաջնջումը: Այս փաստերը կասկածի տակ դնելը մտավարժանքի կամ բանավէճի հարց չէ, այլ` բազմաթիւ գիտնականների, միջազգային կազմակերպութիւնների, պետութիւնների ու հէնց հայ ժողովրդի կողմից հաստատուած աներկբայ իրողութեան դիտաւորեալ անտեսում:
«Թուրքիան տասնամեակներ շարունակ Ցեղասպանութիւնը ժխտելու համար ապաւինել է մանրակրկիտ մոգոնած պատումին` մարդկայնութեան դէմ ոճիրը ներկայացնելով որպէս «պատերազմական ժամանակաշրջանի փոխադարձ տառապանք», ապացոյցների մերժումը դարձնելով պետական քարոզչութիւն ու յարձակողապաշտ լոպիինկ անելով ճանաչման դէմ: Փաշինեանը տարօրինակ կերպով թութակում է սա` կասկածի տակ դնելով պատմական հաստատուած իրողութիւնները եւ պառակտում սերմանելով Հայաստանի ու աշխարհի հայութեան շրջանում: Առաջարկելով, որ հայերը պէտք է հետաքննեն Ցեղասպանութեան «պատճառները»` նա մեղքը ոճրագործից տեղափոխում է զոհի վրայ, խորամանկ հնարք, որը յաճախ են օգտագործում Ցեղասպանութեան ժխտողները:
«Այսօրինակ հռետորաբանութիւնը զուտ պատմական ռեվիզիոնիզմ (վերաքննականութիւն) չէ, այն բարոյական ուրացում է: Որպէս վարչապետ` Փաշինեանին վստահուած է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանութիւնը, ինքնութիւնը եւ իր ժողովրդի ժառանգութիւնը: Սակայն նրա խօսքերը խարխլում են հէնց այդ պատասխանատուութիւնը: Հրապարակայնօրէն նսեմացնել Ցեղասպանութիւնը` նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարութեան համար շարունակուող պայքարում, քաջալերել նրանց, որոնք ձգտում են ջնջել ճշմարտութիւնը եւ սասանել հայ ազգի միասնութիւնը: Սա դաւաճանութիւն է, որը չի կարող ներուել կամ անտեսուել:
«Ղեկավարութիւնից պահանջւում է բարոյական յստակութիւն, յատկապէս` Հայաստանի նման երկրի դէպքում, որի ժամանակակից ինքնութիւնը խարսխուած է Ցեղասպանութեան եւ դրա հետեւանքների վրայ: Ղեկավարը, որը կասկածի տակ է դնում պատմութեան այդ բախտորոշ էջը, չի կարող ներկայացնել հայ ժողովրդին: Նման վարքագիծը Փաշինեանին ոչ միայն որակազրկում է որպէս ղեկավարի, այլեւ` լուրջ հարցեր բարձրացնում նրա շարժառիթների վերաբերեալ: Սա Թուրքիայի հետ դիւանագիտութեան մոլորեալ փո՞րձ է, թէ՞ պառակտում սերմանելու շնական խաղ: Ի՛նչ էլ լինի պատճառաբանութիւնը, այն պախարակելի է:
«Հայոց ցեղասպանութիւնը պարզապէս պատմական իրադարձութիւն չէ: Այն վէրք է, որը շարունակում է ձեւաւորել մեր ինքնութիւնը եւ տեղը աշխարհում: Ցանկացած հայ ղեկավարի բարոյական պարտքն է յարգել այդ պատմութիւնը եւ պայքարել ճանաչման ու արդարութեան համար: Փաշինեանի յայտարարութիւնները այդ պարտքի ուրացում են եւ անարգանք` զոհերի յիշատակին: Դրանք վտանգում են ճանաչման ու պատասխանատուութեան տասնամեակների ջանքերը:
«Երկրի ղեկավարի կողմից ժխտողական խօսոյթի գործածումը կրկին վկայում է, որ նա կորցրել է Հայաստանը ղեկավարելու բարոյական իրաւունքը:
«Հայաստանը արժանի է առաջնորդի, որը կը պաշտպանի իր ժողովրդի արժանապատուութիւնն ու պատմութիւնը, ոչ թէ կասկածի տակ կը դնի այն»: