2024-ը «Ապառաժ»-ն ամփոփում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանի հետ:
«ԱՊԱՌԱԺ».- Արցախի բռնի տեղահանութիւնից աւելի քան մէկ տարի է անցել, ինչպէ՞ս կը գնահատէք 2024-ը, ի՞նչ խնդիրների առջեւ են կանգնած մեր հայրենակիցները, եւ ի՞նչ է արւում Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ:
ԱՐԱ ՊՈՒԼՈՒԶԵԱՆ.- 2023-ի բռնի տեղահանութիւնից յետոյ Արցախն ու արցախցիները յայտնուեցին շատ ծանր պայմաններում: Այն ակնկալիքը, որ անհրաժեշտ օժանդակութիւն ու հոգատարութիւն կը ցուցաբերուի ՀՀ կառավարութեան կողմից Արցախի ու ժողովրդի ճակատագրի նկատմամբ, չարդարացուեց: Արցախցի մեր հայրենակիցները չհամակերպուելով տեղի ունեցածի հետ` փորձեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել եւ մասնակցել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձութիւններին, յատկապէս` «Սրբազան շարժման» շրջանակներում, եւ թիրախաւորուեցին ՀՀ իշխանութիւնների կողմից թէ՛ ֆիզիքապէս, թէ՛ հոգեբանօրէն եւ թէ՛ ընկերային տեսանկիւնից:
Այսօր ՀՀ իշխանութիւնների ծրագրերից բաւարարուած չէ Արցախի ժողովուրդը: Թէ՛ 50 հազար դրամ աջակցութիւնը, թէ՛ բնակարանային ապահովման, թէ՛ աշխատանքի տեղաւորման ծրագրերը եւ թէ՛ իրաւական տեսակէտից` անձնագրերի, քաղաքացիութեան հարցերը մի շարք դժուարութիւնների առաջ կագնեցին մեր հայրենակիցներին: Այդ արհեստական խոչընդոտները, ծրագրերի ոչ համաչափ կիրառումը խռովութիւն առաջացրեց Արցախի ժողովրդի մօտ իրենց իսկ հայրենիքի` Հայաստանի նկատմամբ: Դա առաջին հարցն էր, որին դէմ յանդիման կանգնեց Արցախի ժողովուրդը:
Երկրորդը` Արցախի իշխանութիւնների նկատմամբ ՀՀ իշխանութիւնների արհամարհումն է եւ Ազրպէյճանի ուղղակի ազդեցութեան տակ` նրանց աշխատանքի խոչընդոտումը ՀՀ-ում: Արցախի իշխանութիւնը միակ ուղղակի ընտրուած օրինական մարմինն է, որն իրաւունք ունի եւ կարող է ներկայացնել Արցախի դատը, տեղեակ է ժողովրդի հոգսերին, սակայն անտեսուեց Հայաստանի իշխանութիւնների կողմից: 2024-ին այն աւելի արտացոլուեց նաեւ քաղաքական դաշտում, որը ազգային շահերին դէմ գնալու դրսեւորում է: Շատ ծրագրեր քննարկուեցին` առանց հաշուի առնելու Արցախի իշխանութիւնների կարծիքները եւ որոնք ձախողուեցին, որովհետեւ չեն արատայայտում Արցախի մեր հայրենակիցների շահերը:
Պէտք է գիտակցեն բոլորը, որ Հայաստանն ինչպէս ամբողջ հայ ժողովրդի, այնպէս էլ Արցախի ժողովրդի հայրենիքն է: Մէկ անգամ մենք հայրենիք ենք կորցրել ու գիտենք դրա ծանրութիւնը: Այսօր վտանգուած է նաեւ մեր հայրենիքի մէկ այլ հատուածը, որի կորուստն անընդունելի է մեզ համար: Վստահ եմ, որ Հայաստանի անվտանգութեան պահպանման, ապազգային հոսանքների դէմ պայքարում առաջինն է լինելու Արցախի ժողովուրդն ու ՀՅԴ Արցախի կառոյցը:
«Ա.».- Այսօր Արցախի քաղաքական օրակարգում արցախցիների իրաւունքների բարձրացումն ու հաւաքական վերադարձի իրաւունքի իրացման խնդիրն է, ի՞նչ յաջողութիւններ են արձանագրուել այս ուղղութեամբ: Որո՞նք են հետապնդում այն, եթէ ՀՀ-ն` որպէս Արցախի երաշխաւոր պետութիւն, հրաժարուել է նրանից:
Ա. Պ.- 2024-ին մի շարք յաջողութիւններ արձանագրուեցին այս ուղղութեամբ: Վերջինը` Զուիցերիայի խորհրդարանի ստորին պալատի բանաձեւը` արցախցիների վերադարձի իրաւունքի հարթակ ստեղծելու մասին, թէ՛ քոնկրեսականների, թէ՛ Քանատայի արտաքին գործերի նախարարի, պատգամաւորների, Եւրոպայի խորհրդի պատգամաւորների մօտեցումները եւ դիրքորոշումները, անհամեստութիւն չթուայ, մեծ մասամբ, ՀՅԴ Հայ դատի գրասենեակների շնորհիւ է ու նրանց աշխատանքի արդիւնքը:
Կարեւորում եմ այն հանգամանքը, թէ որքան էլ արտասահմանեան տարբեր կառոյցներ, սփիւռքը հայկական պահանջատիրութեան ներկայացման գործում ունենան յաջողութիւններ, շահեն բանաձեւէր, յայտարարութիւններ, գլխաւորը մեր հաւաքական վճիռն ու այն իրականացնելու կամքն է: Արցախում մենք կարողացանք մեր հաւաքական վճռով ցոյց տալ, որ ազատ ու անկախ ենք ուզում ապրել: Արցախի ժողովուրդն արիւն ու քրտինք թափելուց յետոյ պատրաստ չէ օտարի լծի տակ ապրել: Վերադարձը պէտք է լինի նոյն մօտեցումով: Մինչեւ մեր մէջ չլինի հաւաքական կամքի դրսեւորում, չի կարող իրականանալ մեր վերադարձը: Ժողովրդի մէջ պէտք է ստեղծել հաւաքական ընկալում` անվտանգութեան, ընկերային-տնտեսական, հանրային, իշխանութեան հարցերի շուրջ: Ամէն ինչ պէտք է անել, որ հայկական Արցախի գոյութիւնը հանդիսանայ որպէս խաղաղութեան գործօն, հակառակ դէպքում կրկին կը լինի անկայունութիւն ու պատերազմ:
«Ա.».- Ին՞չ չափով է այսօր սփիւռքը ներգրաւուած Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան հարցերում:
Ա. Պ.- Արցախի ժողովրդի իրաւունքերը պէտք չէ դիտել միայն որպէս Արցախի ժողովրդի իրաւունք, այլեւ` ամբողջ հայ ժողովրդի: Հայաստանն Արցախով, Ջաւախքով ու Արեւմտեան Հայաստանով միասին հայ ժողովրդի հայրենիքն է: Արցախի հարցը համահայկական բնոյթ ունի: Արցախի կորուստը արցախցին իր մաշկի վրայ է զգացել, ու դա հայրենիքի կորուստն է, որը պէտք է զգայ իւրաքանչիւր հայ: Հայրենիքի ազատագրման համար պայքարը պէտք է դառնայ բոլորի սեփականութիւնը: Դաշնակցութիւնը կանգնած է ազատագրական պայքարի առաջին դիրքերում, ինչպէս` անցեալ 130 տարիների ընթացքում: Միջազգային առումով, Հայ դատի գրասենեակները լծուած են այդ աշխատանքներին: Չեմ թաքցնի` ասելով, որ Արցախի ժողովրդի կողմից դա գնահատւում է, եւ ոչ ոք չի կարող ժխտել Դաշնակցութեան դերակատարութիւնն այդ հարցում:
«Ա.».- Արցախի իշխանութիւնները միակ օրինական մարմինն են, որ ընտրուել են ժողովրդի կողմից այն պայմաններում, երբ Արցախը գոյութիւն ունէր որպէս պետութիւն: Ինչպէ՞ս կը յաջողուի պահպանել նրանց օրինականութիւնը:
Ա. Պ.- Արցախի իշխանութիւնը ժողովրդավարութեամբ ընտրուած այն մարմինն է, որը ներկայացնում է Արցախի ժողովրդին: Այն, որ ժողովրդավարական կարգերի առկայութեան պայմաններում են ընտրուել արցախի գործող իշխանութիւնները, փաստ է բոլորի համար: առաջնահերթ են Արցախի նախագահական եւ Ազգային ժողովի հաստատութիւնների գործունէութեան ապահովման հարցերը, առաջինը` որպէս գործադիր եւ երկրորդը` որպէս ներկայացուցչական մարմիններ: Տեղին է դժգոհութիւնն այդ երկու մարմինների ոչ բաւարար գործունէութիւնից, որտեղ նկատելի են յուսահատութեան, անկարողութեան, թուլութեան դրսեւորումներ:
Այս մթնոլորտի ստեղծման գործում իրենց դերն ունեն ՀՀ իշխանութիւնները, որոնք փորձում են Արցախի ժողովրդի մէջ պառակտում մտցնել` թիրախաւորելով Արցախի իշխանութիւններին: Դա արւում է Արցախում ժամանակին գործող որոշ քաղաքական դէմքերի միջոցով, ինչը դատապարտելի է: Այդպիսով, ջուր են լցնում նաեւ արտաքին թշնամու ջրաղացին: Պառակտման սերմեր են մտցնում ժողովրդի մէջ, թուլացնում իշխանութիւնների դերն ու դերակատարութիւնը` խաթարելով այն համախմբման օղակը, որը պէտք է առիթ դառնայ մեր վճռական խօսքն ասելու` վերադարձի, ինքնորոշման, իրաւունքների, ընկերային հարցերի լուծման համար:
«Ա.».- ՀՅԴ Արցախի կառոյցի համար եւս անցնող տարին վերակազմակերպման տարի էր, ի՞նչ ընթացքում էք այսօր:
Ա. Պ.- ՀՅԴ Արցախի կառոյցը, տեղահանութիւնից յետոյ, անցեալ տարուայ հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին վերակազմակերպուել է: ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւան քաղաքում կուսակցական բոլոր ընկերները ներգրաւուել են կառոյցի աշխատանքներին: Յատկապէս կենտրոնացած են Երեւանում, որտեղ բաւականին աշխոյժ է կուսակցական կեանքը, ունենք բաւականին թուով խմբեր: Համագործակցում ենք տեղի ՀՅԴ կուսակցական մարմինների հետ, մասնակցում՛ աշխատանքներին: Գործում են նաեւ մեր կառոյցին ուղեկից միութիւնները:
Վստահ եմ, որ մեր պայքարը շարունակուելու է: Նահանջելու տեղ չունենք: Ի հարկէ կայ հոգեբանական ընկճուածութիւն, բայց հետզհետէ ի մի են գալիս մեր մտքերն ու անելիքները: Պարտութեան խարանը ճակատին մշտապէս պահել չենք կարող, այն կարող ենք ջնջել միայն պայքարի միջոցով: Յուսով եմ, որ 2025-ին դրական տեղաշարժ կ՛ունենանք այդ առումով: 2025-ը չհասցրինք դիմաւորել մեր օճախներում, մաղթում եմ` 2026-ը դիմաւորենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: