ՏԻԳՐԱՆ ԵԿԱՒԵԱՆ
Փարիզի Շիլլէրի միջազգային համալսարանի դասախօս, վերլուծաբան
21-րդ դարասկզբին հայկական աշխարհը հանդէս էր գալիս չափազանց մասնատուած եւ բարդ դէմքով, որը Հայաստանի իրար յաջորդող ղեկավարները սիրում էին ամփոփել ազգային եռամիասնութեամբ` Արցախ-Հայաստան-սփիւռք: Արցախը կորցրինք մէկ ակնթարթում, սփիւռքն անտեսանելի է եւ անորսալի, Հայաստանը փորձում է լուծել իր գոյատեւման հարցը` թուրք-ազրպէյճանական դաշինքի հետ բանակցելով:
Հայ ժողովրդի ոխերիմ թշնամիները, չբաւարարուելով Արցախում ցեղասպան ծրագիր իրականացնելով, պահանջում են Երեւանից հրաժարուել այն ամէնից, ինչը կապ էր ստեղծում սփիւռքի եւ ընդհանրապէս հայկական աշխարհի հետ` 1915 թուականի Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից եւ Արցախի հայերի ինքնորոշման իրաւունքից, երկու սկզբունքներ, որոնք ճանաչուած եւ արձանագրուած են 1990 թուականի Անկախութեան հռչակագրում:
Սրանք վերջին խորհրդանշական կամուրջներն են, որոնք կարող են քանդուել կենսազուրկ պետութեան սահմանադրութեան վերաձեւակերպման արդիւնքում` ազգային վերելքի բացակայութեան պայմաններում: Իսկապէս, երբեք Հայաստանի Հանրապետութեան եւ սփիւռքի աւանդական կառոյցների, համահայկական եւ անդրազգային ցանցերի միջեւ յարաբերութիւնները այսքան վատ չեն եղել, եթէ չասենք` գրեթէ գոյութիւն չունեցող:
Սփիւռքի կենսունակ ուժերը հնարաւորութիւն չունեն ներառուելու ազգային անվտանգութեան օրակարգում: Երեւանը չի մտածում պետութեան ամրապնդմանն ուղղուած ռազմավարութեան մասին` ներգրաւելով հայկական ծագում ունեցող մարդուժ եւ մասնագէտներ, որոնք արհեստավարժ են համապատասխան ոլորտներում, եւ որոնց հաւատարմութիւնն ու հայրենասիրութիւնը կասկածի տակ չի դրւում:
Այս ամէնը հաշուի առնելով` զարմանալի չէ, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետութիւնը աջակցութեան, առաւել եւս դատապարտման որեւէ յայտարարութիւն չի արել Լիբանանում` բարեկամ երկրում տեղի ունեցող մարդասիրական եւ աշխարհաքաղաքական աղէտի առնչութեամբ, չէ՞ որ Լիբանանը երկրորդ հայրենիք է բազմաթիւ հայերի համար, որոնց նախնիները, Ցեղասպանութիւնից մազապուրծ` ապաստան են գտել այդ երկրում:
Հայկական դիւանագիտութիւնը տարօրինակ լռութիւն է պահպանում, մինչդեռ 2020 թուականի օգոստոսին Պէյրութի նաւահանգստի պայթիւնից յետոյ այն շտապել էր մարդասիրական օգնութիւն ուղարկել լիբանանցի եղբայրական ժողովրդին: Աններելի այս լռութիւնը վշտացնում է մայրիների երկրի հայերին, որոնք չափազանց արժանապատիւ են եւ զուսպ, իրենց զայրոյթն արտայայտելու հայրենիքի նկատմամբ, որի համար զոհուել են Արցախի ռազմաճակատում:
Ինչի՞ց է Հայաստանը փորձում խուսափել:
Այս լռութիւնն արդեօք արդարացուա՞ծ է մի փուլում, երբ Երեւանը հետապնդում է իր խաղաղութեան օրակարգը Թուրքիայի հետ եւ ցաւակցութիւն է յայտնում նրան` մերթ 2023 թուականի աղէտալի երկրաշարժի ժամանակ, մերթ Քրտական աշխատաւորական կուսակցութեան խմբաւորման իրականացրած ահաբեկչութեան ժամանակ:
Փաստ է, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում Լիբանանը աջակցեց Հայաստանին բոլոր
բազմակողմ հարթակներում, որոնց անդամակցում է` լինի Ֆրանքոֆոնիայի միջազգային կազմակերպութիւնում, Արաբական պետութիւնների լիկայում, թէ Իսլամական համագործակցութեան կազմակերպութիւնում, որտեղ Հայաստանը աւելի քան մեկուսացուած է:
Պաղեստինի պետութեան ճանաչումը, Ազրպէյճանի ռազմավարական դաշնակից Իսրայէլի հետ յարաբերութիւնների վատթարացման խորապատկերին, որի իշխող ծայրայեղ աջերը չեն թաքցնում Երուսաղէմում հայերի հազարամեայ ներկայութեանը վերջ տալու իրենց մտադրութիւնը, զգուշաւորութեան կոչ է անում:
Անվտանգութեան դատարկութեան պայմաններում, երբ մեծամիտ Իսրայէլն իր կործանարար ուժն է տարածում Կազայից մինչեւ Թեհրան, Պէյրութ ու Դամասկոս, Լիբանանին աջակցելու մասին յայտարարութիւնը, որքան էլ ցանկալի կամ օգտակար լինի, կարող է մեկնաբանուել որպէս սադրանք, հրաւէր ռմբակոծելու հայկական բնակավայրերը Լիբանանում` Պուրճ Համուտն ու Այնճարը:
Կը հրաժարուի՞ արդեօք Հայաստանը իր արժանապատուութիւնից անարդար առեւտրի արդիւնքում: Սա եւս մէկ անգամ բարձրացնում է այս պետութեան հիպրիտային բնոյթի մասին հարցը, որը գիտակցաբար ընտրել է հայկականութեան երկրորդ թոքը կտրելու ուղին: