Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախ. Մէկ Տարի Առանց Հայերի

Հոկտեմբեր 10, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ
լրագրող, Արցախ

Արցախի հայաթափումից անցել է մէկ տարի: Մի տարի է, ինչ ամբողջ Արցախում չեն գործում հայկական դպրոցները, եկեղեցիներում չեն հնչում հայկական աղօթքի ձայները, անտէր ու անխնամ մնացած գերեզմաններին այցելող չկայ, իսկ Արցախի նախագահականում ծածանւում է ազրպէյճանական դրօշը: Երբեմնի աշխոյժ ու հայաշունչ Արցախում այժմ մեծ ծաւալով ու արագութեամբ ընթանում է ազրպէյճանականացման եւ հայկական հետքի ոչնչացման, որոշ դէպքերում` իւրացման քաղաքականութիւն: Անհաւատալի է թւում, բայց օրը ցերեկով եկեղեցի, գերեզմանոց, հասարակական ու մասնաւոր կառոյցներ քանդող Ազրպէյճանի իշխանութիւնների ձեռքը բռնող չկայ, բացակայում են նոյնիսկ դատապարտող, թէկուզ անատամ յայտարարութիւնները, որոնք էլ աւելի են «ոգեւորում» փաստացի առանց հայերի մնացած Արցախում (չհաշուած մինչեւ երկու տասնեակ հայերի, որոնց ազրպէյճանցիները կալանաւորի նման պահում են Ստեփանակերտում) շարունակել իր քաղաքականութիւնը: Մենք` արցախցիներս էլ վախով ու անզօրութիւնից ծնուած ցաւով հեռուից հետեւում ենք մեր հայրենի օճախների աւերմանը, հարազատ վայրերի ձեւախեղմանը:

Վերջերս էլ ազրպէյճանական մետիայում «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) յուշակոթողի մասին եղան հրապարակումներ, որից կարելի է ենթադրել, որ Ազրպէյճանը փորձում է իւրացնել Արցախի խորհրդանիշ համարուող կոթողը` այն ներկայացնելով որպէս «Ազրպէյճանի բազմամշակութային եւ ազգային-կրօնական հանդուրժողականութեան բազմաթիւ օրինակներից մէկը»: Ցաւալի է, բայց ստիպուած ենք սփոփուել այն մտքով, որ իւրացուելով` Արցախի խորհրդանիշ կոթողը չի արժանանայ Արցախի Ազգային ժողովի շէնքի, Բերձորի Սուրբ Համբարձման կամ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցիների ճակատագրին, այդպէս գոնէ կանգուն կը մնայ «Դեդոն ու բաբոն»` մինչեւ իրական տէրերի վերադարձը:

Ի՞նչ են անում ՀՀ իշխանութիւններն արցախցիների վերադարձի, սեփականութեան իրաւունքները պաշտպանելու ուղղութեամբ: Կարելի է ասել, որ պաշտօնական մակարդակով ոչինչ չի արւում: ՀՀ իշխանութիւններն որդեգրել են Արցախի հարցը «թաղելու» քաղաքականութիւն, չեն բարձրաձայնում նոյնիսկ հայկական դարաւոր պատմամշակութային ժառանգութեան ոչնչացման մասին, ի՞նչ խօսք կարող է լինել արցախցիների միւս հիմնարար իրաւունքների պաշտպանութեան մասին:

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնեանը, արձագանգելով Հայաստանի եւ Արցախի միջխորհրդարանական յանձնաժողովի աշխատանքների մասին «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանի հարցին, ասել է, որ այդ ձեւաչափը պէտք է լուծարել: «Քանի որ երկրորդ կողմն այլեւս իրաւազօր չէ եւ չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր, մենք պէտք է շատ լրջօրէն քննարկենք այդ ձեւաչափը չեղարկելը, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի` Արցախի պաշտօնեայ այլեւս գոյութիւն չունի, եւ նման կարգավիճակ ՀՀ-ում որեւիցէ մէկն այլեւս չունի, այդ ձեւաչափը գոյութիւն չունի», ասել է Ալեն Սիմոնեանը, որ նաեւ ՀՀ-ի կողմից տուեալ յանձնաժողովի նախագահն է:

Արծուիկ Մինասեանը յիշեցրել է, որ սահմանադրութեամբ եւ օրէնքներով Լեռնային Ղարաբաղ եւ Արցախի Հանրապետութիւն արտայայտութիւնը` որպէս իրաւական արտայայտութիւն, առայսօր առկայ է ՀՀ օրէնքներում եւ միջազգային պայմանագրերում, եւ անձը չի կարող որոշել վերացնել այն:

Օգոստոսի 31-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ` «Այն ընկալումներով եւ ձեւակերպումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մի խումբ հայրենակիցներ փորձում են ձեւակերպել վերադարձի հարցը», ինքն իրատեսական չի համարում: Փաշինեանի կարծիքով, ներկայացուած բովանդակութիւնը հակասում է ՀՀ պետական շահերին:

Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանը արձագանգելով Փաշինեանի յայտարարութեանը` նշել է, որ վերադարձն արցախցիների իրաւունքն է, եւ այն չի կարող խոչընդոտել եւ հակասել Հայաստանի պետական շահերին: «Վերադարձի հարցը մշտապէս մեր օրակարգում է, որի լուծման համար Արցախի Ազգային ժողովի կողմից ստեղծուել է յանձնախումբ, որի ղեկավարն է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը: Մենք պարբերաբար հանդիպում եւ քննարկում ենք հնարաւոր վերադարձի հետ կապուած հարցերը: Արցախցիները մեծ ցանկութիւն ունեն վերադառնալու, շէնացնելու իրենց հայրենիքը, կրկին հայկական դարձնելու Արցախը, սակայն մենք պէտք է պատրաստ լինենք, եւ մեր վերադարձը հնարաւոր կը լինի միջազգային երաշխիքներով, արժանապատիւ, արդարացի, եւ ամենակարեւորը` մենք պէտք է ապահով զգանք մեր հայրենիքում: Եթէ այդ չափանիշներն ապահովուեն, մենք պատրաստ ենք բանակցել այդ հարցերի շուտափոյթ լուծման համար», ընդգծել է Արցախի նախագահը:

Սակայն վերադարձի կարեւոր պայմաններից է արցախցիների համախումբ բնակեցումը եւ վերադարձի միասնական տեսլականի պահպանումը: Իսկ ամբողջ ՀՀ-ով եւ աշխարհով մէկ ցրուած արցախցիների պարագայում դա իրատեսական չէ: Իշխանութիւններն էլ արցախցիների համայնքային կազմակերպութիւնները պահելու մտադրութիւն չունեն: Դրա մասին է վկայում նաեւ տեղահանուած արցախցիների բնակապահովման պետական ծրագիրը:

Արցախցիների համար բնակարան ձեռք բերելու աջակցութեան ծրագիրը հաւանութեան է արժանացել ՀՀ կառավարութեան մայիսի 16-ի նիստում: Ըստ հիմնաւորման, նպատակն է Ազրպէյճանի կողմից 2020 թուականի սեպտեմբերի 27-ին սանձազերծուած պատերազմից, ինչպէս նաեւ 2023 թուականի սեպտեմբերի 19-ից յետոյ Արցախից բռնի տեղահանուած շուրջ 25.000 ընտանիքներին Հայաստանում բնակարանով ապահովելը: Ծրագրի մասնակիցներին կառավարութիւնը կը տրամադրի բնակարանի ձեռքբերման կամ տան կառուցման հաւաստագրեր: Ծրագիրն իրականացուելու է հինգ տարիների ընթացքում (2024-2029 թթ.)` երեք փուլերով: Յունիսի 14-ին «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցութեան ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավարութիւնը հաստատել էր արցախցիներին բնակարանի գնման հաւաստագրեր տրամադրելու կարգը: Հաւաստագրերը տրամադրւում են ընտանիքի իւրաքանչիւր անդամի համար` 3 միլիոնից մինչեւ 5 միլիոն դրամ անուանական արժէքով: Աջակցութեան չափը կախուած է նրանից, թէ ծրագրի մասնակիցը Հայաստանի ո՞ր բնակավայրում է մտադիր բնակարան գնել կամ տուն կառուցել: 5 միլիոն դրամը սահմանուած է սահմանամերձ 242 բնակավայրերի համար, 4 միլիոնը` 148 քաղաքային եւ գիւղական բնակավայրերում իրացնելու դէպքում:

Միւս 3 միլիոն դրամի յատկացումը գործում է մնացած բոլոր բնակավայրերում` բացի Երեւանի առաջին եւ երկրորդ գօտիներից: Իսկ եթէ ընտանիքն ունի գործող հիփոթէք, ընտանիքի իւրաքանչիւր անդամի 2 միլիոն դրամ է յատկացուելու:

ծրագրով բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար նախընտրելի բնակավայրերը ՀՀ սահմանամերձ տարածքներում են: Ստացւում է, որ արցախցիները կը շարունակեն բնակուել ցրուած վիճակում` կենտրոնից հեռու: Բնական է, որ երկու-երեք տասնամեակ յետոյ նրանք կը կորցնեն իրենց ինքնութիւնը, համախմբուած չեն լինի, եւ ընդմիշտ կը թաղուի արցախեան հարցը, ինչպէս դա եղաւ նախիջեւանցիների դէպքում:

Բնակարանային քաղաքականութեան հետեւանքը կը լինի այն, որ սահմանամերձ շրջաններում կը բարձրանան վաճառուող տների գները, եւ տունը վաճառած տանտէրերի հնարաւորութիւնները կը մեծանան Երեւանում կամ այլ քաղաքներում գնելու նոր բնակարաններ: Իսկ դրանով նախ` փոփոխութեան կ՛ենթարկուի ժողովրդագրական պատկերը սահմանամերձ շրջաններում, նաեւ սահմանամերձ շրջաններից դէպի քաղաքներ կամ կենտրոն տեղափոխուած բնակիչները կը հանդիսանան իշխանութիւնների հաւանական ընտրողներն ու աջակիցները:

Այսպիսով, արցախցիներին բնակարանների տրամադրման իշխանութիւնների քաղաքականութեան հիմնական նպատակն արցախցիներին կենտրոնից հեռու, ցրուած վիճակում պահելն է, արտագաղթի հնարաւորութեան մեծացումն ու աստիճանաբար բռնագաղթածի կարգավիճակից զրկելը, ինչպէս նաեւ` Արցախ վերադարձի մասին մտքերի ու ծրագրերի փոշիացումը:

Իսկ արցախցիների արտագաղթի չափերը չափազանց մեծ են: Ըստ ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան տուեալների, 2020 թուականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2024 թուականի յուլիսի 1-ը Լեռնային Ղարաբաղում հաշուառուած 49.975 մարդ է մեկնել Հայաստանից, որից 23.404-ը վերադարձել է, իսկ 26.571-ը` ոչ: Այսինքն յուլիսի մէկի դրութեամբ ՀՀ-ից անվերադարձ հեռացել է մօտ 27.000 արցախցի: Ենթադրւում է, որ այդ թիւն աւելի կը մեծանայ 2024 թ. դեկտեմբերից յետոյ, երբ կը դադարի ՀՀ կառավարութեան կողմից տրուող բնակավարձի փոխհատուցման ծրագիրը (ընտանիքի իւրաքանչիւր անդամին ամսական 40+10 հազար դրամ է յատկացւում):

Բնակապահովման ծրագրից օգտուելու պարտադիր պայման է սահմանուել ՀՀ քաղաքացիութիւն ընդունելու պահանջը: Իրականում ՀՀ իշխանութիւնները կարող էին մէկ որոշմամբ «070»-ի կողմից արցախցիներին տրուած անձնագիրը հաւասարեցնել ՀՀ լիիրաւ քաղաքացու անձնագրին, որովհետեւ այդ անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագիր է, եւ դրանով իսկ միաժամանակ կը պահպանուի նաեւ բռնագաղթածի կարգավիճակը: Վերոյիշեալ քայլի դէպքում, արցախցիները կը հանդիսանան եւ ՀՀ քաղաքացի, եւ բռնագաղթած` տարբերուելով անձնագրի քոտով: Իսկ այժմ իշխանութիւնն այս քայլով փորձում է խորացնել հայաստանցի-ղարաբաղցի տարբերակումը` յայտարարելով, որ` «ՀՀ քաղաքացին բողոքում է արցախցիներից, որ նրանք բռնագաղթածի կարգավիճակով չեն ծառայում ՀՀ զինուած ուժերում»:

Իրականում որպէս ճամբորդական որակուած անձնագրերով արցախցիները չեն կարող նոյնիսկ ազատ տեղաշարժուել: ՀՀ-ից ելքի համար պարտադիր է փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայութիւնը, իսկ որոշ եւրոպական երկրներ էլ 070 քոտով անձնագրով շենկեն վիզա չեն տրամադրում:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանի խօսքով, մինչեւ 2024 թ, սկիզբն այդ խնդիրը չկար, յամենայն դէպս ինքն այդ մասին ահազանգեր չի ստացել: «2024 թ. մարտ-ապրիլ ամիսներին առաջին դէպքերն արձանագրուեցին: Դեսպանատներ կան, որոնք առանց որեւէ խոչընդոտի տրամադրում են շենկեն վիզա: Նոյն Ֆրանսայի դեսպանատունը, չի եղել մի դէպք, որ մերժի ընթացք տալ գործին` պատճառաբանելով, թէ 070 քոտով է: Դեսպանատներ կան, որոնք երբեմն տարբերակուած մօտեցում են ցուցաբերում: Անձին Գերմանիայի դեսպանատունը մերժել է, յետոյ հրաւիրող կողմը առանձին նամակով դիմել է Գերմանիայի դեսպանատուն, եւ տուեալ անձին նորից կանչել են հարցազրոյցի ու տրամադրել վիզա: Դեսպանատներ էլ կան, որ ընդհանրապէս որեւէ ձեւով չեն տրամադրում վիզա, ընթացք էլ չեն տալիս դիմումներին: Դրանց շարքում յատուկ կ՛ընդգծեմ Լեհաստանի, Լիթուայի, Չեխիայի դեսպանատները: Իսպանիայի դեսպանատան Վիզաների կենտրոնից պարզաբանել են, որ հիւպատոսի հրահանգով չեն կարող վերցնել փաստաթղթերը», ասել է Գեղամ Ստեփանեանը:

Արցախի ՄԻՊ-ը յիշեցրել է, որ այդ բոլոր պետութիւնները Փախստականի կարգավիճակի մասին հռչակագրի անդամներ են, եւ 28-րդ յօդուածով փախստականներն ունեն ազատ տեղաշարժի իրաւունք, իսկ հռչակագիրի անդամ կողմերը պարտաւորւում են նրանց անձը հաստատող փաստաթուղթն ընդունել` որպէս ճամբորդական եւ առնուազն` որպէս այդպիսին հիմք պիտի ընդունուի այդ երկրների կողմից: «Եթէ ասում էք` 070 քոտով անձնագիրը չի հաւաստում կամ իշխանութիւնների ասածից բխում է, որ չի հաւաստում ՀՀ քաղաքացիութեան մասին, ապա ասէք` ինչո՞ւ դրանք չէք դիտարկում սովորական ճամբորդական փաստաթուղթ: Գոնէ որպէս ճամբորդական փաստաթուղթ ընդունելով` պէտք է ընթացքաւորեն վիզայի գործընթացը», հարցրել է Գեղամ Ստեփանեանը:

Այսպիսի անպատասխան հարցեր արցախցիները շատ ունեն, որոնց շրջանակն ու թիւն օրէցօր աւելանում են: Իսկ ո՞վ պիտի պատասխանի այս հարցերին, ո՞վ կարող է լուծում տալ դրանց: Միայն պետականամէտ, ազգային մտածողութիւն ունեցող իշխանութիւնը: Մինչ այդ արցախցիներին մնում է ինքնակազմակերպուել, հնարաւորինս համախմբուած ապրել, ամէն գնով պահպանել Արցախի պետականութեան մնացորդները, բարբառն ու սովորոյթները, համախմբուել ազգային ուժերի շուրջ: Այդպիսի ուժ, բացի պետական մարմիններից, կարող է լինել ՀՀ-ում իր գործունէութիւնը շարունակող Արցախի թեմը, կամ Արցախի ՀՅԴ եւ միւս կառոյցները:

«Դրօշակ» թիւ 9, 2024թ.

Նախորդը

Գաղութէ -Գաղութ

Յաջորդը

Լիբանանին Պարտադրուած Պատերազմի Առօրեայէն (1) Անօդաչու Սարքերը Պէյրութէն Շուշի…

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?