ԵՐՈՒԱՆԴ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ
Սրտի անհուն ցաւով եմ գրում հրաժեշտի այս տողերը պայծառ ու լուսաւոր մարդու` ազգային խոշորագոյն գործիչ եւ մեր սիրելի ընկեր Երջօ Սամուէլեանի մասին: Երբ ցաւալի լուրը նոյն օրը հասաւ ինձ, առաջին մղումս էր գրիչ առնելու եւ ցաւի ու անդառնալի կորուստի իմ զգացական խօսքերը ուղղելու իրեն, բայց ձեռքս չգնաց, չհնազանդուեց ինձ. կորուստը մեծ էր եւ անձնական: Վստահ եմ, որ նոյն զգացումը ունեն իր բոլոր ընկերներն ու բարեկամները:
Ես բախտ եմ ունեցել Երջօ Սամուէլեանի ընկերներից մէկը լինելու, բազմիցս իր սեղանակիցն եմ եղել եւ իրեն տեսել եմ ընտանեկան ու ընկերական ամենաջերմ մթնոլորտում ու միջավայրում: Երջօ Սամուէլեանի հետ իմ ընկերութիւնն ու բարեկամութիւնը ես համարում եմ ոչ թէ պարզ բարեբախտութիւն, այլ` կեանքի տուած մեծ պարգեւ, որովհետեւ, իրօք, ամենամեծ հարստութիւնը աշխարհում մարդկային շփման հարստութիւնն է, առաւել եւս` Երջօ Սամուէլեանի նման մարդու եւ բացառիկ անձնաւորութեան հետ շփուելը:
Ինչպէս որ կան գրականութեան, երաժշտութեան, կերպարուեստի տաղանդով օժտուած մարդիկ, այդպէս էլ կան մարդկայնութեան տաղանդով օժտուած անձինք: Երջօ Սամուէլեանը մարդկայնութեան տաղանդով օժտուած անձ էր, այն էլ` մարդկայնութեան խոշոր տաղանդով: Եւ այնուհանդերձ, նա միշտ մնում էր պարզ, ընկերական միջավայրում ծայրայեղ համեստ ու մատչելի անձնաւորութիւն: Երջոն օժտուած էր մեծ կենսասիրութեամբ. զուարճախօս էր ու զուարթախոհ, միշտ` հումորով ու կենսուրախ ժպիտով: Իր ընկերներից ու բարեկամներից շատերից կրտսեր լինելով` նա հայրական հոգածութիւն եւ հոգատարութիւն ունէր նրանց հանդէպ: Երջոն շատ էր սիրում ընկերներին, խորապէս նուիրուած էր նրանց ու սիրում էր նրանց ընկերական հաճոյք եւ բաւականութիւն պատճառել: Յիշում եմ իր հետ իմ առաջին հանդիպումներից մէկն էր, մեզ հրաւիրել էր խնճոյքի: Շուրջանակի մի անսովոր վառարա՞ն էր, թէ՞ խորովելու իւրայատուկ հարմարանք: Յարութն (Նիկոլեան) ասաց, որ Երջոյի մտածածն ու հնարածն է: Ինքը մէջտեղում էր նստած, մենք` կրակարանի շուրջբոլորը: Ինքը սունկ էր խորովում եւ հերթով հրամցնում էր մեզ: Մենք, ի հարկէ, անմիջապէս կուլ էինք տալիս հրաշալի մեզէն, ինքը ծիծաղելով ասում էր` «Մի քիչ կամաց կերէք, չեմ հասցնում»: Եւ նոյն կերպ ողջ կեանքում ուղղակի վայելք էր ապրում իր ընկերներին ծառայելով: Ես գրեցի այս տողերը եւ աչքիս առաջ եկաւ Երջոյի ժպտուն, շողուն ու երջանիկ դէմքը: Այդպէս էր նա սիրում ընկերներին ու բարեկամներին, որոնց նա նուիրուած մնաց ողջ կեանքում:
Երջոն շատ զգայուն էր շրջապատի բոլոր մարդկանց հանդէպ եւ նոյնիսկ բոլոր նրանց հանդէպ, որոնք պատահաբար կամ թէ պարզապէս մէկ անգամ էին յայտնւում իր միջավայրում: Մի ինչ-որ անիմանալի կերպով, մի ինչ-որ անյայտ զգայարանով Երջոն զգում էր, թէ ով օգնութեան կարիք ունի, եւ այնպէս էր օգնում կարիքաւորին, որ կարծես կարիքաւորն ինքն է լաւութիւն անում Երջոյին` նրա օգնութիւնը ստանալով:
Այդ յաղթանդամ մարդու մէջ շատ նուրբ սիրտ կար եւ երեխայի զգայուն հոգի: Յարութ Նիկոլեանի մահից յետոյ այլեւս ոչ մի անգամ Յարութի տան դռնից չմտաւ, չէր կարող, սիրտը չէր դիմանում:
Այս տողերը գրելով, Երջոյի անունը տալով, ինձ համար ես նրա վերադարձի, նրա ներկայութեան պատրանքն եմ ստեղծում. թւում է Երջոն կայ, չի հեռացել անվերադարձ, կա՛, մեր կողքին է ու մեզ հետ:
Բայց Երջօ Սամուէլեանը միայն մերը չէր, միայն մեր ընկերութեանը չէր. Երջոն հանրային անձնաւորութիւն էր, պատկանում էր ոչ միայն Լիբանանի հայ համայնքին, այլեւ, թող թոյլ տրուի ասել, ողջ հայութեանը: Նրա ողջ կեանքն ու գործունէութիւնը ազգային գիտակցութեան բարձր ու վառ օրինակ էր: Երջոն մեծ բարերար էր եւ ազգային նշանաւոր գործիչ: Նա, կարելի է ասել, անձնական կեանք չունեցաւ. նրա կեանքի իմաստը ազգին եւ հայութեանը, մարդկանց ծառայելն էր: Երջոն անսահման նուիրումի եւ անանձնական կեանքի կատարեալ մարմնացում էր:
Իր բարեգործութիւնները, ըստ իս, երկու կարգի էին: Առաջին կարգը հանրային-ազգային նշանակալից ծրագրերի իրագործումն էր: Դրանք շատ լաւ յայտնի են հանրութեանը: Դրանց սոսկ թուարկումը մեծ ցուցակ կը կազմի եւ շատ ծաւալուն տեղ կը զբաղեցնի: Ես առաջին հերթին կը յիշատակեմ Պուրճ Համուտի առաջնորդարանի կիսաւարտ շինութեան աւարտումն ու ամբողջացումը իր փառահեղ դահլիճներով: «Երջօ Սամուէլեան – Եռագոյն» հանդիսասրահը իր մեծ արժանապատուութեան վկայութիւնն է: Այդ ծրագիրը նա իրագործել է իր սիրելի ընկերների` Հենրի եւ Րաֆֆի Սիսլեանների հետ: Անկարելի է նրանց զատել միմեանցից: Սիսլեան եղբայրների հետ նա այլ նշանակալից իրագործումներ էլ ունի, որոնց մասին, կարծում եմ, համայնքը լաւ գիտի:
Երջոն մեծ բան է արել Սինկափուրի հայկական եկեղեցու պահպանման համար. ինքը եկեղեցու խնամակալներից մէկն էր:
Երջօ Սամուէլեանը այն հազուագիւտ մարդկանցից մէկն էր, որ շատ լաւ գիտէր, թէ ազգի կեանքում ի՛նչ մեծ դեր ու նշանակութիւն ունեն գիրն ու մշակոյթը: Հայապահպանման մշակութային ասպարէզի իր բազմաթիւ եւ բազմապիսի սքանչելի իրագործումներից ուզում եմ յիշել միայն մէկը` «Մեր բանաստեղծները, որոնք կերտեցին Հայաստանի փառքը» փառահեղ հատորը: Թող ներուի իմ անհամեստութիւնը. ես նոյնպէս մի փոքր մասնակցութիւն եմ ունեցել այդ հատորը ստեղծելուն: Առաջին անգամ օտար լեզվով, այս պարագային` արաբերէն, առաջին անգամ միասնաբար ներկայացւում է հայ բանաստեղծութիւնը եւ արուեստը: Դա միասնական մտածողութիւն է, միասնական գիտակցութիւն, միասնական երեւոյթ: Այդ հատորը ոչ միայն մեր ազգային ինքնութեան, այլեւ մեր ազգային բարձր արժանապատուութեան վկայութիւնն է ու վկայագիրը:
Անկարելի է չյիշել մեր ազգային պարծանքի ու հպարտութեան` Մատենադարանի նոր հսկայ մասնաշէնքի ներքին հարուստ յարդարանքը եւ շքեղ ու բարձրաճաշակ ողջ կահաւորումը, որ իրագործել է Երջօ Սամուէլեանը: Իր բազմաթիւ բարեգործութիւններն ու նշանակալից իրագործումները թուարկելը այսօր տեղին չեմ համարում: Դրանք կան, իրենց նշանակութիւնը ունեցել են մեր երկրի կեանքում եւ այլեւս անբաժանելի են լինելու մեր ազգային կեանքից:
Երջօ Սամուէլեանի նման մարդիկ եզակի անհատներ են: Նրանք մեր ժողովրդի պարծանքն են եւ հպարտութիւնը: Մեր ժողովուրդը միանգամայն արդարօրէն հպարտանալու է Երջօ Սամուէլեանով: Երբ ես հիւրերի եմ ուղեկցում Մատենադարան, չեմ կարողանում թաքցնել իմ աշակերտական պարծենկոտութիւնը եւ հիւրերին պարծենալով ասում եմ, որ ահա, այս բոլորը իրագործել է իմ մի սիրելի ընկերը: Մեր ժողովուրդը տեղ եւ իրաւունք ունի Երջօ Սամուէլեանով հպարտանալու:
Ես, իմ հերթին, հպարտ եմ այն բանով, որ եղել եմ Երջօ Սամուէլեանի մտերիմ ընկերներից մէկը, վայելել եմ իր հոգածութիւնն ու ջերմ վերաբերմունքը: Իր անժամանակ հեռացումով նա ոչ միայն ինձանից, այլեւ իր բոլոր ընկերներից մի կարեւոր ու թանկագին մաս տարաւ: Այո՛, Երջօ Սամուէլեանի նման մարդկանց մասին ոչ թէ ցաւով պիտի ասենք` այլեւս չկայ, այլ ներքին խաղաղութեամբ եւ հպարտութեամբ ասենք` եղել է, իր պայծառ գոյութեամբ նա շատ բան է տուել ոչ միայն համայնքին ու ազգին, այլեւ` իր ընկերներից ամէն մէկին:
Մարդկային կեանքը վերջ ունի, իսկ մեծ ու վառ յիշատակը միշտ անվախճան է…


