Տապլինի մէջ տեղի ունեցող ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեան ընտրուեցաւ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցութեան` Ընկերվարականներու եւ ընկերվար-ժողովրդավարներու խմբակցութեան (SDSP) փոխնախագահ:
Այս մասին տեղեկացուց Գալստեան` գրելով հետեւեալը. «Շատ պարտաւորեցնող է. շարունակելու եմ միջազգային հարթակներում եւ յատկապէս ընկերվարականներու մեծ ընտանիքում ներկայացնել ու պաշտպանել Հայաստան-Արցախի շահը»:
Գալստեանի վերոյիշեալ աշնանային նստաշրջանին արտասանեց հետեւեալ խօսքը.
«Վերջին երեք տարիներին մշտապէս օգտագործել եմ այս հարթակը` բարձրաձայնելու այն գոյութենական սպառնալիքի մասին, որին բախւում էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Շարունակ հարց եմ հնչեցրել` թէ արդեօք բաւարա՞ր են մեր ջանքերը` կանխելու մեր շուրջը` Մերձաւոր Արեւելքում, Արեւելեան Եւրոպայում կամ Հարաւային Կովկասում ծաւալուող աղէտները: Արդեօք մենք բաւարարուա՞ծ ենք մեր կազմակերպութեան հեղինակութեամբ:
«Մէկ տարի առաջ ԵԱՀԿ անդամ երկրներից մէկի կողմից ցեղասպանական յանցագործութիւն է իրականացուել: Միջազգային դատարանի որոշումների բացայայտ ոտնահարումով` իննամսեայ դաժան շրջափակումից յետոյ, Ազրպէյճանը ռազմական յարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի սովահար եւ հիւծուած հայ բնակչութեան դէմ` ստիպելով աւելի քան 120.000 հայ ազգաբնակչութեանը հեռանալ հազարամեակների հայրենի հողից:
«Օրը ցերեկով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ ազգաբնակչութիւնն ցեղային զտման ենթարկուեց: Շատ միջազգային կազմակերպութիւններ այն որակեցին որպէս ցեղասպանութիւն` համաձայն Ցեղասպանութեան մասին պայմանադրութեան II յօդուածի: Աւելին, Հայաստանի 205 քառ. քմ տարածքը ներկայումս բռնագրաւուած է ազրպէյճանական ուժերի կողմից: Այս կազմակերպութիւնը լռում էր եւ շարունակում է լռել: Նաւթն ու կազը, քաղաքական նպատակայարմարութիւնն ու գերիշխանական ուրուագիծերը ներկայիս միջազգային քաղաքականութեան շարժիչ ուժերն են: Հելսինքեան եզրափակիչ աքթը վերածուել է անպէտք մի թղթի, որի բոլոր սկզբունքները անտեսուած են:
«Համատարած անպատժելիութեան մթնոլորտը Ազրպէյճանի համար քարտ պլանշ է ծառայում ուժի կիրառմամբ նոր յանցագործութիւններ կատարելու համար: Այսօր, խախտելով միջազգային մարդասիրական իրաւունքը, Ազրպէյճանը ոչ միայն հրաժարւում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական գերիներին, Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարութեանը, այլեւ նրանց նկատմամբ իրականացնում է կեղծ եւ շինծու դատավարութիւններ:
«Ազրպէյճանը շարունակում է հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան համակարգուած ոչնչացման միջոցով Արցախից վերացնել եւ ջնջել հայկական հետքը: Եւ այս ցեղասպանական աքթը ներկայացւում է որպէս «Տարածքային ամբողջականութեան վերականգնում»:
«Յարգելի՛ գործընկերներ,
«Կոպիտ սխալ է ենթադրել, թէ ղարաբաղեան հակամարտութիւնը կարելի է լուծել հայ բնակչութեան եւ ինքնութեան վերացման միջոցով: Իր հեղինակութեանը հասցուած հարուածը շտկելու համար ԵԱՀԿ-ն միջազգային անվտանգային գործուն երաշխիքների ապահովմամբ, պէտք է պահանջի Լեռնային Ղարաբաղի հայերի` վերադարձի իրաւունքի լիարժէք ապահովումը: Վերադարձի իրաւունքը մարդու հիմնարար իրաւունքն է, որն ուղղակիօրէն վերաբերում է Ազրպէյճանի կողմից բռնի տեղահանուած 150.000 հայերին: Ոչ ոք չի կարող նրանց զրկել այս հիմնարար իրաւունքից»: