Խօսք` Արտասանուած Արցախի Անկախութեան Նուիրուած
«Վերադարձ» Ձեռնարկին
ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենեակի
ծրագիրներու պատասխանատու
2020թ. սեպտեմբերից սկսած Հայ դատի համաշխարհային ցանցը, միջազգային յարաբերութիւնների խիստ անբարենպաստ պայմաններում, պարբերաբար ստիպուած է եղել իրականացրել քաղաքական առաջնահերթութիւնների եւ գործունէութեան հիմնական ուղղութիւնների մարտավարական փոփոխութիւններ` իր առջեւ դնելով նոր իրավիճակային խնդիրներ:
Ըստ այդմ, Հայ դատի համակարգի ներկայ առաջնահերթութիւններն են.
Ա) Արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացումը,
Բ) Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ միւս գերիների ազատ արձակումը,
Գ) Ազրպէյճանի դէմ պատժամիջոցների կիրառումը,
Դ) Արցախահայութեան մարդասիրական օժանդակութիւնը,
Ե) Հայաստանին տնտեսական եւ ռազմաքաղաքական օժանդակութեան տրամադրումը, ազրպէյճանական հերթական յարձակումի կանխումը,
Զ) Մարդու իրաւունքների խախտումների ուսումնասիրութիւնը եւ միջազգային իրաւաքաղաքական գործընթացների նախաձեռնումը,
Է) «Եւրոպացիները յանուն Արցախ»-ի հարթակի օրինակով, միջազգային եւ տարածաշրջանային հարթակների ստեղծումն ու օժանդակութիւնը,
Ը) Արցախի պատմամշակութային ժառանգութեան պահպանութիւնը,
Թ) Խորհրդաժողովների, քննարկումների, հայկական եւ միջազգային պատուիրակութիւնների փոխադարձ այցելութիւնների միջոցով միջազգային իրազեկուածութեան բարձրացումը եւ այլն:
Սրանցից իւրաքանչիւրի յետեւում խիստ իւրայատուկ, բարդ ու տեւական աշխատանքներ են, որոնց միայն արդիւնքներն են, որ երբեմն հրապարակւում են:
Վերջին շրջանում իրականացուած գործողութիւնների արդիւնքում`
Ամերիկայի Միացեալ Նահանգներում վերջին 22 տարուայ մէջ առաջին անգամ կիրառման մէջ է մտել «Ազատութեան աջակցութեան աքթի» 907-րդ յօդուածը, որով արգելւում է ամերիկեան կառավարութեան որեւէ օժանդակութիւն Ազրպէյճանին: Աւելի՛ն. 2023թ. դեկտեմբերին Քոնկրեսը միաձայն ընդունել է S.3000 բանաձեւը` նպատակ ունենալով վերացնել 907-րդ բանաձեւի ամէնամեայ շրջանցման նախագահական իրաւասութիւնը: Ներկայումս Քոնկրեսում իրաւական ընթացակարգերի մէջ են մեզ համար կարեւոր նշանակութեան` շուրջ մէկ տասնեակ նախագծեր:
Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Քոնկրեսում նախատեսւում է բաւական ներկայացուցչական մի միջոցառում, որի քննարկման առանցքը լինելու է վերադարձի իրաւունքի ապահովման գործում ամերիկեան առաջնորդութեան ապահովումը: Նոյն օրը նախատեսւում է նաեւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի ելոյթը Քոնկրեսի` մարդու իրաւունքների յանձնաժողովում:
Հայ դատի Եւրոպայի գրասենեակի գործողութիւնների արդիւնքում նաեւ Եւրոպական խորհրդարանն այսօր ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ թերեւս ամենաառարկայական միջազգային կառոյցն է, որի քաղաքական դիրքորոշումներն արտացոլուել են վերջին տարիների ընթացքում ուղղակի կամ անուղղակի Արցախին վերաբերող աւելի քան մէկ տասնեակ փաստաթղթերի ընդունմամբ: Խիստ զգուշաւոր լաւատեսութեամբ ցանկանում ենք նշել, որ փոփոխութիւն է նշմարւում նաեւ ԵՄ գործադիր իշխանութեան դիրքորոշումներում` մասնաւորապէս Հայաստանի անվտանգութեան եւ արցախահայութեան վերադարձի իրաւունքի ընդհանուր պարունակում:
Ըստ ամենայնի, առաջիկայում համաեւրոպական մակարդակում կ՛արձանագրենք նոր յաջողութիւններ` քաղաքական եւ քարոզչական բնոյթի:
Հայ դատի Քանատայի յանձնախմբի նպատակաուղղուած աշխատանքների արդիւնքում, որոնք յանգեցրեցին նոյնիսկ պետական հետաքննութեան, քանատական կառավարութիւնը Ազրպէյճանի նկատմամբ կիրառում է ռազմական նշանակութեան արտադրանքի արտահանման արգելք:
Վերջին ամիսների ընթացքում միջազգային յարաբերութիւններում կարեւոր երկու կենտրոններում Հայ իրաւական կենտրոնի կողմից մուտք են արուել Ազրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան 42 ներկայացուցչի նկատմամբ պատերազմական յանցագործութեան դրուագներով պատժամիջոցների կիրառում եւ իրաւական պատիժ պահանջող թղթածրարներ, որոնք ներկայումս անցնում են ընթացակարգային փուլեր:
Նմանաբնոյթ աշխատանքները շարունակւում են նաեւ մի շարք երկրների համապատասխան գերատեսչութիւնների հետ` գործակցաբար իրաւապաշտպան այլ կազմակերպութիւնների հետ:
Արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման պահանջը Հայ դատի համակարգի կողմից որդեգրուել է ողբերգական իրադարձութիւններից անմիջապէս յետոյ, ներկայումս այն միջազգային լայն ընկալունակութիւն ունի: Վերադարձի իրաւունքի խնդիրը պաշտօնապէս կարեւորուել է` ՄԱԿ-ի համապատասխան մարմինների, ՄԱԿ-ի արդարադատութեան միջազգային դատարանի, Եւրոպական միութեան, Եւրոպայի խորհրդի, Ամերիկայի Միացեալ Նահանգների, Ֆրանսայի, Քանատայի, Միացեալ Թագաւորութեան, Իրանի եւ այլ երկրների ու վերպետական կազմակերպութիւնների կողմից: 2023թ. հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհրդում արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման դրոյթ պարունակող` Ֆրանսայի կողմից տարածուած յայտարարութեանն են միացել աւելի քան երեսուն եւրոպական պետութիւններ:
Սիրելի՛ հայրենակիցներ, իրաւո՞ւնք, թէ՞ քաղաքական շահ երկընտրանքը մշտապէս եղել է միջազգային յարաբերութիւններում: Անվիճելի է, որ միջազգային քաղաքական գործընթացների վայրիվերումների պայմաններում քաղաքական շահը առաջին գիծ է մղւում, սակայն չի կարելի թերագնահատել այն հսկայական կազմակերպական դերը, որ իրաւունքն ունի:
Հետեւաբար մենք յետքայլի իրաւունք չունենք, յատկապէս` այն պարագայում, երբ թշնամին, քարոզչական ու ֆինանսական հսկայական ռեսուրսների ներգրաւմամբ, Հայ դատի համակարգի դէմ սանձազերծել է կեղծիքի ու ստի հերթական արշաւը, յատկապէս` Ամերիկայում եւ Եւրոպայում: Ազրպէյճանը պէտք չէ եւ չի կարողանալու մարսել իր պատերազմական յանցագործութիւնները: Միջազգային իրաւունքը մեզ տալիս է այդ հնարաւորութիւնը: Իրաւունքի եւ ուժի համադրման պարագայում, մենք կարո՛ղ ենք յաջողութեան հասնել:
Արցախն իր անկախութիւնը հռչակել է միջազգային իրաւունքի հետ անխոցելի համաձայնութեամբ: Դրան հակադրուած ազրպէյճանական յարձակումը զուրկ է որեւէ հիմնաւորումից: Աւելի՛ն. իր պատերազմական յանցագործութիւններին 2023թ. Ազրպէյճանը աւելացրեց եւս մէկը` իրեն դիրքաւորելով որպէս «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» 1948թ. հռչակագրի յանցակազմը գործադրած պետութիւն` ապագայում դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Թշնամական պետութիւնում սրա մասին շատ լաւ գիտեն: Գիտեն նաեւ, որ փոքր պետութիւնների համար միջազգային յարաբերութիւններում յաճախ բացւում են կարճաժամկէտ հնարաւորութիւնների պատուհաններ, երբ նախկինում ձեւաւորուած սթաթուս քուոն կարող է անկանխատեսելիօրէն փոխուել: Նրանք վախենում են մեր ժողովրդի պայքարի յաջորդ փուլից ու իրենց համար նպաստաւոր այս ժամանակաշրջանի աւարտից, որն արդէն ուրուագծւում է:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեր անասելի կորուստների ընդհանուր պարունակում վերն ասուածը գուցէ շատ փոքր թուայ, սակայն մեծ ու արժէքաւոր է այն ուղերձը, որ մեր համեստ յաջողութիւններն ունեն. այն է` ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած չէ: Ուժի կիրառման արդիւնքում միայն խորացել են հակամարտութեան հետեւանքները: Հակամարտութեան լուծում չի արձանագրել դրա իրաւասութիւնն ունեցող կամ հակամարտութեան բանակցային գործընթացում միջազգայնօրէն ներգրաւուած որեւէ կողմ: Յանուն ազատութեան, անկախութեան եւ ի վերջոյ` յանուն միացման մեր պայքարը չի՛ աւարտուել: