Ուղիղ 34 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախութեան հռչակագիրը, որով պաշտօնապէս սկիզբ դրուեց Հայոց անկախ պետականութեան կայացման գործընթացին, սահմանուեցին պետականութեան զարգացման ուղենիշները:
1990 թուականի օգոստոսի 23-ի փաստաթուղթը սահմանում է ազգային պետութիւն կառուցելու տեսլականը` ինքնիշխանութիւն, ժողովրդավարութիւն, իրաւունքի գերակայութիւն, ազգային բանակ, խօսքի, մամուլի, խղճի ազատութիւն, օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների տարանջատման ու հաւասարակշռման սկզբունք, իրաւապահ մարմինների եւ զինուած ուժերի ապաքաղաքականացում, կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի սեփական համակարգ: Հայաստանի Հանրապետութեան գերակայ յանձնառութիւններում ամրագրուեց 1915 թուականին օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը հետապնդելու հաստատակամութիւնը: Ըստ էութեան, Անկախութեան հռչակագիրը յայտարարում եւ ուղենշում է նորանկախ Հայաստանի ազգային պետականութիւն կառուցելու հաւատամքը, ճշդում իր համազգային յաւակնութիւններն ու իտէալները, սեփական անվտանգութեան եւ ինքնիշխանութեան բանաձեւն ու տեսլականը:
Այսօր Հայոց պետականութիւնը գոյութենական մարտահրաւէրներ է դիմագրաւում, իշխանութիւնների կողմից որդեգրուած ապազգային քաղաքականութեան հետեւանքով զիջւում են ազգային կենսական շահերը, Անկախութեան հռչակագրով ամրագրուած յանձնառութիւնները, թշնամու պատկերացումներով վերաձեւում է ապագայի մեր տեսլականը: Անկախութեան հռչակագիրը մեր համազգային պատմական երթի կարեւորագոյն հանգրուանն է, արժանապատիւ եւ կենսունակ պետականութիւն կառուցելու մեր հաւատամքը, որին պարտաւոր ենք անզիջում լծուել ազգովին:
Օրուայ առիթով շնորհաւորում ենք հայ ժողովրդին եւ վստահութիւն յայտնում, որ համազգային ուժերով կը կարողանանք լուծել մեր առջեւ դրուած խնդիրը:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
23 օգոստոս 2024