1995 թուականի յուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետութիւնն ընդունեց ՀՀ սահմանադրութիւնը.
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախութեան մասին հռչակագրում հաստատագրուած հայոց պետականութեան հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետութեան վերականգնման իր ազատասէր նախնիների սուրբ պատգամը, նուիրուած հայրենիքի հզօրացմանը եւ բարգաւաճմանը, ապահովելու համար սերունդների ազատութիւնը, ընդհանուր բարեկեցութիւնը, քաղաքացիական համերաշխութիւնը, հաւաստելով հաւատարմութիւնը համամարդկային արժէքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութիւնը»:
Ներկայումս ՀՀ ազգադաւ իշխանութիւնը քայլ առ քայլ իրականացնում է հայոց պետականութեան իրաւական հիմքերի կազմաքանդումը, հերթական անգամ իրագործում` թուրք-ազրպէյճանական դաշինքի պահանջները:
Ալիեւի պահանջով ՀՀ իշխանութիւնը ցանկանում է ընդունել Հայաստանի նոր սահմանադրութիւն` որպէս Պաքուի եւ Երեւանի միջեւ «խաղաղութեան պայմանագրի» կնքման նախապայման:
Այսինքն Հայաստանը պէտք է ունենայ թուրք-ազրպէյճանական շահերը սպասարկող սահմանադրութիւն այնպիսի դրոյթներով, որոնք ոչ միայն կապ չեն ունենայ ՀՀ ներկայիս սահմանադրութեան հետ, այլեւ` տրամաբանօրէն ընդհանրութիւն չեն ունենայ ՀՀ Անկախութեան հռչակագրի հետ:
ՀՀ Անկախութեան հռչակագրի 12-րդ կէտում ասւում է.
«Սոյն հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ սահմանադրութեան մշակման, իսկ գործող սահմանադրութեան մէջ` փոփոխութիւնների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունէութեան, հանրապետութեան նոր օրէնսդրութեան մշակման համար (23 օգոստոսի 1990 թուականի, քաղ. Երեւան հ.0072-1):
Հասկանալի է, որ թուրք-ազրպէյճանական թիրախում ՀՀ սահմանադրութեան հիմնաքարն է` ՀՀ Անկախութեան հռչակագիրը:
Չէ՞ որ ՀՀ Անկախութեան հռչակագիրը հիմնւում է 1989 թուականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ, զարգացնում է 1918 թուականի մայիսի 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները:
Թուրք-ազրպէյճանական դաշինքի նպատակը ոչ միայն ՀՀ նոր սահմանադրութեան ընդունումն ու ՀՀ խորհրդանիշների փոփոխումն է, այլեւ` նոր սահմանադրութեամբ ՀՀ Անկախութեան հռչակագրի իրաւական ուժի չեղարկումը, իսկ դա նշանակում է դադարեցնել ՀՀ անկախ պետականութեան իրաւական լինելը:
Անդրադառնանք ՀՀ Անկախութեան հռչակագրի որոշ դրոյթների, հասկանանք, թէ ի՛նչ իրաւական ուժից են ցանկանում մեզ զրկել.
– Հայաստանի Հանրապետութիւնն ունի իր դրօշը, զինանշանը եւ հիմնը:
– Հայաստանի Հանրապետութիւնն ինքնիշխան պետութիւն է` օժտուած պետական իշխանութեան գերակայութեամբ, անկախութեամբ, լիիրաւութեամբ:
– ՀՀ ամբողջ տարածքում գործում են միայն ՀՀ սահմանադրութիւնը եւ օրէնքները:
– Հայոց պետականութեան կրողը ՀՀ ժողովուրդն է, որն իր իշխանութիւնն իրագործում է անմիջականօրէն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով` ՀՀ սահմանադրութեան եւ օրէնքների հիման վրայ:
– Հայաստանի Հանրապետութեան տարածքում բնակուող բոլոր քաղաքացիների համար սահմանւում է ՀՀ քաղաքացիութիւն: Արտերկրի հայութիւնը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութեան իրաւունք ունի: ՀՀ քաղաքացիները գտնւում են պետութեան պաշտպանութեան եւ աջակցութեան ներքոյ (նոր սահմանադրութեամբ, անկասկած, սփիւռքահայերի համար քաղաքացիութիւն ձեռք բերելու «նոր պայմաններ» կը թելադրուեն, ներկայումս օտարազգիների արհեստական մեծաքանակ առկայութիւնը ՀՀ-ում հեռահար նպատակ է հետապնդում` հայի ինքնութեան, ծինի ոչնչացման):
– Հայաստանի Հանրապետութիւնն իր անվտանգութիւնը եւ սահմանների անձեռնմխելիութիւնն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագոյն խորհրդին ենթակայ սեփական զինուած ուժեր, ներքին զօրքեր, պետական եւ հասարակական անվտանգութեան մարմիններ: Հայաստանի Հանրապետութիւնն ինքն է որոշում իր քաղաքացիների զինուորական ծառայութեան կարգը (նոր սահմանադրութեամբ թուրք-ազրպէյճանական դաշինքը կ՛իրագործի իր հեռահար նպատակը, ինչպէս` Արցախում, զինաթափել Հայաստանը, ՀՀ զինուած ուժերը):
– Այլ երկրների զօրամիաւորումները, նրանց ռազմական խարիսխները եւ շինութիւնները կարող են տեղաբաշխուել Հայաստանի Հանրապետութեան տարածքում միայն Գերագոյն խորհրդի որոշմամբ (ՀՀ եւ ՌԴ միջեւ 1995 թ. մարտի 16-ին կնքուել է պայմանագիր ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին: Պայմանագրի ժամկէտը մինչեւ 2044 թուականն է: Նոր սահմանադրութեամբ, անկասկած ռուսական 102-րդ ռազմական խարիսխը դուրս կը մղուի Հայաստանից: ՀՀ իշխանութիւնը գնում է ռազմաքաղաքական ուղղութեան փոփոխութեան):
– Հայաստանի Հանրապետութիւնը` որպէս միջազգային իրաւունքի գործօն, վարում է անկախ արտաքին քաղաքականութիւն (նոր սահմանադրութեամբ, անկասկած, Հայաստանը որպէս իրաւատէր կը դադարի գոյութիւն ունենալուց):
– Հայաստանի Հանրապետութեան ազգային հարստութիւնը` հողը, ընդերքը, օդային տարածութիւնը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտաւոր, մշակութային կարողութիւնները, նրա ժողովրդի սեփականութիւնն է: Դրանց տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը որոշւում է Հայաստանի Հանրապետութեան օրէնքներով (ինչպէս Արցախում է ներկայ պահին տնօրինում թուրք-ազրպէյճանական դաշինքը, նոյնը սպասւում է Հայաստանին):
– Հայաստանի Հանրապետութիւնն ապահովում է հայերէնի` որպէս պետական լեզուի, գործառնութիւնը հանրապետութեան կեանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի սեփական համակարգ (նոր սահմանադրութեամբ կը շարունակուի, իրաւական ուժ կ՛ունենայ Հայոց պատմութեան աղաւաղումը, ազգային մշակոյթի, ազգային յիշողութեան ոչնչացումը):
– Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին (նախապայմանի ընդունումը նշանակում է չեղարկել Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, դատապարտումը, յետ կանգնել պահանջատիրութիւնից, հայը իրաւունք չի ունենայ Ցեղասպանութեան մասին նոյնիսկ խօսել) եւ այլն:
ՀՀ սահմանադրութեան մի շարք յօդուածներ նոր սահմանադրութեան ընդունման դէպքում գոյութիւն չեն ունենայ` յօդուած 14. Զինուած ուժերը եւ պաշտպանութիւնը, յօդուած 15. Մշակոյթի, կրթութեան, գիտութեան խթանումը, հայոց լեզուի եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, յօդուած 19. Հայկական սփիւռքի հետ կապերը, յօդուած 20. Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն, յօդուած 21. Հայաստանի Հանրապետութեան խորհրդանիշները եւ այլն:
Անդրադառնանք ՀՀ սահմանադրութեան յօդուած 18-ի առաջին կէտին. Հայաստան Հանրապետութիւնը ճանաչում է Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու` որպէս ազգային եկեղեցու, բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում:
Ինչպէս նաեւ 2007 թ. ազգային անվտանգութեան ռազմավարութիւնում առանձնայատուկ ներկայացուած է, որ Հայաստանի Հանրապետութիւնը կարեւորում է աջակցութիւնը Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր, բարոյական, ընկերային եւ մշակութային գործունէութեանը:
ՀՀ ներկայիս իշխանութիւնը Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու դերը նուազեցրել է. 2020-ի ազգային անվտանգութեան ռազմավարութիւնում հայ ժողովրդի ազգային արժէքներ բաժնում Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին դասուել է Հայ կաթողիկէ եկեղեցու, Հայ աւետարանական եկեղեցու շարքում:
2018-ից սկսուել են Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու դէմ հալածանքները: Եկեղեցու դերը նուազեցնելու նպատակով աղանդներին հաւասարեցնում են Հայ առաքելական եկեղեցուն:
ՀՀ իշխանութեան հակահայ քաղաքականութիւնը, հայ հասարակութեան բարոյահոգեբանական եւ հայրենասիրական դաստիարակութեան թերի վիճակը հայ ազգին կանգնեցրին հայոց պետականութեան գոյութենական պայքարի առջեւ:
Այս խօսքը անկախութեան սրբազան պայքարի կոչ է համայն հայութեանը.
Հայ ազգով համախմբուենք ազգային ազատագրական պայքարի, քանդենք թշնամու հայադաւ ծրագրերի շղթան, տէր կանգնենք հայոց պետականութեանը, Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագրին: