Փարիզի 2024-ի Ողիմպիականի 33-րդ խաղերու մրցումները շարունակուեցան երէկ, երբ տեղի ունեցան բռնցքամարտի, աթլեթիզմի, ծանրաբարձութեան եւ ըմբշամարտի մրցումներ:
Ըմբշամարտի 77 քկ մրցումներուն պրոնզ մետալ համար պիտի մրցին Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյեան եւ Ուզպեքիստանը ներկայացնող Արամ Վարդանեան:
Ամոյեան կիսաւարտականին 3-1 արդիւնքով անակնկալ պարտութիւն մը կրած էր ճափոնցի Նաօ Քուսաքայէն` 3-1 արդիւնքով:
Հայաստանի հաւաքականի անդամ Սլաւիկ Գալստեան 67 քկ կշիռի մրցումներուն հասաւ կիսաւարտական, ուր պիտի մրցի իրանցի Իսմայիլի Լեվեսիի դէմ, նախապէս դուրս ձգելէ ետք Էքուատորցի Մոնթանօ Աւոյոն (3-2) եւ ֆրանսացի Սիլա Մամատասսան (3-2):
Հայաստանի հաւաքականի անդամ Արթուր Ալեքսանեան, որ 97 քկ կշիռի մրցումներու աւարտականին հասած է, պիտի մրցի իրանցի Մոհամմատատի Սարաւիի դէմ:
32 տարեկան վեթերան Ալեքսանեան արդէն իսկ միացած է հայ մարզական առասպելներուն, որոնք Ողիմպիական խաղերուն չորսական մետալներ շահած են:
Արդարեւ, Ալպերթ Ազատեան (մարմնամարզիկ) 1956-ին Մելպուռնի ողիմպիականին օղակներու մրցումներուն եւ խմբային մրցումներուն ոսկի 2 մետալներ շահած էր, ապա 4 տարի ետք Հռոմի մէջ օղակներու ոսկի մետալ եւ խմբային արծաթէ մետալ շահած էր:
Հրանդ Շահինեան (մարմնամարզիկ) 1952-ին Հելսինքիի Ողիմպիականին օղակներու մրցումներուն եւ խմբային մրցումներուն 2 ոսկի մետալներ շահած էր եւ 2 արծաթ մետալներ` նժոյգի վրայ շարժումներու, ինչպէս նաեւ ազատ մարմնամարզի գորգին վրայ:
Իկոր Նովիքով (փենթաթլոն) 1956-ի Ողիմպիականին խմբային ոսկի մետալ շահեցաւ, բան մը, որ կրկնեց 1964-ի Թոքիոյի Ողիմպիականին այլ ոսկի մետալով: 1960-ի Հռոմի Ողիմպիականին ան շահեցաւ արծաթ մետալ խմբային փենթաթլոնի մրցումներուն, եւ այլ արծաթ մը` 1964-ի Թոքիոյի անհատական մրցումներուն: Արթուր Ալեքսանեան, որ 2012-ին Լոնտոնի Ողիմպիականին շահած էր ըմբշամարտի պրոնզ մետալ, 4 տարի ետք` Ռիօ Տը Ժանէյրոյի մէջ ոսկի մետալ շահած էր, իսկ 2020-ի Թոքիոյի Ողիմպիականին արծաթ մետալ: Այժմ ան արդէն իսկ հասնելով աւարտական պիտի շահի ոսկի կամ արծաթ մետալ` դառնալով հայկական մարզական պատմութեան առասպելներէն` Ողիմպիականի յաջորդական 4 խաղերուն մասնակցելով եւ շահելով գունաւոր մետալներ:
Նշենք, որ այսօր կը սկսին նաեւ 61 քկ կշիռի մրցումները, ուր 4 անգամ Եւրոպայի ախոյեան Արսէն Յարութիւնեան պիտի մրցի մեքսիքացի Ռոնա-Պրաւօ-Եանկի դէմ:
Ողիմպիականի մասնակցող ըմբշամարտի 130 քկ կշիռի պատմական մարզիկներէն քուպացի Լոփես Նունիէս 41 տարեկանին կրցաւ շահիլ ոսկի մետալ` աւարտականին յաղթելէ ետք չիլիցի Եասմանի Աքոսթա Ֆեռնանտեսին:
2008-ի (Փեքին), 2012-ի (Լոնտոն), 2016-ի (Ռիօ Տը Ժանէյրօ), եւ 2020-ի (Թոքիօ) ողիմպիականներէն ետք ան Փարիզի մէջ ալ շահեցաւ 5-րդ ոսկի մետալ մը` դառնալով միակ աթլեթը, որ նոյն մրցումներուն գծով 5 յաջորդական ոսկի մետալներ կը շահի` մրցանիշ հաստատելով խմբային մրցումներուն գծով, աղջկանց ֆութպոլի մրցումներուն Միացեալ Նահանգներ պէտք ունեցան եկարաձգումի, ուր 95-րդ վայրկեանին կրցան կոլ մը նշանակել` շնորհիւ Սոֆիա Սմիթի, դուրս ձգելով Գերմանիոյ աղջկանց խումբը:
Երկու խումբերը առաջին հանգրուանին իրար դէմ մրցած էին, եւ Միացեալ Նահանգներ 4-1 արդիւնքով յաղթած էին, բայց այս անգամ Գերմանիա առաջին կիսախաղին ոչ մէկ առիթ ձեռք ձգելէ ետք կրցած էր ճնշել Միացեալ Նահանգներու վրայ Բ. կիսախաղին եւ նոյնիսկ երկարաձգման ժամանակ, ուր երկու խումբերուն բերդապահները մրցելով առիթ չտուին յաւելեալ կոլեր նշանակելու:
Աւարտականին, Միացեալ Նահանգներ պիտի մրցին Պրազիլի դէմ, որ 4-2 արդիւնքով դուրս ձգեց թեկնածու Սպանիա: Սպանիա համեմատաբար աւելի լաւ էր, սակայն Պրազիլի աղջկանց խումբը կրցաւ օգտագործել առիթները եւ մինչեւ կիսախաղ արդէն իսկ 2-0 արդիւնքով կը յառաջանար:
71-րդ վայրկեանին Ատրիանա նշանակեց 3-րդ կոլ մը, մինչ միջնապահ Տուտա Սամփայօ սխալմամբ իր բերդին մէջ նշանակեց Սպանիոյ առաջին կոլը` 85-րդ վայրկեանին:
91-րդ վայրկեանին Քեթոլին նշանակեց Պրազիլի 4-րդ կոլը, իսկ 102-րդ վայրկեանին (յաւելեալ 12-րդ վայրկեանին) Սալմա Փարալուելօ` Սպանիոյ 2-րդ կոլը:
Պէտք է նշել, որ Սպանիա նախապէս առաջին հանգրուանին 2-0 արդիւնքով յաղթած էր Պրազիլին:
Պրոնզ մետալի մրցումը տեղի պիտի ունենայ վաղը` Սպանիոյ եւ Գերմանիոյ միջեւ, մինչ շաբաթ օր Պրազիլ պիտի մրցի Միացեալ Նահանգներու դէմ` ոսկի մետալի մրցումին:
Պասքեթպոլի աղջկանց մրցումներուն, Աւստրալիա 85-67 արդիւոնքով դուրս ձգեց Սերպիան եւ հասաւ կիսաւարտական, մինչ Պելճիքայի աղջկանց խումբը 79-66 արդիւնքով յաղթեց Սպանիոյ եւ հասաւ կիսաւարտական:
Պելճիքա կիսաւարտականին պիտի սպասէ Ֆրանսա- Գերմանիա մրցումին յաղթականին, մինչ Աւստրալիա իր դէմ պիտի ունենայ Միացեալ Նահանգներ, Նիկերիա մրցումին յաղթականը:
Տղոց կիսաւարտականը իրար դէմ պիտի հանէ մէկ կողմէ Միացեալ Նահանգներն ու Սերպիան, իսկ միւս կողմէ` Գերմանիան եւ Ֆրանսան:
Ստորեւ մետալներու դասաւորումը.-
ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | |
1.- Միացեալ | 24 | 32 | 32 |
2.- Չինաստան | 23 | 22 | 16 |
3.- Աւստրալիա | 17 | 12 | 10 |
4.- Ֆրանսա | 13 | 16 | 19 |
5.- Բրիտանիա | 12 | 16 | 19 |
6.- Հարաւային Քորէա | 11 | 8 | 7 |
7.- Ճափոն | 11 | 6 | 12 |
8.- Իտալիա | 9 | 10 | 8 |
9.- Նետերլանտներ | 9 | 5 | 6 |
10.- Գերմանիա | 8 | 5 | 4 |
11.- Քանատա | 6 | 4 | 8 |
12.- Այիր | 4 | 0 | 3 |
13.- Նոր Զելանտա | 3 | 5 | 1 |
14.- Հունգարիա | 3 | 3 | 2 |
15.- Շուէտ | 3 | 3 | 2 |
16.- Ռումանիա | 3 | 3 | 1 |
17.- Պրազիլ | 2 | 5 | 7 |
18.- Սպանիա | 2 | 3 | 5 |
19.- Ուքրանիա | 2 | 2 | 3 |
20.- Խրուաթիա | 2 | 1 | 2 |
21.- Պելճիքա | 2 | 0 | 3 |
22.- Հոնկ Քոնկ | 2 | 0 | 2 |