Երէկ լիբանանցիք կը սպասէին Լիբանանի եւ արաբական աշխարհի ախոյեան Ռէյ Պասիլի նշանառութեան ելոյթին, որ այնքան ալ յաջող չէր մետալի մրցումներուն հասնելու:
Հակառակ լաւ պատրաստուելուն, Պասիլ կրցաւ 25-էն 23 սկաւառակի դպցնել Ա. հանգրուանին, ապա 2-րդին 20 հատ միայն կրցաւ նպատակին հասցնել եւ գրաւեց 20-րդ դիրքը` 30 մասնակիցներուն մէջ:
Միւս կողմէ, ճիւտոյի Լիբանանի մասնակիցը, որ չեչեն Քարամնոպ Սակայփովն է, 90 քկ կշիռի մրցումներուն անակնկալի բերաւ բոլորը «իր մակարդակէն աւելի տկար ելոյթ մը ունենալով իր առաջին եւ վերջին մրցումին պուլկարացի Իվայլ. Իվանովի դէմ, որ կէս կէտով պարտուեցաւ մրցումի վերջին 10 երկվայրկեաններուն:
Ան քանի մը ամիս առաջ շատ լուրջ մրցակից էր Ապու Տապիի մէջ տեղի ունեցած միջազգային մրցաշարքին եւ թեկնածու էր մետալ մը շահելու այս Ողիմպիականին:
Պէտք է նշենք, որ պուլկարացի մրցակիցի ալ աշխարհի այժմու ախոյեանն է:
Խմբային մրցումներուն, տղոց ֆութպոլի մրցումներու քառորդ աւարտականի հասնող խումբերը յստակացան, ուր Միացեալ Նահանգներ պիտի մրցին Մարոքի դէմ, Սպանիա` Ճափոնի, Փարակուէյ` Եգիպտոսի, իսկ Ֆրանսա` Արժանթինի:
Ճափոն իր վերջին մրցումին 1-0 արդիւնքով յաղթած էր Իսրայէլին, Փարակուէյ 1-0 արդիւնքով Մալիին, Ֆրանսա 3-0 արդիւնքով Նոր Զեանտային, իսկ Միացեալ Նահանգներ` Կինէին (3-0):
Պասքեթպոլի մրցումներուն, Ֆրանսա յետ երկարաձգումի կրցած էր յաղթել Ճափոնին 94-90 արդիւնքով, իսկ Գերմանիա Պրազիլին` 86-73 արդիւնքով:
Ստորեւ` մետալներու դասաւորումը.
ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | |
1.- Չինաստան | 8 | 6 | 2 |
2.- Ճափոն | 7 | 2 | 4 |
3.- Ֆրանսա | 6 | 9 | 6 |
4.- Բրիտանիա | 6 | 6 | 5 |
5.- Աւստրալիա | 6 | 4 | 3 |
6.- Հարաւային Քորէա | 5 | 3 | 3 |
7.- Միացեալ Նահանգներ | 4 | 12 | 11 |
8.- Իտալիա | 3 | 6 | 4 |
9.- Քանատա | 2 | 2 | 2 |
10.- Գերմանիա | 2 | 1 | 1 |
11.- Հոնկ Քոնկ | 2 | 0 | 1 |