Երէկ Փարիզի 33-րդ Ողիմպիականի խաղերը շարունակուեցան. նշանառութեան «թրափ» մրցումներուն, լիբանանցի Ռէյ Պասիլ հասաւ Բ. հանգրուան եւ յոյս ունի հասնելու 3-րդ եւ վերջին հանգրուան` մետալի յոյսերը պահելով: Ան 75 սկաւառակներէն 71-ը կրցաւ հարուածել` գրաւելով 13-րդ դիրքը 27 մրցակիցներու մէջ:
Միւս կողմէ, լուղորդ Սիմոն Տուէյհի 100 մեթր ազատ լողի տղոց մրցումներուն 50,10 երկվայրկեան ձեռք ձգեց` գրաւելով իր խմբակին Բ. դիրքը: Իր լաւագոյն արդիւնքը 46,69 երկվայրկեան էր: Ան յայտնեց, որ ապագային պիտի ջանայ աւելի լաւ արդիւնք ձեռք ձգել:
Տղոց թենիսի մրցումներուն, լիբանանցի թենիսմեն Պենճամին Հասան 1/16-րդ աւարտականին մրցեցաւ արժանթինցի Սեպասթիան Պաէսի դէմ, որ աշխարհի թիւ 18 թենիսմեն է:
Առաջին սեթը կորսնցնելէ ետք 28 վայրկեանի ընթացքին, (6-2) Գերմանիա ծնած Պենճամին 6-3 արդիւնքով կրցաւ յաղթել 2-րդ սեթը, սակայն 56 վայրկեան պայքարելէ ետք ի վերջոյ տեղի տուաւ արժանթինցի մրցակիցին առջեւ (7-3) թայ պրէյքով:
Յիշեցնենք, որ խմբային մրցումները գրեթէ ամէն օր տեղի կ՛ունենան, ինչպէս ֆութպոլի, պասքեթպոլի, վոլիպոլի, հենտպոլի երկսեռ մրցումները:
Ֆութպոլի մրցումներուն, երէկ Եգիպտոս 2-1 արդիւնքով պարտութեան մատնեց Սպանիան` գրաւելով Գ. խմբակի առաջին դիրքը, մինչ Սպանիա գրաւեց Բ. դիրքը:
Պասքեթպոլի մրցումներուն, Սպանիա 84-77 արդիւնքով պարտութեան մատնեց Յունաստանը: Յունաստան 86-79 արդիւնքով նախապէս պարտուած էր Քանատայի դէմ առաջին մրցումին: Սպանիա 12 կէտով պարտուելէ ետք Աւստրալիայէն կրցաւ յոյսերը պահել Բ. հանգրուան անցնելու:
Ստորեւ` մետալներու դասաւորումը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | |
| 1.- Չինաստան | 6 | 6 | 2 |
| 2.- Ճափոն | 6 | 2 | 4 |
| 3.- Ֆրանսա | 5 | 8 | 3 |
| 4.- Աւստրալիա | 5 | 4 | 0 |
| 5.- Հարաւային Քորէա | 5 | 3 | 3 |
| 6.- Միացեալ Նահանգներ | 3 | 8 | 9 |
| 7.- Բրիտանիա | 3 | 5 | 3 |
| 8.- Իտալիա | 2 | 3 | 3 |
| 9.- Քանատա | 2 | 1 | 2 |
| 10.- Հոնկ Քոնկ | 2 | 0 | 1 |
| 11.- Գերմանիա | 2 | 0 | 0 |
| 12.- Ղազախստան | 1 | 0 | 2 |
| եւ Հարաւային Ափրիկէ | 1 | 0 | 2 |
| 14.- Պելճիքա | 1 | 0 | 1 |
| 15.- Ռումանիա | 1 | 0 | 0 |
| Սերպիա | 1 | 0 | 0 |
| Ուզպեքիստան | 1 | 0 | 0 |
| եւ Ազրպէյճան | 1 | 0 | 0 |




