Արցախահայութեան արտագաղթի կասեցումը ազգային միասնական պատասխանատուութիւն է պահանջում: Արցախը համահայկական պայքարի ոգին է, կորիզը, համախմբողը:
Արցախեան ողբերգական օրերից յետոյ, այսօր կրկին դառն ու ցաւալի իրողութեան առջեւ ենք կանգնած, երբ այդ կորիզը փշրւում է, մեր աչքի առջեւ տարածւում աշխարհի տարբեր հատուածներում:
Շատերը գնում են վիրաւորուած, խոցուած, ցանկութիւնը մեծ է հայրենիքում ապրելու, արարելու, բայց պայմանները բարդ են, նրանց խօսքը լսելի չէ, ձայնը խեղդուած, անպատասխան, հոգեպէս եւ բարոյապէս կոտրուած, այլընտրանք չի մնում: Արցախի իշխանութիւնները` որպէս ժողովրդի առաջնային մանդատը կրող ներկայացուցիչներ, անմիջական մասնակցութիւն չեն ունենում նրանց խնդիրների լուծմանն ուղղուած հարցերում: Արտագաղթին նպաստող երեւոյթները շատ են, թեւաթափ եղած ժողովրդին չեն սպասեցնում:
Մենք կորցնում ենք հաւաքական պայքարի կորիզը: Չպէտք է թոյլ տալ, որ պայքարող արցախցին անյոյս նայի դէպի օտարութիւն, այնտեղ փնտռի ապագան: Այսպէս մենք դաւաճանում ենք մեր պայքարի գաղափարը, մեր նուիրեալներին, ովքեր չխնայեցին ոչինչ` Արցախը փրկելու ճանապարհին, վտանգում` վերադարձի իրաւունքի մեր արդար պահանջը:
Որքան էլ ծանր լինի պէտք է ընդունենք, որ համահայկական զարթօնքի կարիք ունենք: Օրուայ հրամայական է համահայկական օրակարգի մշակումը` ազգային կառոյցների միասնական պատասխանատուութեամբ նպաստելու, գործուն աջակցութիւն ունենալու այդ կորիզը պահելու, թոյլ չտալու նոր ուծացում:
Այս ուղին բարդ է ու խոցելի, բայց իրականանալի` երբ լինենք ազգային մտածողութեամբ, միասնական, զինուած հաւատքով եւ պայքարով:
16 յուլիսի, 2024թ.