Երէկ Արցախի Ազգային ժողովը յատուկ յայտարարութեամբ ողջունեց 28 յունիսին Միացեալ Նահանգներուն Քոնկրեսին ներկայացուած` Ազրպէյճանի կողմէ Արցախի բնակչութեան նկատմամբ ցեղային զտումները դատապարտող բանաձեւը: Ստորեւ` Արցախի Ազգային ժողովի հրապարակած յայտարարութիւնը.
«Ողջունում ենք Միացեալ Նահանգների քոնկրեսականներ Աննա Էշուի եւ Քրիս Սմիթի կողմից Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատ ներկայացուած բանաձեւը, որով առաջարկւում է պաշտօնապէս ճանաչել Ազրպէյճանի կողմից Արցախում իրականացուած ցեղային զտումները, պատասխանատուութիւն պահանջել Ազրպէյճանից ռազմական յանցագործութիւնների համար եւ պաշտպանել արցախցիների` անվտանգ եւ ապահով վերադարձի իրաւունքը:
Կարեւորում ենք, որ Միացեալ Նահանգների քոնկրեսականների կողմից ներկայացուած այս բանաձեւը դատապարտում է Ազրպէյճանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն ու 2023 թուականի սեպտեմբերին սանձազերծած ռազմական նախայարձակումը եւ Միացեալ Նահանգների նախագահին ու դաշնային համապատասխան մարմիններին կոչ է անում անյապաղ գործողութիւններ ձեռնարկել`
- . ապահովելու Արցախի բռնի տեղահանուած ժողովրդի սեփական հայրենիք ազատ եւ անվտանգ վերադառնալու հիմնարար իրաւունքը` անվտանգային ամուր երաշխիքների ներքոյ,
- պատժամիջոցներ կիրառել ռազմական յանցագործութիւնների համար մեղաւոր ազրպէյճանական պաշտօնեաների նկատմամբ,
- մարդասիրական աջակցութիւն ցուցաբերել Հայաստանին` բռնի տեղահանուած արցախցիների մարդասիրական խնդիրները հասցէագրելու համար,
- կասեցնել Միացեալ Նահանգների կողմից Ազրպէյճանին տրուող ռազմական աջակցութիւնը,
- քայլեր ձեռնարկել Ազրպէյճանում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների, այդ թւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան անյապաղ ազատ արձակման եւ Արցախում հայկական մշակութային ժառանգութեան պահպանման ուղղութեամբ:
Լիայոյս ենք, որ քոնկրեսականների կողմից ներկայացուած բանաձեւը պաշտօնապէս կ՛ընդունուի Ներկայացուցիչների պալատի կողմից, եւ դրանում ներկայացուած դրոյթները կ՛արտայայտուեն Միացեալ Նահանգների գործադիրի կողմից վարուող քաղաքականութեան մէջ` նպաստելով Հարաւային Կովկասում արդարացի եւ տեւական խաղաղութեան հաստատմանը»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԳԱԳԻԿ ԲԱՂՈՒՆՑ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆԵԱՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐԵԱՆ