Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Առեղծուա՞ծ, Ո՛չ, Զաւթուած Հողեր

Յունիս 26, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Ազգագրագէտ, խմբագիր

Վերջերս` 1989 սեպտեմբերի 16-ի «Խորհրդային Հայաստանում» հրապարակուած Շչորս Դաւթեանի «Մեղրիի ճանապարհի առեղծուածը, կամ ով էր կտրում Հայաստանի զարկերակը» յօդուածը փաստական հարուստ նիւթի հիման վրայ բացայայտում էր Հայաստանի հանդէպ վերջին տասնամեակում տարուող նենգ քաղաքականութեան նորանոր դրուագներ: Այլ հարցերի հետ նշւում էր նաեւ, որ 1986 թ. հանրապետութեան սահմանները ճշգրտուեցին եւ յետ վերադարձուեցին 14 հազար 530 հեկտար այն հողահանդակները, որոնք զանազան խարդախ միջոցներով զաւթել էր Ազրպէյճանը: Ի հարկէ դրանք անպէտք հողեր չէին, եթէ հողն, այն էլ` հայոց հողը, կարող է անպէտք լինել:

Դրանք այգիներ էին, արօտավայրեր ու անտառներ: Մօտաւոր պատկերացում կազմելու համար, թէ 14 հազար 530 հեկտարը (145.3 քառ. քմ) ի՛նչ է նշանակում ներկայիս Հայաստանի համար, ասենք, որ 1978 թ. տուեալներով, Մեղրու շրջանն ընդամէնը 663 հա պտղատու եւ խաղողի այգիներ ունէր, իսկ Գորիսի շրջանն` ընդամէնը 760 հա: Այսինքն զաւթուել էր շուրջ տասն անգամ աւելի շատ, քան` Գորիսի եւ Մեղրու շրջանների այգիները միասին վերցրած: Եւ այսքանից յետոյ Ազրպէյճանն ու նրա հովանաւորներն աղմկում են «տարածքային պահանջների», «տարածքային փոփոխութիւնների» ու «սահմանային վերաձեւումների» մասին:

Նրանք այնքան յաճախ են կրկնում այս բառակապակցութիւնները, որ ակամայ սկսում ես ուշադրութիւն դարձնել այդ «տարածքային» կոչուածի վրայ եւ ամէն անգամ Հայկական ԽՍՀ քարտէսներին նայելիս նորանոր մանրամասներ ես յայտնաբերում: Ի հարկէ վերը նշուած 14,5 հազար հեկտարի զաւթումը քարտէսների վրայ չի արտացոլուել, քանզի այն, ինչպէս յօդուածի հեղինակն է գրում, «ուղղակի վաճառուել էր ազրպէյճանցիներին` տնտեսութեան ղեկավար-հողաշինարար-գիւղվարչութեան պետ-շրջխորհրդի նախագահ-կուսշրջկոմի քարտուղար շղթայի որեւէ օղակով, իսկ մեծ մասն էլ աստիճանաբար զաւթուել էր խաբեբայութեան, ահաբեկման, բայց աւելի յաճախ` քծնանքի ու կեղծաւորութեան մուսուլմանական ձեռնածութեամբ»: Բայց այդ դէպքում ինչո՞ւ տարբեր տարիներին հրատարակուած Հայաստանի քարտէսներն իրարից սար ու ձորի տարբերութիւն ունեն: Այս միտքը կարելի է նաեւ բառացի հասկանալ, որովհետեւ հանրապետութեան քարտէսներից, ասես` կախարդական փայտիկի օգնութեամբ, անհետացել են ե՛ւ սարեր, ե՛ւ ձորեր: Ահա իմ առջեւ է Հայկական Խորհրդային Հանրապետութեան 1927 թ. մեծադիր քարտէսը (հրատ. Հայ կենտ վիճ վարչութեան, խմբ.`  Զ. Կորկոտեան, գծագրող Ա. Մինասեան). ուշադիր դիտողը կը նկատէ, որ այս եւ բոլորիս ծանօթ ՀԽՍՀ ներկայիս քարտէսների միջեւ կան ոչ միայն սար ու ձորի, այլեւ լճերի տարբերութիւններ: Օրինակ`  Վարդենիսի եւ Զանգեզուրի լեռնաշղթաների հատման վայրից արեւմուտք գտնուող Մեծ Ալալիճն ու Փոքր Ալալիճը, ըստ 1927 թուականի քարտէսի, ՀԽՍՀ կազմում են (այդպէս է նաեւ Խորհրդային առաջին մեծ հանրագիտարանի առաջին եւ երրորդ հատորներում զետեղուած քարտէսներում, Մոսկուա, 1926 թ.), իսկ այժմ, իրենց ընդարձակ շրջակայքով հանդերձ, ներառուած են Ազրպէյճանական ԽՍՀ Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի մէջ: Այդ է պատճառը, որ այդ հատուածում` Վարդենիսի եւ Ազիզբէկովի շրջանների բաժանարարում, երկու հանրապետութիւնների միջեւ տեղի է ունեցել սահմանային հսկայական փոփոխութիւն: Ե՞րբ, ո՞ր թուականին, ի՞նչ պայմաններում, իրաւական ի՞նչ հիմունքներով է վերաձեւուել Հայաստանի պետական սահմանը:

Այս մութ պատմութեան վրայ որոշ լոյս են սփռում Հոկտեմբերեան յեղափոխութեան եւ սոցիալիստական շինարարութեան Հայաստանի պետական կենտրոնական արխիւում պահուող որոշ նիւթեր, որոնցից պարզւում է, որ յօգուտ Ազրպէյճանի` Հայաստանի սահմանների «ճշդումը»  եղել է մանրամասն մշակուած քաղաքականութիւն: Այսպէս, Անդրկենտգործկոմի նախագահութեան 1929 թ. փետրուարի 18-ի` Հայաստանի, Վրաստանի եւ Ազրպէյճանի միջեւ սահմանային փոփոխութիւններին նուիրուած նիստի արձանագրութիւնից իմանում ենք, որ այդ օրը լսուել է «Ալլագեոլլար» անուանուող ամառային արօտավայրի մօտաւորապէս 12.000 դեսեատին տեղամասը ՀԽՍՀ Դարալագեազի կամ Ադր. ԽՍՀ Քիւրտիստանի գաւառներին վերագրելու մասին» հարցը: Ի տարբերութեան այս փաստաթղթի միւս կէտերի, որոնցում փորձ է արւում սահմանային փոփոխութիւններն ինչ-որ կերպ պատճառաբանել, այս դէպքում Հայաստանից մի հսկայական հատուած 12.000 դեսեատին (մէկ դեսեատինը հաւասար է 1,09 հեկտարի.- Ծ. Խ.) կամ աւելի քան 130 քառ. քմ պոկելու մասին ընդամէնն ասուած է, որ «վիճելի տարածքը» յանձնւում է Քիւրտիստան գաւառին (ֆ. 112, ց. 1, գ. 267, թ. 78 81): Բայց սա միակ դէպքը չէ. նման զաւթումներ կատարուել են դրանից ե՛ւ առաջ ե՛ւ յետոյ:

Ինչպէս յայտնի է, ՌԽՖՍՀ-ի եւ Թուրքիայի միջեւ 1921 թ. մարտի 16-ին Մոսկուայում կնքուած պայմանագրով Հայաստանից Թուրքիային է անցնում Կարսի մարզը (18.646 քառ. քմ), Սուրմալուի գաւառը (3.650 քառ. քմ), Ազրպէյճանին` Գողթն-Նախիջեւանը (5.5 հազ. քառ. քմ): Նոյն թուականի յուլիսի 5-ի Կաւբիւրոյի որոշմամբ Ազրպէյճանին ընծայուեց նաեւ ողջ Արցախը (այդ թւում Լեռնային Ղարաբաղի ԻՄ-ը` 4,4 հազար քառ. քմ):

Հայաստանի յօշոտման արիւնռուշտ կերուխումից յետոյ կարելի էր նստել նոր բանակցութիւնների սեղանի շուրջ եւ արդէն դանակ-պատառաքաղով մասնատել Հայաստանի մնացեալ մասը: Ռուս-թուրքական չարաբաստիկ պայմանագրից ուղիղ մէկ տարի անց` 1922 թ. մայիսի 29-ին, Միութենական խորհրդի նախագահութեան նիստում քննարկւում է Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ սահմանային վէճերի հարցը: Ճիշդ որ` ախորժակը ուտելուց է բացւում: Սահմանամերձ գօտու հայկական հողերի ու անտառների, մարգագետինների ու լճերի «հարցը լուծելուց» յետոյ, Ազրպէյճանը ձեռքը երկարում է արդէն երկրի ներսը եւ պահանջում, որ… այն գիւղերին, որոնց հողերը կարող են որպէս արօտավայրեր ծառայել քոչուորներին, արգելուի այդ հողերը վարել-ցանելն ու մշակելը: Եւ ի՞նչ: Վերոյիշեալ նիստում որոշւում է «դադարեցնել վարել նախկին արօտավայրային հողերը» եւ ի պաշտպանութիւն քոչուորների, ռուս կոմիսարի գլխաւորութեամբ ստեղծել զինեալ ջոկատներ (ֆ. 112, ց. 1, գ. 25, թ. 39-40, 46-48): Թէ ի՛նչ կարեւորութիւն էր տրւում Հայաստանը խաշնարածների տնօրինութեանը յանձնելը, վկայում է Անդրերկրկոմի` սահմանային տարաձայնութիւնները քննող յանձնաժողովի նոյն տարուայ նոյեմբերի 6-ի նիստի որոշումը, որով մի քանի գիւղերի տարածքներ Ազրպէյճանին ընծայելուց յետոյ վճռւում է, որ Հայաստանում այս կամ այն հողակտորները կարող են մշակել միայն այն դէպքում, եթէ այդ վնաս չի պատճառի քոչուորներին (ֆ. 112, ց. 1, գ. 35, թ. 20):

Այս քաղաքականութեան արդիւնքը եղաւ այն, որ Հայաստանի արօտավայրերի կէսից աւելին յանձնուեց Ազրպէյճանում (170 հազ. դեսեատին) եւ Վրաստանում բնակուող (24 հազ. դեսեատին) անասնապահներին: Իսկ գուցէ Հայաստանն այնքան աւելորդ հողեր ունէր, որ կարող էր առատօրէն աջ ու ձախ բաշխել: Անշուշտ` ոչ: Օրինակ, ոչ լրիւ տուեալներով, 1924 թ. միայն գաղթականներից 79.634-ը հողազուրկ էր, իսկ տեղացիներից` շուրջ 40 հազար մարդ (1926 թ. տուեալներով): Եւ սա այն դէպքում, երբ Հայաստանում մէկ շնչին ընկնող հողաբաժինը 0,9 դեսեատին էր, իսկ Ազրպէյճանում` 2-3: Բայց այս 0,9-նն էլ շատերին չհասաւ: Այս էր պատճառներից մէկը, որ ՀԽՍՀ Կենտ վիճ. վարչութեան տուեալներով, 1925 թ. այլ հանրապետութիւններ արտագնայ աշխատանքի էր գնացել 23.682 մարդ: Իսկ Հիւսիսային Կովկաս եւ այլ բարեբեր շրջաններ մշտական բնակութեան մեկնողների թիւը տասնեակ հազարների էր հասնում:

Այն, որ Հայաստանի սահմանամերձ տարածքների զաւթումը տեղի է ունեցել այլազան միջոցներով, վկայում են բազմաթիւ փաստաթղթեր: Այսպէս, 1923 թ. դեկտեմբերին Զանգեզուրի գաւգործկոմի նախագահը ներքին գործոց ժողկոմին ուղղած նամակում պատմում է Գորիսի մերձակայ Շուրնուխ գիւղի անտառի զաւթման մասին. «Վերջերս վերացնելով Ղուբաթլուի գաւգործկոմը եւ կազմելով Քիւրտիստանի գործկոմ (նրանք) սկսել են կրկին արգելել մեր կողմից նշանակուած անտառապահներին հսկելու անտառում զանազան աւազակաբարոյ պաշտօնեաների, վախեցնելով անտառապահներին: Անգամ թոյլ էին տուել ձերբակալելու մեր երկու անտառապահներին` առանց մեզ յայտնելու: Այդ տգեղ երեւոյթը կատարուել է Ղուբաթլուի գործկոմի ինչ-որ պաշտօնեայի կողմից երեսունից աւելի զինուած աւազակների միջոցով: Վերջերս այդ հարցին աւելի սուր բնոյթ է տրուել Քիւրտիստանի գործկոմի կողմից եւ անտառն սկսել են անխնայ կտրել» (ֆ. 112, ց. 1, գ. 62, թ. 134-135): Ցաւալիօրէն` ծանօթ պատկեր, որն անփոփոխ բեմագրութեամբ կրկնւում է արդէն 70 տարի:

Անդրկենտ գործկոմի` Զանգեզուրի եւ Քիւրտիստանի գաւառների վիճելի հարցերի լուծման յանձնախմբին ուղղուած մէկ ուրիշ փաստաթղթից իմանում ենք, որ Գորիսի սակաւ անտառներին աչք տնկողներն իրենց պահանջները «հիմնաւորում» են նրանով, որ անտառն իրենց պէտք է որպէս… շինանիւթ, այն դէպքում, երբ «հէնց Քիւրտիստանում կան մի քանի տասնեակ հազար դեսեատին հրաշալի անտառային զանգուածներ, որոնք լիովին կը բաւարարեն ոչ միայն Քիւրտիստանին, այլեւ` Ազրպէյճանի բոլոր գաւառներին» (ֆ, 112, ց. 1, գ. 62, թ. 129-130):

Այնպիսի վիճակ էր ստեղծուել, որ նոյնիսկ զանազան երկրաչափները կարող էին իրենց կամօք տնօրինել հայոց հողը: 1929 թ. օգոստոսին Հայկենտգործկոմին յղած գրութեամբ հողժողկոմի տեղակալ Վ. Մամիկոնեանն ու հողվարչութեան պետի տեղակալ Խ. Աւդալբէկեանը յայտնում են, որ «Անդրկենտգործկոմի հողյանձնաժողովի երկրաչափ Չերսկին… Արազդայեան գիւղից կտրել եւ Նախիջեւանի հանրապետութեան սահմաններին է կցել Արազդայեանում հաստատուած գաղթականների փաստացի օգտագործման տակ գտնուած հողերից 12 հեկտար տարածութիւն:

… Երկրաչափ Չերսկու սահմանագծումից յետոյ հողային միանգամայն անտանելի դրութիւն ստեղծուեց Արազդայեանում հաստատուած չափազանց սակաւահող նոր բնակչութեան համար:

… Խնդրում ենք Անդրկենտգործկոմի միջոցով Արազդայեանի շրջանում վերականգնել տալ այն սահմանը, որ տեղում ընդունուած է եղել ընկ. ընկ. Հ. Սուլթանովի եւ Ա. Երզնկեանի կողմից» (ֆ. 112, ց. 2, գ. 199, թ. 17):

Այս ամէնն արւում էր ոչ միայն մեր հարեւանների յափշտակելու բնազդական պահանջից, այլեւ` քաղաքական ու ռազմավարական հեռահար նպատակներով: Այլապէս, ինչո՞վ բացատրել, որ Ազրպէյճանը ցանկանում էր տնօրինել նաեւ Գորիս-Ղափան ճանապարհը, որը նրա հետ ոչ մի կապ չունէր: Նոյն փաստաթղթից պարզւում է նաեւ, որ` «Ղուբաթլուի եւ միւս շրջանների բնակչութիւնը անցեալ տարի որոշել էր միանալ Զանգեզուրի գաւառին, որի մասին էլ հեռագրեր էին յղուել Ազրպէյճանի Կենտկոմ եւ Ազրպէյճանի Կենտգործկոմ» (ֆ. 112, ց. 1, գ. 62, թ. 129-130):

Բայց վերաձեւումները սրանով ոչ թէ աւարտւում, այլ միայն նոր էին սկսւում: 1924 թ. յուլիսի 11-ին Ա. Երզնկեանի եւ Մ. Բաղիրովի միջեւ կայացած համաձայնութեամբ որոշւում է վերջնականապէս «ճշգրտել» Հայաստանի սահմանները եւ ստեղծւում է Զանգեզուրի եւ Քիւրտիստանի սահմանները որոշող յանձնաժողով` Անդրկենտգործկոմի լիազօր Եու. Կոչետկովի, Ազրպէյճանի Կենտգործկոմի ներկայացուցիչ, ոչ անյայտ Ասատ Կարայեւի եւ Հայաստանի հողժողկոմատի ներկայացուցիչ Ակսէլ Բակունցի մասնակցութեամբ:

Յանձնաժողովը 1925-ին շրջում է սահմանային գօտում եւ հողային վէճերի մասին հաւաքում բողոքագրեր ու փաստաթղթեր: Այնուհետեւ, 1926 թ. սեպտեմբերի 11-ից վերսկսում է աշխատանքը: Ակսէլ Բակունցը, որը մինչեւ հոկտեմբերի 10-ը մասնակցել է սահմանագծմանը, հողվարչութեանն ուղղուած զեկուցագրում թուարկում է այն գիւղերն ու վայրերը, որոնք անցել են Ազրպէյճանին: Զեկուցագիրն ինքնին մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում, բայց բաւարարուենք միայն մի քանի հատուածով. «Առայժմ ձեռքի տակ չունենալով թուական տեղեկութիւններ եղած վիճելի տարածութեան մասին, ինչպէս եւ այն մասին, թէ այս վիճելի տեղերից քանի դեսեատինն է անցել այս կամ այն կողմը նոր սահմանագծումից յետոյ, այժմ միայն մի ընդհանուր եզրակացութիւն կարելի է յայտնել, այն է, որ զիջող եղել է մեծ մասամբ Զանգեզուրը: … Հիմնական թերութիւնն այդ աշխատանքի այն էր, որ հողյանձնաժողովը սահմանն անցկացնելիս ի նկատի չէր առնում ոչ երկու կողմի հողերի քանակը, թէ այս կամ այն գիւղը ինչքա՛ն հող ունի, ի՛նչ կապեր ունի հարեւան շրջանների կենտրոնների հետ, տնտեսապէս աւելի շատ դէպի ո՛ր շրջանին է ձգտում եւ այլն:

… Սահմանն անցկացնելիս մի ուրիշ արգելք էլ կար: Քիւրտիստանի գիւղերի մասին ճշգրիտ տեղեկութիւն չկար, յայտնի չէր ո՛չ նրանց բնակչութեան թիւը եւ ո՛չ էլ հողերի քանակը: Բացի այդ, սահմանն անցկացնելիս հիմք չընդունուեց երկու կողմի գիւղերի հողերի չափը, արդիւնքը եղաւ այն, որ Զանգեզուրին անցնող գիւղերը մնացին հողի նուազ չափերով:

Մի ուրիշ հանգամանք: Սահմանին կից թուրքական գիւղերն ունեն գիւղակներ` կազմուած 5-8 տնից: Այդ գիւղակները խանգարում էին սահմանագծման աշխատանքին: Ցանկանալով միանալ Քիւրտիստանին, այդ գիւղակները պահանջում էին սահմանագիծը գիւղից որոշ հեռաւորութեան վրայ դնել, այդ դէպքում վիճելի հողերի մեծ մասն անցնում էր նրանց կողմը» (ֆ, 123, ց. 1, գ. 1321, թ. 6 -7):

Բայց կրկին վերադառնանք Հայաստանի 1927 թ. քարտէսին, ըստ որի, ՀԽՍՀ ներկայիս Կարմիրի շրջանի Արծուաշէն (Բաշքենդ) գիւղը ոչ թէ կղզիացած է, այլ թերակղզու նման միացած է նրան: Այն Հայաստանին է միացած նաեւ Անդրկենտգործկոմի նախագահութեան 1929 թ. փետրուարի 18-ի Անդրկովկասեան Հանրապետութիւնների սահմանային փոփոխութիւններին վերաբերող որոշմամբ: Ըստ այդ փաստաթղթի առաջին կէտի, Ղազախի եւ Դիլիջանի (որի մէջ էին մտնում ներկայիս Իջեւանի, Նոյեմբերեանի, Շամշադինի եւ Կարմիրի շրջանները) գաւառների միջեւ սահմանները «ճշգրտւում» են հետեւեալ կերպ` Շինիխ-Այրում կոչուող ողջ տարածքը (11 հազար 659 դեսեատին) յանձնւում է Ղազախին: Այս փոփոխութիւնից յետոյ հայկական Արծուաշէն (Բաշքենդ) գիւղը կտրւում է Հայաստանից: Կրկին ծագում է ճակատագրական հարցը` ինչպէ՞ս անել, որ «ե՛ւ գայլերը կուշտ լինեն ե՛ւ ոչխարները ողջ»: Եւ գտնւում է հերթական «փոխզիջումների» ուղին: Որոշւում է` «Հաշուի առնելով այն, որ հայկական Բաշքենդ գիւղը նրան յատկացուած հողերի հետ միասին հանդիսանում է Հայկական ԽՍՀ-ի բաղկացուցիչ մասը եւ վերոյիշեալ սահմանափոխումների հետեւանքով կ՛անցնի Ադր. ԽՍՀ Ղազախի գաւառի տարածք, վերջինիս անցնող Շինիխ-Այրումի շրջանի հարաւային մասից Բաշքենդ գիւղին յատկացնել հողի շերտ (ամառնային արօտավայրեր), որը տարածքօրէն կը կապէր այդ գիւղը Հայկական ԽՍՀ Դիլիջանի գաւառին»: Թէ ե՞րբ զաւթուեց Արծուաշէնը Հայաստանին կապող տարածքը, ինձ անյայտ է. յամենայն դէպս 1934 թ. քարտէսներում այն դեռեւս միացած էր Հայաստանին, իսկ Խորհրդային մեծ հանրագիտարանի առաջին հատորում (Մոսկուա, 1949) հրատարակուած Ազրպէյճանական ԽՍՀ եւ երրորդ հատորում (1950) զետեղուած Հայկական ԽՍՀ քարտէսների վրայ այն արդէն կղզիացած է: Ուրեմն հանրապետութեան այս նոր բզկտումը տեղի է ունեցել 1934-49 թթ. ընթացքում:

Այդ թուերին Հայաստանի քարտէսներին յայտնուել են նաեւ երեք խոռոչներ: Ամէն անգամ տարակուսանքով եմ նայում Հայաստանի քարտէսի այն օղակուած տարածքներին, որոնք գտնուելով Հայկական ԽՍՀ-ում, սահմանազատուած են եւ սլաքով նշուած, որ պատկանում են Ադր. ԽՍՀ-ին: Դրանցից մէկը Արարատի շրջանում է եւ ենթարկւում է Նախիջեւանի ԻԽՍՀ-ին, երկրորդը` Իջեւանի շրջանում, երրորդը` Իջեւանի եւ Նոյեմբերեանի շրջանների սահմանագլխին: Որքան էլ ճգնենք, միեւնոյն է, չենք կարող բացայայտել այն սկզբունքը, որով առաջնորդուել են այս նոր վերաձեւման հեղինակները: Եթէ նոյնիսկ մտածենք, որ ելակէտը եղել է բնակիչների ազգային պատկանելիութիւնը, ապա Ադր. ԽՍՀ եւ Նախիջեւանի ԻԽՍՀ-ն սահմանամերձ գօտու բազմաթիւ հայկական հազարամեայ գիւղերը նման մօտեցման դէպքում պէտք էր տասնեակ օղակների մէջ առնուելով` միանային Հայաստանին: Այնպէս որ, ստալինեան բռնատիրական քաղաքականութիւնը շարունակ սպիտակ բծեր է թողել Հայաստանի քարտէսի վրայ:

Թէ ի՛նչ քաղաքական ծրագրեր են հետապնդել Հայաստանը բզկտողները, այժմ դիւրին է գուշակել: Այն առաւել որոշակիացաւ հանրապետութեան շրջափակման օրերին, երբ Իջեւանի շրջանում գտնւում, բայց, չգիտես` ինչո՞ւ, Ազրպէյճանին ենթարկուող Բարխուդարլու կայարանն իր տէրերի անբարոյական քաղաքականութեանը հաւատարիմ փակել էր Հայաստանին ուղարկուող բեռների ճանապարհը:

Լրագրային յօդուածի սահմաններում, հասկանալի է, անհնար է անդրադառնալ Հայաստանից զաւթուած բոլոր հողակտորներին: Վերջում նշենք մի կարեւոր հանգամանք եւս: Եթէ 1927 թ. հանրապետութեան տարածքը եղել է 30 հազար 247,6 քառ. քմ, ապա այժմ այն 29 հազար 742.5 քառ. քմ է: Բնական չէ՞ ենթադրել, որ այդ 505.1 քառ. քմ կորուստը պէտք է փնտռել հէնց հանրապետութեան սահմանների յիշեալ վերաձեւումների մէջ: Համեմատութեան համար նշենք, որ ՀԽՍՀ Մասիսի շրջանն ընդամէնը 169 քառ. քմ է, Նայիրիի շրջանը` 303, Էջմիածնինը` 377, Սեւանինը` 389 քառ. քմ: Ասենք նաեւ, որ Ազրպէյճանական ԽՍՀ-ն 1926 թ. եղել է 85.363 քառ. քմ, 1949-ին` 85.700 քառ. քմ, իսկ 1970-ին` 86.600 քառ. քմ (Խորհրդային մեծ հանրագիտարան, հ.1):

Նոյն տեղում (էջ 247) նշուած է նաեւ, որ Կասպից ծովի մակարդակի անկման շնորհիւ Ազրպէյճանական ԽՍՀ-ն մեծացել է 3.5 հազար քառ. քմ-ով: Փորձենք թուաբանական պարզ գործողութեամբ գլուխ հանել թուերի այս խառնաշփոթից: Անօգուտ է: Կրկին հարց է ծագում, իսկ ի՞նչ եղաւ ՀԽՍՀ 505,1 քառ. քմ, եթէ յայտնի է, որ Հայաստանը ծովափնեայ երկիր չէ եւ ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով 505,1 քառ. քմ տարածքը չէր կարող ջրատակ լինել: Մի բան պարզ է, որ օրը ցերեկով Հայկական ԽՍՀ-ն խորհրդաւոր կերպով փոքրացել է, իսկ Ազրպէյճանական ԽՍՀ-ն` մեծացել:

Ահա այսպիսի գլուխկոտրուկների առջեւ ես կանգնում, երբ մեր ընդդիմախօսների «տարածքային պահանջների», «տարածքային փոփոխութիւնների» եւ «սահմանների վերաձեւումների» մասին անվերջ շաղակրատանքներից դրդուած` բաղդատում ես Հայաստանի տարբեր տարիների քարտէսները:

 

«Խորհրդային Հայաստան» օրաթերթ, 1989 հոկտեմբերի 18, թիւ 224, էջ 3

 

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Դպրեվանքի «Ռուպ»-ը. Դպրեվանքի 94-րդ Ուսումնակրթական Տարեշրջանի Փակման Առիթով

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?