Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Դէպի Պատմական Արտաշատ

Մայիս 10, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԵՐՈՒԱՆԴ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

Մենք վաղուց էինք ծրագրել գնալ պատմական Արտաշատի պեղումները դիտելու: Հայաստանի հնագոյն քաղաքներից մէկը` մայրաքաղաք Արտաշատը, «նոր Կարթագէնը»… Տեսնես` իսկապէ՞ս Հաննիպալն է խորհուրդ տուել հեքիաթային այդ քաղաքը կառուցելու: Անցեալ տարուայ լաւագոյն օրերը կորցրինք, յետոյ ձմեռը վրայ հասաւ: Բայց ուրիշ մի շատ կարեւոր հանգամանք էլ կար: Արտաշատի պեղումները շարունակւում են մինչեւ հիմա: Մենք շատ էինք ուզում հանդիպել հնագիտական արշաւախմբի մարդկանց:

Պատմական Արտաշատը գտնուել է ներկայիս Արտաշատ քաղաքից տասը քիլոմեթր հեռաւորութեան վրայ, Խոր Վիրապի վանքի շուրջը գտնուող հարթութեան եւ վանքի շրջակայ տասնվեց բլուրի վրայ: Հնագէտները պայմանականօրէն համարակալել են բլուրները` իրենց աշխատանքները դիւրին դարձնելու նպատակով: Բուն քաղաքը զբաղեցրել է վեց հարիւր հեկտար տարածութիւն: Համեմատելու համար ասեմ, որ պատմական Աթէնքը զբաղեցրել է միայն վաթսուն հեկտար տարածութիւն, տասն անգամ աւելի պակաս, քան` պատմական Արտաշատը, իսկ Արտաշատ հնավայրը զբաղեցնում է մօտ երեք հազար հեկտար տարածութիւն: Արտաշատ քաղաքը` ունեցել է մօտ երկու հարիւր հազար բնակիչ: Հին աշխարհում հազուագիւտ քաղաքներ են եղել այդ մեծութեան եւ այդքան բնակչութեամբ: Հսկայ քաղաք` իր եռուզեռով, իր առօրեայ կեանքով, իր առեւտրական եւ այլ տիպի կապերով ու յարաբերութիւններով: Պէտք է կարողանալ պատկերացնել, թէ պատմական եւ հոգեւոր ի՜նչ վիթխարի հարստութիւն է թաքնուած հողի շերտերի տակ, պատմական ժամանակի ի՜նչ խօսուն ծալքերի տակ, որ սպասում են հնագէտների հոգատար եւ փրկարար ձեռքերին:

Առաւել հետաքրքրականը այն է, որ պատմական Արտաշատը կառուցուել է Արարատեան թագաւորութեան (Ուրարտուի) հնամենի քաղաքի տեղում, այսինքն պատմական Արտաշատի տակ հայկական շատ աւելի հին քաղաքակրթութեան շերտեր կան: Հնագէտները ստուգապէս բացայայտել են դրանք:

1967 թուականին բոլորովին պատահաբար գտնւում է պատմական Արտաշատի առաջին վկայութիւնը, այսպէս կոչուած` Տրայանոսի արձանագրութիւնը: 1970 թուականին սկսուեցին Արտաշատի պեղումները, որոնք ղեկավարում էր մեր նշանաւոր գիտնականներից մէկը` ակադեմիկոս Բաբկէն Առաքելեանը: Նրանից յետոյ հնագէտների արշաւախումբի աշխատանքները ղեկավարում էր իմ լաւ բարեկամ Ժորես Խաչատրեանը: Արտաշատի պեղումները 1970-ից ի վեր շարունակւում են գրեթէ առանց ընդհատուելու: Հիմա հնագէտների արշաւախմբի պետը Մկրտիչ Զարդարեանն է: Նա Գիտութիւնների ազգային ակադեմիայի Հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկի Հին Հայաստանի հնագիտութեան բաժնի վարիչն է: Մկրտիչին ճանաչում եմ վաղուց, ծանօթացել ենք տասնամեակներ առաջ, երբ երիտասարդ հնագէտ էր Ժորես Խաչատրեանի արշաւախմբում: Արշաւախումբը` Ժորես Խաչատրեանը, Մկրտիչը, Արմէնը, հիւրընկալուել են Ուրծաձորի մեր տանը, ես իրենց այցելել եմ իրենց հիմնավայրում: Մկրտիչը ճանաչուած ընտանիքի զաւակ է: Հայրը նշանաւոր նկարիչ Յովհաննէս Զարդարեանն է, մայրը սերում է Նոր Նախիջեւանի յայտնի Չուբարեանների տոհմից: Իր մօրական պապը նշանաւոր իրաւաբան, իրաւագէտ Գրիգոր Չուբարն է, մօրեղբայրը` նշանաւոր արձանագործ Ղուկաս Չուբարն է: Չուբարեանների տոհմը նշանաւոր շատ մտաւորականներ է տուել` իրաւաբան, գրող Գէորգ Չուբարեան, յայտնի խմբագիր Եղիա Չուբար, լրագրող Թէոդորոս Չուբարեան, հոգեւոր գործիչ Յովհաննէս Չուբարեան, լրագրող, մանկավարժ Միքայէլ Չուբարեան, մտաւորական գործիչ Վարդան Չուբարեան… Մկրտիչի քոյրը` Անահիտ Զարդարեանը, ճանաչուած նկարչուհի է: Մտաւորական ընտանիքում ծնուած լինելը այլ որակ է, եւ ես շատ ուրախ եմ Մկրտիչի հետ իմ բարեկամութեամբ:

Հնագէտների համար Խոր Վիրապին մերձակայ Լուսառատ գիւղում կառուցուած է հիանալի հիմնավայր (ֆր. basa), երեք յարկանի մեծ կառոյց` յարմարաւէտ պայմաններով եւ ընդարձակ այգի-պարտէզով: Բանն այն է, որ հնագէտները պեղումները սկսում են մայիսի վերջերին-յունիսի սկզբներին եւ շարունակում են մինչեւ հոկտեմբեր ամիսը:

Եւ ահա ես որոշեցի նախապէս պայմանաւորուել հնագէտների հետ, որպէսզի կարողանայինք այցելել իրենց հիմնավայրը եւ հանդիպել հնագէտներին, լսել նրանց խօսքը: Ես պայմանաւորուեցի Մկրտիչ Զարդարեանի հետ, եւ յունիսի 25-ին մեր հիմնական խումբը` նկարիչ Յարութիւն Յարութիւնեանը, բժիշկ Մելիք Կոնդեանը եւ այս տողերը գրողը, ճամբայ ընկանք դէպի պատմական Արտաշատ քաղաքը` ո՞ւր ես, Արտաշատ, գալիս ենք: Ասում եմ` մեր հիմնական խումբը, որովհետեւ երբեմն մեզ միանում է հրաշալի նկարիչ Հրազդան Թոքմաջեանը:

Երբ կանգնում ես Խոր Վիրապի շրջափակի դիտարանին եւ նայում ես դէպի Արարատ լեռը, ապա աջ կողմում բլուրներ ես տեսնում: Վարը դաշտային մի ճանապարհ տանում է դէպի այդ բլուրները, հասնում է բլուրներին եւ կանգ է առնում: Եթէ հասնես այդ բլուրներին եւ բարձրանաս ձախ բլուրի վրայ, ապա քո առջեւ կը բացուի մի հետաքրքիր տեսարան: Հնագէտները 1973 թուականին պեղել-բացել են պատմական Արտաշատի մի թաղամասը` տներով, փողոցներով… Հնագէտները այն կոչում են Բաղանիքների թաղամաս. այստեղ գտնուել են հանրային բաղանիքներում արուած երկու ընտիր խճանկար, որոնք գրեթէ անվթար տեղափոխուել են Պատմութեան պետական թանգարան: Վանքի տարածքից պեղուած թաղամասը չի երեւում: Ես քանի անգամ տեսել եմ դրանք, Յարութիւնն էլ էր տեսել, Մելիքը չէր տեսել: Որոշեցինք նախապէս գնալ դէպի այդ պեղումները եւ յետոյ գալ հնագէտների հիմնավայրը: Բանն այն է, որ հնագէտները հիմա պեղում են քաղաքի մի թաղամասը, որ գտնւում է սահմանային փշալարից այն կողմ, տառացիօրէն Արաքս գետի ափին, եւ հնագէտները այնտեղ են հասնում զինուորական յատուկ թոյլտուութեամբ եւ պեղումներն անում են սահմանապահ զինուորների հսկողութեան ներքոյ: Վաղ առաւօտից գնում են պեղումների վայրը ու վերադառնում են միայն ժամը երեքին: Քաղաքի այդ թաղամասը հնագէտները կոչում են Գետամերձ թաղամաս:

Մենք, ուրեմն, նախապէս գնացինք Բաղանիքների թաղամասը դիտելու, մինչեւ հնագէտները պեղումներից վերադառնան հիմնավայր: Ցաւալի էր տեսնել, թէ ինչպէս տասնամեակների ընթացքում քամին, ձիւնը, անձրեւը աւերել էին շատ բան. պատերի քարերը թափուել էին, հողը լցուել էր բացուած փողոցները… Հնագիտական աշխատանքների մեծագոյն խնդիրը եղել է եւ մնում է պեղումները պահպանելը: Սա ծանր խօսակցութեան նիւթ է:

Ժամը երեքին մենք եկանք հնագէտների հիմնավայրը: Արշաւախումբի մարդիկ` Մկրտիչ Զարդարեանը, երիտասարդ հնագէտներ Սիւզին, Գէորգը, Հայկը, դիմաւորեցին մեզ եւ առաջնորդեցին առաջին յարկի մեծ սրահը: Մեզ հիւրասիրեցին համեղ սուրճով, ընտիր բնական հիւթով եւ Արարատեան դաշտի հեքիաթային ծիրանով: Եւ սկսուեց շատ հետաքրքրաշարժ հնագիտական զրոյց, որ իր խորքում ընտիր դասախօսութիւն էր: Մեզանից ամէն մէկը, ի հարկէ, ինչ-որ բաներ գիտէր, բայց մեր գիտելիքը շատ մօտաւոր ու մակերեսային էր` Արտաշատի թատրոն, Եւրիպիդեսի «Բագոսուհիներ»-ը, Կրասոսի գլուխը… Եւ մենք` ծոյլ եւ թոյլ աշակերտներս, մօտ երեք ժամ ընտիր դասախօսութիւն լսեցինք պատմական Արտաշատի շուրջ: Մեծ սրահի պատերին փակցուած էին մեծ քարտէսներ եւ յատակագծեր, հնավայրի ընդհանուր քարտէսը, քաղաքի առանձին թաղամասերի քարտէսներն ու յատակագծերը: Մկրտիչը ցուցափայտը ձեռքն առաւ, եւ մենք անգէտ, բայց խոնարհ աշակերտներս, բերաններս բաց լսում էինք: Այդ սրահում հաւաքուած է պեղումներից գտնուած նիւթերի մի զգալի մասը: Բացառիկ արժէքաւոր նիւթերը յանձնում են Պատմութեան թանգարանին: Մի բացառիկ հարստութիւն կար այդ սրահում` օծանելիքի ապակէ շատ նուրբ սրուակներ, կնիքներ, արձանիկներ, կիրառական արուեստի հարիւրաւոր նմուշներ, շատ գեղեցիկ ու տպաւորիչ խեցեղէն, անհաւատալի բան` սպասքների մեծ համակարգ` ամենատարբեր չափերի պնակներով, ափսէներով, այլ ամաններով… Մկրտիչը ամէն մի իրի մասին խօսում էր հանգամանօրէն եւ մանրամասնութեամբ: Ափսոս, որ չեմ կարող այդ բոլորը կրկնել այստեղ: Հետաքրքրական շատ բան պատմեց Մկրտիչ Զարդարեանը: Երկու բան անպայման ուզում եմ յիշատակել:

Վերջին տարիների ամենամեծ յայտնագործութիւններից հնագէտը առանձնացրեց երկու բան: Առաջինը հնամենի ջրանցոյցի յայտնագործումն է: Պարզւում է, որ Խոսրովի անտառից, Գեղամայ լեռների հարաւային լանջերից խմելու ջուր է բերուել Արտաշատ ջրանցոյցի միջոցով: Ջրանցոյցը ունեցել է մօտ տասնվեց քիլոմեթր երկարութիւն: Պատկերացրէք` ջրանցոյցների մի ամբողջ համակարգ, որպիսին եղել է Պրովանում, Նիմ քաղաքի մերձակայքում, եւ որի երկու հարիւր երեսունվեց քիլոմեթր երկարութիւնից մնացել է յայտնի Պոն-Դիու-Գարը:

Երկրորդը հինգ հազար քառակուսի մակերեսով հանրային վիթխարի կառոյցն է, որ ծածկուած է մի քանի մեթր հաստութեամբ հողի շերտով: Ժամանակակից մեքենաները մի քանի տասնեակ մեթր խորութեամբ մանրամասնօրէն ցոյց են տալիս հողի տակ թաքնուած գաղտնիքները: Մենք կլանուած ու յափշտակուած լսում էինք օրուայ դասը: Գիտէ՞ք` ի՛նչ զգացում է կանգնել հազարամեակների առաջ եւ զգալ պատմական հզօր ժամանակի շունչը: Ես չասեմ, թէ որքան կանգնեցինք ամէն մի քարտէսի ու յատակագծի, քիւերի ու մայթերի, ամէն մի ցուցանմուշի մօտ, բայց չզգացինք, թէ ժամանակը ինչպէս անցաւ:

Բայց պատմական Արտաշատի հնաբնակ քաղաքացի եւ նոյնիսկ քաղաքապետ Մկրտիչ Զարդարեանի խօսքի մէջ մտահոգութեան երանգ է մտնում: Հնագէտները մեծ դժուարութիւնների, մեծ խնդիրների առջեւ են կանգնած: Խոր Վիրապի հարեւանութեամբ գերեզմանոցում թաղումները վաղուց պետականօրէն արգելուած են, բայց թաղումները յամառօրէն շարունակւում են: Հնավայրի երեք հազար հեկտար տարածութեան վրայ գիւղեր են տարածուած, գիւղացիների հողային տնտեսութիւններն են: Գիւղացիները իրենց հողը մշակելիս հանդիպում են հնածոների եւ այդ մասին ոչ ոքի չեն յայտնում, փչացնում եւ աւերում են շատ բան: Չեն ուզում, որ ոեւէ մէկը իրենց տնտեսութեանը վնաս բերի: Շատ հազուադէպ ուրիշ տարբերակ էլ է լինում: Նորերս գիւղացիներից մէկը կանչել է հնագէտներին, թէ` եկէք տեսէք, թէ ինչե՜ր եմ գտել: Հնագէտները խնդրում են մարդուն առժամանակ ոչինչ չանել, մինչեւ իրենք պեղեն այդ հատուածը, չափագրեն եւ այլն: Այդպէս էլ անում են:

Հնավայրի մի մեծ հատուած հողակտորը սեփականաշնորհուած է: Սեփականատէրը պատրաստւում է մեծ համալիր կառուցել: Հնագէտները խնդրել են առայժմ ոչինչ չանել եւ թոյլ տալ, որ իրենք պեղեն, չափագրեն եւ յետոյ միայն մարդը իր շինարարական աշխատանքները սկսի: Բարեբախտաբար սեփականատէրը օրինաւոր մարդ է եղել եւ համաձայնել է հնագէտների խնդրանքին:

Հնագէտներին շատ սուղ միջոցներ են յատկացուած: Միշտ չէ, որ իրենք կարողանում են բանուորներ վարձել: Չորս հոգի բարկ արեւի տակ ձեռքի բրիչով ու վրձինով սանթիմեթր առ սանթիմեթր պատմութեան ծալքեր են բացում: Աշխատում են սիրով, համբերութեամբ, նուիրումով: Անհեթեթ հարց եմ տալիս` պեղումները որքա՞ն կը տեւեն: Մկրտիչը շատ հանդարտ ու հանգիստ, սեւ հիւմըրը խօսքի խորքում, պատասխանում է ինձ` դէ, առնուազն մի երեք հարիւր տարի:

Հնագէտները հիմնավայրի բակն ու այգին վերածել են տարօրինակ թանգարանի: Այստեղ են տեղափոխել շատ բան: Քով քովի շարուած են խարիսխներ, մայթեր, քիւեր, խոյակներ, քանդակազարդ բազմաթիւ այլ կտորներ, քարէ ծխնիներ ու կողպէքներ (որոնք շատ անսովոր ու հետաքրքիր են), այլ հանածոներ… Ստիպուած են եղել տեղափոխելու այստեղ, որովհետեւ դաշտերում թողնելը վտանգաւոր է, պահպանութիւն չկայ: Հնագէտները յաճախ պեղումներից յետոյ պեղած վայրը նորից ծածկում-փակում են հողով: Ինչ անեն, ուրիշ ելք չկայ: Մի խօսքով` հոգսերը շատ են:

Մենք աստիճանաբար դուրս ենք գալիս պատմական Արտաշատի իրականութիւնից եւ վերադառնում ենք մեր իրականութիւնը: Մենք հրաժեշտ ենք տալիս այս հրաշալի մարդկանց, որոնք ապրում են իրենց մասնագիտութեամբ եւ սիրած գործով: Երեւանում ուրիշ կեանք է, Երեւանը դարձրել են քաղաք-ռեստորան, քաղաք-ժամանցավայր, իսկ այս մարդիկ հրճւում են իրենց գտած մի փոքրիկ գտածոյ իրով, հազիւ երկու-երեք սանթիմեթր, այնպէս որ, կարծես աշխարհի հարստութիւնը իրենց տուած լինեն: Անգէտին դա անհասկանալի է, դա հասկանալի է իսկական հնագէտին եւ գիտնականին:

… Երեկոն աննկատելիօրէն վրայ հասաւ: Մենք բռնեցինք Երեւանի ճամբան: Մի ուրիշ տեսակ ուրախութիւն կար մեր մէջ. մի ամբողջ օր մենք մոռացել էինք մեր ճղճիմ ու գորշ իրականութիւնը եւ ապրել էինք ուրիշ կեանքով: Մենք նաեւ տխուր էինք ու մտահոգ. բա հզօր ու հարուստ պետութիւն ու տէրութիւն չլինէի՞նք, պեղէինք ողջ Հայաստանը եւ աշխարհին ցոյց տայինք մեր հոգեւոր ուժն ու հարստութիւնը: Պատմական Արտաշատը, ցաւօք, չկայ, այն մնացել է անցեալ ժամանակների մէջ:

Այս խոհերի մէջ էինք, երբ Երեւանը երեւաց:

Երեւա՛նը, բայց ահա Երեւա՛նը…

Ժամը ութին մենք մտանք Երեւան:

Երեւան

Նախորդը

Կարմիր Որմազդ (Affiche Rouge)

Յաջորդը

Նշմար. Ուսանողութեան Ուժը

RelatedPosts

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?