Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Խմբագրական «Ալիք»-ի. Հայ Առաքելական Եկեղեցին` Իր Առաքելութեան Բարձունքում

Մայիս 3, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Փաստ է, որ Հայ առաքելական եկեղեցու 17-դարեայ երթն անբաժանելի է հայ ժողովրդի մաքառումների միջով անցած հարուստ պատմութիւնից: Իր 1700-ամեայ պատմութեան ընթացքում եկեղեցու գերակայ առաքելութիւնը, յատկապէս` պետականութեան աւելի քան 6-դարեայ բացակայութեան պայմաններում եղել է մեր ժողովրդի հայկական ինքնութեան եւ նկարագրի պահպանումը:

Հէնց այդ պատճառով էլ Հայ առաքելական եկեղեցու գործունէութիւնը չի պարփակուել միայն կրօնական եւ դաւանաբանական գործառոյթներով, այլ նաեւ հայոց քաղաքական եւ հանրային կեանքում ունեցել է վճռորոշ դերակատարութիւն: Այս հանգամանքից ելնելով էլ մեր եկեղեցին յաճախ իրեն դրսեւորել է որպէս քաղաքական կառոյց եւ եղել է ժամանակի քաղաքական գործընթացների մշտական մասնակիցը:

Դարերի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու քաղաքական աշխարհահայեացքը եղել է շատ յստակ, որը ժամանակին լակոնիկ բանաձեւել է Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսը. «Ազգային միասնութիւն, ազգապահպանութիւն, ազգային մտածողութեան ձեւաւորում, հայրենիքի հզօրութիւն, Հայ դատի պայքար եւ այլն, դարերի փորձով հիմնաւորուած եւ արմատաւորուած են Հայ եկեղեցում»:

Եւ հէնց այս աշխարհահայեացքից ելնելով էլ մեր եկեղեցին, համազգային շահի խոր գիտակցմամբ, մշտապէս եղել է ազգային-ազատագրական շարժումների գործօն մասնակիցն ու օրհասական պահերին` ճակատամարտերի առաջին գծում:

Յիշենք միայն Սահակ Պարթեւի ջանքերը հայոց պետականութեան պահպանման գործում, Ղեւոնդ Երէցին` Աւարայրի ճակատամարտում, Յովհան Օձնեցուն` հայոց պետականութեան կերտման գործում, Յակոբ Ջուղայեցի կաթողիկոսին` Հայաստանի ազատագրման նպատակով Անգեղակոթի գաղտնի ժողովի կազմակերպման գործում, Եսայի Հասան-Ջալալեան կաթողիկոսին` Արցախի ազատագրման եւ հայկական անկախ իշխանութեան ստեղծման գործում, Խրիմեան Հայրիկին` իր «Երկաթէ շերեփ»-ի անժամանցելի տեսութիւնով, Գէորգ 5-րդ Սուրէնեանց կաթողիկոսին` իր հերոսական կեցուածքով 1918 թուականի  մայիսեան հերոսամարտերի ընթացքում, եւ վերջապէս, հայ հոգեւորականների գործօն մասնակցութիւնը` արցախեան ազատամարտում եւ հայրենիքի պաշտպանութեան գործում:

Այլ կերպ չի կարող լինել նաեւ այսօր, երբ հայոց պետականութիւնը կանգնած է լինել-չլինելու լրջագոյն մարտահրաւէրի առջեւ: Հայ առաքելական եկեղեցին շատ լաւ պատկերացնելով վերահաս աղէտը եւ հաւատարիմ իր պատմական առաքելութեանը` կրկին պայքարի առաջին գծում է:

Օրհասական այս պայքարում անկիւնաքարային դեր է վերապահուած մեր եկեղեցուն, որի առանցքի շուրջ են համախմբուել Հայաստանի գործող իշխանութիւնների հայրենադաւ ու հակազգային քաղաքականութիւնը վիժեցնել ցանկացող հայորդիները:

Եւ պատահական չէ, որ Հայ առաքելական եկեղեցին յայտնուել է ուղղորդուած եւ նպատակային հալածանքների թիրախում այնպէս, ինչպէս օսմանական, ցարական եւ խորհրդային ժամանակներում, այս անգամ, սակայն, հայոց անկախ հայրենիքում, այսպէս կոչուած, հայրենի իշխանութեան կողմից, որը եկեղեցու դէմ պայքարը սկսել է դեռեւս 2018 թուականին, իշխանութիւնը զաւթելուց անմիջապէս յետոյ, յստակ գիտակցելով, որ Հայոց եկեղեցին այն բացառիկ կառոյցն է, որը կարող է ի դերեւ հանել այն բոլոր ծրագրերը, որոնց կեանքի կոչման համար էլ պատուիրուած են իրենք:

Հայ առաքելական եկեղեցու քայքայումը, նրա վարկաբեկումը, դերի եւ նշանակութեան ամբողջական չէզոքացումն այսօր Հայաստանի գործող իշխանութիւնների օրակարգային նպատակներից մէկն է, որի իրականացմանն են լծուած իրենց ձեռքի տակ եղած ողջ հնարաւորութիւններով ու գործիքակազմով:

Կը յաջողուի՞ դա նրանց, թէ՞ ոչ, հարցի պատասխանը մէկն է եւ միանշանակ. ո՛չ: Իշխանութիւնն իր հաշուարկներում հաշուի չի առել մի կարեւոր հանգամանք. 17 դարերի ընթացքում քրիստոնէութիւնը հայ ժողովրդի համար դադարել է լինել ուղղակի կրօն` վերածուելով աշխարհընկալման եւ հոգեմտաւոր արժեհամակարգի, որի կրողն ու մարմնաւորողը Հայ առաքելական եկեղեցին է:

Հայ առաքելական եկեղեցին զգալի մասնակցութիւն ունի հայ հասարակութեան գրեթէ բոլոր անդամների կեանքում, թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում: Անհերքելի փաստ է, որ անգամ իրենց անհաւատ համարող շատ հայեր մշակութաբանական իմաստով կրում են քրիստոնէութեան եւ Հայ Առաքելական եկեղեցու ազդեցութիւնը:

Չնայած այն հանգամանքին, որ 2018 թուականից ի վեր Հայաստանում միտումնաւոր կերպով տարէցտարի աւելանում են կրօնական աղանդաւորական կազմակերպութիւնները եւ ուղղութիւնները, որոնց տրուել է աշխատելու եւ քարոզելու սանձարձակ ազատութիւն, այդուհանդերձ, Հայ առաքելական եկեղեցին հասարակութեան մօտ պահպանել է իր բացառիկ դիրքն ու կարեւորութիւնը եւ անսասան հեղինակութիւնը:

Հայոց եկեղեցին եղել է եւ է մեր ազգի ինքնութեան եւ գոյութեան հիմնական յենասիւններից մէկը: Հայոց ազգային հաւաքական շահերի մարմնաւորողի ու պաշտպանի իր ստանձնած դերով Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի կողմից ընդունւում եւ ընկալւում է ոչ միայն որպէս կրօնական հաստատութիւն, այլեւ` ազգային հաստատութիւն:

Հայ առաքելական եկեղեցին ու հայ ժողովուրդը նոյնականացուած են: Ոչ ոք եւ ոչինչ չի կարող սեպ մտցնել եկեղեցու եւ ժողովրդի միջեւ: Ո՛չ իրենց հոգին 30 արծաթով չարին վաճառած անհայրենիքները, որոնք վերջերս յաճախ են մէջբերումներ անում սաղմոսից` փորձելով արդարացնել իրենց դաւաճանական չարագործութիւնները, ո՛չ էլ իրենց ողորմելի գոյութիւնը քարշ տալու նպատակով սրանց ծառայութեանը լծուած գրչակ-փերեզակները:

Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ իր առաքելութեան բարձունքում: Եկեղեցու սպասաւորները, սրբազան հայրերն այսօր Տաւուշում են, ժողովրդի կողքին, քաջ գիտակցելով, որ տեղի ունեցողը սովորական գործընթաց չէ: Նժարին է դրուած հայոց պետականութեան լինելութեան հարցը, որը չի կարող այլընտրանք ունենալ:

Գոյաբանական այս պայքարում մեր եկեղեցին չէր կարող այլ կերպ վարուել: Զարմանալի կը լինէր, եթէ եկեղեցին լռէր, մնար չէզոք դիրքում, չմիանար եւ չառաջնորդէր հայրենի հողի համար պայքարող հայորդիներին:

Սա Հայ առաքելական եկեղեցուն բաժին հասած խաչն է, որ պատուով կրել է 17 դար շարունակ, կրում է նաեւ այսօր եւ կրելու է յաւիտեան: Մեզ մնում է միայն կանգնել Հայ առաքելական եկեղեցու կողքին, վահան դառնալ ու պաշտպանել նրան նեռի չարապետութեան սպասաւորների նենգ հարուածներից եւ հաւատալ յաղթանակին ու վաղուայ օրուան: Յաղթանակ, որը կրելու ենք հոգով, վաղուայ օր, որը կառուցելու ենք ազգային-հոգեւոր արժէքների վրայ հիմնուած:

29 ապրիլ 2024

Նախորդը

Սահակ Սահակեանը Եւ Գետաշէնը…

Յաջորդը

Կնոջս Կեանքը Փրկած Հրեշտակը

RelatedPosts

Հպանցիկ Ակնարկ` Մեր Եկեղեցւոյ Դէմ Սադրանքներու Պատմութեան Վրայ –  Բ.
Անդրադարձ

Հպանցիկ Ակնարկ` Մեր Եկեղեցւոյ Դէմ Սադրանքներու Պատմութեան Վրայ – Բ.

Նոյեմբեր 17, 2025
Դպրեվանեան Ոգին.  Հայ Երգը` Ինքնութիւն Մշակող Գործիք
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Հայ Երգը` Ինքնութիւն Մշակող Գործիք

Նոյեմբեր 17, 2025
Պատերազմ, Քաղաքական Ու Տնտեսական Ճգնաժամ. Ինչպէ՞ս Է Դժուարութիւնները Յաղթահարում Լիբանանի «Ազդակ» Օրաթերթը
Անդրադարձ

Պատերազմ, Քաղաքական Ու Տնտեսական Ճգնաժամ. Ինչպէ՞ս Է Դժուարութիւնները Յաղթահարում Լիբանանի «Ազդակ» Օրաթերթը

Նոյեմբեր 17, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?