2024 թ. փետրուարի 16-18-ին Միւնիխի անվտանգութեան համաժողովում Նիկոլ Փաշինեանը յայտարարել է. «Ուքրանիոյ հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»: Իսկ փետրուարի 22-ին «France 24» լրատուական հեռուստաալիքին տուած հարցազրոյցում Փաշինեանն ասել է. «Փաստացի Հայաստանը սառեցրել է իր անդամակցութիւնը ՀԱՊԿ-ին»: Նոյն այդ օրերին շրջանառւում են խօսակցութիւններ, իսկ շաբաթներ անց յայտնի է դառնում, որ Հայաստանը Ռուսաստանի սահմանապահ ծառայութեանը պաշտօնական նամակով տեղեակ է պահել սոյն թուականի օգոստոսի 1-ից «Զուարթնոց» օդակայանում վերջիններիս ծառայութիւնը դադարեցնելու մասին: Միաժամանակ տարածւում է այն տեղեկատուութիւնը, թէ սպասւում է Զելենսքու այցը Հայաստան (այս վերջինը տեղի չունեցաւ. գուցէ` առայժմ): Հարց է ծագում ինչն է ստիպել Հայաստանի իշխանութիւններին կատարելու կտրուկ եւ ամբողջական դիմաշրջում դէպի Արեւմուտք ուղիղ համեմատութեամբ սրելով յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Գուցէ սա իւրատեսակ հաշուետուութիւն-հաւաստիացո՞ւմ է Արեւմուտքին, որն այդ յստակութիւնն է պահանջում քաղաքական ճարպկութիւնների սովոր Հայաստանի վարչապետից: Գուցէեւ Արեւմուտքն է շտապում հակառուսականութեան նոր ճակատ բացել Անդրկովկասում, երբ Ուքրանիան ակնյայտօրէն տանուլ է տալիս պատերազմում: Եւ արդեօ՞ք Հայաստանի անվտանգութեան, եթէ չասենք, գոյութեան հաշուին խաղարկուող այդ բեմագրութեան մասին չի վկայում Միացեալ Թագաւորութեան ռազմական նախարար Ճէյմս Հիպիի յայտարարութիւնը, թէ Լոնտոնը «կ՛աշխատի եւրաատլանտեան դաշնակիցների հետ` աջակցելու Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դէպքում» (https://alikonline.ir/political/16115):
Ինչպէս ասում են` «Աչքներս լոյս»: Միացեալ Թագաւորութեան նախաձեռնութեամբ եւրաատլանտեան դաշնակիցները կ՛աջակցեն Հայաստանին Ռուսաստանի հետ հակամարտութեան մէջ մտնելու դէպքում: Իսկ այդ հաւանականութիւնը ենթադրւո՞ւմ է, թէ՞ հրահրւում. որեւէ պարագայում, այն նոյն մահացու հեռանկարն է Հայաստանի համար: Շատ ծանօթ բան չի՞ յիշեցնում այս ընթացքը: Ռուս-ուքրանական պատերազմի սկսուելուց 1 ամիս անց` 2022 թ. մարտին, թուրքական միջնորդութեամբ Անթալիայում տեղի ունեցան ռուս-ուքրանական բանակցութիւններ, ձեռք բերուեցին որոշակի համաձայնութիւններ, որոնք յանգեցին նախաստորագրման հանգրուանի, բայց քանի դեռ կողմերը չէին հասցրել վաւերացնել փաստաթուղթը, Քիեւ թռաւ Միացեալ Թագաւորութեան վարչապետ Պորիս Ճոնսընը եւ խոստանալով ամենայն աջակցութիւն` դրդեց հրաժարուելու հաշտութեան պայմանագրի կնքումից եւ շարունակել պատերազմը: Յիշեցնե՞նք Հայաստանի իշխանութիւններին, թէ ի՛նչ վիճակում է այսօր Ուքրանիան: Պարզապէս արձանագրենք, որ այս երկիրն արդէն կորցրել է մօտ չորս այսօրուայ Հայաստանի չափ տարածք, 45 միլիոնանոց երկրի բնակչութեան թուաքանակը մօտաւորապէս կիսուել է (Ռուսաստանի քաղաքացի դառնալով, փախչելով երկրից եւ մօտ կէս միլիոն զոհ տալով), աւերուել է երկրի տնտեսական-ուժանիւթային համակարգի մեծ մասը, Ուքրանիոյ սպառնում է տարածքների հետագայ մասնատումը նաեւ եւրոպացի հարեւանների միջեւ: Ըստ լուրջ կանխատեսումների, Եւրոպայի ամենամեծ երկրին սպառնում է պետականութեան կորուստն ու կազմալուծումը: Ի հարկէ, նոյն այս ճանապարհին` Զելենսքուն, իսկ յաջորդ հանգրուանում Սահակաշվիլուն հերթափոխելու ճանապարհին գտնուող Փաշինեանին արդէն յաջողուել է հայկական իշխանութեան ներքոյ գտնուող երկրի 30 տոկոսից աւելին տանուլ տալ, այնուամենայնիւ, սա սթափեցնելու եւ համարժէք հետեւութիւնների տանող եզրակացութեան չի մղել նրան եւ նրա խամաճիկային խմբակին: 2018 թուականից Հայաստանին պարտադրուած քաղաքականութիւնը շարունակւում է: Որպէս այս բեմագրութիւնը ամբողջացնող դիպաշարային ծանօթ գիծ` դրսեւորւում է Եւրոպայի եւ եւրոպական կառոյցների առաջնորդների հիացմունքը Հայաստանի իշխանութիւնների ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի հանդէպ: Եւրոմիութիւնն ասում է, թէ ՀՀ-Եւրոմիութիւն յարաբերութիւնները երբեք այսքան խորն ու ամուր չեն եղել:
Մնում է կանխագուշակել, թէ ինչպէ՛ս են արտայայտւում այդ «խորն ու ամուրը»` բացի ՀՀ իշխանութիւնների ամբողջովին Արեւմուտք թեքուելուց եւ Ռուսաստանին հակադրուելուց: Միաժամանակ հրաւէր է հնչում հերթ կանգնելու Եւրոմիութեան անդամի թեկնածու դառնալու համար թեկնածուների երկար շարքում:
Նիկոլ Փաշինեան քաղաքական թիւրիմացութեանը ծնած ՀՀՇ-ի իշխանութիւնից յետոյ Հայաստանը զգուշաւոր քայլերով զարգացնում էր յարաբերութիւնները Արեւմուտքի հետ եւ անգամ մասնակցում էր ՕԹԱՆի ինչ-ինչ ծրագրերի: Փոխլրացնող այս քաղաքականութիւնը ջղագրգռութիւն չէր առաջացնում Հայաստանի դաշնակիցների եւ միւս գործակիցների մօտ, որովհետեւ Հայաստանն իր քաղաքականութիւնն իրականացնում էր բաց` առանց կողմերի շահերի վրայ հակադրութիւններ սարքելու գաւառական պարզունակ ճարպկութեան, յստակօրէն ցուցադրում էր քաղաքական առաջնահերթութիւններին հաւատարմութիւնը, իսկ, որ ամենակարեւորն է, այդ յարաբերութիւնները չէր կառուցում ի հաշիւ եւ ընդդէմ տարբեր կողմերի: Քաղաքական կապերը բազմակիացնող այս քաղաքականութիւնը վտանգաւոր մարտահրաւէրներ չէր ստեղծում Հայաստանի համար:
Ներկայի ճակատագրական պատմափուլում, երբ անփորձ իշխանութիւնը ունակ չէ թշնամական սպառնալիքները յաղթահարելու, 180 աստիճանի շրջադարձ կատարելով, գործիք է դարձել Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակը հետապնդող ուժերի ձեռքին, այսպէս ասած, «եւրոպամէտ քաղաքականութիւնը» փորձում է ներկայացնել որպէս անկախ Հայաստանի անցած ճանապարհի համար չտեսնուած ու շատ առաջադիմական մի բան:
Թերեւս կարելի է չզարմանալ` ընդունելով, որ Նիկոլ Փաշինեանն ու իր արկածախնդրական խմբակը ցանկութեան դէպքում անգամ այլեւս այլ բան չեն կարող անել, որովհետեւ խորանում է կախումը արտաքին հովանաւորներից եւ երկիրը յօշոտել ցանկացող թշնամիներից:
Այլապէս մի՞թէ Նիկոլ Փաշինեանից լաւ ոեւէ մէկը գիտի, թէ ի՛նչ հետեւանքներ են ենթադրում Ռուսաստանի հետ յարաբերութիւնների սրումը եւ աշխարհաքաղաքական բախման պայմաններում այլոց կռուի մէջ ոտատակ ընկնելը:
Փաշինեանը լաւ գիտի, որ Ռուսաստանին թշնամութեան մղելը Հայաստանին սպառնում է ամէն տարի մօտ մէկուկէս միլիառ փոխանցումային գումարների կորստով, որոնք այդ երկրում աշխատող հայերն ուղարկում են իրենց հարազատներին` հսկայական ընկերային-տնտեսական խնդիր լուծելով Հայաստանում: Դա նշանակում է հիւլէական կայանի հումքի, ադամանդի, էժան նաւթամթերքի, հացահատիկի եւ այլ ապրանքի հոսքի դադարեցում կամ մեծ տոկոսով թանկացում, նշանակում է հայկական` հիմնականում գիւղատնտեսական արտադրանքի առջեւ այս մատչելի եւ առայժմ անայլընտրանք շուկայի դռների փակումը, Ռուսաստանում աշխատող մի քանի հարիւր հազար հայերի վտարումը եւ այլն: Այս շարքը կարելի է շատ երկարացնել` չանդրադառնալով անգամ ամենակարեւոր անվտանգային խնդիրներին: Փաշինեանը եւ իր բախտախնդիրների թայֆան իշխանութեան գալուց առաջ եւ գալու առաջին օրուանից իրականացրել են հայ ժողովրդի մէջ հակառուսական տրամադրութիւններ բորբոքելու, հայ-ռուսական յարաբերութիւնները խզման տանելու քաղաքականութիւն: Եթէ Նիկոլ Փաշինեանը այս նպատակը չունենար եւ փոքր-ինչ ազնիւ լինէր, կը խոստովանէր, օրինակ, որ 2020 թ. պատերազմի կէսին ստիպուած էր լինելու ամբողջական պարտութիւն ընդունել, եթէ ամէն օր ինքնաթիռները Ռուսաստանից զինամթերք չհասցնէին Հայաստան: Եթէ նա ազնիւ լինէր, կը յիշէր, որ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահն առաջարկեց դադարեցնել պատերազմը առկայ դիրքերում, որ Ալիեւին համոզել է համաձայնել դրա հետ, եւ եթէ ինքը չմերժէր, այսօր Արցախը պահպանուած կը լինէր, եւ 2000-ից աւելի հայ զինուորի կեանքը կը փրկուէր:
Փաշինեանը չի յիշի այն մասին, որ ռուսներն առաջարկում էին Արցախի հարցի լուծումը սառեցնել` կարգավիճակի խնդիրը թողնելով ապագային, եւ այս առաջարկի հետ եթէ ինքը համաձայնէր, այսօր Արցախը լինելու էր պահպանուած եւ պաշտպանուած` ապագայում կարգավիճակի լուծման հեռանկարով: Նիկոլ Փաշինեանը, սակայն, պէտք էր մերժէր այս բոլորը եւ շարունակէր քայքայել Ռուսաստանի հետ յարաբերութիւնները` յստակ առաջնորդուելով այն նպատակներով, որոնք իրականացնելու համար ստանձնել էր իշխանութիւնը: Նիկոլ Փաշինեանը ռուս սահմանապահներին դուրս է հանում օդակայանից, իսկ մօտ ապագայում նա ընդհանրապէս հրաժարուելու է ռուսական ռազմուժի, այդ թւում` հայ-թուրքական սահմանի պաշտպանութիւնն իրականացնող սահմանապահ զօրքի ներկայութիւնից մեր երկրում:
Հայաստանի իշխանութիւնն, իր առաջնորդի գլխաւորութեամբ, հրաշալի հասկանում է, որ ՀԱՊԿ-ի հետ կապերը խզելուց եւ ռուսական զինուած ուժը մեր երկրից դուրս բերելուց յետոյ Հայաստանը դառնալու է ամբողջովին բաց թուրքական ներխուժման համար, հետեւաբար այդ ներխուժման անհրաժեշտութիւնը չի էլ լինելու, առանց դրա էլ Հայաստանն ընկնելու է թուրքական ազդեցութեան տակ: Որպէս Արեւմուտքի եւ ՕԹԱՆ-ի ներկայացուցիչ` հէնց Թուրքիան է մտնելու Հայաստան` ի հարկէ, նախեւառաջ հետապնդելով Անդրկովկասում Ռուսաստանին փոխարինելու, Զանգեզուրի միջանցքը իր անվերահսկելի հսկողութեան տակ վերցնելու եւ փանթուրանիզմի ճանապարհը գործարկելու նպատակները: Գուցէ հէնց այդ հաշուարկով էլ այժմուանից Հայաստանի իշխանութիւնը կատարում է զիջումներ, որոնք կը պահանջուեն, երբ երկիրը փաստացի կը վերածուի թուրքական կամ թուրք-ազրպէյճանական գաղութի: Այլապէս հասկանալով, թէ հասարակութեան մէջ ի՛նչ դժգոհութիւն է բորբոքւում` ինչի համար են իշխանութիւնները կանխաւ տարածքները յանձնում եւ, ըստ թուրք պաշտօնեաների յայտարարութիւնների, համաձայնում Զանգեզուրի միջանցքի վերաբերեալ թուրքական պահանջներին, խօսում նոր սահմանադրութեան մասին, թուրքական գաղափարախօսութիւններին համապատասխան փոփոխում հայագիտութեան հիմնարար գաղափարները, տուեալ ճիւղերի կարգավիճակը կրթական համակարգում: Անգամ հասնելով սրբապղծութեան` պատերազմի հերոսների նկարները հանում են փառքի անկիւններից: Ալիեւը իր գրպանում համարելով Հայաստանի ութ գիւղերը ստանալու հարցը` խօսում է այժմ արդէն «Ազրպէյճանի դէմ ռազմական յանցագործութիւններ գործած» հայաստանցիներին յանձնելու պահանջի մասին: Յայտարարելով, թէ ինքը Հայաստանի Հանրապետութեան վարչապետն է, Փաշինեանն ամբողջովին հրաժարւում է ե՛ւ հայոց պատմական անցեալից ե՛ւ յիշողութիւնից ե՛ւ Հայ դատից ե՛ւ այն ազգային արժէքներից, որոնք առնչւում են այդ ամէնի հետ:
Ինչ վերաբերում է նրան, թէ Արեւմուտքը մեզ կը պաշտպանի, այդ հեքիաթին իշխանութիւնն անգամ չի հաւատում: Նախ արեւմտեան ղեկավարներն են յայտարարել, որ Հայաստանը պաշտպանելու համար զինուոր չեն ուղարկի տարածաշրջան, միւս կողմից էլ, երբ իշխանութիւնը ժողովրդին շանթաժի է ենթարկում Ազրպէյճանի հնարաւոր յարձակման սպառնալիքով, հաստատում է այն տեսակէտը, որ ինքն իսկ չի հաւատում Արեւմուտքի միջամտութեանն ու աջակցութեանը: Ի դէպ, այդ նոյն Արեւմուտքը փոխլրացնող ամուր տնտեսաքաղաքական կապերի մէջ է Ազրպէյճանի եւ նրա հովանաւոր Թուրքիայի հետ եւ անգամ շրջափակման երկար ամիսներին ոչ միայն օգնութեան ձեռք չմեկնեց հայութեանը, այլեւ որոշ երկրների ներկայացուցիչներ իրենց հերթին էին պահանջում արցախցիներից լքելու իրենց բնօրրանը` սպառնալով հնարաւոր ցեղասպանութեամբ: Ակնառու փաստ է, որ եւրոպական ղեկավարների ու կառոյցների` Ազրպէյճանին ուղղուած բոլոր յայտարարութիւններին եւ ընդունած որոշումներին հակառակ, Ալիեւը անխռով շարունակում է իր սպառնալիքներն ու հակահայ քայլերը` դրանով փաստելով ոչ միայն արեւմտեան բոլոր որոշումների, այլեւ նիկոլական իշխանութեան յոյսերի սնանկութիւնը:
Պէտք է յստակ լինի նաեւ, որ Հայաստանի իշխանութիւնների արտաքին քաղաքականութեան մէջ քաղաքական հիմքեր փնտռելը անիմաստ է, այդ քաղաքականութիւնը ամբողջովին պայմանաւորուած է այն ազդեցութիւններով եւ կախումներով, որոնք այս խառնախմբի համար գոյութիւն են ունեցել դեռեւս իշխանութեան գալուց առաջ եւ արտայայտուել են շատ յստակօրէն, երբ նա դեռ ջուր էր պղտորում ընդդիմադիր դաշտում: Չունենալով արտաքին քաղաքականութիւն իրականացնելու փորձառութիւն, խորթ լինելով ազգային մտածողութեանն ու ազգային ռազմավարական շահերին, չհասկանալով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային առանձնայատկութիւններով պայմանաւորուած անկախ Հայաստանի որդեգրած քաղաքական ուղեգծերը, վերջապէս, որպէս զինուորական պարտադիր ծառայութիւնից խոյս տուած դասալիք` Փաշինեանն իր օտարասուն համախոհների հետ հաւատաց արտաքին հովանաւորների խոստումներին ու նետուեց դաժան գործընթացների յորձանուտի մէջ:
Լողալ չիմանալով` այդ ալեկոծումների մէջ կործանեց Արցախը, կործանման շեմին կանգնեցրեց Հայաստանը` մեր երկիրը դարձնելով մեծ շահերի բախման եւ անվերջանալի ցնցումների ներուժ պարունակող փորձադաշտ: Ոտատակ ընկնելով մեծ խաղերի մէջ` նա այստեղ ներքաշեց նաեւ երբեմնի կայուն, հեղինակութիւն ու յարգանք ներշնչող երկիրը: Նիկոլ Փաշինեանը խուսափելով ուղիղ հնչող հարցերից` չունի հիմքեր եւ չի կարողանում որեւէ երաշխիք ներկայացնել, որ ինքը կարող է երկիրը դուրս բերել անվերջանալի անկումների այս ընթացքից: Չունենալով երկիրը փրկելու յոյս եւ հասկանալով, որ երկրի ու ժողովրդի առաջ այսչափ յանցագործութիւններ կատարած մէկը չի կարող չկանգնել անխուսափելի պատասխանատուութեան առջեւ, նրա եւ իր խմբակի համար ինքնանպատակ իշխանութիւնը դարձել է ինքնապաշտպանութեան զրահ, որի գոյատեւումն էլ կախուած է հովանաւորների եւ իր դաւաճանական իշխանութեան երկարաձգման մէջ շահագրգիռ թշնամիների բարեհաճութիւնից: Այդ պատճառով էլ նա իր քաղաքական գործունէութիւնը պայմանաւորում է թուարկուած ուժերի կամակատարութեամբ, իսկ թշնամիներ է համարում նրանց, որոնց համարում է վտանգ իր իշխանութեան համար, մասնաւորապէս` Հայաստանի ժողովրդին, արցախցիներին ու նաեւ ռուսներին:
Այս իշխանութիւնը կարծում է, որ եթէ ռուսներին մերժի եւ ջայլամի պէս գլուխը մտցնի աւազի մէջ, Ռուսաստանը կ՛անհետանայ, այնինչ այս երկիրը եղել է, կայ եւ, ուզենք թէ չուզենք, տեսանելի ապագայում մնալու է հիմնական դերակատար այս տարածաշրջանումբ եւ անկախ իւրաքանչիւրի նախասիրութիւնից, այս իրողութեան նկատմամբ քամահրանքը շատ ծանր կարող է նստել մեզ վրայ: Կը յաջողուի՞ Հայաստանը դուրս բերել ոտատակ ընկածների այս խաղաբեմից: Այլ ելք չկայ, մնում է, որ հրաբխի պէս պայթիւնի պատրաստ ժողովուրդը կարողանայ տեսնել եւ ընդունել պայքարը յաջողութեամբ աւարտելու ունակ իր առաջնորդներին: Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը թէ՛ քաղաքականապէս եւ թէ՛ բարոյապէս պարտութեան հոգեվարքի մէջ է, բայց այս վիճակը անվերջանալիօրէն կարող է ձգուել, քանի դեռ հրապարակում չի յայտնուել այդ հոգեվարքին վերջ դնող ուժը:


