Անցաւ տարին, այս տարին էլ…
Բայց ցա՛ւը դեռ թափառում է
Եռաբլուր Պանթէոնում
Շարք-շարք յառնած հերոսների`
Շիրիմների հովտում հպարտ:
Փոխուեց տարին` հինը նորով…
Մոռացուած չէ ո՛չ ցաւ, ո՛չ վիշտ,
Եւ ո՛չ երդումն այն հինաւուրց,
Որ հունցուել էր տաք հնոցում`
Պատուախնդիր օրերին:
Տարի է նոր, մի նոր տարի…
Նոր տարուայ դուռ
Այս նորելուկ Կենաց Ծառին
Սուր ու փամփուշտ պիտի դաջենք,
Ու սնուցող արմատներին
Անուն պիտի կարգենք մի նոր,
Ու պիտ գոչե՛նք` զարթնի՜ր Վրէ՛ժ: