Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու
Յարգելի՛ ընթերցող, պատմական աւելի քան մէկդարեայ ողբերգութիւնները, որոնց բոլորս ծանօթանում էինք լոկ դասագրքերում ու պատմական վէպերում, ահա, այսօր, ազգովի վերապրում ենք առարկայօրէն` մեր առօրեայում թերթւող չարագուշակ էջերի ընդմիջից:
Կրկնակի եւ երիցս ցաւալի իրողութիւնն այն է, որ այսօրուայ ողբերգութիւնների ականատեսն ենք` 20-րդ դարավերջում (դարձեալ ազգովի) յաղթանակած ազատագրական պայքարի եւ բազում զոհողութիւնների արդիւնքում վերանուաճած անկախութեան 3-րդ տասնամեակի ժամանակաշրջաններում…
Ահա եւ ականատեսը դարձանք ու դեռ, ցաւ ի սիրտ, շարունակում ենք ականատեսը լինել նոյն փառապանծ յաղթանակի լուսապսակ ԱՐՑԱԽԻ ըստ ամենայնի շրջափակմանը, ցեղային զտմանը, ցեղասպանութեանն ու բոլոր ներքին թէ արտաքին թշնամիների նպատակադրած ՀԱՅԱԹԱՓՄԱՆԸ:
Աշխարհագրա-քաղաքական անխուսափելի եւ միաժամանակ վայրի ու դաժան օրինաչափութիւնների նմանատիպ շարունակման դէպքում, յատկապէս երբ միեւնոյն «օրինաչափութիւնների» արդիւնքում մեր Երկիր-Հայաստանում ձեւաւորուեց դրածոյ իշխանախումբ, ապա սպասելի եւ անխուսափելի է լինելու նոյն թշնամիների բուն վերջնանպատակը, այն է` հայկական պետականութեան եւ հայոց հայրենիքի հրէական, անգլօսաքսոնական ու, ըստ էութեան, թուրքական ոճով կազմաքանդումը:
Իսկ սրա կենսագործման մեկնարկը տրուել էր ճարտարօրէն գծագրուած ու նախագծուած` դեռեւս 2018-ի առերեւոյթ ժողովրդական, բայց հիմքում աղանդաւորական ու գայթակղիչ հնչեղութեամբ` թաւշեայ յեղաշրջումով…
Յարգելի՛ ընթերցող, բոլորիս ապշած հայեացքի ներքոյ վերջին 5-6 տարիներին պատահած վերոնշեալ ողբերգութիւնների պատճառով այսօր իսկ փաստ է, որ նոյն հայրենազրկուած ու բռնագաղթուած արցախահայերը հազարաւորներով արդէն իսկ լքել են իրենց «հարազատ գաղթօճախ» Հայաստանը: Վիճակագրական հաւաստի թուերը խօսում են աւելի քան 20 հազար արտագաղթողի մասին, իսկ ժողովրդավար Միացեալ Նահանգների, Քանատայի եւ Եւրոմիութեան երկրների դեսպանատների առջեւ օրնիբուն ծուարող ու վիզայի սպասող հերթագրուածների շարասիւնը աւելի սարսափելի տեսք է հաղորդում նոյն դեսպանատների կողմից կոկորդ պատռելով յորջորջուող` «ժողովրդավարութեան փարոս Հայաստանին»…
* * *
Սփիւռքահայութեան (ներառեալ` հինաւուրց ու հայաստանամերձ իրանահայերիս) առաւելաբար ազգային գաղափարախօսութեանը հետեւող խաւերին, հասարակական, կրթամշակութային ու յատկապէս քաղաքական կառոյցներին դիմելիս, Հայաստանի մեր քոյր-եղբայրներն ու մանաւանդ պետական-կառավարական շրջանակները դեռեւս խորհրդային ժամանակներից ցայսօր, բարձրաձայն յայտնում էին, որ արտերկրում ապրելով հանդերձ, հայապահպանման վիթխարի ճիգ ու ջանք է իրականացուել… Իսկ նոյն սփիւռքի ազգային կառոյցները խնդրոյ առարկայ հայապահպանումը ամենայն համոզուածութեամբ բնութագրում էին որպէս ոչ ինքնանպատակ հասկացութիւն: Ըստ նոյն կառոյցների հայապահպանութիւնը իմաստաւորւում եւ արժեւորւում է այն ժամանակ, երբ նոյն սփիւռքեան միջավայրում ապրող հայի մտասեւեռումն ու նպատակակէտը հանդիսանում է մայր Հայաստանն ու հայի հարազատ բնօրրանի կայացում-զարգացում-հզօրացումը…
Ու այս օրերին, յատկապէս, արտերկրի եւ սփիւռքի հայութիւնը նոյնչափ եւ որոշ պարագաներում աւելի, ցաւում-տառապում է իր հայրենի օճախի ամենադոյզն ձախողումից, ու հարազատ բնօրրանի նկատմամբ անվտանգային սպառնալիքների առկայութիւնը համարում է իր իսկ, եթէ ոչ` անմիջական ու ֆիզիկական, ապա աւելի խոցելի եւ ինչ-որ տեղ աւելի զգայուն` հոգեմտաւոր ապրումների քայքայիչ սպառնալիքը:
Ահաւասիկ, կրկին անգամ ազգային եւ հաստատապէս պետական-հայրենական, պատմական ու առհասարակ քաղաքակրթական համազգային արժանապատուութեանը սպառնացող որեւիցէ վտանգի այլեւս աններելի անտեսումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ` նոյն հայապահպանման ինքնանպատակայնացումն ու իմաստազրկումը…
ԱՄՓՈՓՈՒՄ
Իւրաքանչիւր հայի (նոյնիսկ ուիլիըմսարոյեանական բնութագրմամբ` աշխարհում մնացած գէթ միակ հայի) համար այսօր առաւել քան երբեւէ ահազանգային, ինչո՞ւ ոչ, նաեւ կենաց-մահու հիմնախնդիր պէտք է լինի իր յաւերժական հայրենիքի` Հայաստանի պետականութեան, ինքնիշխանութեան դէմ ցցուող որեւէ հողային-տարածքային, ռազմաքաղաքական, ժողովրդագրական եւ մարդկային-իրաւական ներուժ ու ներգործուն որեւիցէ սպառնալիք, լինի դա ներքին թէ արտաքին ճակատից…
Յոյժ կարեւորն ու անյետաձգելին, սակայն, գիտակցելն ու խուսափելն է դանակը ոսկորին հասնելուց յետոյ միայն (չասելու համար` արդէն իսկ հասած) կողմնորոշուելուց` ծանրակշիռ սպառնալիքներն ու իրական վտանգները յաղթականօրէն դիմագրաւելու համար…