Երէկ առաւօտեան ժամերուն Վեկասի մէջ տեղի ունեցաւ «Ֆորմիւլա 1»-ի այս տարեշրջանի 21-րդ կրան փրին:
Ռետ Պուլ արձանագրեց իր 20-րդ յաղթանակը, իսկ Վերշթափըն` իր 18-րդը` հաւասարելով գերմանացի Սեպասթիան Ֆեթելի մրցանիշին (53 յաղթանակ):
Ռէտ Պուլի վարորդ Մաքս Վերշթափըն երգեց «Վիվա Լաս Վեկաս» երգը, սքանչելի երեկոյէ մը ետք` Սին Սիթիի մէջ, որ իր յաջորդական 6-րդ մրցումն էր: Ան 5 երկվայրկեանի փենալթի մըն ալ ունեցաւ, երբ մրցումի ազդանշանին «դուրս քշեց» Ֆեռարիի վարորդ Շարլ Լըքլերը, որ փոլ-փոզիշընէն (առաջին դիրքէն) սկսած էր մրցումը: Աւելի ուշ ան Մերսետեսի վարորդ Ճորճ Ռասըլի հետ ալ թեթեւ բախում ունեցաւ:
Լըքլեր գրաւեց 2-րդ դիրքը, քանի մը անգամ կորսնցնելով, ապա վերագրաւելով առաջին դիրքը, ապա 3-րդ դիրքը գրաւեց, բայց վերջին լեփին կրցաւ անցնիլ Ռետ Պուլի վարորդ Սերխիօ Փերեսին` արգիլելով, որ «Ռետ Պուլ» 7-րդ անգամ ըլլալով 1-2 դիրքերը գրաւէ: Այս մրցումը եղաւ Վերշթափընի 3-րդ յաղթական մրցումը` Միացեալ Նահանգներու մէջ Մայեմիէն եւ Օսթընէն ետք:
«Դժուար մրցում էր», ըսաւ Վերշթափըն, որուն հագուած տարազը «Ռոքէն Ռոլի» թագաւոր Էլվիս Փրեսլիի յիշատակին նուիրուած էր:
«Ազդանշանին փորձեցի անմիջապէս անցնիլ Լըքլերին: Կարծեմ երկուքս ալ բաւական ուշ գործածեցինք արգելակիչը, եւ ես կորսնցուցի ինքնաշարժը կառավարելու կարողութիւնս եւ շատ ծայր գացի… եւ փենալթի ստացայ անոր համար: Ասիկա քիչ մը ետ պահեց զիս, բայց ստիպուեցայ քանի մը ինքնաշարժներ անցնիլ… բաւական հաճելի էր», ըսաւ Նետերլանտներու վարորդը:
Ասիկա յաջորդական երկրորդ մրցումն է, որ Փերես վերջին լեփին կը կորսնցնէ իր դիրքը: Անցեալ կրան փրիին` Պրազիլի մէջ, ան դիրքը կորսնցուցած էր ի նպաստ Ֆեռնանտօ Ալոնսոյի (Ասթոն Մարթին):
Սակայն Փերես կրցաւ այս ձեւով շահիլ աշխարհի ընդհանուր դասաւորման 2-րդ դիրքը, «Ռետ Պուլ»-ի համար պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով 1-2 մը ընդհանուր դասաւորման գծով:
Ստորեւ` Լաս Վեկասի կրան փրիի դասաւորումը.- (Փիասթրի յաւելեալ 1 կէտ շահեցաւ ամէնէն արագ լեփին պատճառով).
| ԿԷՏ | |
| 1.- Մաքս Վերշթափըն (Ռէտ Պուլ) | 25 |
| 2.- Շարլ Լըքլեր (Ֆեռարի) | 18 |
| 3.- Սերխիօ Փերես (Ռէտ Պուլ) | 15 |
| 4.- Էսթեպան Օքոն (Ալփին) | 12 |
| 5.- Լենս Սթրոլ (Ասթոն Մարթին) | 10 |
| 6.- Քարլոս Սայնց Ճունիոր (Ֆեռարի) | 8 |
| 7.- Լուիս Հեմիլթըն (Մերսետես) | 6 |
| 8.- Ճորճ Ռասըլ (Մերսետես) | 4 |
| 9.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Ասթոն Մարթին) | 2 |
| 10.- Օսքար Փիասթրի (Մաքլարեն) | 2 |
| ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Մաքս Վերշթափըն | 549 |
| 2.- Սերխիօ Փերես | 273 |
| 3.- Լուիս Հեմիլթըն | 232 |
| 4.- Քարլոս Սայնց | 200 |
| 5.- Ֆեռնանտօ Ալոնսօ | 200 |
| 6.- Լենտօ Նորիս | 195 |
| 7.- Շարլ Լըքլէր | 188 |
| 8.- Ճորճ Ռասըլ | 160 |
| 9.- Օսքար Փիասթրի | 89 |
| 10.- Լենս Սթրոլ | 73 |
| ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ռետ Պուլ | 822 |
| 2.- Մերսետես | 392 |
| 3.- Ֆեռարի | 388 |
| 4.- Մաքլարեն | 284 |
| 5.- Ասթոն Մարթին | 273 |


