Տիեզերքը հսկայական բախումների համագոյք է,
Գտածների, կորցրածների ու տենչերի հրակոյտ է,
Աստղունքային, ասուպային տարածքների խորունկ ծաւալ,
Գերակայ է ողջ մարդկային նժարումից սահմանակալ:
Իսկ երկիրը, լոկ սրտաչափ դեգերումի մի անծիր է,
Ուր քանդակենք մենք մեր սէրը դա կը լինի` պարծանք լուսէ,
Գիրկն ու սիրտը, զգացումը, սոսկ համադիր պիտի շնչեն,
Հանց բնօրրան ու հայրենիք օրհնեալ իղձ ու բաղձ համօրէն:
Հայրենիքի կոթողման մէջ ազգն անխնայ պիտ լինի,
Աւանդութեամբ, մշակոյթով դիմագիծը վեհ քանդակի.
Այդ աղօթքում մեն ու միայն իր տենչերին պիտ հաւատայ,
Հար ու նման աստուածային ջինջ պատկերի վէս ու անձնեայ:
Պիտ հաւատայ իր վրէժին ու հարուածի չշեղուելուն,
Տիրութիւնը հաստատի սերտ փառքով կերտած հայրենիքում,
Իր կռփումի զօրութեան մէջ արդարութիւն պիտի գամի,
Որով կերտում է հայրենիք ու խորտակում է թշնամի:
Վայ այն ազգին, որ չգիտի յանուն իր կեանքի` մեռցնել,
Քաղաքակրթութիւնն առանց հերոսութեան ոսկէ խեց է,
Հերոսութիւնն էլ վայրի է առանց քաղաքակրթութեան,
Քաղաքակիրթ իմաստութեամբ ձգտիր վայել երջանկութեան:
Եւ այդպէս է, որ արեւը ծագում է մեր երկնի վրայ,
Ու ծաղկեցնում է մեր օրը ու աշխարհը սուրբ հայրենեայ.
Մեկնիր ձեռքդ եղբայրութեան, զօրութիւնդ, սակայն, պահիր,
Հզօրութեամբ եղիր արդար, եւ քո ուժին լոկ վստահիր:
Ով իմ սուրբ ազգ ու հայրենիք, եղէք զօրեղ կեանքի համար,
Որ նուաճէք մեր բաժինը ինչ ժառանգել ենք դարէդար.
Դիմացել ենք բիւր դարերի ժայթքերի դէմ կուռ վահանով,
Պայքարներում զահանդական արդարութեան յաղթանակով,
Կամ վահանին, կամ վահանով: