ՀՐԱՅՐ ՊԱԼԵԱՆ
Ազրպէյճան

Ազրպէյճանի ժառանգական բռնապետ-նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա աւագ օգնականները քրէական պատասխանատուութիւն են կրում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ միջազգային իրաւունքի խախտման համար, ներառեալ` ռազմական յանցագործութիւնները, մարդկութեան դէմ յանցագործութիւնները, ցեղային զտումները եւ ցեղասպանութիւնը: Աւելի՛ն. Ազրպէյճանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրութեան 2-րդ յօդուածը, որն արգելում է ուժի սպառնալիքը կամ կիրառումը վէճերը լուծելիս, յատկապէս երբ բանակցութիւնները շարունակւում էին Արեւմուտքի եւ Ռուսաստանի առանձին միջնորդութեամբ:
2023 թուականի օգոստոսին Միջազգային քրէական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենօ Օկամպոն եզրակացրեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումը եւ Լեռնային Ղարաբաղի եօթերորդ ամիսը շարունակուող պաշարումը «պէտք է ցեղասպանութիւն համարուեն` համաձայն Ցեղասպանութեան համաձայնագիրի 2-րդ յօդուածի «c» կէտի. «Մի խմբի համար միտումնաւոր այնպիսի կենսապայմաններ ստեղծելը, որոնք հաշուարկուած են դրա ֆիզիքական ոչնչացման համար»: Նա յաւելել է, որ դա ցեղասպանութիւն է սովի միջոցով: Լեմքինի ցեղասպանութեան հիմնարկը պաշտպանել է Օկամպոյի եզրակացութիւնը, ինչպէս եւ` այլ ցեղասպանագէտներ:
Թէեւ «ցեղային զտումները», միջազգային իրաւունքի համաձայն, ճանաչուած չէ որպէս յստակ յանցագործութիւն, այդ եզրը ճանաչուել է Եուկոսլաւիայի համար միջազգային քրէական ատեանի (ICTY) որոշումներում եւ նկարագրուել է որպէս «միտումնաւոր քաղաքականութիւն, որը մշակուել է մէկ ցեղային կամ կրօնական խմբի կողմից ուժով եւ ահաբեկչական մեթոտների կիրառմամբ այլ ցեղային կամ կրօնական խմբի խաղաղ բնակչութեան դէմ որոշակի աշխարհագրական տարածքներից հեռացնելը»: Նման արարքները յանցագործութիւն են մարդկութեան դէմ եւ կարող են նաեւ ընդգրկուել ցեղասպանութեան սահմանման մէջ:
Բացի այդ` ցեղային զտումները նշւում են 2005 թուականին ՄԱԿ-ի Գլխաւոր ժողովի կողմից ընդունուած «Պաշտպանելու պատասխանատուութիւն» սկզբունքում, որտեղ ասւում է, որ երկրները պարտաւոր են պաշտպանել իրենց բնակչութեանը «ցեղասպանութիւնից, մարդկութեան դէմ յանցագործութիւններից, ցեղային զտումներից եւ ռազմական յանցագործութիւններից»:
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վաւերացրեց ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրութիւնը: Այնուամենայնիւ, «Հայաստանը կարող է անյապաղ յատուկ յայտարարութիւն ներկայացնել` համաձայն 12-րդ յօդուածի 3-րդ կէտի, որով դատարանը իրաւասութիւն է շնորհում Լեռնային Ղարաբաղից հայկական տարածք բնիկ հայերի բռնի տեղահանմանը»: Չնայած Ազրպէյճանը չի վաւերացրել Հռոմի կանոնադրութիւնը, յօդուած 12(3)-ը կարող է Ալիեւին եւ Ազրպէյճանի այլ պաշտօնեաներին ենթարկել ՄՔԴ իրաւասութեանը:
Հայաստան
Հայաստանի կառավարութիւնը` վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, Լեռնային Ղարաբաղի կորստի համար առաջնային քաղաքական պատասխանատուութիւն է կրում: 2022 թուականի սեպտեմբերին Փաշինեանը ճանաչեց Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը եւ ընդունեց, որ Լեռնային Ղարաբաղն Ազրպէյճանի մաս է` պայմանով, որ անքլաւի (միջերկիր, կղզիացած տարածք) հայերի «իրաւունքներն ու անվտանգութիւնը» կարող են երաշխաւորուել Ազրպէյճանի ինքնիշխանութեան ներքոյ:
Թէեւ Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան ճանաչումն անխուսափելի է` հաշուի առնելով երկու երկրների միջեւ սահմանի սահմանումը, Փաշինեանի կողմից Լեռնային Ղարաբաղի Ազրպէյճանի մաս լինելու ճանաչումն անհատոյց զիջում է, որն առաջարկւում է առանց անքլաւի իշխանութիւնների հետ համաձայնութեան կամ խորհրդակցութեան:
Փաշինեանի զիջումը, որը բազմիցս վերահաստատուել է 2023 թուականին, փակեց միջազգային աջակցութեան դուռը` շարունակելու տէ ֆաքթօ (իրողական) անկախութիւնը եւ ապագայում Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը տէ ժիւրէ (իրաւականօրէն) ճանաչելը:
Որպէս փոփիւլիսթ (ամբոխահաճ) առաջնորդ` Փաշինեանը, հաւանաբար, արձագանգեց հայ բնակչութեան մի մասի ցանկութիւններին, որոնք յոգնած էին Ազրպէյճանի հետ տասնամեակների պատերազմից: Այս ցանկութիւնները համընկել են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի նախապատուութիւնների հետ` արագ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը:
Անցած տարուայ ընթացքում Փաշինեանը վերակողմնորոշել է Հայաստանի անվտանգութեան հովանոցը Ռուսաստանից դէպի Արեւմուտք` միամտօրէն յոյս ունենալով Ազրպէյճանի հետ շարունակուող բանակցութիւններում ստանալ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի աջակցութիւնը: Ի վերջոյ, Փաշինեանն իր վերակողմնորոշմամբ եւ զիջումներով այլ բան չունէր ցոյց տալու, քան մտահոգութեան, դատապարտման ու կարեկցանքի անատամ արտայայտութիւնները: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն աջակցել են հակամարտութեան վերաբերեալ Ազրպէյճանի դիրքորոշմանը` նրա տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու քողի տակ: Փաշինեանի կրաւորական պատասխանը բացեց Ալիեւի ախորժակը եւ նրա զգալի ռազմական զինանոցը շրջեց Հայաստանի դէմ` պահանջելով երկրի հարաւային Զանգեզուրի կամ Սիւնիքի շրջանի մի մասը, որը Ալիեւը կեղծ կերպով անուանում է «Արեւմտեան Ազրպէյճան»:
Այս ֆիասքոյի (ձախողութեան) պատասխանատուութիւնը կրում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարութիւնը: Միացեալ Նահանգները, Ֆրանսան եւ Ռուսաստանը միասին` ԵԱՀԿ Մինսքի խմբի միջոցով, առաջ քաշեցին համապարփակ առաջարկներ, ներառեալ Մադրիդեան սկզբունքները 2008 թուականին` անորոշ ժամանակով երկարացնելու անքլաւի փաստացի անկախ կարգավիճակը եւ, ի վերջոյ, հանրաքուէի միջոցով ճանաչելու նրա ինքնորոշման իրաւունքը: Լեռնային Ղարաբաղի իշխանութիւններն անզգուշ կերպով մերժեցին առաջարկը, քանի որ այն պահանջում էր վերադարձնել անքլաւի շրջակայքի տարածքները, որոնք ժամանակաւորապէս գրաւուած էին 1994 թուականին` որպէս անվտանգութեան պուֆեր (արգելակ): Բաց թողնուեցին նաեւ այլ հնարաւորութիւններ:
2020 թուականի պարտութիւնից յետոյ ստեղծագործական փոխզիջումները կարող էին օգնել խուսափել Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորստից: Թերեւս, լիակատար անկախութեան փոխարէն, Լեռնային Ղարաբաղի որոշակի մակարդակի ինքնավարութիւնը կարող էր երաշխաւորել նրա բնակիչների իրաւունքները եւ անվտանգութիւնը` իրենց ընտրած իշխանութիւնների վերահսկողութեան ներքոյ` ի վերջոյ ճանաչելով Ազրպէյճանի տէ ժիւրէ ինքնիշխանութիւնը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, բայց պահպանելով անքլաւի տէֆաքթօ ինքնորոշումը:
Ընդհանուր առմամբ, ԼՂ հակամարտութեան կողմերի մէջ փոխզիջումը գալիս է թուլութեան հետ: Ըստ այդմ, այս կամ այն կողմը տարբեր կէտերում մերժել է ԵԱՀԿ Մինսքի խմբի առաջարկները: Այսպիսով, ցանկացած փոխզիջում ընդունելու Ազրպէյճանի պատրաստակամութիւնը կասկածելի էր: Փոխարէնը` Ազրպէյճանն իր նաւթատոլարային եկամուտները ծախսեց Թուրքիայից, Իսրայէլից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Եւրոպայից գնուած զէնք կուտակելու վրայ եւ պատրաստուեց այն օրուան, երբ կարող էր ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն իր օգտին: Այնուամենայնիւ, երբ բռնի հակամարտութիւնների սթաթիւս քուոն (հաստատուած իրավիճակը) անկայուն է, ստեղծագործական փոխզիջումների խթանումը կարող է անսպասելի դռներ բացել հակամարտութիւնների կարգաւորման հեռանկարային ջանքերում:
Արեւմուտք
Անցեալ տարի ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն համատեղ, իսկ Ռուսաստանը` առանձին-առանձին միջնորդեցին Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ խաղաղ բանակցութիւններում: Արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացուել են մէկ տասնեակից աւելի գագաթնաժողովներ ու բանակցութիւններ: Լեռնային Ղարաբաղի ղեկավարութիւնը դուրս է մնացել այդ բանակցութիւններից: ԵՄ հովանու ներքոյ հայ-Ազրպէյճանական վերջին գագաթնաժողովը պէտք է կայանար հոկտեմբերի 5-ին Կրանատայում (Սպանիա), սակայն Ալիեւը հրաժարուեց մասնակցել:
Մինչ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի լաւատեսներն ակնկալում էին, որ Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ խաղաղութեան համաձայնագիրը կը կնքուի մինչեւ տարեվերջ, Ազրպէյճանի ագրեսիան յարձակումը Լեռնային Ղարաբաղի դէմ եւ անքլաւի հայերի ցեղային զտումները ջնջեցին նման վարդագոյն կանխատեսումները:
Պատերազմի պատճառով Եւրոպա կազի մատակարարման հարցում Ազրպէյճանի դերի մեծացմանը զուգընթաց, Ուքրանիան, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը ցանկանում էին արագ լուծում տալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին` կոչ անելով վերահամարկել անքլաւն Ազրպէյճանին` իր հայ բնակիչների համար «իրաւունքների եւ անվտանգութեան երաշխիքներով»: Այնուամենայնիւ, հայերի վերահամարկման համար Ազրպէյճանն առաջարկում էր միայն քաղաքացիութեան իրաւունքներ` համաձայն երկրի թերի սահմանադրութեան, որը չէր կարող երաշխաւորել անհատների կամ փոքրամասնութիւնների իրաւունքները: Հաշուի առնելով Ազրպէյճանում տասնամեակների կատաղի հակամարտութիւնը եւ կատաղի հայատեացութիւնը, առանց յուսալի երաշխիքների, հայերը վախենում էին իրենց կեանքի համար: Միջնորդները խուլ էին այս իրողութեան նկատմամբ:
Քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դուրս է բանակցային օրակարգից, միջնորդները կարող են կենտրոնանալ Հայաստան-Ազրպէյճան սահմանի սահմանազատման եւ հաղորդակցական կապերի վրայ, այդ թւում` Ազրպէյճանի կողմից աջակցուող Թուրքիայի կողմից հայկական Սիւնիքով իր վերահսկողութեան տակ գտնուող «միջանցք» ստեղծելու պահանջի վրայ: Ազրպէյճանի վերջին պահանջը հիմնուած է 2020 թուականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ազրպէյճանի կողմից ստորագրուած հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի վրայ: 9-րդ կէտը նախատեսում է «հաղորդակցական կապեր Ազրպէյճանի արեւմտեան շրջանների… Ազրպէյճանի եւ (Նախիջեւանի)… մարդկանց, հաղորդակցական միջոցների եւ ապրանքների անարգել տեղաշարժի համար երկու ուղղութիւններով»: Քանի որ եռակողմ համաձայնագրի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողութիւնների դադարեցումն էր (կէտ 1), սեպտեմբերի 19-ին Ազրպէյճանի կողմից լայնածաւալ պատերազմի վերսկսումը խախտեց եւ ամբողջութեամբ չեղեալ յայտարարեց պայմանագիրը: Հետեւաբար Ազրպէյճանն օրինական իրաւունք չունի պահանջելու հայկական տարածքով անցում կատարել: Այնուամենայնիւ, հաշուի առնելով Հարաւային Կովկասում հաղորդակցական կապերի ռազմավարական նշանակութիւնը, կողմերի միջեւ բանակցութիւնների միջոցով կարելի է ձեռք բերել փոխշահաւէտ համաձայնութիւն:
Ցաւօք, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն նախընտրել են աջակցել Ազրպէյճանի կողմից տարածքային ամբողջականութեանն ու ինքնորոշմանը վերաբերող միջազգային օրէնքների մեկնաբանութեանը: ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ միւսները հաշուի են առել միջազգային իրաւունքի եղափոխութիւնը, (այստեղ` հոլովոյթը) Քոսովոյի, Արեւելեան Թիմորի եւ այլ դէպքերի վերջին գործերում` կողմ լինելով ուղղիչ ինքնորոշմանը, երբ խախտուել են այդ երկրների հատուածների հիմնարար իրաւունքները: Հաշուի առնելով Արեւմուտքի աճող կախուածութիւնը Ազրպէյճանի բարի կամքից` մեծացնելու կազի մատակարարումները Եւրոպա, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն խախտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնում անկողմնակալութեան իրենց յանձնառութիւնը:
Նրանք պաշտպանեցին Ազրպէյճանի անվերապահ տարածքային ամբողջականութեան մեկնաբանութիւնը` ըստ էութեան հանդէս գալով որպէս վերջինիս փաստաբաններ:
Երբ սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչութիւնը Հայաստանի ճանապարհին էր, ԱՄՆ-ի եւ եւրոպացի պաշտօնեաները ժամանեցին Հայաստան` դատարկ մտահոգութիւն, վիշտ եւ կարեկցանք յայտնելու եւ չնչին մարդասիրական օգնութիւն նուիրաբերելու համար: ԱՄՆ-ն եւ Եւրոպան, էլ չեմ խօսում Ռուսաստանի մասին, իշխանութիւն տուեցին Ալիեւին այն բանից յետոյ, երբ չկարողացան պատժամիջոցներ կիրառել Ազրպէյճանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ նախկին խախտումների համար: Ալիեւին թոյլ տրուեց խուսափել պատասխանատուութիւնից` «կարողութիւնը ճիշդ է անում» սկզբունքով, հասկացնելով, որ դա կարող է աւելի կարեւոր լինել, քան` միջազգային օրէնքները, եւ որ` եթէ մէկը ցանկանում է խաղաղութիւն, ապա պէտք է պատրաստուի պատերազմի:
Հրատարակուած՝ Modern Diplomacy-ի մէջ
Թարգմանութիւնը՝ news.am-ի
(Շար.1)