Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մարտունեցիների Ճանաչած «Շուլուխչի Նոդի Դադայը» Զոհուել Է Արկի Պայթիւնից, Երբ Հացի Էր Գնում

November 7, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Սեպտեմբերի 20-ին առաւօտեան ժամը 7-ը դեռ չկար, երբ Առնոդ Չալեանը Մարտունի քաղաքի «արցախբանկի» նկուղից դուրս էր եկել` մի քիչ թարմ օդ շնչելու եւ մօտակայ փռից հաց գնելու: Նկուղից ընդամէնը 300-400 մեթր էր հեռացել, երբ արկ էր պայթել փողոցում: Առնոդ Չալեանը զոհուել է ազրպէյճանական արկի պայթիւնից: Կինը նկուղում էր, աղջիկը` Մերին, աշխատանքի վայրում, իսկ որդին` դիրքերում: Ընտանիքին մինչ օրս հանգիստ չի տալիս հօր ողբերգական մահը:

Մերի Չալեանն աշխատում էր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայութիւնում` որպէս համակարգող: Սեպտեմբերին արձակուրդ էր վերցրել: Ամսի 19-ին սովորականի պէս տունն էր մաքրում, հայրը բակում էր, մայրն աշխատանքի էր խանութում, եղբայրը` Միշան, դիրքերում էր: Մերին բակ էր դուրս եկել ու հօրը հարցրել, թէ ինչ ձայներ են: Հարեւաններն արդէն վազվզում էին, կռիւն սկսուել էր: Զանգել էր եղբօրը, Միշան մի նախադասութիւն էր ասել` «Սկսուել ա, մենակ մտէք նկուղ, սկսուել ա»: Դրանից յետոյ չէին կարողացել կապ հաստատել Միշայի հետ: Նա աւագ սերժանտ էր, դիրքի աւագը:

Պատերազմի լուրը լսելուց յետոյ Առնոթ Չալեանը հանել էր շրջափակման ժամանակ պահած 3-4 լիթր վառելիքը, որը կռուի դէպքում պիտի օգտագործէր: Մերին ասում է` միշտ բարկանում էին, թէ ինչո՞ւ է հայրը վատ բաներ մտածում, ինչու կռիւ պիտի սկսուէր, եթէ ռուս խաղաղապահներն Արցախում էին լինելու առնուազն մինչեւ 2025 թ.:

Հայրը Մերիին ասել էր, թէ պենզինը լցնելու է մեքենան, որ շարժուեն: Բայց դրա ժամանակը չէր: Աղջիկը պնդել էր, որ պէտք է արագ մօտակայ պանքի` «Արցախբանկի» նկուղ իջնեն: Հայրը դեռ տարիներ առաջ էր ուղեղի ու սրտի կաթուած ստացել, արագ չէր կարող քայլել: Մերին խանութ էր մտել, մօրն ասել, որ խանութը փակի եւ շտապի նկուղ: Երբ արդէն նկուղում էին, աշխատավայրից զանգ էր ստացել, որ պէտք է վերադառնայ գործի: Տուն էր գնացել` համազգեստը հագնելու: Մինչ այդ հօրը խնդրել էր, որ նկուղից յանկարծ դուրս չգայ:

«Հազար անգամ ասեցի, պապա՛, նայի` նկուղից դուրս չգաս, ես կը գամ, մի քիչ թեթեւանայ, ուտելիք կը բերեմ ձեզ», յիշում է 36-ամեայ դուստրը: Մի քանի ժամ անց ուտելիք էր տարել նկուղ, հօր սիրած խաղողը: Այդ անգամ եւս խնդրել էր, որ հայրը մնայ նկուղում: Առնոթ Չալեանը սրտի հիւանդութիւն ունէր եւ փակ տարածքներում երկար չէր կարողանում մնալ, անընդհատ դուրս էր ուզում գալ` օդ շնչելու: «Իր բնաւորութիւնն իմանալով` ասի` պապա՛, նայի` դուրս չգաս: Մամային էլ ասեցի` յանկարծ նայի, որ դուրս չգայ», յիշում է Մերին:

Այդ գիշեր նա չէր քնել: Փրկարար ծառայութեան ռատիօկապը, հեռախօսները նկուղ էին իջեցրել, այդտեղից էին աշխատում: Ասում է` վատ նախազգացում ունէր, գիշերը ցերեկուայ պէս էր դարձել: Պատմում է, որ սովոր էր աշխատանքային այդ կշռոյթին: 44-օրեայ պատերազմի ամբողջ ընթացքում գերլարումով էին աշխատել: Այդ ժամանակ մայրն էլ աշխատում էր Մարտունու հիւանդանոցում: Պատերազմից յետոյ հաստիքներ կրճատուեցին, եւ նա էլ աշխատանքից ազատուեց: Իսկ զինուորական եղբայրը առաջնագծում էր:

Սեպտեմբերի 19-ին Մերին Մարտունու հիւանդանոցում աշխատող ընկերուհուն պարբերաբար հարցնում էր վիրաւորների ու զոհերի մասին: «Էնքան վատ նորութիւններ էի լսում: Ի՞նչ թաքցնեմ` եղբօրս համար անընդհատ զանգում էի հիւանդանոց, ասում էի` նայի, յանկարծ եղբօրս բերեն` ոտքը կամ ձեռքը կտրուած, ինչ-որ բան լինի, ինձ կ՛ասես, չթաքցնես, ասեց` արխային մնայ, դու հանգիստ աշխատիր: Հարցրեց, թէ մամադ, պապադ որտե՞ղ են, ասի` նկուղում են: Մի բան զգում էի, բայց չգիտէի` ի՛նչ կը լինի, անընդհատ մտածում էի` եղբայրս դիրքերում է: Եղբայրս էլ միշտ ասում էր` էս անգամ, որ կռիւ լինի, ոչ մէկս սաղ չի մնալու», յիշում է արցախցի զրուցակիցս:

Վայրը, որտեղ զոհուել է Առնոդ Չալեանը

Սեպտեմբերի 20-ի առաւօտեան Մերիին զանգում է հիւանդանոցում աշխատող ընկերուհին, հարցնում, թէ որտեղ է հայրը, ապա ասում, որ զոհուածը շատ նման է Առնոդ Չալեանին:

Մերին վազելով դուրս է եկել փրկարար ծառայութեան շէնքից: Ճանապարհին ուշաթափուել է, ընկել ու վնասել ձեռքերն ու ոտքերը: Ուշքի գալուց յետոյ կարողացել է հասնել հիւանդանոց: Այդտեղ, սակայն, Մերիին չէին թողնում տեսնել հօրը, բայց նա պնդել էր: «Շատ վատ վիճակում էր: Որ յիշում եմ հօրս այդ անարժան մահը, գոնէ կաթուած խփած լինէր, այսքան չէի տանջուի: Հօրս գլխի կէսը չկար», ասում է Մերին: Մայրը նկուղում էր իմացել ամուսնու զոհուելու մասին: Երբ մի քանի անգամ զանգել էր նրա հեռախօսին, պատասխանող չէր եղել, յետոյ հիւանդանոցի աշխատողներն էին պատասխանել: Դիրքերում գտնուող Միշային չէին ասել հօր զոհուելու մասին: Երբ նա Մարտունի էր հասել, ընկերն էր պատմել այդ մասին:

Սեպտեմբերի 22-ին Առնոդ Չալեանին յուղարկաւորել են Մարտունիում: Դուստրն ասում է` շրջափակման ամիսներին ծաղիկներ չկային: Հազիւ այստեղից-այնտեղից հին ծաղիկներ են գտել: Հողաթումբը դեռ թարմ էր, երբ Չալեանների ընտանիքը բռնի տեղահանուեց Մարտունուց:

Հոկտեմբերի 1-ին նրանք հասել են Գորիս, որտեղ էլ այժմ ապրում են վարձակալած տանը: Ասում է` Գորիսը նմանեցնում են Արցախին, իսկ տեղացիներն էլ պատրաստակամ են, օգնում են:

«Յոյս ունեմ, որ մի օր կը վերադառնամ հօրս մօտ: Ես ոչ մի բան չեմ ափսոսում` ո՛չ մեր լաւ տունը, ո՛չ մեր լաւ աշխատանքը, հօրս գերեզմանն ինձ համար հա՛մ քաղաք էր, հա՛մ տուն էր, հա՛մ ամէն ինչ էր: Գոնէ սիրտս մի քիչ թեթեւ լինէր, գնայի մօտը… Ո՞վ կը պատկերացնէր, որ 3-4 օր յետոյ կը տարհանեն»,- նշում է Մերին:

Առնոդ Չալեանի գերեզմանը

Հօր մասին խօսելիս նա անընդհատ կրկնում է` «Իմ համեստ, բարի պապան»: Մինչեւ սրտի հիւանդութիւնը հայրը թաքսու վարորդ էր աշխատում: Դուստրը պատմում է, որ մարտունեցիները հօրը շատ լաւ գիտեն եւ նրան «Նոդի» էին կոչում: Բարի հումոր ունէր, ու նրան նաեւ «Շուլուխչի Նոդի դադայ» էին անուանում:

Մերին ասում է` ամբողջ 44-օրեայ պատերազմի ժամանակ կարողացաւ պահել հօրը, բայց 2023 թ. սեպտեմբերեան երկօրեայ պատերազմին կորցրեց:

Հոկտեմբերի 3-ին Առնոդ Չալեանը կը դառնար 68 տարեկան: Այդ օրը Մերին Դիմատետրեան իր էջում գրել է. «Այսօր դու կը դառնայիր 68 տարեկան, պապ: Ծնունդդ շնորհաւոր, իմ հեռաւոր կարօտ»:

Երբ աւարտում ենք զրոյցը, Մերին աւելացնում է. «Հօրս մասին ամենալաւը կը գրէք: Նա իմ կեանքն ա»:

«Հետք»

22 հոկտեմբեր 2023

 

Նախորդը

Այս Պաղեստինն Է…

Յաջորդը

Ազատամարտիկ, Ազգային Երգերու Կատարող Մկրտիչ Մկրտիչեանը (Մակիչ) Ոչ Եւս Է

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.