ՍԵԴԱ ԳԱԼՍՏԵԱՆ
Հայաստանի պատմութեան թանգարանի աշխատակից
Ներածութիւն
Նրանք Պայմանագիր Կնքեցին Յաւերժութեան Հետ…
«Սէրը դէպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է եւ միայն ոգու մարդն է ապրում ու մեռնում հայրենիքի համար…»
ՆԱՓՈԼԷՈՆ ՊՈՆԱՓԱՐԹ
Արցախը բոլոր ժամանակներում իր տեղն ու դերն է ունեցել հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարում: Դարեր շարունակ Արցախն ու Սիւնիքը եղել են Արեւելեան Հայաստանում ծաւալուած ազատագրական շարժումների հիմնական կենտրոնները: «Շուրջ 70 տարի Համայնավար կուսակցութիւնը փորձում էր ԽՍՀՄ-ում բնակուող հարիւրից աւելի ազգութիւններին համոզել, թէ երկրում ազգային հարցը յաջողութեամբ ու վերջնականապէս լուծուած է»:
1985 թ. յետոյ Խորհրդային Միութիւնում սկսուած ազատագրական շարժումների ծաւալումը կորպաչովեան, այսպէս կոչուած, «վերակառուցման» անմիջական հետեւանք էր: Իր ազգային արժանապատուութիւնը, «ոտնահարուած իրաւունքները» պաշտպանելու համար առաջինը հանդէս եկաւ արցախահայութիւնը, որը չէր հաշտուել իր պատմական տարածքները Ազրպէյճանին բռնակցելու եւ Ազրպէյճանի իշխանութիւնների հակահայկական քաղաքականութեան հետ: Նրա պայքարի նպատակը սահմանադրական ճանապարհով մայր հայրենիքի` Հայաստանի հետ վերամիաւորուելն էր: 1988-1994 թթ. Արցախի (1991 թ. Արցախի Հանրապետութիւն) դէմ Ազրպէյճանի Հանրապետութեան յարձակման պատճառով ծագած զինուած հակամարտութիւնը վերաճեց հայ-ազրպէյճանական` 1991-ից լայնածաւալ պատերազմի, որի պատճառով ազրպէյճանական իշխանութիւնները հարկադրուած էին Ռուսաստանի միջնորդութեամբ եւ Մինսքի խմբի աջակցութեամբ 1994 թ. մայիսին հրադադար խնդրել:
1994 թ. մայիսին Մոսկուայում «բանակցութիւններն աւարտուեցին մայիսի 14-ից զինադադարի հաստատումով»: Սա Արցախեան առաջին պատերազմն էր: «Արցախցու անխորտակ նաւը, անցնելով խռովայոյզ ովկիանոսը, մաքառելով չարի ու բռնութեան դէմ, հասել է 21-րդ դարի ալեկոծ նաւահանգիստը»: 21-րդ դարում աշխարհն ու աշխարհի տէրերը աչք փակեցին մի դաժան ու անհաւասար պատերազմի վրայ, որը կոչուեց Արցախեան 2-րդ պատերազմ: 2016 թուականի ապրիլեան քառօրեայ պատերազմից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմեց զէնքի ուժին` նախընտրելով այդ ճանապարհով յօգուտ իրեն լուծել արցախեան հիմնահարցը : Յարձակման 4-րդ օրը Ազրպէյճանը դարձեալ դիմեց Մոսկուայի միջնորդութեանը` հայկական կողմից խնդրելով պատերազմի դադարեցում:
2020 թ. սեպտեմբերի 27-ի առաւօտեան ազրպէյճանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստութիւնից ու ԱԹՍ հարուածներից յետոյ կրկին յարձակման անցաւ շփման գծի ողջ երկայնքով: Իր բնոյթին հաւատարիմ` նա թիրախաւորեց խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչութեանը` տարբերութիւն չդնելով զինուորի ու մանկահասակ երեխայի, հոգեւորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու եւ անօգնական ծերունու միջեւ. նրա հարուածն ուղղուած էր բոլորին:
«Այս պատերազմը թէ՛ քաղաքացիակա՛ն բնակչութեան եւ թէ՛ զինուորականութեան կողմից յաճախ բնութագրւում է, որպէս անմարդկային քաոս, իսկ երբեմն նաեւ` համեմատւում դժոխքի հետ»: Մեր նպատակն է ներկայացնել 44-օրեայ պատերազմում յաւերժի ճամբորդներին, նրանց մասին պատմութիւնները` իրենց հերոսութիւններով, հարազատների նկարագրութիւններով, կեանքի ու մահուան ընկալումներով, իրենց արձագանգներով ու գրառումներով, երազանքներով եւ պատերազմից յետոյ դրանց իրականացման պատկերացումներով:
Հետազօտութեան ընթացքում առանձնակի ուշադրութիւն ենք դարձրել պատերազմի անմիջական մասնակիցների եւ նրանց հարազատների դիրքորոշումներին, կարծիքներին: Որպէս նիւթ` օգտագործուել է զոհուած հերոս զինուորների մտքերը, խօսքերը, նրանց հարազատների բնութագրումները, մարտական օրագրերը, բանաւոր պատմութիւնները: Այս ամէնը ընդհանրացուել եւ կատարուել են թեմատիկ վերլուծութիւններ:
Այս հետազօտութիւնը փորձ է անմիջական հարազատից զոհուածի մասին վերջին տեղեկութիւնները արձանագրելը, կենդանի մնացած ականատես ընկերների պատմութիւնները` նրանց կեանքի վերջին դրուագների մասին, ինչը նպաստում է նաեւ կարեւոր հետեւութիւններ անելու պատերազմի ընթացքի եւ այդ պատերազմի որոշ դրուագների մասին: Ներկայացուել են մօտ 220 զոհուած զինուորների գործերը, սակայն կատարուել են թեմատիկ եւ բովանդակային խմբաւորումներ, ներկայացնելով մէկին` վերջինիս կերպարի մէջ խտացրել են նաեւ բազմաթիւ ուրիշների արարքն ու վարքը: Յօդուածի համար հետազօտութեան նիւթ է ծառայել ՀՊԹ-ում (Հայաստանի Պատմութեան թանգարան) մեր կողմից կատարուած հաւաքչական աշխատանքը, յենուած թէ՛ բանաւոր եւ թէ՛ գրաւոր պատմութիւնների վրայ: Օգտագործել ենք խորացուած հարցազրոյցները, նաեւ` ձայնագրութիւններ: Արձանագրել ենք զինուորների հետ կապուած հետեւեալ նկատառումները` ա) գրեթէ նրանք բոլորը վերջին անգամ զանգահարել են` կարծես կանխազգալով իրենց մօտալուտ մահը, վերջին անգամ լսել են հարազատի, յատկապէս մօր ձայնը: Թաթուլը (նրա նման շատերը) զոհուելու օրը զանգել է մօրը` Գայիանէին, եւ ասել է. «Յոգնած եմ, մի քիչ քնեմ, յետոյ կը զանգեմ»: Իր հերոսութեան ներշնչանքի աղբիւրը ազգային հերոս Մոնթեն էր, որդուն էլ կոչել էր նրա անունով, կանխազգալով մօտալուտ մահը` աւելացրել է. «Մոնթէիս լաւ կը նայէք, եթէ զոհուեմ, արարողութեան ժամանակ թող հնչի կամաւորի երգը»:
Մայր եւ Հայրենիք. Ուսումնասիրելով նիւթերը` արձանագրում ենք, որ շատերի մօտ մօր կերպարը (ում հետ կիսուել են, գաղտնիք վստահել, երազանք պահել) կապակցուել է հայրենիքի հետ, պահպանելով այն` պահպանել են իրենց տունը, մօրը, ընտանիքը, հողը, իրենց պապերի պատգամը: «Մա՛մ ջան, կարաս` պարծենաս ու հանգիստ քնես, էսօր տղէդ ամբողջ Հայաստանի հեթապահն ա», ասում էր Գէորգը պահակակէտում կանգնած: Իսկ Գէորգ Գէորգեանը, որ 14 տարեկանից ապրում էր Գերմանիայում եւ իր սենեակի պատուհանից ծածանում էր եռագոյնը, երազում էր հայրենիքի մասին: Պատերազմի լուրն առնելով` գալիս է Հայաստան: Մօր հարցին, թէ ո՛ւմ է թողնում իրեն ու գնում, Գէորգն ասել է. «Մա՛մ ջան, քեզ թողնում եմ հայրենիքիս, իսկ ես գնում եմ հայրենիքս պաշտպանելու»: Մօրը միշտ հպարտութեամբ ասում էր. «Դու իմ Հայաստան մայր թագուհին ես»: Պատերազմի առաջին օրերից եղել է Ջրականում (Ջաբրայիլ): Կատարել է բազմաթիւ առաջադրանքներ: Արամը մօրն ասել էր. «Մամ, հայրենիքը էտ էնա, որ մինչեւ վերջին շունչդ էլ պէտքա կռուես հայրենիքի համար, որ մեր պապերը հանգիստ ննջեն. Մամ, ես նենց բան չեմ անի, որ դու ամաչես, հպարտ կաց, որովհետեւ դու իմ ամէն ինչն ես, սպասի` ծառայեմ, վերջացնեմ, գամ հասնեմ քեզ»…
Թեմայի ուսումնասիրմանը օգնել են նաեւ որոշ զինուորների մարտական օրագրերը` Գարիկի , Տիգրանի եւ ուրիշների. «Այսօր շատ քիչ են դրանք հրապարակուած, չի բացառւում, որ կեանքում դրանք աւելի շատ են, եւ մի քանիսը դեռեւս պարուրուած են գաղտնիութեան տարբեր աստիճանի անթափանցութեան քօղով, մի մասն էլ հեղինակների ցանկութեամբ պարզապէս չեն դարձւում բոլորի սեփականութիւնը…»:
Նուիրում եւ հաւատ` յաղթանակի հանդէպ, կիսատ երազանքներ… այս տղաներն ունեցել են անսպառ հաւատ` յաղթանակի հանդէպ, անմնացորդ նուիրում: Անմահացել են գիտակցումով: Երբեք տնեցիներին չեն ներկայացրել իրենց անհանգստութիւնը: ԱԹՍ-ի հարուածներից թաքնուած լինելով, տնեցիների զանգերին չպատասխանելուց յետոյ, երբ խօսել են, ասել են` թէ քնած էին, նոր արթնացան, կամ կատակել` «կռիւ-կռիւ էինք խաղում»: Հրետանաւոր Էդգար Բաղումեանը կրակոցների ձայնը ծիծաղի տակ էր թաքցնում: Նրանց ներկայութիւնը հայրենիքը զգում է ամէն պահ` «Արցախի հերոս» Մարգարեան Ալենը, ում մասին պատմում էր մայրը` տիկին Նազելին, սիրում էր կրկնել` «Աշխարհը պէտք է սիրել, ոչ թէ` նրա վրայ բարկանալ», գրում էր, ստեղծագործում 4 տարեկանից, պաշտում էր գիրքը: Սիրում էր կարդալ հեքիաթներ, ինքն էլ ապրում էր այնտեղ, ապրում` ապագայի երազանքներով: Մտածում էր` «յանցագործ երեխաներ չկան, ամէն ինչ գալիս է խեղաթիւրուած մանկութիւնից»: Նրա շնորհը մանկավարժութիւնն էր, ուզում էր գիտութեամբ գրաւել աշխարհը, կիսատ մնաց նրա երազանքը…, որ կարող էր «Նոր, վեհ մարդ կերտել», կրթել ու դաստիարակել:
Պատերազմի ժամանակ ընկերոջն ասել էր` «զգում եմ մահուան շունչը»: Վազգէնի երազանքը գիտութիւնն էր, գիտնական էր ուզում դառնալ: Նրա անունով այսօր հիմնադրամ է բացուել, որի ողջ հասոյթը ծառայելու է գիտութեան զարգացմանը:«Ունէր շրջասոյթ. «Հերոս եւ քաջ է նա, որ 9 անգամ ընկնում է, 10 անգամ բարձրանում»: «Ինքը շատ բարձրացաւ, մենք մնացինք ներքեւում», ասում է ուսուցչուհին: Իսկ մայրը ողբալով կրկնում էր`«հայրենիքին վստահեցի մի պահ, բայց հայրենիքը կորցրեց նրան, եթէ լսում է Վազգէնը հիմա, ես մի բան կը խնդրեմ` «Եթէ կարող ես, ներիր»: Ռուբէնը աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումեանի շառաւիղից էր, ընտրել էր նոյն ճանապարհը: Երազում էր դառնալ յայտնի ծրագրաւորող եւ նորոյթներ յայտնագործել մարդ-արհեստագիտութիւն բնագաւառում` յայտնուելով Վիկտոր Համբարձումեանի անուան կողքին, շատ էր հպարտանում նրա հետ ազգակցական կապով: Ընդունուեց համալսարան, գերադասեց ծառայել, հայրենիքի հանդէպ պարտքը կատարել, յետոյ ուսումը շարունակել: Երազանքը մնաց անկատար: Յովհաննէսը` ում վրայից միշտ «ուժեղութեան հոտ» էր գալիս, մասնակցել է Ջրականում մղուող թէժ մարտերին, տեսակով` լուրջ, հասուն մտածող, ասում էր «Պարտադիր չէ քո սխալի վրայ սովորես, ուրիշների սխալի վրայ էլ պիտի սովորես»: Մինչեւ վերջ մարտական տրամադրութեամբ ոգեւորեց իր ընկերներին եւ ընկաւ հերոսի մահով: Ուսուցչուհին այսպէս արտայայտուեց. «Ու մտածում եմ` աւելի լաւ է «հերո՞ս» լինել, թէ՞ լինել պարզապէս մեր կողքին…»:
Մարդ-արհեստագիտութիւն. Այս պատերազմը, ինչպէս խոստովանում են մասնակիցները, իւրայատուկ էր նաեւ մարդ-արհեստագիտութիւն առճակատմամբ, որը յաճախ հասցրել է ծայրայեղ անզօրութեան: Վահէն, որ մարտնչելուց բացի` կատարել է բժշկի գործ, օգնել իր ընկերներին, կրկնում էր. «Սենց շարժապատկերի ողջ աշխարհը չի կարող նկարել»: Անմիջական մասնակիցներ, որոնք պատերազմը զգացել են բառիս բուն իմաստով` իրենց մարմնի վրայ: Արմէնը , Եուրին եւ նրա նման տղաները մահուան աչքերի մէջ նայեցին, զոհեցին իրենց երազանքները, նպատակները, ապրած ու չապրած գարունները, որպէսզի մի ողջ ազգ շարունակի ապրել: Վասիլեան Ռաֆայէլը փրկեց իր զինուորների կեանքը` հրադադարից մի քանի ժամուայ տարբերութեամբ խոցելով թշնամու օդային թիրախները: Քարտէսագրութեան գործում բարձր գիտելիքների, արագ կողմնորոշման շնորհիւ` կարողացել է Հադրութում շրջափակումից դուրս բերել իր զինուորներին: Մարտունի 2-ում առաջադրանքը փայլուն կատարելուց յետոյ լսուել է զօրավարի կանչը` «Արծիւ 40», վերադարձիր, առաքելութիւնդ կատարեցիր… թշնամու թիրախը ոչնչացուած է», «Նա ոչինչ կիսատ չէր թողնում, պատերազմն էլ կիսատ չթողեց» պատմում էր քոյրը, սակայն հերոսը չզգաց իր ուղղութեամբ արձակած արկի ընթացքը, չկասկածելով, որ ոչ միայն ինքն է որսում, այլ նաեւ իրեն են որսում, դարձաւ յաւերժի ճամբորդը… ինքը սիրում էր կրկնել (ապրելու ենք) (ռուսերէնով): Այո՛, պէտք է շարունակենք ապրել յանուն նրանց պայծառ յիշատակի, հերոս եղբայրների… Մա՛րդ Աստծոյ, տեսնես` քեզնից ամուր էլ ի՛նչ կայ աշխարհում… Սամուէլը առաջնորդ է եղել մարտի դաշտում, 7 անգամ ճանաչուել է լաւագոյն աւագ բոլոր դիրքերում:
Երազանքը` պիզնեսից մինչեւ երկրի կառավարում, մնաց անաւարտ: Կռուել է ամենավտանգաւոր գօտիներում, զինակից ընկերներին օգնել պատսպարուելու, ինքն ընկել «ՍՈՒ» կործանիչի հարուածից: Պատմութեան դասերը չսովորող Սամուէլը դարձաւ պատմութիւն կերտող, դասագրքի հերոս: Նրա մասին դեռ պատմելու են ապագայ սերունդները, որոնց համար չխնայեց կեանքը: Սամուէլը դիրքում մատուռ էր կառուցել: Նոր սերունդը կ՛ազատագրի այն հողը, որտեղ Սամուէլի թողած մատուռն է: Իսկ Դաւիթի մասին, որ ջութակը փոխարինեց զէնքով, ասում էին` «Մեր Դաւիթը «Փոքրիկ իշխանը»-ի հայի տեսակն էր, որ ամէն օր կարգի էր բերում սեփական մոլորակը», սակայն անզօր գտնուեց մահաբեր զրահապարտների դէմ: Նորիկը , երիտասարդ, որ ժպտում էր նաեւ տխուր պահերին: Առաջին փորձը անցկացրել է ՀՊԹ-ում: Մեղրիից բերել են Ջրական (Ջաբրայիլ): Պատրաստ էր մինչեւ վերջ պաշտպանելու իր հող հայրենին, ցաւօք այդ ամէնն արեց իր կեանքի գնով: Դպրոցական տարիներից տիրապետել է զէնքի հետ վարուելու կանոններին, ռազմարուեստի գաղտնիքներին: Բարի, ժպտերես, ազնիւ, հաւատարիմ, խելացի, ընկերասէր մեր ՆՈՐՈՆ… Նրա թեւաւոր խօսքերից էր` «սովորական արեւը հոգին չի ջերմացնում, այս կեանքում ուղղակի բաներ չեն լինում, կարօտը ամէն վայրկեան են առնում» եւ այլն:
Զինուորների արձագանգը` պատերազմի բօթին: Շատ կամաւորներ տարբեր պատճառներով ազատուած են եղել ծառայութիւնից, սակայն պատերազմի լուրն առնելով` ներկայացել են զինուորական կոմիսարիատներ: Արման Օհանջանեանը զինկոմիսարիատում լսելով «Չես կարող մեկնել» արտայայտութիւնը` պատասխանել է. «Ես չեմ եկել հարցնելու տանում էք թէ ոչ, եկել եմ ասելու` գնում եմ»: Հոկտեմբերի 1-ին Ջաբրայիլում էր: Կէսօրին զանգահարել է մօրը` չանհանգստանաս դիրք ենք գրաւել, հեռախօսներս կորցրել ենք, չզանգեք… 13:44-ին նամակ է ուղարկում: «Մա՛մ, ինձ հետ ինչ էլ լինի յիշիր, դու գլուխդ բարձր ես քայլելու: Դիրքերը ցրիւ են տուել, գալիս են մեզ վրայ: Սիրում եմ ձեզ, ինձ կը ներեք…»: Պատերազմում օրհնած փայտէ խաչը կախել է նորածին որդու վզին: (Դա այն պատգամն էր, որ որդին պէտք էր իրականացնէր հօր անաւարտ գործը): Ցանկանում էր ռազմական բժիշկ դառնալ, կիսատ մնաց երազանքը…
27 երկրներում բեմեր նուաճած թենորը` Գէորգ Հաճեանը, պատերազմի լուրն առնելով, չէր գտնում իր տեղը, ունէր ոտքի խնդիր, կամաւոր մեկնեց ճակատ` կնոջը խոստանալով մի քանի օրից վերադառնալ: Մեկնեց իր հայրենասիրական երգերով ոգեւորելու հայ զինուորին, լինել նրա կողքին դժուարին պահերին, ապահովելու յաղթական մթնոլորտը, հայրենիքը նրա երգերի մէջ էր, նրա սրտում, սակայն… հիմա ինքն է հայրենի հողի սրտում, յաւերժ փարուած են իրար: Նրանք` «յաւերժի ճամբորդները» իրենց պահուածքով ու գործողութիւններով ոչ միայն իրենց ծնողներին ու հարազատներին ներշնչեցին գլուխները բարձր պահել, այլեւ մեզ բոլորիս պատգամեցին` ներշնչուել իրենց սխրանքներով, ՈԳԻ ԴՆԵԼ (չկոտրուել) ու շարունակել իրենց անաւարտ գործը:
(Շար. 1)