ՀԵՐՄԻՆԷ
Նրան միշտ թւում էր, թէ բակի ամենասիրունը Անուշիկն է, որովհետեւ բոլորը ուզում էին հետը խաղալ, բայց սիրուն լինելուց բացի` նա նաեւ սիրուն ցատկապարան ունէր, օղակ, գնդակ, սիրուն տիկնիկներ, սիրուն զգեստներ ու մի մեծ դեղին ժապաւէն, որով գանգուր մազերը փնջում էր գլխին: Ժապաւէնը արեւի պէս փայլում էր:
– Անուշի՛կ, կը տա՞ս խաղամ քո ցատկապարանով:
Մի քիչ մտածում է, յետոյ թէ.
– Վերցրու՛, բայց զգոյշ խաղա, էստեղից չէ:
– Որտեղի՞ց է:
– Պապան գնացել էր խոպան, էնտեղից է բերել:
Նա զգուշօրէն խաղում է խոպանից եկած ցատկապարանով եւ մտածում` տեսնես ի՞նչ քաղաք է էդ Խոպանը, որ այսքան սիրուն խաղալիքներ է Անուշիկի պապան բերում, երեւի ամէնուր խաղալիքների խանութներ են` գոյնզգոյն, գեղեցիկ: Իսկ կարո՞ղ է Անուշիկի պապան խաղալիքի խանութում է աշխատում.երանի~ Անուշիկին:
– Իմ պապան էլ է խոպան գնացել,- ասում է Արշակը,- բայց արդէն երկու տարի է` չի գալիս, ասել եմ, որ հեռախօս եմ ուզում: Նոր տարուն կը գայ, կը բերի: Ես շատ եմ կարօտում: Համ էլ մաման ասում է, որ շատ պարտքեր ունենք, պապան պիտի գայ, որ փակենք:
– Շատ հեռու տե՞ղ է էդ քո ասածը,- ասում է խռովածի պէս:
– Դէ, ի՞նչ անենք, թէ հեռու է, հիմա բոլորը խոպան են գնում, որ փող աշխատեն,- մեծավարի աւելացնում է Անուշիկը:
Նա ցատկապարանը տալիս է Անուշիկին,խռոված է, բայց չգիտի, թէ ումից:
Վազում է տուն: Մաման կարկանդակ է թխել, մի քանի հատ միանգամից ուտում է: Մաման ուրախանում է, որ ուտում է, բայց չի մտածում, որ ջղայնութիւնն է դրանով պարպում: Կարկանդակները վերջանում են, ջղայնութիւնը` ոչ:
– Համո՞վ է:
– Չգիտեմ:
– Հը՜, տրամադրութիւն չունես:
– Չունեմ:
– Բա ի՞նչ անենք, որ ունենաս:
– Ոչ մի բան, ես էլ եմ ուզում Խոպան գնալ:
– Ի՞նչ խոպան, էդ որտեղի՞ց ես լսել:
– Բոլորի պապաները էնտեղ են, գնամ ման գամ, լաւ բաներ առնեմ, համ էլ կարող է պապան էլ է էնտեղ, գտնեմ բերեմ:
Մօր աչքերը լցւում են, գրկում է, համբուրում.
– Պապան ուրիշ տեղ է, շատ հեռու տեղ` երկնքի ամենախորքում:
– Բայց ես ուզում եմ, որ ինքն էլ Խոպանում լինի, էդպէս լաւ է, գոնէ յոյս կայ, որ մի օր կը գայ մի տասը օրով:
Արցունքի կաթիլը կամաց-կամաց մեծանում է մօր աչքի խորքում եւ դուրս է սահում, նա արագ սրբում է ու ժպտում: Ժպիտը նման է ամպի միջից թոյլ առկայծող արեւի: Իբրեւ արեւ է, բայց չկայ, ցուրտ է: Էս ի՜նչ եղանակ է իր ներսում, ո՞վ բերեց այս եղանակը…
– Մա՛մ, բայց ես կարո՞ղ եմ ամրանը գնալ Խոպան, շատ եմ խնդրում:
– Ախր, դա քո գնալու տեղը չի, էնտեղ տղամարդիկ են գնում, որ փող աշխատեն:
– Ուրեմն էնտեղ փողը շատ է, հա՞:
– Չէ , աշխատանքն է շատ:
– Էդ ի՞նչ հարուստ քաղաք է:
– Դա քաղաք չէ,- մաման աւելի երկար է ժպտում` գուշակելով աղջկայ միամտութիւնը:
Բայց նա մամայի ասածները չի ընկալում, նրա համար Խոպանը մնում է ամենասիրուն քաղաքը, որտեղ պապաները աշխատում են խաղալիքների խանութներում եւ սիրուն խաղալիքնր են իրենց երեխաներին բերում, վկան` ընկերուհու ցատկապարանը, գնդակը, ժապաւէնը, Արշակի հեռախօսը, որ Նոր տարում հօր հետ տեղ կը հասնի…
Մէկ-երկու-երեք, ցատկապարանով թռնում է եւ ամէն մի թռնելուց զգում է, որ վերեւում աւելի լաւ է, քան ցածում, վերեւում քեզ թւում է, թէ ուր որէ կը բռնես երազանքդ, բայց յետոյ անմիջապէս իջնում ես ցած եւ հասկանում, որ երազանքի համար պէտք է քայլել, շա՜տ քայլել:
Ժպիտը հաւաքում է ափերի մէջ, ափերը սեղմում է եւ ցատկում աւելի բարձր: Ցատկապարանը ափերի մէջ կուչ է գալիս, ասես խնդրում է, որ մի քիչ կամաց սեղմի իրեն, բայց նա չի կարող ենթարկուել, նա չի կարող ժպտալ, քանի դեռ երազանքները մնացել են օդում ու նրանց ցած բերող չկայ:
Երեկոյեան Անուշիկը հաւաքում է խաղալիքները, դես ու դէն է նայում, արդեօք չե՞ն վնասել, ամէն ինչ կարգի՞ն է, արժէ՞ վաղն էլ բերել, թէ՞ չէ: Նրա գլխի մեծ ժապաւէնը նման է դեղին արեւի, շողում է: Նա ուրախ է, որ իր փոքրիկ գլխին արեւ ունի, որը միշտ կը մնայ իրենը: Գիշերը նա կը հանի դեղին ժապաւէնը, կ՛արձակի մազերը, ժապաւէնը կը մնայ պահարանում, գուցէ միառժամանակ Անուշիկը կը մոռանայ նրա մասին, բայց միեւնոյն է` կը յիշի, որ պահարանի մէջ է, իրենն է, երբ ուզի` կը վերցնի… որքան դժուար է ինչ-որ բան չունենալը, յատկապէս`արեւ, որը միշտ քո գլխավերեւում է, որը չի թողնի մրսես…
Գիշերը երազ է տեսնում: Դա նրա տեսած ամենասիրուն երազն է. ճաապարհը ձգւում է ծաղիկների միջով, ճանապարհի եզրին ցուցանակ է` «Խոպան», ամէնուր խաղալիքների խանութներ են, վազում է, մտնում է ներս, հաւաքում է բոլոր խաղալիքները, յետոյ հասնում է պարտէզ, նստարաններին երեխաներ են, իսկ հայրիկները նրանց համար պաղպաղակ են առնում: Ահա, Անուշիկն էլ երեւաց, ձեռքին մեծ պայուսակ է, մէջը լեցուն խաղալիքներ, հօր ձեռքից բռնած` հպարտ-հպարտ քայլում է: Ինքը վազում է, ուզում է Անուշիկին ցոյց տալ, որ արդէն ինքն էլ խաղալիքներ ունի, որ ինք էլ է հասել «Խոպան», բայց հասնելուն պէս կանգ է առնում, զգում է, որ միեւնոյն է` մի բան պակասում է: Աջ ու ձախ հօրն է փնտռում, մնում է նրան էլ գտնի ու վերջ: Հաստատ կը գտնի, հաստա՛տ: Խոպանը մեծ քաղաք է, շա՜տ մեծ, եթէ հասցնի ծայրից ծայր վազել, կը գտնի …
Արթնանում է, վազքից յոգնել է, քրտնել: Մայրը թարմ ծաղիկներ է դնում հօր լուսանկարի առաջ: Լուսանկարում հայրը զինուորական համազգեստով է, ժպտում է…
2023