Օդակայանում:
– Հասցէ,- լսեցի ծառայողի ձայնը:
* * *
– Անունդ,- յանկարծ ուղեղիս մէջ արձագանգ տուեց մի ձայն:
– Խաչատուր,- լսուեց փոքրիկ որբուկի ձայնը:
Եւ նորից խիստ թոնով`
– Ազգանունդ:
Քաղցած, շփոթուած ու վախեցած փոքրիկը չյիշեց, սառեց տեղում, միայն կարողացաւ կմկմալով արտաբերել` օգնութիւն:
– Եարտմեան: Անցիր:
Յետոյ – յետոյ փոքրիկ որբուկը պիտի հասկանար, որ իրեն կնքուած Եարտմեանը թրքերէն նշանակում էր օգնութիւն:
* * *
Օդակայանի ծառայողը կրկնեց:
– Հասցէդ:
– Պուրճ Համուտ,- արագ պատասխանեցի ես:
Տապ էր, ինձ դիմաւորեց կիզիչ արեւը, որ խաղի մէջ էր ծովի հետ ու իր շողացող աստղիկներով այնպէ՜ս գեղեցիկ էր զարդարել ծովը:
Իսկ ո՞վ դիմաւորեց փոքրիկ որբուկին:
Հասանք Պուրճ Համուտ. նեղլիկ մարդաշատ փողոցներ, որոնք ունէին զուտ հայկական անուններ, եւ ուր բարեւն հայերէն էր, այնքա՜ն հարազատ, որ զգացի` ես տանն եմ, դէմ դիմաց հնամաշ շէնքեր` ծածկուած անթափանց, արեւից խունացած վարագոյրներով, իրար յաջորդող խանութներ, արհեստանոցներ, որոնց դիմաց աթոռներին թիկնել էին հաւանաբար տէրերը:
Մի կին իր լուացքն էր փռում արեւին ու մտերմիկ, հանգիստ խօսում դիմացի շէնքի պատշգամբի իր հարեւանի հետ, միւսը ինքնաշարժն էր հազիւ տեղաւորում այդ նեղլիկ փողոցում, անցորդներն անցնում էին` մէկը մտահոգ, միւսը` ժպտադէմ:
Քայլում էի եւ կարդում` վարպետ Անդօ, թաղապետ Զարեհ, անուշավաճառ Սարգիս, ատամնաբուժ Լոզոյեան, նպարավաճառ Յակոբ…
Այդ նեղլիկ փողոցներում, որոնք մի քանի օր անց ինձ այլեւս նեղլիկ չէին թւում, ամէնուր խաղացող, աշխուժ երեխաները էին:
Հրանդը, որ ապրել ու մեծացել էր Պուրճ Համուտում, հպարտութեամբ էր ներկայացնում ամէն փողոց, շէնք ու շինութիւն` իր պատմութեամբ:
Նա ոգեւորութեամբ եւ ջերմութեամբ էր յիշում քաղաքի անցած լաւ ու վատ օրերը, իր ընկերներին, որոնց հետ այնքա՜ն յիշողութիւն ունի, առհասարակ այն ամէնն` ինչ կապուած էր քաղաքի հետ, որին բնութագրում էր` Ոստան, իսկ եթէ խօսում էր ակումբների մասին, նրա դէմքը փոխւում էր, լրջանում, սահմանափակւում էր` «Ուրիշ էր, դժուար օրեր էին, բայց անուշ օրեր էին» արտայայտութեամբ:
– Նահարի կամուրջն է,- ասեց Հրանդը:
Նայեցի:
* * *
Պէյրութ գետն իր շուրջն էր հաւաքել փոքրիկ որբուկին ու իր ընկերներին, ոտաբոպիկ, հնամաշ լաթերով, որ հազիւ հագուստ կարող էինք ասել, խաղում էին նրանք ճահճոտ, անշուք ու խղճուկ մի վայրում` փրկուած հայութեան գաղթակայանում: Նրանց կողքի հետ խրճիթներ էին կառուցւում, իսկ մի քանի տարի անց պիտի կառուցուէր առաջին եկեղեցին ու առաջին դպրոցը:
Ուրախ էին որբուկները` ծածկ ունէին, գրել-կարդալ պիտի սովորէին, հայերէն պիտի աղօթէին:
* * *
Ճահիճ գաղթավայրը հայերի վարպետ ու աշխատասէր ձեռամբ վաղուց արդէն քաղաք է, խրճիթները` գեղեցիկ տներ ու շէնքեր, որոնց կողքին ազգային մշակոյթի տներ ու ժողովրդային տներ, եկեղեցիներ ու դպրոցներ, իսկ գաղթականութիւնը` ուժեղ եւ կուռ համայնք, որ իր դժուար գոյապայքարի մէջ քանիցս ստիպուած է եղել անգամ զինուած պաշտպանել իր գոյութիւնը եւ պաշտպանել իր իսկ որդոց ձեռքով, պահանջատիրութեան հաւատով, հայութեան տէր ու պաշտպան լինելու վստահութեամբ, խիզախութիւնների եւ նահատակութեան գնով:
Գիշեր էր, բայց արթուն էր Պուրճ Համուտը:
Անցնում էինք Արագածի շրջանը, Հրանդը ցոյց տալով մի գետնայարկ տուն` ասեց.
– Հոս կ՛ապրէր Լիզպոնի Սագոն:
Նայեցի պատուհանին, լոյսը վառ էր:
Ինձ թուաց արթուն էր Սագոն` իր մտքերի հետ, «Սիրելի մայրս…» վերջին երկտողն էր գրում: Արեւածագին նա պէտք էր գնար…
* * *
Յուլիսեան տաք լուսաբաց էր, Սագոն անձայն դուրս ելաւ տնից, մտքով հրաժեշտ տուեց մօրը, վերջին անգամ անցաւ իր ամէնօրեայ փողոցով: Նայեց շուրջը, լուսաբացն իր առօրեայով ամէն օրուայ նման էր: Շտապում էր Սագոն. ընկերներն սպասում էին:
Յանկարծ կանգ առաւ Սագոն, նայեց երկինք. պարզ էր երկինքը, խօսեց երկնքի հետ ու շարունակեց քայլել: Արդեօք ի՞նչ խօսեց երկնքի հետ…
Փոքրիկ որբուկը նայեց Սագոյին, բռնեց նրա ձեռքը, լուռ քայլեցին միասին. Սագոն ու իր ընկերները նրան հայրենիք էին խոստացել:
* * *
Ես քայլեցի հայոց մի անաւարտ պատմութեան հետքերով, որտեղ հերոսական պայքար կար, որտեղ ինքնազոհութիւն կար եւ այդ բոլորը` յանուն հայի ու հայրենիքի, ես այդ պատմութեան մէջ տեսայ հոգու ջերմութիւն, տեսայ խրոխտ երիտասարդութիւն, տեսայ թիթեղէ խրճիթը քարաշէն տուն դարձած, տեսայ քոչարի, լսեցի աղօթքն հայերէնով: Այդ պատմութեան մէջ ակունքներին ամուր կանգնած հայութիւնն է, որ դեռ շա՜տ հպարտութեան հետքեր պիտի թողնի…
Օդակայանում հասցէ չհարցրեցին, խփեցին Պուրճ Համուտից ելքի կնիքը յուլիս ամսաթուով:
23.08.2023



