«Երջանկութիւն անոնց, ովքեր պիտի ապրին մեզմէ յետոյ եւ վայելեն վաղուան խաղաղութեան ու ազատութեան քաղցրութիւնը»:
Այս հաւատամքը թուրքական ցեղասպանութիւնից որբացած, իր կեանքը Ֆրանսայի ազատագրման համար նուիրաբերած, դիմադրութեան շարժման առաջնորդ, համայնավար, 38-ամեայ հերոս, հայ բանաստեղծ` Միսաք Մանուշեանի 1944 թուականի փետրուար 21-ին, գնդակահարութիւնից առաջ, իր կնոջը` Մելինէին գրած վերջին նամակի տողերն են:
Աւելի անձնուրաց հաւատամք իր կեանքը երկրի ազատագրմանը նուիրաբերած մարտիկին կողմից, անհնար է պատկերացնել:
Մանուշեանը յաղթեց: Նրա չարչրկուած հոգին գտաւ իր հանգիստը: Ֆրանսան ազատագրուեց ֆաշիստական Գերմանիոյ ներխուժումից, իր իսկ որդիների եւ ազգութեամբ օտար Մանուշեանների կեանքերի անձնուրաց նուիրումով, ազատութեան վայելքը շնորհելով ապրողներին: Եւ ապրողները իրենց բաշխուած ազատութեան գնահատումով ոչ միայն սրբագրեցին իրենց սխալը, այլ մեծարումներով, իրենց գնահատումով վարձահատոյց եղան զոհաբերուածներին:
Մանուշեանին յետմահու շնորհուեց Պատուոյ Լեգէոնի շքանշան: Իսկ այս տարի, Ֆրանսայի նախագահի 18 յունիս 2023-ի որոշումով, իր գնդակահարութիւնից 80 տարի յետոյ, իբրեւ գերագոյն յարգանք, Ֆրանսայի հերոս` Միսաք Մանուշեանի եւ իր կնոջ` Մելինէի աճիւնները 21 փետրուար 2024-ին, «Ֆորտ Մոն Վալերիէն» գերեզմանատունէն տեղափոխուելու, ամփոփուելու են Փարիզի պանթէոնի մէջ: Պանթէոն, ուր հանգչում են աշխարհահռչակ, իրենց կեանքը Ֆրանսային եւ մարդկութեանը նուիրաբերած անձինք:
Արդեօ՞ք այսօր մենք կարող ենք գոնէ մօտաւոր ոգու հանգստութիւն պարգեւել Եռաբլուրում հանգչող մեր հազարաւոր մարտիկներին, ովքեր առանց տատանուելու, նոյն հաւատամքով իրենց կեանքը հերոսաբար նուիրաբերեցին հայրենի երկրի կարեւորագոյն մասի` Արցախի ազատագրմանը, վաղուայ խաղաղութեան ու ազատութեան քաղցրութիւնը իրենց զաւակներին եւ սերունդներին նուիրաբերելու հաստատակամութեամբ:
Ի հակադրութիւն Մանուշեանի, ոչ օտար երկրի, այլ իրենց հայրենիքի ազատագրման համար զոհաբերուած նուիրեալների հաւատամքը չիրականացաւ եւ նրանց զաւակները չվայելեցին ազատութեան քաղցրութիւնը: Հակառակը` դուրս նետուեցին իրենց տներից, իրենց դարաւոր հողից: Զրկուեցին իրենց հարազատների աճիւններից, դաշտերից, հոսող տաք ջրերից, անտառներից, Աստուածների հետ հաղորդակցուող իրենց բարձրաբերձ լեռներից, ուր դեռ իրենց հայրերի, որդիների, եղբայրների ոչ վաղուց տարած յաղթանակի արձագանգն էր հնչում:
Արցախը հայրենի երկրի անբաժանելի, կարեւորագոյն տարածքը համարող, նրա վերջնական ազատութեան համար իրենց կեանքը զոհաբերածների ողջ հաւատամքը դաւադրաբար խորտակեց մի ոմն անհայրենիք, երկրի ղեկավարի պաշտօնը զբաղեցնող մի ոչնչութիւն` հազարաւոր կեանքերով ներծծուած այդ հրաշք տարածքները, թաքուն, թշնամուն յանձնելով: Իր արարքը, որի համար նրան իշխանութեան էին բերել, նախկինների գործարքը համարեց ու դրանով արդարանալով, մինչ օրս շարունակում է իր կործանարար իշխանութիւնը:
Աշխարհը, անգամ Եւրոպան, որը միշտ այսպիսի դէպքերում ստուերում էր գործում, ապշեց ոչ միայն լուսանցքում յայտնուելու իր վիճակի, այլ պատմութեան մէջ երբեք չլսուած, երկրի ղեկավարի հայրենի տարածքների այսպիսի ստոր դաւաճանութեան համար:
Վստահ եմ ապշեց նոյն ինքը` թափառական ցեղախմբերի խառնուրդ, երբեք հող չունեցած, միշտ այլոց երկրները իրենը դարձրած թշնամին, այդքան հեշտութեամբ միանգամից մի ամբողջ հարուստ երկիր նուէր ստանալու համար ու դրա համար դարձաւ էլ աւելի պահանջկոտ ու անպատկառ: Երկիր, որի համար պայքարում էր տարիներ ու չէր կարողանում տիրանալ: Երկիր, որը դեռ պահպանում էր մեր արքաների ոտնահետքերը, իրենց հողի համար զոհաբերուածների յուշարձանները:
Ազգերը իրենց հողը պաշտպանում, հայրենիքը հզօրացնում են ոչ թէ դաւաճան ղեկավարներով ու նրանց պաշտպան ժողովրդի թափթփուկներով, այլ իրենց ազատագրման, հզօրացման համար ներդրած կեանքերը արժեւորող գիտակից, ազատութեան անհրաժեշտութեան համար պայքարող ժողովրդով: Ո՞ւր է այսօր մեր այդ խաւը… 80 տարի անց Ֆրանսան իր ժողովրդի գիտակից զաւակների եւ յատկապէս այդ հողի համար ամէնօրեայ իրենց կեանքը ներդրած հայ համայնքի ներուժով, սրբագրում է իր սխալը, իր երկրի ազատագրման համար ազգութեամբ օտար մարտիկին ետմահու մեծագոյն պատուին արժանացնելով, սերունդներին ուսուցանելով երկրի ազատութեան համար պայքարողների արժէքը:
Թող ինձ ներեն իրենց զաւակների երբեք չամոքուող վշտով ապրող մեր ծնողները, որ կրկին ու կրկին յիշեցնում եմ նկուղներում ցելոֆանէ տոպրակների մէջ փտող մեր հերոսների մարմինների հանդէպ տածած արհամարհանքը այս տխրահռչակ իշխանութեան ողջ կազմի եւ նաեւ ժողովրդի կողմից` սերունդներին ուսուցանելով, որ կարելի է հայրենիքի ազատագրման համար իրենց կեանքը զոհածներին արհամարհել, հայրենի տարածքները դաւադրաբար յանձնել թշնամուն, այն յայտարարել թշնամու պատկանելիութիւն, հրաժարուել հայրենիքից, ժողովրդին էլ պարտադրել թշնամու հպատակութիւն եւ չպատժուել, պատասխանատուութեան չենթարկուել, շարունակել մնալ երկրի ղեկավարի աթոռում, ազատ շրջագայել ու այսքանից յետոյ դեռ պաշտուել:
Ի՞նչ պատահեց հային, որ արեւմուտքի կողմից յատկապէս մեր հողերի յանձնման համար վարձուած անհայրենիք ներկայ ղեկավարութեան առջեւ այսքան անզօր ու անկարող դարձաւ, որ ընդունեց եւ շարունակում է ընդունել իր տարածքների կամաւոր յանձնումը թշնամուն:
Այդ ե՞րբ հայը այսքան նուաստացուցիչ վիճակի մատնուեց: Այդ ե՞րբ այսքան թուլամորթ, իրեն ոչնչացնող թշնամուն հանդուրժող դարձաւ: Մի՞թէ հայի զաւակները չէին, որ չվախեցան բանտերից, կախաղաններից, չարչարանքներից, կեսթափոներից, գնդակահարութիւնից, ամենատես կեսթափոյի ու թուրքի խստագոյն հսկողութեան տակ անգամ դիմադրութեան շարժումներ ղեկավարեցին, աշխարհի տարբեր ծայրերում ամէնուրեք հետապնդեցին, մաքրեցին թուրք հայակերներին, ահաբեկեցին հայատեացներին, հարկ եղած դէպքում մինչեւ իսկ իրենք իրենց պայթեցրին, առեւանգուեցին, տանջանքների ենթարկուեցին, բայց մնացին հաստատ իրենց հաւատքին` իրենց հայրենի երկրի ազատագրման համար զոհաբերուելու, իրենց դատին հասնելու վճռակամութեամբ:
Յիշում եմ Միսաք Մանուշեանի կնոջ, Մելինէին, որը նաեւ իր ամուսնու մարտական ընկերուհին էր, դիմադրութեան շարժման աշխուժ մասնակից, որն իր ամուսնու ձերբակալման պահին բախտի բերմամբ փախել, փրկուել էր, այլապէս ինքն էլ արժանանալու էր իր ամուսնու ճակատագրին եւ որպէս ազգային հերոս ինքն էլ է գնահատւում ու մեծարւում այս օրերին:
Մելինէն իր ամուսնու պէս 1915 թ. մեր ցեղասպանութեան որբերից էր, եւ ամուսինը` Միսաքը, իրեն միշտ Որբուկ է կոչել: Նա պատմում էր, թէ ինչպէս 1915 թ. մեր դէմ պատրաստուող ցեղասպանութեան օրերին, հարեւան թուրք երեխաների հետ իրենց սովորական փողոցային խաղաղ խաղերը միանգամից փոխարկուել են բացայայտ ատելութեան: Իրենց հասակակից թուրքերը խաղերը վերածել են թշնամական կռիւների, հայհոյել, քարեր են շպրտել իրենց վրայ: Նրանց այդ արարքին հայ երեխաների ծնողների պատգամը եղել է ոչ թէ «մի խաղացէք, հանգիստ տունը նստէք», այլ` «Դուք ալ նոյնը իրենց ըրէք»: Այդ սերունդը կարողացաւ «նոյնը ընել» մաքրելով ցեղասպաններին:
Իսկ մե՞նք… ի՞նչ ենք անում մենք այսօր: Չէ՞ որ այսօր թշնամին մեր մէջ է, մեզ է ղեկավարում: Ինչո՞ւ կեանք չենք տալիս մեր ծնողների պատգամին: Թէ՞ կարծում էք դա միայն անցեալ թուրքերին էր վերաբերւում: Իսկ այսօրուայ մեր երկիրը ղեկավարող թուրք իշխանութիւնը: Ինչո՞ւ ենք խնայում իրենց: Չէ՞ որ սա էլ նոյն թուրքն է միայն առանց ֆէսի: Չէ՞ որ երկու թուրքերն էլ մեր տարածքները իրենցն են համար:
Ինչո՞ւ հիմա ողջ ազգով այս իշխանութեան գլուխը քարերով չենք կոտրում: Չէ՞ որ դա է մեր ծնողների պատգամը:
Չէ՞ որ այս իշխանութեան ողջ կազմը` գլխաւոր դաւաճանից սկսած մինչեւ նրան սպասարկող վերջին ստահակը, քարերով ջախջախել ու հակադարձ չստանալով շարունակում են ջախջախել մեր բոլորի գլուխները: Երկրում ու երկրից դուրս այլեւս գլուխ չի մնացել, ահա թէ ինչու ենք այսքան հեզօրէն հանդուրժում մեր վերջնական բնաջնջումը մեր ազատագրուած հողի ամենավերջին պատառի հետ:
Իշխանութեան տիրանալուց ի վեր, ներկայ ղեկավարութիւնը իր ստերով երկիրը պատերազմի մէջ մխրճեց, որ արդարացնի Արցախի յանձնումը թշնամուն: Նոր պատերազմի ահաբեկումով անդամալուծեց ժողովրդին, զոհի հոգեբանութիւն ներարկելով իր ժողովրդին, հզօրացրեց թշնամուն: Միջազգային ատեաններում ոչնչացրեց մեր իրաւունքները վերջնականապէս, մեզ ներկայացնելով որպէս մեր ճակատագրին անտարբեր ազգ: «Ասա՛ ղեկավարդ ով է, ասեմ դու ով ես», սկզբունքով էլ կործանուեցինք:
Ինչպէս տեսնում էք Միջազգային ատեաններում մեր երկիրն ընդհանրապէս կորցրել է իր վարկը, քանզի այն պաշտպանում է ոչ թէ մեր, այլ թշնամու շահերը: Այնինչ մեր ժողովուրդը հլու-հնազանդ շարունակում է յոյս կապել Միջազգային ատեանների «արդար» վճռին, որոնք ընդհանրապէս անտարբեր են փոքր ազգերի ճակատագրին: Իրենց միակ կարողութիւնը ազգերին խաղաղ ապրելու կոչեր ստորագրելու, լաւագոյն դէպքում տեղահանման համար ապահով միջանցքներ ստեղծելու մէջ է, այն էլ թղթի վրայ:
Հաշուըւած օրեր են մնացել, մեր վերջնական կործանմանը, որը միայն Արցախի կորուստը չէ, եւ որը խորութեամբ վստահաբար չի գիտակցում մեր ժողովուրդը, այնպէս ինչպէս չգիտակցեց, որ Շուշիի յանձնումով մենք մեր մահկանացուն կնքեցինք:
Մեր ժողովրդին թւում է Արցախի յանձնումով թուրքը իրենց հանգիստ է թողնելու, թոյլ տալու վայելել Արցախի գլխացաւից ազատագրուած իրենց կեանքը:
Այս պահին, մեզ մնում է արագ շարժուել, թոյլ չտալ ներկայ դաւաճան իշխանութեան որեւէ փաստաթուղթ ստորագրելու, որը կը դառնայ հայ ազգի ինքնակամ բնաջնջման միջազգայնօրէն հաստատուած վերջնական փաստաթուղթը:
Յուսահատ մեր մահուան սպասելու փոխարէն, պէտք է հաւաքագրուենք հայրենիքի փրկութեան գործին: Մի՞թէ թոյլ ենք տալու, որ մի խումբ մի ողջ ժողովրդի ճակատագիր կործանի:
Աշխարհի տարբեր ծայրերում գտնուող մեր լաւագոյն դիւանագէտները, քաղաքականագէտները, հարուստները, արհեստավարժները, մամուլը, մտաւորականները, ստեղծագործողները, մեծ ու փոքր, իւրաքանչիւրս մեր կարելիութեան սահմաններում հաւաքագրուելով ոտքի հանենք ողջ հայութեան իր փրկութեան մեծագոյն գործին նուիրաբերուելու համար: Սա մեր վերջին հնարաւորութիւնն է:
Թոյլ չտանք, որ Արեւմուտքի թրքամէտ ծրագրերը իրականացնող այս իշխանութիւնը զրկի մեր զաւակներին իրենց հայրենի հողում բազմանալու, ազատութեան քաղցրութիւնը վայելելու իրաւունքից:
Մեր չարքաշ, աշխատասէր զաւակները ինչո՞վ են պակաս ֆրանսացիներից, կամ իրենց երկրներում որպէս տէր ու տիրական ապրող, խաղաղութեան քաղցրութիւնը վայելող այլ ազգերից…
9 յուլիս, 2023 թ.